Կոլումբիացի քույրերը օգնում են արցախցի փոքրիկներին - Mediamax.am

exclusive
7948 դիտում

Կոլումբիացի քույրերը օգնում են արցախցի փոքրիկներին


Լիլիանան եւ Մոնիկան
Լիլիանան եւ Մոնիկան

Լուսանկարը` Մեդիամաքս

Լիլիանա Կոնդեն
Լիլիանա Կոնդեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոնիկա Կոնդեն
Մոնիկա Կոնդեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանր իրավիճակների պատճառներն ու ապագայի վերքոտ հեռանկարը միշտ էլ քննության կիզակետում են հայտնվում, ինչն անշուտ կարեւոր է։ Սակայն խառը ժամանակներում հաճախ դուրս է սպրդում «հիմա»-ն, որ յուրաքանյուրիս անդրժելի պատասխանատվությունն է։

 

Պատմության դասերը, թեեւ շատ ծանր են, բայց հնչեցնում են դարակներում պինդ փակված հարցեր, որոնք անցյալի կամ ապագայի մասին չեն, այլ քննում են այն, ինչ այստեղ է եւ այժմ։ Հենց այն մարդիկ ու այն արարքները, որոնց հնչեցրած պատասխանները տեղավորվում էին այս տրամաբանության մեջ, մոխիրներից վաղվա վերածննդի ծիլերն են։

 

Մեդիամաքսը պատմում է հայերի համար ծանրագույն իրավիճակում պատասխանատվություն ստանձնած մարդկանց մասին, որոնց նախաձեռնությունը գուցե միայն մեկ կաթիլ է, սակայն այն օրինակներից է, որ կարող է լցնել մի մեծ օվկիանոս։

 

***

 

Կոլումբիացի քույրեր Մոնիկան եւ Լիլիանան ավելի քան 4 տարի է, ինչ բնակվում են Երեւանում։ Մոնիկան տարիներ առաջ սոցիալական պարերի սեփական ստուդիան է հիմնել, իսկ Լիլիանան աշխատում է միջազգային կազմակերպություններից մեկի հայաստանյան գրասենյակում։ Հայերենի չիմացությունը թեեւ քույրերի համար որոշակի մարտահրավերներ է ստեղծում, սակայն չի խանգարում սիրել Հայաստանն ու այն համարել իրենց տունը։

 

Սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո կոլումբիացի քույրերը մեկնարկեցին Արցախից տեղահանված ընտանիքներին աջակցության առաջին ծրագիրը, որին էլ հաջորդեց հետպատերազմական շրջանի «Baby Care Project»-ը։

 

Առաջին արձագանքը պատերազմի լուրին

 

Լիլիանա Կոնդե․Մտերիմ ընկերուհիներիցս մեկն արցախցի է։ Նա Երեւանում է բնակվում, սակայն ամբողջ ընտանիքն Արցախում էր, երբ սկսվեց պատերազմը։ Առաջին միտքս պատերազմի մասին իմանալուց հետո այն էր, թե ինչպես է իր ընտանիքը։ Զանգահարեցի նրան, ասաց, որ Գորիս է շտապում՝ ընտանիքին այնտեղից բերելու։ Նրանք կարողացել էին փախչել դեպի անվտանգ գոտի՝ չհասցնելով իրենց հետ որեւէ բան վերցնել, նույնիսկ հողաթափերով էին։

 

Ընկերուհիս մեր զրույցի ընթացքում նման բան ասաց. «Իմ ընտանիքն ունի ինձ, ու ես կարող եմ ապահովել հարազատներիս, սակայն պատկերացնու՞մ ես բազմաթիվ այլ ընտանիքների կացությունը, որ ստիպված են եղել լքել իրենց տունը եւ այժմ ոչինչ ու ոչ ոքի չունեն»։

Լիլիանա Կոնդեն Լիլիանա Կոնդեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոնիկա Կոնդե. Այս ամենին տեղեկանալուց հետո ես եւ ընկերներս ոչ թե մտածում էիք այն մասին, թե ինչ կլինի հետո, այլ միայն այն, թե ի՞նչ քայլեր կարող ենք ձեռնարկել մենք հենց հիմա։  

 

Լիլիանա. Հաջորդ օրը ընկերներով հավաքվեցինք եւ որոշեցինք ուտելիք, հիգիենայի պարագաներ եւ այլ անհրաժեշտ իրար մատակարարել Արցախից տեղափոխված ընտանիքներին։ Կարծում էինք, որ այս ամենն ընդամենը մի քանի օր կտեւի, գուցե մեկ-երկու շաբաթ, բայց…  մենք անում էինք այն, ինչ պահանջում էր տվյալ պահը։

 

Անհրաժեշտ էր պատմել իրականությունը

 

Լիլիանա. Իմ դերը իրավիճակի մասին տեղեկացնելն ու նվիրատվություններ հավաքելն էր՝ օգտագործելով մեր միջազգային կապերը։ Անհրաժեշտ էր բացատրել, թե ինչ է իրականում կատարվում, որովհետեւ արտերկրում ապրող ոչ հայ մարդիկ իրավիճակին տեղեկանում էին միջազգային լրահոսից, որը հաճախ չէր արտացոլում իրականությունը։

 

Բազմաթիվ մարդիկ մեզ ձեռք էին մեկնում, ցավում էին տեղի ունեցողի կապակցությամբ եւ նվիրատվություն կատարում։  

 

Մոնիկա. Մենք նվիրատվություններ ենք ստացել բազմաթիվ տեղացի հայերից, նրանցից շատերը իրենց աշխատավարձից կոնկրետ տոկոս էին նվիրաբերում։ Մարդիկ նվիրատվություններ էին կատարում ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Բոլիվիայից, Մեքսիկայից, Կանադայից, Իսպանիայից, Ավստրալիայից։ Ի դեպ, շատերը հայեր չէին:

Մոնիկա Կոնդեն Մոնիկա Կոնդեն

Լուսանկարը` Մեդիամաքս

Օգնելու անպատրաստակամ հայ գործարարներ

 

Լիլիանա. Իմ աշխատանքում երկրորդ մարտահրավերը հայկական ձեռնարկությունների հետ գործակցելն էր։ Մենք ցանկանում էինք գնել տեղական արտադրանք անմիջապես արտադրողներից՝ միջոցներն առավելագույնս արդյունավետ օգտագործելու համար, սակայն ձեռնարկատերերի հետ համաձայնության գալը շատ բարդություններ էր առաջացնում։ Նրանցից շատերը պատրաստակամ չէին համագործակցելու, ինչը թեթեւ տարօրինակ է հնչում, սակայն իրականություն է։

 

Զանգահարում էինք գործարաններ, բացատրում, թե ինչ աշխատանք ենք կատարում, ասում էին՝ ուզում ենք համագործակցել, բայց հաճախ նման պատասխաններ էինք լսում. «Գնացեք եւ խանութներից գնեք», «Մենք միայն շատ մեծ քանակներով ենք վաճառք իրականացնում», «Եկեք ու ինքներդ տեղափոխեք» եւ այլն։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ի ուրախություն բոլորիս՝ եղել են նաեւ ձեռնարկություններ, որ նվիրատվություն են կատարել, կամ անվճար առաքում իրականացրել։  

 

Ավելի քան 1300 ընտանիք

 

Լիլիանա. Բազմաթիվ աջակցման խմբեր էին ստեղծվել սոցիալական ցանցերում, ու մեր արցախցի ընկերուհին դրանցում հրապարակում էր մեր հեռախոսահամարը՝ հորդորելով կապվել կարիքի մեջ գտնվող ընտանիքներին։ Մեր կամավորները ամեն օր բազմաթիվ զանգեր էին ստանում։

 

Մոնիկա. Ես հիմնականում աշխատում էի կամավորների հետ, կոորդինացնում տեսակավորման, փաթեթավորման եւ օգնությունն ընտանիքներին հասցնելու աշխատանքը։ Շաբաթական 4-5 օր աշխատում էինք փաթեթները կազմելու ուղղությամբ՝ համոզվելով, որ նրանք ստանում են այն ամենը, ինչ իրենց անհրաժեշտ է։

 

Մենք այս աշխատանքում փորձառու չէինք, որոշ սխալներ ունեցել ենք, սակայն մշտապես սովորում էինք դրանցից եւ հետզհետե ծրագրի կազմակերպումն ավելի որակյալ դարձնում։

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընդհանուր առմամբ մոտ 60 կամավոր ենք ունեցել, որոնց հետ միասին նախորդ երկու ամիսների ընթացքում կարողացել ենք աջակցել 9 000 արցախցու՝ ավելի քան 1300 ընտանիքի։

 

Օգնելը մեր պարտականությունն է

 

Մոնիկա. Ինչ-որ պահից այս աշխատանքը մեզ համար դարձավ պատասխանատվություն։ 100 ընտանիքի օգնելուց հետո այլեւս չես կարող կանգ առնել ու չօգնել մյուս հարյուրավոր ընտանիքներին։ Զգում էինք, որ պարտավոր ենք օգնել։

 

Լիլիանա. Երբ պատերազմական ակտիվ գործողությունները դադարեցին, հասկացանք, որ օրեցօր ավելի բարդ է դառնում նվիրատվություններ հավաքելը։ Տեսանք նաեւ, որ միջազգային կազմակերպությունները սկսել են աջակցությունը կենտրոնացնել տեղահանված ընտանիքների ուղղությամբ։ Մենք ընդամենն անհատներ ենք, որ սկսել էինք այդ աշխատանքը, որովհետեւ այն պետք է արվեր։

 

Այժմ պետք էր թույլ տալ միջազգային կազմակերպություններին անելու այն, ինչն իրենք կոչված են անելու։ Այդպիսով ավարտեցինք մեր առաջին աջակցման ծրագիրը, սակայն մեր պատասխանատվությունը դրանով չէր ավարտվում։

 

Փոխելով փոքրիկի ապագան

 

Մոնիկա. Ընտանիքների հետ աշխատելու ժամանակ մենք տեսանք՝ կան որոշակի կարիքներ, որոնք չեն հոգում տեղական եւ միջազգային աջակցման ծրագրերը։ Դրանք հիմնականում վերաբերվում են մանկահասակ երեխաների խնամքին։ Երբ օգնում ես հազարավոր ընտանիքների, 0-2 տարեկան երեխաներին անհրաժեշտ պարագաները դժվար է դարձնել առաջնահերթություն, մինչդեռ մայրիկի եւ բալիկի համար դրանք միանշանակ առաջնահերթություն են։

Լուսանկարը` Մեդիամաքս

Օգնելու համար բազմաթիվ ձեւեր կան, սակայն մենք ցանկանում էինք երկարաժամկետ ազդեցություն ունենալ ընտանիքներում։ Այս ծրագիրը մեծ փոփոխություն է բերելու ընտանիք, քանի որ երեխայի առաջին տարիներն ամենակարեւորն են նրա հետագա զարգացման համար։ Այս պատճառով էլ մեկնարկեցինք մեր հաջորդ ծրագիրը՝ «Baby Care Project»-ը։

 

Աջակցության թիրախը Կապանն է

 

Լիլիանա. Սկզբի համար պետք էր հասկանալ՝ որտեղ ենք ուղղելու օգնությունը։

 

Իմացանք, որ Կապան քաղաքում բազմաթիվ արցախցի ընտանիքներ են ապաստանել։ Կապ հաստատեցինք այնտեղի հասարակական կազմակերպությունների, սոցիալական աշխատողների եւ արցախցիներին աջակցող ընտանիքների հետ։ Նրանց հետ խորհրդակցելուց հետո որոշեցինք ծրագիրն իրականացնել Կապանում եւ հարակից գյուղերում։

 

Սոցիալական աշխատողները նախապես այցելեցին Արցախից տեղափոխված ընտանիքներին՝ համոզվելու, որ նրանք օգնության կարիք ունեն, այնուհետեւ մեզ տրամադրեցին նրանց տվյալները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Օգնության առաջին խմբաքանակն անձամբ ընտանիքներին մատակարարելը թույլ տվեց ավելի լավ ծանոթանալ նրանց կարիքներին եւ հաջորդ օգնությունն առավել արդյունավետ կազմակերպել։

 

Անհատական մոտեցում յուրաքանչյուր փոքրիկի

 

Մոնիկա. Բնականաբար, մանկական ձմեռային հագուստի կարիք շատ կա։ Անհրաժեշտ են նաեւ մանկական լոգարաններ, ծածկոցներ, սայլակներ, խաղալիքներ։

 

Այս ոլորտում ամենակարեւորը անհատական մոտեցումն է, որ պետք է ցուցաբերել յուրաքանչյուր երեխայի։ Տակդիրի կամ մանկական սննդի բրենդն անգամ չափազանց կարեւոր են։ Մեր թիմն անընդհատ կապի մեջ է ընտանիքների հետ, որպեսզի կարողանանք էլ ավելի լավ ճանաչել նրանց ու ճիշտ օգնություն տրամադրել։

 

Այժմ աջակցում ենք 20 փոքրիկի։ Ծրագիրը հնարավոր է ընդլայնել, եթե լինեն ավելի շատ նվիրատվություններ, սակայն մենք պետք է պահենք անհատական մոտեցումը։ Առաջնային նպատակն օգնելն է ձմեռը բարեհաջող անցկացնելու հարցում։  

 

Հիասթափություններ եւս կարող են լինել

 

Լիլիանա. Երբ ծավալային առումով մեծ աշխատանք ես կատարում սահմանափակ ռեսուրսներով, շատ դժվար է դառնում ամբողջը վերահսկելն ու միանշանակ համոզվելը, որ օգնություն են ստանում իրականում կարիքի մեջ գտնվողները։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեր երկրորդ ծրագիրն իրականացնելիս այցելեցինք այն ընտանիքներից մեկին, որին նախկինում էինք օգնություն տրամադրել։ Ընտանիքը ոչինչի կարիք չուներ, ապրում էին շատ լավ պայմաններում։ Այո՛, նրանք Արցախից էին, բայց Կապան էին տեղափոխվել 15 տարի առաջ, եւ այժմ պարզապես օգտվում էին այն աջակցությունից, որ շատ ավելի անհրաժեշտ էր բազմաթիվ այլ ընտանիքների։ Սա չափազանց հիասթափեցնող էր, սակայն այդ դեպքից հետո մենք էլ ավելի ուշադիր դարձանք։

 

Բարությունն ինքնին պարգեւ է

 

Լիլիանա․ Փոքրիկները ամենաքնքուշ էակներն են, նրանք այնքան անուշ են ժպտում։ Երբ երեխային ինչ-որ բան ենք տալիս, մայրիկը եւս երջանկանում է, եւ դա տեսնելը պարզապես անգին է։ Այս ամբողջ փորձառության լավագույն վարձատրությունը հենց դա է՝ մանկան ու մայրիկի ժպիտը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Մոնիկա. Այդ մանկիկներն այնքան երջանիկ են… եւ նրանք մեծանալուց հետո կշարունակեն լինել երջանիկ, եթե մենք կարողանանք ապահովել ճիշտ պայմաններ նրանց զարգացման համար։

 

Դուք եւս կարող եք օգնել

 

Լիլիանա. Նախընտրելի է ստանալ գումարային նվիրատվություն, որպեսզի կարողանանք գնել անհրաժեշտ ապրանքները լավագույն գնով, սակայն կան մանկական որոշ իրեր, որ եթե լավ վիճակում են գտնվում, սիրով կընդունենք։

 

Հույս ունենք գտնել նաեւ այնպիսի մարդկանց, որոնց մասնագիտությունն առնչվում է մանկահասակ երեխաների խնամքին։ Կուզենայինք խորհրդակցել, որպեսզի համոզվեինք, որ այն ինչ մենք անում ենք, լավագույնն է երեխայի համար։

 

Փնտրում ենք նաեւ հայկական ձեռնարկություններ, որոնք մանկական սնունդ կամ այլ պարագաներ են արտադրում եւ կարող են մեզ հետ համագործակցել։ Կխնդրեինք նրանց կապի դուրս գալ մեզ հետ։

 

Մեզ կարելի է գտնել Instagram-ում եւ Facebook-ում, նամակներին պատասխանում ենք շատ արագ։

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին