Խոսում է Արցախի ռադիոն - Mediamax.am

exclusive
1532 դիտում

Խոսում է Արցախի ռադիոն


Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից

Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից

Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից

Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից

Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից

Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից


«Էսօր վերջ, մեկ էլ գիշերը կգրեմ, որ խաղաղ ենք, որ դուք էլ հանգիստ քնեք: Հենց օդային տագնապը միացնում են, լույսերն անջատած ենք աշխատում: Լավ ենք: Սահմանից լավ լուրերի սպասումով: Իրոք լավ ենք»:

 

Առնվազն օրը երկու անգամ՝ առավոտյան ու գիշերը, Արցախի հանրային ռադիոյի նորանշանակ տնօրեն Անի Մինասյանը ֆեյսբուքում ներկայացնում է Ստեփանակերտում տիրող իրավիճակը՝ լուսանկարով ու հակիրճ գրառմամբ։

 

«Շատ կարճ նկարագրում եմ, թե Ստեփանակերտում օրվա տվյալ ժամին ինչ իրավիճակ է, ու պատասխաններից հասկանում եմ, թե ինչքան կարեւոր է դա մարդկանց համար։ Այսօր անընդհատ մտածում էի՝ ասել դրա մասին, թե՝ չէ, բայց առավոտից Ստեփանակերտի բոլոր փողոցներում, ամբողջ քաղաքով «Գետաշեն»-ն են երգում։ Երբ դու ներսում ես, մթնոլորտը փոխանցելու հրաշալի ձեւ ունես, քեզ միջնորդ պետք չէ»։

Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից

Վերջին օրերի լարված, երբեմն՝ 24-ժամյա աշխատանքին ռադիոյում արդեն սովոր են։ Երկու աշխատակից՝ հնչյունային ռեժիսորն ու լրագրող-հաղորդավարը, միացել են բանակին։ Աշխատանքը վերակազմակերպել, պարտականությունները վերաբաշխել ու մեկը մյուսին օգնելով՝ արտակարգ ռեժիմով երեսուն րոպեն մեկ լուրեր են հայտնում, քաղաքական հաղորդումներ եթեր տալիս, ռադիոյով տեղեկատվական շտաբի ուղիղ եթերներն ապահովում։

Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից

«Սկզբում շատ ավելի դժվար էր, մանավանդ՝ առաջին օրը, երբ աշխատողների 99 տոկոսը ռադիոյում չէր, որովհետեւ իրենց երեխաներին ավելի ապահով վայր պիտի տեղափոխեին։

 

Հիմա մեր աշխատանքային ժամերն են ավելացել։ Վերջին եթերը վերջին ճեպազրույցից` գիշերը 11-12-ից հետո է։ Բայց մենք չենք ավարտում մեր աշխատանքը, ուղղակի դադար ենք տալիս, կազմ-պատրաստ՝ նորից եթեր մտնելու։ Մարդկանց աշխատանքն է կրկնապատկվել։ Հատուկենտ մարդիկ, որոնք էստեղ են, միաժամանակ 4-5 հոգու աշխատանք են անում. լրագրողները մոնտաժում են, եթեր մտնում, կազմակերպչական հարցերով են զբաղվում։ Բազմաֆունկցիոնալ մարդիկ են դարձել։

Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից

Հադրութում ու Մարտակերտում թղթակիցներ ունենք, լուրեր են փոխանցում, հեղինակային նյութեր չեն կարողանում անել, որովհետեւ ակտիվ գործողությունների ժամանակ տնից դուրս չեն գալիս»։

 

Արցախի հանրային ռադիոն հասանելի է հանրապետության ամբողջ տարածքում, նաեւ հաղորդումներն օնլայն լսելու հնարավորություն կա։ Անին ասում է, որ Արցախում այս պահին ռադիոն շատ կարեւոր ու պահանջված է։ Ինքն անձամբ Ստեփանակերտի ապաստարաններում շրջել ու համոզվել է՝ վատ ինտերնետ կապի ու հեռուստացույց չունենալու պայմաններում՝ ռադիոն ինֆորմացիայի հիմնական աղբյուրն է։

Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից

Մոտ երկու ամիս է՝ Անին ղեկավարում է Արցախի հանրային ռադիոն։ Մինչ այդ, աշխատում էր Հայաստանի հանրային ռադիոյում։ 25-ամյա լրագրողը հուլիսին գործընկերների հետ գնացել էր Արցախ՝ մոնիթորինգի, ռադիոյի խնդիրներին ծանոթանալու։ Վերադարձել ու 2 շաբաթ անց Արցախի հանրային ռադիոն ղեկավարելու առաջարկ էր ստացել։

Լուսանկարը` Անի Մինասյանի արխիվից

«Սուտ կլինի, եթե ասեմ, որ երկար եմ մտածել։ Շատ կարճ մտածեցի ու առանց որեւէ մեկին ասելու, թե ինչի եմ գնում Արցախ, եկա։ Ընտանիքս գիտեր՝ մի քանի օրով գործուղման եմ մեկնել։ Հասա Արցախ, հետո բոլորին ասացի, որ երկար ժամանակ հետ չեմ գալու»։

 

Վերջին օրերին աշխատանքը սկսում են լույսը չբացված ու ավարտում կեսգիշերն անց։ Որոշել են՝ այսօր աշխատանքից հետո տուն չեն գնալու։ Քնել, միեւնույն է, չի ստացվում. կգնան հաց թխելու։ Ստեփանակերտում հացթուխների կարիք կա։

 

Լուսինե Ղարիբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին