«Սուզված» եկեղեցին եւ Տոլորսին նոր շունչ պարգեւող Զորին ու Սեյրանը - Mediamax.am

exclusive
9742 դիտում

«Սուզված» եկեղեցին եւ Տոլորսին նոր շունչ պարգեւող Զորին ու Սեյրանը


Սեյրան Հակոբջանյանն ու Զորի Գրիգորյանը
Սեյրան Հակոբջանյանն ու Զորի Գրիգորյանը

Լուսանկարը` Սեյրան Հակոբջանյանն ու Զորի Գրիգորյանը

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Զորին
Զորին

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Սեյրանը
Սեյրանը

Սյունիքում Տոլորսի ջրամբարի տակ մնացած կիսավեր եկեղեցին հավակնում է դառնալ 2020-ի ամենացանկալի տուրիստական ուղղությունը՝ շնորհիվ դպրոցական ընկերներ Սեյրան Հակոբջանյանի ու Զորի Գրիգորյանի: Երբեմն տուրիստական ընկերությունները ստիպված են լինում Սյունիքի ուղղություններից հանել Շաքիի ջրվեժն ու Տաթեւի վանքը, որ անպայման այցելեն Տոլորսի ջրամբարն ու նավակներով հասնեն եկեղեցի:

 

Հին Տոլորս գյուղը 1970-ականներից մնացել է ջրամբարի տակ, բնակիչների համար մոտակայքում հիմնել են նոր բնակատեղիներ, տարածքում կանգուն է մնացել միայն Սուրբ Հռիփսիմե եկեղեցին: Ամեն տարի ջրամբարի ջուրը լցվում է եւ եկեղեցին ծածկում, իսկ ամռան վերջին ջուրն իջնում է այնքան, որ եկեղեցի հնարավոր է մտնել ոտքով: 2020-ին ջրամբարում թունելի շինարարական աշխատանքների պատճառով օգոստոս-սեպտեմբերին ջուրը ստիպված պահպանում են մեկ մակարդակի վրա, որի արդյունքում էլ եկեղեցին կիսով չափ է ծածկվում:

 

Տոլորս գյուղի բնակիչներ 17-ամյա Սեյրանը եւ 16-ամյա Զորին օգոստոսի սկզբից զբոսաշրջիկներին առաջարկում են նավակներով տանել եկեղեցի: Բիզնեսը սկսելիս տղաները չէին էլ պատկերացնում, որ մեկ ամսում հազարավոր զբոսաշրջիկներ կայցելեն ու իրենց ծառայություններից կօգտվեն: Հիմա էլ ընկերները գյուղը զարգացնելու նոր ծրագրեր են մշակել:

 

Անգամ սիսիանցիները չգիտեին

 

Սեյրան, Զորի. Տոլորսի ջրամբարը Սիսիան քաղաքից երեք կիլոմետր հարավ է՝ Սիսիան եւ Այրի գետերի միացման տեղում, ջրերն օգտագործվում են էներգետիկ եւ ոռոգման նպատակներով։ Ջրամբարի կառուցման համար որոշ շենքեր ի սկզբանե քանդել են, որոշները կանգուն են մնացել: Նախկին գյուղի տներն արտաշահողից են պատրաստված եղել, չեն դիմացել ալեկոծությանը, իսկ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին ձվով է ծեփված, ավելի ամուր է, չի քանդվել:

Լուսանկարը` Սեյրան Հակոբջանյանն ու Զորի Գրիգորյանը

Ըստ երեւույթին՝ եկեղեցին 1861 թվի կառույց է, սակայն պատմական որոշ աղբյուրներում նշվում է, որ այն 16-րդ դարի երկրորդ կեսին է կառուցվել: Եկեղեցում պահպանված պարզ խաչքարերն էլ վկայում են, որ դա շատ ավելի հին է:

 

Սիսիանցիներն անգամ չգիտեին այս եկեղեցու մասին. շատ երեւանցիներ, գյումրեցիներ եկել են, սիսիանցիներին հարցրել՝ ինչպե՞ս գնան Սուրբ Հռիփսիմե, զարմացել են, որ նման եկեղեցի կա Տոլորսում: Սովորաբար օգոստոսի վերջին այստեղ ջուրը դատարկվում էր, բայց այս տարի թունելի շինարարական աշխատանքների պատճառով եկեղեցին հնարավոր է դեռ մեկ ամիս էլ ջրի տակ մնա:

 

Լրիվ պատահական

 

Սեյրան. Անցած տարի որոշեցի Facebook-ում Տոլորս լրահոս էջը բացել, որ արտերկրում ապրող տոլորսցիներին ցույց տամ Սուրբ Հռիփսիմե եկեղեցին եւ մյուս տեսարժան վայրերը: Սկզբում գաղտնի էի պահում, որ ես եմ համակարգողը. մտածում էի՝ կիմանան էջը վարողը երեխա է, ու լուրջ չեն վերաբերվի:

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Այս տարվա գարնանը լուսանկարիչ Անդրանիկ Քեշիշյանի հետ էի կապ հաստատել ու հրավիրել, որ նավակով ուղեկցենք եկեղեցի: Այդ նկարը մեծ տարածում ստացավ:

 

2020-ի օգոստոսի 4-ին One Way Tour տուրիստական ընկերության զբոսավարներից Նարինեն մեր էջին գրեց, որ ցանկանում են այցելել եկեղեցի: Հաջորդ օրը Զորիին ասացի դրա մասին: Երեկո էր, մեր համայնքապետարանում որպես բանվոր էինք աշխատում, Զորիին այդ պահին առաջարկեցի միասին այս գործն անել, ու փոշու մեջ սկսեցինք որոշումներ կայացնել. անգամ ծրագրել էինք մեր տների առաջին հարկում մարդկանց հյուրընկալել:

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Զորի. Սկզբում լուրջ չընդունեցի, բայց երբ օգոստոսի 8-ին խումբը եկավ, լարված սպասում էինք, մտածում՝ տուրիստների դուրը չի գա: Բայց բոլորը հավանեցին ու շատ ոգեւորված էին:

Սեյրանը Սեյրանը

 

Երկու նավակ ունեինք, մեկը պապիկինս էր, մյուսը մեր ընկերոջից էինք վերցրել, այն փոքրիկ էր ու լավ վիճակում չէր: Երկու շաբաթ այս նավակներով աշխատեցինք, մոտ 25 000 դրամ հավաքեցինք ու որոշեցինք ռիսկի դիմել: Գնեցինք նոր նավակ եւ փրկարարական բաճկոններ, որպեսզի մեր ծառայությունների անվտանգությունը բարձր մակարդակի հասցնենք. զբոսաշրջիկներից շատերը լողալ չգիտեն:

 

Գները

 

Զորի, Սեյրան. Մեր առաջին տուրն անվճար ենք արել, որ մարդկանց շահագրգռենք: Հետո մեծ գումարների մասին էինք մտածում. նոր էինք ու դեռ այս գործից բան չէինք հասկանում, տուրիստականներին ամեն անձի համար 2000-3000 դրամ էինք առաջարկում, բայց շատերը մեր գներին չէին համաձայնվում:

 

Գինն իջեցրինք՝ տուրիստական կազմակերպությունների համար մեկ անձը 1000 դրամ, անհատների համար՝ 1500-2000 դրամ: Մենք հաշվի ենք առնում մարդու սոցիալական վիճակը, եթե հարուստ է, ուրեմն՝ 2000 դրամ, եթե ոչ՝ 1500: Ինչպե՞ս ենք որոշում սոցիալական վիճակը, նայում ենք, թե ինչ մեքենա է քշում (ծիծաղում են):

 

Դիմել են կառավարությանը, պատրաստ են նաեւ օրինականացնել

 

Զորի. Այս պահի դրությամբ ունենք ֆինանսական խնդիր, մինչեւ հիմա մեր ուժերով ինչ կարողացել, արել ենք, աշխատած գումարի առյուծի բաժինը դրել ենք գործի մեջ: Հիմա փորձում ենք մարդկանց գիշերակացի հարցն ապահովել, որովհետեւ շատերն են գալիս եւ ուզում գիշերել հենց լճի ափին: Եթե շարժական վագոններ էլ չկան, գոնե վրաններով կարող են մնալ:

Զորին Զորին

 

Ուզում ենք շարժական տնակներ տեղադրել՝ կոմունալ հարմարություններով, նաեւ ուզում ենք ափը մաքրել, ավազով լողափ սարքել: Հիմա ափը շատ վատ վիճակում է՝ խոտեր, փշեր, տիղմ… Այս աշխատանքները կատարելու համար մեզ որոշակի ֆինանսավորում է հարկավոր, որն ակնկալում ենք կառավարությունից, եթե ոչ, կփորձենք դրամաշնորհ ստանալ միջազգային կառույցներից:

 

Սեյրան. Ես անձամբ մեյլով գրել եմ վարչապետի աշխատակազմին, որպեսզի ծրագիր ներկայացնենք ու դրամաշնորհ ստանանք, նրանք նամակս ուղարկել են Էկոնոմիկայի նախարարություն: Մի քանի օր առաջ Զբոսաշրջության պետական կոմիտեից զանգահարել են մեզ ու ասել՝ այս պահին դրամաշնորհ չունեն, հետագայում երբ ունենան, անպայման տեղյակ կպահեն, նաեւ առաջարկել են դրամաշնորհի համար միջազգային կառույցներին դիմել ու հղումներ են ուղարկել:

Լուսանկարը` Անդրանիկ Քեշիշյան

Մենք հիմա նրանց ասածով չենք սահմանափակվում, անընդհատ փորձում ենք միջոցներ գտնել, որ մեր նպատակներն իրագործենք: Զորիի հետ փոքրուց երազել ենք, որ մեր գյուղը հայտնի դարձնենք:

 

Հուսանք՝ մյուս տարի մեր գործերն այսպես լավ կգնան, ու հյուրատնային նախագիծ կունենանք: Մենք չենք խուսափում օրենքից, մեծ սիրով կմտնենք հարկային դաշտ: Չնայած մենք հիմա անչափահաս ենք, բայց սա կարծես ընտանեկան բիզնես է դարձել մեր երկու ընտանիքների համար, խնդիր չէ՝ մեր ծնողները կօրինականացնեն գործը:

 

Գյուղը շնչել է սկսել

 

Զորի. Մարդկանց շարժն անընդհատ շատանում է, պատկերացրեք՝ առաջին այցի նույն մասնակիցներն արդեն չորս անգամ հետ են եկել ու դեռ էլի են ուզում գալ: Ամեն շաբաթ-կիրակի մոտ 300 մարդ ենք ընդունում, իսկ անցած կիրակի միայն 350 հոգի էր եկել: Այդ պատճառով տուրիստականների հետ նախօրոք ժամ ենք պայմանավորվում, որ կուտակումներ չլինեն:

 

Չենք սահմանափակվում միայն եկեղեցով, նորանոր ուղղություններ ենք փնտրում: Վերջերս քայլարշավ էինք կազմակերպել դեպի մյուս տեսարժան վայրեր: Տոլորսում ու հարակից գյուղերում տուրիստական շարժը երկուսով ենք ղեկավարում: Ամեն կիրակի մեզնից մեկն ուղեկցում է քայլարշավը, իսկ նավակների հարցում մյուսին օգնում է կամ իմ հորեղբայրը, կամ Սեյրանի հայրը:

 

Սեյրան. Չենք ուզում, որ այս ամբողջ բիզնեսը միայն մեր ձեռքում լինի. մեր ընկերներին, գյուղացիներին փորձում ենք ներգրավել այս գործում: Օրինակ՝ մարդիկ ձիերով գալիս են ու տուրիստներին ձիավարություն են առաջարկում:

 

Մոտ տասը տարի Տոլորսում շարժ կար, գյուղը շնչում էր, հետո մարդիկ սկսեցին արտագաղթել աշխատանք գտնելու նպատակով, ու գյուղը դատարկվեց: Կար ժամանակ, որ գյուղում հիմնականում մեծահասակներ էին մնացել: Հիմա մեր գյուղացիները կատակով ասում են՝ երբեմն տնից դուրս են գալիս ու մտածում՝ ուրիշ տեղ են հայտնվել, երբ շուրջբոլորն անծանոթ մարդիկ են տեսնում:

 

Ամալի Խաչատրյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին