Վրաստանի հայկական երազանքը - Mediamax.am

exclusive
4359 դիտում

Վրաստանի հայկական երազանքը


Լուսանկարը` Dima Malenko

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Կոբուլեթիի շրջանցիկ լայն ճանապարհը
Կոբուլեթիի շրջանցիկ լայն ճանապարհը

Լուսանկարը` ADB

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Լուսանկարը` nationalparks.ge

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան


Իմ ծովային հուշերը սկսվում են վաղ մանկությունից ու ավարտվում Գագրայի «Արմենիա» հանգստյան տանը. դա շատ հեռավոր 1989 թվականին էր։ Աբխազիայում տեղի էին ունեցել առաջին ընդհարումները. աբխազներն ուզում էին վերականգնել Խորհրդային Միության արշալույսին իրենց ունեցած հանրապետությունը։ Վրացիները դեմ էին։ Ու Սուխումի մեր բարեկամները պատմում էին, թե ինչպես առաջին ընդհարումների ժամանակ խորհրդային ՕՄՕՆ-ը կարգի հրավիրեց բոլորին։

 

Բայց մեծ կայսրությունն արագորեն թուլանում էր, եւ շուտով պարզվեց, որ ՕՄՕՆ-ն այլեւս առաջվանը չէ, ու պետք է վերցնի ունեցած-չունեցածն ու հեռանա։ Սկսվեց պատերազմը, ու հաջորդ անգամ ես ծովը տեսա 23 տարի անց՝ արդեն վրացական ափից։

 

* * *

 

Ծովը Վրաստանում սկսվում է Ինգուրի գետաբերանից՝ Անակլիայից, անցնում Փոթի-Ուրեկի-Կոբուլեթիով եւ ձգվում մինչեւ Բաթում ու Սարպի։ Բնությունն այստեղ պարզապես փառահեղ է՝ կանաչի ու կապույտի երանգներով, եւ հասկանալի է, թե չորային եղանակին վարժված հայերն ինչու են շտապում Վրաստան։ Հայը սիրում է ծով, ու կարեւոր չէ, այն կարմիր է, սեւ, կապույտ, ողջ է, թե մեռյալ։ Հայը կարոտում է ծովը՝ մեծ, անծայրածիր, դիմացի ափը չերեւացող ջրային այն ավազանը, որն ինքը միշտ ունեցել է ու միշտ կորցրել։

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Մաքսատանը

 

Նիհար, ջղուտ, շեղ աչքերով հայ սահմանապահը հետաքրքվեց, թե մեքենան նախկինում դուրս եկե՞լ է երկրի տարածքից, թե՞ ոչ։ Ես ուզում էի ասել՝ այո, բայց որոշեցի վստահաբար չպնդել. չնայած «երիտասարդական ավյունին»՝ մեքենան գրեթե 20 տարեկան է, եւ ո՜վ գիտի, թե որտեղ է եղել։ Մինչ կփորձեի բարդ մտքեր արտահայտել, սահմանապահն արդեն ամեն ինչ հասկացել էր ու բարի երթ մաղթեց։

 

Վրացի սահմանապահն ավելի մռայլ էր. ոչինչ չհարցրեց, ձեռքս խոթեց անձնագիրն ու պարտադիր ապահովագրության եռալեզու բուկլետը։ Մյուսը՝ բարձրահասակը, հարցրեց, թե ուր եմ գնում։ Ասացի, որ ծով եմ սիրում ու շտապում եմ Ուրեկի։ Իմ պատասխանը նրան չտպավորեց, ու անցանք ավելի գործնական զրույցի.

 

- Սիգարետի ե՞սծ։

 

- Կանեշնո,- ասացի։

 

- Սկոլկո՞։

 

- 15, դլյա սեբյա,- ասացի։

 

- Լադնո, եզժայ։

 

Գնացինք։

 

Ճանապարհը

 

Իրավացի են մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր հիանում են վրացական ճանապարհներով՝ գրագետ կահավորված, հարթ, տեղ-տեղ հայելու պես ողորկ, փոսերի իսպառ բացակայությամբ։ Ընդ որում՝ գրեթե անթերի են նաեւ միջհամայնքային կամ գյուղական ճանապարհները՝ դու ոչ թե ընթանում ես, այլ կարծես հմուտ դահուկորդի պես սահում անվերջանալի ոլորաններով։ Նման որակյալ ճանապարհով մեքենա վարելը կատարյալ հաճույք է։ Սակայն չկարծեք, թե վրացական ճանապարհներն անվտանգ են։ Առաջինն ինձ զարմացրեց երթեւեկելի երկու հանդիպակաց գոտի ունեցող ճանապարհներին թույլատրելի առավելագույն արագությունը, որը հիմնականում 70-ից 90 կմ/ժ է։ Վրաստանում սիրում են արագ վարել եւ ակնհայտորեն գերազանցում են առանց այն էլ թույլատրելի բարձր արագությունը։ Ճամփորդության առաջին օրերին փորձում էի լինել օրինապահ վարորդ, ինչն առաջացնում էր մյուսների դժգոհությունը, ու հաճախ արժանանում էի վազանցող մեքենաների վարորդների խեթ հայացքին։

 

Հանդիպակաց դուրս գալն ու հոծ գիծը հատելը Վրաստանում նույնքան սովորական է, որքան առավոտյան բարեւը. մեծ արագությամբ ու շատ կտրուկ դուրս են գալիս դիմացից եկող մեքենայի ճանապարհ, վազանցում։ Ընկերներիցս մեկի կարծիքով՝ վրացիներն անհամեմատ ավելի լավ են վարում, քան հայերը։ Չգիտեմ, գնահատականների համար իմ փորձը բավարար չէ, բայց կարծում եմ՝ ճանապարհային երթեւեկության կանոնները ստեղծվել են դրանց հետեւելու, այլ ոչ թե խախտելու համար։

 

Երկու-երեք օր անց արդեն մի քանի խոշոր վթարի ականատես եղանք, որից հետո նկատվում էր ոստիկանների խիստ վերահսկողությունը։ Ուրեկիից մինչեւ Բաթում շուրջ 40 կմ է, որտեղ ոստիկանական տասնյակ մեքենաներ էին պարեկություն անում, կանգնեցնում, գուցե նաեւ տուգանում կարգազանցներին։ Վրաստանի ոստիկանության տվյալներով, 2018-ին ավտովթարներից մահացել է 329 մարդ։ 2019-ի առաջին եռամսյակում Վրաստանի ճանապարհներին զոհվել է 116 մարդ։ Ավտոմահերը նվազեցնելու ելք այնտեղ էլ են որոնում. նախատեսվում է ավելացնել արագաչափերի ու տեսախցիկների թիվը, նորարարական տեխնոլոգիաներ կիրառել։ Միաժամանակ, փողոցներում տեղադրում են շրջված ու վթարված ավտոմեքենաները՝ որպես սոցիալական գովազդ, որոնցից մեկը մենք տեսանք Կոբուլեթիի ճանապարհին։

 

Վրացական ճանապարհների փառքի ու հայ վարորդների երազանքի գագաթնակետը բետոնե արագընթաց մայրուղիներն են, կամ, ինչպես ասում ենք, «բետոնկաները»։ Այստեղ թույլատրելի արագությունը 110 կմ/ժամ է, բայց մեքենաները սլանում են շատ ավելի արագ։ Հանուն արդարության ասեմ, որ մայրուղում երթեւեկությունն ավելի զգոն էր ու կազմակերպված՝ երեւի բոլորը գիտակցում են վթարի անդառնալի հետեւանքները։ Գիշերը մայրուղիները հիմնականում լուսավորված են. աջ կամ ձախ կողմում բարձր սյուների վրայի լամպերը սպիտակ լույս են արձակում, ու գիշերը, երբ լույսից այն կողմ ոչինչ չի երեւում, տպավորություն է ստեղծվում, որ ճանապարհը կախված է սեւ, անվերջանալի անդունդի վրա։

 

«Վի գավարիլի պա տելեֆոնու»

 

Հայաստանում վարորդական գործունեության 8 ամսում ճանապարհային ոստիկաններն ինձ ոչ մի անգամ չեն կանգնեցրել։ Մի անգամ Պտղնիի մոտ պարեկի մեքենան ինչ-որ անհասկանալի բառեր ասելով՝ մոտեցավ, ու ես հուսավառվեցի, թե ահա, վերջապես ինձ էլ կկանգնեցնեն, ու ես նույնպես դեմ առ դեմ կշփվեմ հայրենի ոստիկանների հետ։ Նույնիսկ միացրի մեքենայի թարթիչն ու շարժվեցի դեպի ճամփեզրը, բայց բախտս չբերեց. ոստիկանի թիրախը դիմացից գնացող «ջիփն» էր։ Վրաստանի ոստիկաններն ավելի բարեհաճ եղան։

 

Զեստաֆոնին արդեն անցել էինք ու շարժվում էինք դեպի Սամտրեդիա։ Գուգլի քարտեզը, որով առաջնորդվում էինք ողջ ընթացքում, ցույց էր տալիս կարճ ճանապարհ, որը, սակայն, չգիտես ինչու փակ էր։ Մեկն ասաց՝ վթար է եղել, մյուսը՝ ինչ-որ ուրիշ դեպք։ Ինչեւէ՝ փակ էր, ու մենք բավականին երկար դեգերում էինք անվերջանալի բետոնե մայրուղով։ Ճանապարհի եզրին տեսանք մի ոստիկանի, որը կանգնեցրել էր վրացական մեքենա, որի ուղեւորները հուսահատ բանակցում էին։ Նայեցինք, նույնիսկ ոստիկանի հայացքը որսացի, ու անցանք։ 10 րոպե չանցած հայելու մեջ տեսա ոստիկանական սեւ մեքենան, որը լույսով, փարոսիկներով եւ հնարավոր այլ միջոցներով կանգնելու կոչ էր անում։ Կանգնեցինք։

 

Մինչ վեցանկյուն գլխարկով կապիտանը կմոտենար, ես վերցրի պարտադիր ապահովագրության թուղթը եւ դուրս եկա մեքենայից։ Ոստիկանը ներկայացավ, ապահովագրության վրա ուշադրություն չդարձրեց, ապա պահանջեց անձնագիրս ու վարորդական իրավունքը։

 

Շուտով ոստիկանը խորհրդավոր ձայնով ասաց, որ ես կոպիտ խախտում եմ արել՝ խոսել եմ հեռախոսով։

 

Ճիշտն ասած, եթե ոստիկանն ասեր, որ գերազանցել եմ արագությունը, կհավատայի։ Եթե ասեր՝ մեքենայի թարթիչը չեմ միացրել՝ հնարավոր էր։ Անգամ եթե ասեր, որ կասկածներ ունի, որ ես մաքսանենգ ապրանք եմ տեղափոխում, գուցե էլի չզարմանայի։ Բայց հսկայական արագությամբ սլանալով, երբ երկու ձեռքով հազիվ ղեկն ես պահում, հեռախոսով խոսելու տարբերակը պարզապես անհնարին էր։

 

Ասացի՝ բացառվում է տեխնիկական հիմնավոր պատճառով՝ մեքենա վարելու համար ինձ առնվազն երկու ձեռք է անհրաժեշտ, բացի այդ՝ Վրաստանում ճանաչում եմ միայն հյուրանոցի տիրոջը՝ Ջեմալին, նրան էլ զանգելու կարիք չկա՝ մարդը մեզ է սպասում։ Ոստիկանը թե՝ ես տեսա, որ հեռախոսը ականջիդ մոտ էր։ Ասում եմ՝ անհնար է, հեռախոսը կնոջս ձեռքին էր՝ նավիգացիան միացրած, որով ճանապարհն ենք փնտրում։ Կինս ցույց տվեց հեռախոսի միջի քարտեզը, որից հետո ոստիկանը մասամբ մեղմացավ, բարի ճանապարհ մաղթեց, ու ամենքս գնացինք մեր ճամփով։

 

Ուրեկի

 

Ինչպես արդեն ասացի, Ուրեկիում վերջին անգամ եղել էի 6 տարի առաջ, եւ փոփոխությունները ակնառու էին. ավելացել էին խանութները, մասնավոր տնակները, հյուրանոցները, ռեստորանները։ Ուրեկին փոքրիկ գյուղ է. ձգվում է մոտավորապես 2-2,5 կմ։ Ունի մի քանի փողոց՝ գլխավորը Տակաիշվիլու փողոցն է, ապա՝ Գալիայինը, մյուսների անունները չեն տպավորվել։

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Հենց Տակաիշվիլու փողոցի երկու կողմերում էլ կենտրոնացած են զբոսաշրջության հիմնական բաղադրիչները։ Տասնյակ փոքր խանութներում կգտնեք փչովի մատրասներ, լողազգեստներ, սրբիչների երփներանգ տեսականի, տնական գինի ու վայրի մեղր, թարմ հաց, սունելի, աղացած ու չաղացած բիբար, հուշանվերներ, մի խոսքով՝ ամեն ինչ։

 

Էկվտիմե Տակաիշվիլին վրացի նշանավոր պատմաբան է, հնագետ, քաղաքական գործիչ, Թբիլիսիի պետական համալսարանի հիմնադիրներից։ 1919-ին եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության հիմնադիր ժողովի փոխնախագահը։ Ծնվել է Քութայիսիի շրջանի Օզուրգեթի գավառում։ Ուրեկիից Օզուրգեթի մոտ 25 կիլոմետր է, ու մի օր մենք այցելեցինք շրջկենտրոն, որտեղ գործում է Տակաիշվիլու անվան հնագիտական փոքրիկ թանգարանը։

 

Թաթան, Արմենչիկը, Դեմիս Ռուսոսը, Սինատրան ու կովկասյան ինտերնացիոնալիզմը

 

Ուրեկին, ինչպես աշխարհի բոլոր հանգստավայրերը, ինտերնացիոնալ է։ Այստեղ չկան ազգային տարաձայնություններ, քաղաքականություն, հողի կռիվ։ Այստեղ մարդկանց հետաքրքրում է միայն արեւը, ավազը, խաչապուրին, ոմանց՝ գինին ու ճաճան, ու արեւածաղիկը։

 

Բացարձակ չէր նկատվում նաեւ ռուս-վրացական քաղաքական հարաբերությունների այն ողջ լարվածությունը, որը մեզ մատուցում է մեդիան։ Ռուսները շատ էին, հաճույքով  հանգստանում էին, նրանց հետ բոլորը շատ ջերմ էին ու հարգանքով, ռեստորանների երգացանկում գերակշռում էին հին ու նոր ռուսական երգերը։ Ռուսաստանից Վրաստան ինքնաթիռների թռիչքի արգելքը որոշակի դժվարություններ ստեղծել էն, բայց ամենազոր բիզնեսն արագորեն լուծումներ էր գտնում. զբոսաշրջիկներն ինքնաթիռով գալիս են Թուրքիա եւ Հայաստան, որտեղից էլ հարմարավետ ավտոբուսներով՝ Վրաստան։ Վերադառնալիս վրացական պետհամարանիշներով բազմաթիվ ավտոբուսներ տեսանք ինչպես սահմանում, այնպես էլ Երեւանի ճանապարհին։

 

Ուրեկիի գյուղական ինտերնացիոնալիզմը լավագույնս արտահայտվում է ռեստորաններում, որտեղ իրար հաջորդում են հայկական, ռուսական, ադրբեջանական, վրացական, ապա՝ աշխարհի մյուս բոլոր ժողովուրդների երգ ու երաժշտությունը։

 

Ռեստորաններում շատացել է կենդանի կատարումը ու, պատկերացրեք, վատ չեն երգում՝ հատկապես հաճախ լսվում են Ալ Բանոյի ու «Լասկովիյ Մայի» երգերը՝ օրինակ՝ «Բելիյե ռոզի»-ն։ Ուրեկին պահպանում է ընտանեկան հանգստավայրի իր վարկանիշը, այստեղ խաղաղ է, աղմուկն ունի տրամաբանական սկիզբ ու վերջ, իսկ հանրային վատ բարքեր գրեթե չեն նկատվում։

 

Դեռեւս խորհրդային շրջանում Ուրեկիում մի քանի հանգստյան տներ են կառուցվել, որոնցից ամենահայտնիներից մեկը հիմա կոչվում է «Կոլխիդա», մյուսը՝ «Պրիմա»։ Երկրորդը, որտեղ մենք հանգրվանել էինք, հին, սովետական հուշեր էր արթնացնում՝ փոքր սենյակներ, իրար կողքի շարված մահճակալներ, խորհրդային զուսպ, նեղ պատշգամբներ, որտեղ պատին մեխած մեխերին ամրացված պարաններին կարող եք չորացնել ձեր սրբիչներն ու լողազգեստը։ Խորհրդային շրջանում այստեղ կառուցված առողջարանն ու հանգստյան տունը պատահական չեն. Ուրեկիի շրջանում լողափը սեւ, մագնիսական ավազ է, որն, ասում են, շատ օգտակար է։

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Եվ մինչեւ հիմա այստեղ կարելի է տեսնել տարբեր սոցիալական ծրագրերով եկած երեխաների խմբեր. մի մասը բուժվում է, մյուսները՝ սպորտով են զբաղվում։ Սա է պատճառը, որ ծովափնյա այս հատվածը կոչվում է նաեւ Մագնետիտի։ Սեւ ավազն, իսկապես, մագնիսի պես կպչում է եւ հայտնվում ամենուր՝ անկողնում, հագուստի, ուտելիքի, անգամ՝ ատամի մածուկի մեջ։ Չնայած այս փոքր անհարմարությանը՝ լողափը պարզապես անթերի է, ջուրը՝ ծանծաղ։

 

Ուրեկիում սոցիալական հավասարությունը շատ է. ցանկացած եկամուտի տեր մարդ կարող է այնտեղ հանգստանալ՝ ամենահարուստից մինչեւ սահմանափակ հնարավորություն ունեցողը։ Թանկարժեք ռեստորանների կողքին կան համեստ պանդոկներ, ինչպես նաեւ՝ տնային պայմաններում ուտելիք պատրաստելու լայն հնարավորություն։ Կան հյուրանոցներ, որտեղ օրավարձը մի քանի հարյուր լարի է, սակայն կան նաեւ վարձով տրվող սենյակներ, որտեղ կարելի է ապրել օրական 30-50 լարիով։

 

Կոբուլեթին ու Բաթումը

 

Էլ ի՞նչ հանգիստ ծովի ափին, եթե չես գնում Բաթում, իսկ Բաթումի ճանապարհն անցնում է Կոբուլեթիով։ Բացի այդ, ինչպես գիտեք, Կոբուլեթին նույնպես հայտնի ու հայերի սիրելի հանգստավայրերից է։ Գուգլի քարտեզի շնորհիվ մենք Կոբուլեթիում բացահայտեցինք երկրագիտական թանգարանը։

 

Մեծ չէր՝ մի քանի սենյակ, սակայն ճաշակով ձեւավորված՝ 19-րդ դարի աշխատանքային գործիքներ, հրացաններ, ատրճանակներ, դաշույններ, շրջանի կենդանական ու բուսական աշխարհի մասին տեղեկություններ։

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Ամենահետաքրքիրը վերջին բաժինն էր՝ խորհրդայինը։ Հավաքել էին խորհրդային շրջանին բնորոշ ամենատարբեր առարկաներ՝ հեռախոսներից ու ժամացույցներից մինչեւ պիոներական վզկապ ու Ստալինի արձանիկներ։

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Ժամանակագրական առումով մի քիչ խառն էր դասավորված, բայց գնահատելի է։

 

Ես տուրիստական բիզնեսից շատ բան չեմ հասկանում, բայց կարծում եմ, որ փոքրիկ տեղային թանգարանները նույնպես կարող են հետաքրքիր լինել զբոսաշրջիկներին։

 

Կոբուլեթի չհասած՝ ճանապարհի ձախ կողմում Ցիցինատելան է՝ հայտնի ատրակցիոններով, որոնցից մի քանիսը պարզապես սարսափազդու են։ Պտտվող ու հսկայական արագությամբ ճոճվող անիվը, որը նախորդ այցելության ժամանակ նստել էի, այս անգամ դժվարությամբ հաղթահարեցի. որոշեցի, որ նման «երիտասարդական» փորձարկումներ այլեւս չեմ անելու։

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Ատրակցիոնների ճիշտ դիմացը Վրաստանի նշանավոր բերդերի, շինությունների, պատմամշակութային վայրերի մանրաքանդակներն են՝ ճաշակով ու շատ գեղեցիկ։ Ոչ միայն հաճելի զբոսավայր է, այլեւ հիանալի գովազդ. մանրաքանդակներից հետո ակամա ուզում ես իրականն էլ տեսնել։ Մտածեցի, որ Հայաստանում էլ կարելի է նման մանրակերտ կառուցել։

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Պետք է ասել, որ Վրաստանի իշխանությունները շատ են կարեւորում զբոսաշրջային այս շրջանները ու մեծ հատկացումներ անում ենթակառուցվածքները զարգացնելու համար։

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Կառուցվել է Կոբուլեթին շրջանցող լայն ճանապարհ, որը ոչ միայն տրանզիտային փոխադրամիջոցներն է հեռացնում Կոբուլեթիից, այլեւ թույլ է տալիս արագ հասնել Բաթում։ Մշտապես ասֆալտապատվում է Գրիգոլետի-Ուրեկի-Կոբուլեթի ճանապարհը։ Կառուցվել են բազմաթիվ մեծ ու փոքր այգիներ, որոնք կարող են գրավել զբոսաշրջիկներին։

Կոբուլեթիի շրջանցիկ լայն ճանապարհը Կոբուլեթիի շրջանցիկ լայն ճանապարհը

Լուսանկարը` ADB

Դրանցից կուզենայի նշել Կոբուլեթիի ճանապարհի ձախ կողմում գտնվող Երաժշտական այգին։ Երկար ճեմուղու կողքերին տեղադրված են աշխարհահռչակ 30-ից ավելի երգիչ-երաժիշտների արձանիկները, ու յուրաքանչյուրի մոտ լսվում են նրա ստեղծագործությունները։ Սիրո՞ւմ ես դասական երաժշտություն, համեցիր Մոցարտի կամ Բեթհովենի արձանի մոտ, իսկ եթե Բիթլզի կամ Մայլս Դեւիսի սիրահար ես, գտիր նրանց, պառկիր նստարանին ու ծառերի ստվերում վայելիր հոյակապ երաժշտությունը։

 

Բաթումն ինձ առանձնապես չգրավեց, թեեւ շատ գեղեցիկ քաղաք է։ Ես ընդհանրապես չեմ սիրում քաղաքային միջավայրը, բայց գիտեմ, որ շատերն են սիրահարված Բաթումին։ Նեղ, սալահատակ փողոցները, հին շենքերն ու շինությունները տպավորիչ են, բայց քաղաքում բիզնեսի ոգին շատ ընդգծված է՝ թվում էր, թե օդում փողի անվերջ հոսք է պտտվում։ Այնուամենայնիվ, իմ գրածին ուշադրություն մի դարձրեք եւ, եթե լինեք Վրաստանի արեւմուտքում, անպայման այցելեք Բաթում։

 

Առանձին հիացմունքի է արժանի Բաթումի բուսաբանական այգին։ Չնայած տոմսը բավական թանկ է՝ 15 լարի (մոտ 2500 ՀՀ դրամ), բայց մի խնայեք այդ գումարը։ Ավելի լավ է 1-2 խաչապուրի քիչ գնել, բայց այգին տեսնել։ Շատ մեծ է. մենք 2,5 ժամ քայլելուց հետո դուրս եկանք ու տեսել էինք այգու հազիվ կեսը։ Կան նաեւ վճարովի էլեկտրամոբիլներ, որոնցով կարող եք շրջել այգում։

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Բաթումի բուսաբանական այգին լավ օրինակ է, թե ինչպես երկարաժամկետ ներդրումները կարող են գրավել զբոսաշրջիկներին։ Այգին շատ մաքուր է, ընդհանրապես, Բաթումի նավահանգստի հատվածը չհաշված, ամեն տեղ ամեն ինչ մաքուր է ու շատ խնամված։

 

Շրոմա

 

Շրոման փոքրիկ գյուղ է՝ Ուրեկիի դեմ դիմաց՝ երկաթուղային կայարանի հարեւանությամբ։ Շրոմայում կան հին՝ խորհրդային տարիներից մնացած շենքեր, որոնք առանձնահատուկ հանդարտություն են տալիս բլրի վրա ծվարած գյուղակին։ Այստեղ կա նաեւ Հայրենական մեծ պատերազմի հուշարձան՝ պատվանդանի վրա տեղադրված Տ-34 տանկ։

Լուսանկարը` Միքայել Յալանուզյան

Հուշատախտակին գրված է, որ Օրջոնիկիձեի անվան կոլտնտեսությունը հանգանակել է մեկ միլիոն ռուբլի եւ խնդրել Ստալինին այդ գումարով տանկեր ձուլել։

 

Ազգային պարկերը

 

Վրաստանում շատ են նաեւ պահպանվող, խնամված ու մաքուր այգիները, որոնք կոչվում են ազգային պարկ (national park): Մեկը Կոբուլեթիի ուղղությամբ գնալիս ձախ կողմում է՝ Օզուրգեթիի ճանապարհի հենց սկզբում։

Լուսանկարը` nationalparks.ge

Մեծ չէ, բայց արտակարգ գեղեցիկ է, ջրաշուշաններով ծածկված փոքրիկ լճակով։ Այգում ծխելն արգելված է, եւ մենք ծխախոտի ոչ մի մնացորդ, անգամ լուցկու չոփ չտեսանք։ Նույնիսկ փոքրիկ, փայտյա տաղավարում թուղթ խաղացող 6-7 տղամարդկանց շուրջբոլորն արտակարգ մաքուր էր։

 

Ընդհանրապես՝ մաքրությունն ու խնամվածությունը, լավ մշակված ենթկառուցվածքները շատ կարեւոր են տուրիզմի զարգացման համար, ու թեեւ մենք ծով չունենք, բայց համապատասխան ջանքեր գործադրելու դեպքում՝ նույնպես կարող ենք ավելի շատ զբոսաշրջիկների հրավիրել Հայաստան։

 

Միքայել Յալանուզյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին