Դերենիկ Դանիելյանի «անհայտ» թանգարանի քարե բնակիչները - Mediamax.am

exclusive
5234 դիտում

Դերենիկ Դանիելյանի «անհայտ» թանգարանի քարե բնակիչները


Ալեքսանդր Դանիելյանը
Ալեքսանդր Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Խորհրդային տարիներին հայտնի քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Դերենիկ Դանիելյանի մասին այսօր շատերը չգիտեն, թեեւ ամեն օր երեւանցիներն անցնում են նրա քանդակած` քաղաքի անբաժան մասնիկներից դարձած մարալիկի կողքով: Ֆիլհարմոնիայի շենքի դիմաց պառկած մարալիկից բացի, նրա ձեռքին են պատկանում նաեւ Երեւանի օպերայի եւ բալետի թատրոնի շենքի 3 որմնամույթերի խոյակները:

 

Դերենիկ Դանիելյանի մեկ այլ աշխատանք, որը հայտնի էր երեւանցիներին, «Հին Կասկադի» շատրվանի ներքեւի մասի խճանկարն էր, որը քանդակագործը պատրաստել էր ձեռագործ սալիկներից: Ցավոք, այդ խճանկարի հետագա ճակատագիրն անհայտ է մնացել այն պահից, երբ Կասկադի շինարարության ժամանակ այն ապամոնտաժվել է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դերենիկ Դանիելյանը ստեղծագործել է մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության, կիրառական արվեստի, դիմաքանդակի բնագավառներում։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ էին գրավում Խորհրդային տարիներին տարածված` մետաղի վրա հղկված նկարները (чеканка), որոնք վաճառքի էին դրվում գեղարվեստական խորհրդի հավանությանն արժանանալու եւ թույլտվության դեպքում միայն:

Ալեքսանդր Դանիելյանը Ալեքսանդր Դանիելյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Պապիկի քանդակները ոչ միայն անատոմիկ նմանություն ունեն, այլեւ յուրովի են մեկնաբանում մարդու ներքին կերպարը: Բացի նրանց, որ քանդակագործությունը նրա հացն ու ջուրն էր, նաեւ իր ողջ կյանքն էր դրել այդ արվեստի մեջ»,- Մեդիամաքսի հետ զրույցում ասում է քանդակագործի թոռը` ճարտարապետ Ալեքսանդր Դանիելյանը:

 

Երվանդ Քոչարի եւ Արա Սարգսյանի սան Դերենիկ Դանիելյանի առաջին աշխատանքը Ստանիսլավսկու դիմաքանդակն էր` ռուսական թատրոնի համար: Վերջինը, հավանաբար, Շիրազի դիմաքանդակն է եղել: 1950-ականներին նա 6 տարի ապրել եւ ստեղծագործել է Սոչիում, ուր հրավիրվել էր անելու Մաքսիմ Գորկու քանդակը, բայց պատվերների անդադար հոսքի պատճառով ստիպված էր մնալ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քանդակագործի արվեստը պատշաճ պահպանելու եւ ներկայացնելու համար նրա ընտանիքը ոչ ավանդական թանգարան է ստեղել` 2016.թ-ին վերանորոգելով նրա արվեստանոցը: Այլընտրանքային ձեւաչափով այս թանգարան կարելի է այցելել նախապես պայմանավորվելով:

 

«Արվեստանոցը նաեւ կարող է ծառայել երիտասարդներին, ովքեր սովորում են արվեստի բնագավառում եւ կուզենան ծանոթանալ պապիկիս ստեղծագործություններին: Այժմ սա փոքրիկ եւ անհայտ թանգարան է` հետագայում ապրող արվեստանոց դառնալու տեսլականով, որտեղ կշարունակվի պապիկիս գործը», - ասում է Ալեքսանդր Դանիելյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսը շրջել է Դերենիկ Դանիելյանի արվեստանոցում եւ առանձնացրել մի քանի քանդակ, որոնք արժե տեսնել:

 

Ավետիք Իսահակյանի կիսանդրին

Լուսանկարը` Մեդիամաքս

Դերենիկ Դանիելյանը Ավետիք Իսահակյանին հրավիրում է իր արվեստանոց` վարպետի կիսանդրին քանդակելու համար: Գրողը համաձայնում է, բայց պայմանով, որ «պետք է մի սիրուն աղջիկ գա, նստի իր դիմաց եւ զրուցի իր հետ»:

 

Դերենիկ Դանիելյանը հարցնում է. «Իսկ կլինի՞ կնոջս բերեմ»: Ինչին վարպետն արձագանքում է. «Դե, եթե սիրուն է` բեր»: 

 

Այդպես` քանդակն անելու ողջ ընթացքում Ավետիք Իսահակյանը զրուցում է քանդակագործի` մասնագիտությամբ բանասեր տիկնոջ հետո, ով ոչ միայն գեղեցիկ էր, այլեւ կիրթ եւ հետաքրքիր զրուցակից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դերենիկ Դանիելյանը քանդակում է նաեւ Իսահակյանի` նստած արձանը: Ենթադրվում է, որ դա մրցութային արձան է, քանի որ ընդունված է մրցույթներին ներկայացնել փոքր ֆիգուրա եւ գլուխ:

 

Ադամ ու Եվա

Լուսանկարը` Մեդիամաքս

Երբ Մոսկվայում կոմունիստները քանդում են Ամենափրկիչ մարմարյա տաճարը, շինության տարբեր հատվածներ որպես նյութ բաժանում են քանդակագործներին: Տաճարի փոքրիկ սյուներից մեկի հատվածն էլ Դերենիկ Դանիելյանի մոտ է հայտնվում, որից նա քանդակում է մոլորակի առաջին տղամարդուն եւ կնոջը:  

 

Սիմոն Բոլիվարի կիսանդրին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լատինամերիկյան զինվորական եւ պետական գործիչ, Ամերիկայի իսպանական գաղութների անկախության պայքարի ամենաազդեցիկ եւ հայտնի ղեկավար Սիմոն Բոլիվարի կիսանդրին եւս կարելի է տեսնել Դերենիկ Դանիելյանի արվեստանոցում: 1969-72թթ ընթացքում քանդակագործը մի քանի անգամ այցելում է Լատինական Ամերիկա: Այցերից մեկի ժամանակ նա հանդիպում է հայ համայնքի հետ: Հայերից մեկը խնդրում է քանդակել Սիմոն Բոլիվարի կիսանդրին, որպեսզի այն հայ համայնքի անունից նվիրեն Վենեսուելայի կառավարությանը: Հետագայում, սակայն, ինչ-ինչ պատճառներով կիսանդրին մնում է Երեւանում:

 

Քանդակ Բաքվում

 

Դերենիկ Դանիելյանը պլաստիկ ֆորմաների մեջ էր աշխատում, փնտրում էր մարդու, կենդանիների ֆիգուրների համադրության յուրովի մեկնաբանման ձեւեր: Նման յուրօրինակ մեկնաբանություն էր նա տվել նաեւ կանանց ֆիգուրներին, որոնք կարելի է տեսնել քանդակագործի արվեստանոցում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այդպիսի ֆիգուրներով մի քանդակային խումբ էլ կա Բաքվում` շատրվանի մոտ, որը Դերենիկ Դանիելյանն արել է 1960-70-ականներին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մի քանի տարի առաջ քույրս մեկնել էր միջազգային կոնֆերանսի, որտեղ մասնակիցներ կային նաեւ Բաքվից: Նրանք գրքեր են ցուցադրել` իրենց քաղաքի պատկերներով: Եվ դրանցից մեկում քույրս նկատել է պապիկի քանդակած երեք գեղուհիների խումբը, որը ադրբեջանցիները ներկայացրել են որպես իրենց հայտնի քանդակագործ հայրենակցի ստեղծագործություն: Քուրս ստիպված է եղել բացատրել, թե ով է իրականում քանդակի հեղինակը: Իհարկե, դա մեծ բան չի փոխել: Բազմաթիվ ապացույցներ ունեմ, որ քանդակը պապիկինն է, պարզապես մենք չենք ցանկանում մեծ աղմուկ բարձրացնել` վախենալով, որ ադրբեջանցիները կվնասեն արձանը»,- ասում է Ալեքսանդր Դանիելյանը:

 

Կոմիտասի քանդակները

Լուսանկարը` Մեդիամաքս

Արվեստանոցում Կոմիտասի մի քանի արձանները վկայում են այն մասին, որ Դերենիկ Դանիելյանն անտարբեր չէր վարդապետի թեմային: Նա ուզում էր այնպիսի արձան քանդակել, որում կբացահայտեր եւ կարտահայտեր Կոմիտասի խորը եւ բազմաշերտ պատմությունը:  

 

Ռիգացի կնոջ դիմաքանդակը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դերենիկ Դանիելյանի սիրելի քանդակներից մեկն է: Քանդակի կնոջը նա հանդիպում է գնացքում` Ռիգայի ճանապարհին, ուր մեկնում էր մասնակցելու կերամիստների սիմպոզիումի: Հետաքրքիր եւ արտահայտիչ դիմագծերով կինն էլ դառնում է սիմպոզիումի քանդակի թեման, որը Դերենիկ Դանիելյանին նաեւ հաղթանակ է բերում այդ մրցույթում:

 

Դերենիկ Դանիելյանի արվեստանոցի հասցեն է` Երեւան, Կիեւյան 24

Հեռախոսահամարը` +374 55 523443

 

Մարի Թարյան

Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին