2024թ. հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Հայաստանի երրորդ հանրապետության հիմնադիր հայրերից երկուսի մասին պատմող «Վանոն եւ Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակները՝ Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանն ու Մեդիամաքսի լրագրող Լուսինե Ղարիբյանն ասել են, որ առաջին հերթին փորձել են ազնիվ գիրք ստանալ: Աշխատանքի ընթացքում նրանք զրուցել են մոտ 30 անձանց հետ, աշխատել են 1990-ականների մամուլի արխիվի հետ:
Լուսանկարը` Մեդիամաքս
Շնորհանդեսը վարել է լրագրող, առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը, ում հուշերը եւս տեղ են գտել գրքում։
Ներկայացնում ենք հատվածներ գրքի շնորհանդեսից։
Ինչպես ծնվեց գրքի գաղափարը եւ ովքեր օգնեցին այն կյանքի կոչել
Արա Թադեւոսյան
2021 թվականի դեկտեմբերին հրապարակել էինք Լուսինե Ղարիբյանի եւ Վաղինակ Ղազարյանի հրաշալի Կոթիում՝ մենակ. Վանոյի շիրիմը բլրի լանջին ռեպորտաժը:
Դրանից մի քանի օր անց մեր խմբագրություն էր եկել «Վերնատուն» հրատարակչության հիմնադիր Ներսես Տեր-Վարդանյանը: Խոսում էինք գրականությունից, այն մասին, որ նորագույն պատմության մասին շատ քիչ վկայություններ եւ հուշեր ունենք: Եվ հենց այդ զրույցի պահին մի միտք եկավ՝ պետք է Վանոյի եւ Վազգենի մասին գիրք գրել:
Լուսանկարը` Մեդիամաքս
2022 թվականի հունվարին առաջին հարցազրույցը վերցրեցի Տիգրան Հակոբյանից, մի քանի ամիս անց խնդրեցի, որ Լուսինեն միանա աշխատանքին: 2022 եւ 2023 թվականներին վարեցինք բոլոր հարցազրույցները, բայց մինչեւ 2024 թվականի մայիսը, կարելի է, ասել, գիրքը տեղից չէր շարժվում:
Լուսանկարը` Մեդիամաքս
Իսկ հետո անբացատրելի մի բան եղավ եւ աշխատանքն ավարտեցինք ընդամենը երկու ամսում՝ մայիս-հունիս ամիսներին: Որոշեցինք, որ գիրքն անպայման պետք է լույս տեսնի մինչեւ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի 25-րդ տարելիցը: Անչափ շնորհակալ եմ Շուշանիկ Թամրազյանին, որը համաձայնեց շատ կարճ ժամկետում՝ ընդամենը երկու շաբաթում, խմբագրել գիրքը:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գիրքը նվիրել ենք Վրեժ Իսրայելյանին՝ ոչ միայն այն պատճառով, որ նա հրաշալի գրող է շատ թանկ մարդ ինձ համար: Երբ 1998 թվականին Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց, ես ծառայում էի Վրեժ Իսրայելյանի խմբագրած «Հայ Զինվոր» թերթում եւ տեսնում էի, թե որքան ծանր է նա տանում այն, որ իր երկու ընկերները հայտնվել են փաստացի հակադիր ճամբարներում: Ու քանի որ այս գիրքը Վանոյին եւ Վազգենին «միավորելու» փորձ է, տեղին համարեցինք նվիրել այն Վրեժ Իսրայելյանին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Գիրքը, թերեւս, լույս չէր տեսնի, եթե 30 տարի առաջ, 1994 թվականի գարնանը, Ներքին գործերի նախարարության լրատվության վարչության պետ Նիկոլայ Գրիգորյանը անտեսեր մեր՝ Maximum ռուսալեզու շաբաթաթերթի 18-ամյա լրագրողներիս առաջարկը՝ հարցազրույցը վարել Վանո Սիրադեղյանի հետ եւ ներկայացնել նրա մարդկային կերպարը: Պարոն Գրիգորյանը հազար պատճառ ուներ մեր առաջարկը մերժելու, բայց նա վստահեց մեզ, տվեց այդ հնարավորությունը, որի արդյունքում շատ հետաքրքիր հարցազրույց ունեցանք, որի հատվածները կգտնեք գրքում:
«Նրանց ձայնը լսում էի գրքում»
Աննա Իսրայելյան
Այս գիրքը մեր պատմության ամենահակասական, ամենավառ, նաեւ ողբերգական գործիչերի մասին է։ Նրանց մասին կարելի է ե՛ւ շատ լավ բաներ պատմել, ե՛ւ շատ վատ՝ կախված նրանից, թե ով է պատմողը։
Լուսանկարը` Մեդիամաքս
Գործընկերներիս հաջողվել է գրքում իրենց մասին պատմել առանց պաթետիզմի, առանց ածականախեղդ անելու։ Գիրքը կարդալուց շատ անգամ նրանց (Վանո Սիրադեղյանի եւ Վազգեն Սարգսյանի-հեղ.) ձայնը «լսում էի»։
Կարծում եմ՝ պատմության համար շատ կարեւոր գործ եք արել։
Զրուցակիցների անկեղծությունը գրքում
Լուսինե Ղարիբյան
Զրուցակիցները Վազգենի մասին պատմելիս շատ ավելի շռայլ էին։ Նրա մարդկային որակների, բաց, բարի, ժպտադեմ լինելու մասին բոլորի խոսքում կարմիր գծի պես արտահայտվում էր։
Լուսանկարը` Մեդիամաքս
Վանոյի դեպքում մարդիկ ավելի զուսպ էին։ Զգացվում էր, որ ասելիք ունեն, որն ուղղակի չէին ուզում հնչեցնել։ Ենթադրաբար, դրանք բաներ էին, որոնք այնքան էլ լավ երանգավորում չունեին ըստ իրենց։
Արա Թադեւոսյան
Մոտ 30 զրուցակից ունեինք, նրանց ընտրությանը շատ բծախնդիր էինք մոտեցել։ Բծախնդիր էինք նաեւ ստացվող վկյայությունների օգտագործման հարցում: Լուսինեի հետ մի սկզբունք էինք որդեգրել՝ եթե անգամ մի փոքր կասկած էինք ունենում այս կամ այն վկայության իսկության վերաբերյալ, այն չէինք օգտագործում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Փորձել ենք ազնիվ գիրք ստանալ։ Նպատակ չենք ունեցել ինչ-որ բաներ ծաղկացնել կամ թաքցնել։ Մեր գլխավոր նպատակն է եղել այս մարդկանց հարաբերությունների միջոցով մեր երկրի նորագույն պատմությունը ներկայացնել: Կարծում ենք, որ այսօր դա շատ կարեւոր է։ Ինչպես ասում են, եթե անհատը հիշողություն չունի, դա իր խնդիրն է, բայց երբ հասարակությունն է հիշողության կորուստ ունենում, դա ողբերգություն է:
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեզ համար շատ կարեւոր է, որ երիտասարդներն այս գիրքը կարդան, ինչի համար էլ ընտրել ենք մատուցման հնարավորինս մատչելի ձեւը։ Ցավոք, երիտասարդների մեծ մասը կամ ոչինչ չգիտի Վանոյի եւ Վազգենի մասին, կամ էլ առաջնորդվում է այստեղից-այնտեղից լսածով, որը հաճախ իրականության հետ որեւէ աղերս չունի:
Ընկերությունը եւ ժամանակի փորձությունը
Լուսինե Ղարիբյան
Գրքում հաճախ օգտագործում ենք «մեծ եւ փոքր եղբայր» արտահայտությունը` Վանոյի եւ Վազգենի հարաբերությունները բնորոշելիս: Շատ հետաքրքիր էր տեսնել նրանց հարաբերությունների դինամիկան՝ թե ինչպես են ինչ-որ պահից սկսած հավասար դառնում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Շատ հետաքրքիր էին վկայություններն այն մասին, որ անգամ երբ լարվածություն, գաղափարական բաժանում կար, իրենք մնում էին միմյանց թիկունքին կանգնած, միմյանց մասին հոգ տանող, մեկը մյուսին հասնող։ Ինչ-որ պահերի նեղվածություն, վիրավորվածություն եղել է, բայց դա չէր չարացրել իրենց, ընկերությունը նենգության չի ձեւափոխել։
Արա Թադեւոսյան
Կարծում եմ, կարող ենք ասել, որ Վանոյի եւ Վազգենի ընկերությունը, մեծ հաշվով,
դիմացավ ժամանակի փորձությանը։ Այլ բան է, որ տարիների ընթացքում բոլորս հասկանում ենք, որ ընկերությունը ստատիկ բան չէ եւ ժամանակի ընթացքում կարող է փոփոխությունների ենթարկվել։
Շնորհանդեսի ընթացքում խոսել են նաեւ զրուցակիցներից մի քանիսը:
Տիգրան Հակոբյան, լրագրող, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ
Ինձ համար թանկ մարդկանց մասին եմ խոսել գրքում։ Ընթերցելուց հետո համոզվել եմ, որ սա իսկապես ազնիվ գիրք է։ Դուք (հեղինակները-հեղ.) այս գրքում չկաք: Շատ կարեւոր գործ եք արել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Վանոյի եւ Վազգենի պես մարդկանց պետք է հիշողության մեջ թարմ պահել։ Երբ գիրքը կարդում ես, զգում ես, որ նրանք լավն էին՝ անկախ ամեն ինչից: Նրանց մեջ իմաստ կար։
Տիգրան Պասկեւիչյան, լրագրող, հրապարակախոս
Իմ պատկերացմամբ, ստեղծվել է 3D (եռաչափ) գիրք։ Այն նման է բազմակողմանի դիտվող արձանի եւ շատ կարեւոր է, թե ինչ միջավայրում, ինչ հետնապատկերում ես այդ դիտում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք այդ հետնապատկերը կերտելու խնդիր ունենք: Օրինակ, մինչեւ այս տարվա սեպտեմբերի 15-ը ես, ինչպես եւ շատերը, կարծում էի, որ Բաբկեն Արարքցյանը Ազգային Ժողովի նիստերի վարող է եղել: Բայց երբ նրա 80-ամյակի առիթով ինձ առաջարկեցին արխիվային նյութերի հիման վրա ֆիլմ պատրաստել, ինձ համար համար բացահայտում արեցի՝ Բաբկեն Արարքցյանը լրջագույն քաղաքական գործիչ էր, որը ներգրավված էր առանցքային հարցերում՝ թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ:
Կարինե Խոդիկյան, գրող, հրապարակախոս
Ուզում եմ շնորհակալություն հայտնել գրքի հրաշալի ձեւաչափի համար։ Այս գիրքը գրելով՝ «ստիպեցիք» գնալ մեր կյանքի լավագույն ժամանակները, երբ մեր կողքին կային այդ մարդիկ։ Կոնկրետ իմ դեպքում` Վազգենը, քանի որ Վանոյի հետ մտերիմ չենք եղել։ Կար ժամանակ, երբ «Գարուն»-ը, Վազգենը եւ մենք մի ամբողջություն էինք։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մեր նորանկախ պատմության շատ գործիչներ ենք ունեցել, բայց կարծում եմ, ամենաողբերգական ճակատագիրն ունեցել են Վազգենն ու Վանոն, որոնցից մեկը սպանվել է հայի ձեռքով, մյուսը մահացել է՝ աքսորված լինելով։
«Վանոն եւ Վազգենը. Երկու ընկերոջ կյանքն ու ողբերգությունը» գիրքը կարելի է գնել Մեդիամաքսի կայքում, ինչպես նաեւ «Բուկինիստ», «Զանգակ» եւ «Էպիգրաֆ» գրախանութներում։
Արփի Ջիլավյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: