Առողջ մայրության բանաձեւն ու գրագետ քայլերն արտակարգ իրավիճակներում - Mediamax.am

exclusive
3144 դիտում

Առողջ մայրության բանաձեւն ու գրագետ քայլերն արտակարգ իրավիճակներում


Լուսանկարը` Patrick Slaven

Անժելա Մկրտչյանը
Անժելա Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինե Ավետիսյանը
Արմինե Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Բեգլարյանը
Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Վրույր Գրիգորյանը
Վրույր Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մշտապես աշխատելով վերտադրողական առողջության պահպանման ոլորտում՝ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը (ՄԱԲՀ) հրատարակել է «Կնոջ առողջության պահպանումն արտակարգ իրավիճակներում» գրքույկը։ Դրա նպատակն է պաշտպանել կնոջը՝ տրամադրելով նրան անհրաժեշտ տեղեկատվություն։ Գրքույկի հեղինակները Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական կլինիկայի ղեկավար Վրույր Գրիգորյանն ու մանկաբարձ-գինեկոլոգ Անժելա Մկրտչյանն են։

 

Այն հասանելի է առցանց՝ ՄԱԲՀ կայքում, տարածվում է բուժհաստատություններում, ինչպես նաեւ ներառված է UNICEF-ի հետ համագործակցությամբ՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տրվող աջակցության փաթեթներում:  

 

Լուսեն. բժիշկների հրաշքը

 

Հանրապետական ծննդատան մուտքի մոտ հանդիպում ենք 43-ամյա Արմինե Ավետիսյանին։ Կինը ժպտում է, ջերմ բարեւում բուժանձնակազմի արդեն ծանոթ անդամներին ու շտապում հեռանալ։ Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի ինտենսիվ բաժանմունքում նրան սպասում է Լուսեն՝ իր առաջնեկը։

 

«Այսօր աղջիկս երկու ամսական դարձավ։ Ծնվել էր 29 շաբաթականում՝ ընդամենը 950 գրամ քաշով։ Հիմա 1550 գրամ է կշռում, եւս 300 գրամ ու տուն ենք գնալու», - ժպտում է կինն ու ավելացնում.

 

«Լուսեիս գոյությունն այլ կերպ, քան բժիշկների հրաշք անվանել չեմ կարող»:

Արմինե Ավետիսյանը Արմինե Ավետիսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արմինեի առաջին հղիությունը 42 տարեկանում էր, ցավոք, անհաջող ընթացքով։ 43 տարեկանում կինն իմանում է երկրորդ հղիության մասին ու անմիջապես դիմում իր բնակության վայրի՝ Սեւան քաղաքի բժշկական կենտրոնի մասնագետներին։

 

«Բառերը չեն հերիքի, որպեսզի փոխանցեմ՝ որքան շնորհակալ եմ ինձ հանդիպած բոլոր բժիշկներին։ Սեւանում բժիշկներ Խալաֆյանի եւ Մալխասյանի շնորհիվ հղիությունս պահպանվեց 6 ամիս։ Ինչից հետո ինձ ուղղորդեցին Երեւանի Հանրապետական բժշկական կենտրոն։ Հղիությունս շատ ծանր փուլում էր։ Ունեի բազմաթիվ միոմաներ, որոնց պատճառով ճնշումս անընդհատ բարձրանում էր։ Բայց այստեղ էլ ես հանդիպեցի ուղղակի հիանալի մասնագետների՝ Վրույր Գրիգորյանին, Նունե Պապիկյանին, ովքեր բժիշկ լինելուց բացի նաեւ արտակարգ մարդիկ են։ Երբեք չեմ մոռանա՝ ինչպես էին ինձ հետ անքուն գիշերներ անցկացնում ու անում ամեն ինչ, որ երեխաս ծնվի։ Սա անգնահատելի է», - պատմում է Արմինեն։

 

Եղած իրավիճակում բժիշկները որոշում են դիմել կեսարյան հատման։ Բարդ վիրահատության արդյունքում հաջողվում է փրկել թե՛ երեխային, թե՛ կնոջը։

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

«Հիմա բոլորին, ովքեր հարցնում են աղջկաս մասին, ասում եմ՝ մենք միասին ենք բժիշկների շնորհիվ։ Կանայք պետք է անպայման հետեւեն իրենց առողջությանը, ժամանակին դիմեն բժիշկներին, կիսվեն վախերով ու լսեն ստացած խորհուրդները։ Չեմ կարող ասել՝ ինչերի միջով եմ անցել հղիության ընթացքում ու որքան երջանիկ եմ հիմա։ Երբ հանդիպեցինք միջանցքում, կարծես՝ ոչինչ չէի տեսնում։ Ուշք ու միտքս միայն Լուսեն էր», - ծիծաղում է կինը։

 

 

Պաշտպանել կնոջը՝ տրամադրելով նրան անհրաժեշտ տեղեկատվություն

 

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական կլինիկայի ղեկավար Վրույր Գրիգորյանն ասում է՝ հանրության վերաբերմունքը հղիության պլանավորման նկատմամբ անհամեմատ փոխվել է։ Մարդիկ այս առումով առավել պատասխանատու են դարձել.

 

«Փոփոխությունն, իհարկե, ինքնաբերաբար չի եղել։ Այն Առողջապահության նախարարության եւ գործընկերների հետեւողական աշխատանքի արդյունք է։ Այսօր մարդկանց հասանելի է կարեւորագույն ուղերձը՝ առողջությանը հետեւելը, նույնիսկ՝ հղիություն չպլանավորելու փուլում, շատ կարեւոր է։ Սա է ապագա առողջ հղիության հիմնական գրավականը»։

Վրույր Գրիգորյանը Վրույր Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Վրույր Գրիգորյանը, լինելով նաեւ մանկաբարձության եւ գինեկոլոգիայի գծով Առողջապահության նախարարության խորհրդատու, շատ է կարեւորում վերարտադրողական առողջության ոլորտում պետական, օրինակ՝ արգանդի պարանոցի քաղցկեղի կանխարգելման, անպտղության վերացման ծրագրերը.

 

«Առաջինի դեպքում կանայք կարող են անվճար հետազոտվել իրենց տարածքային պոլիկլինիկաներում։ Այսինքն, այս ստուգումները հնարավորինս հասանելի են։ Անպտղության վերացման դեպքում էլ շատ միջամտություններ թանկարժեք են անհատի համար, եւ պետությունը փորձում է իր վրա վերցրել ֆինանսական բեռը»։

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Կլինիկայի ղեկավարը նշում է՝ եթե բնականոն կյանքի պարագայում կինը միշտ կարող է դիմել մասնագետին, ապա առողջության պահպանումն առավել դժվար է դառնում արտակարգ իրավիճակների դեպքում։

 

«Սա է պատճառը, որ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համատեղ վերջերս հրատարակել ենք «Կնոջ առողջության պահպանումն արտակարգ իրավիճակներում» գրքույկը։ Դրա հիմնական նպատակն է օգնել կնոջը հետեւել սեփական առողջությանն այն դեպքում, երբ բնական աղետների, պատերազմների ու այլ արտակարգ իրավիճակների ժամանակ նրա եւ բժիշկի հանդիպումն անհնար է», - ասում է Վրույր Գրիգորյանը։

 

Նրա խոսքով՝ նման տեղեկատվությունը ոչ միայն բուն բժշկական, այլեւ՝ հոգեբանական կարեւոր նշանակություն ունի.

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

«Ցավոք, մեր երկիրը շատ սթրեսային իրավիճակում է եւ չգիտենք՝ ինչ կլինի վաղը: Պատկերացրեք՝ կինը պլանավորել է երեխա, հղիացել է, անցնելով բոլոր անհրաժեշտ նախաբեղմնավորման ստուգումներն, այլ կերպ ասած՝ ամեն ինչ արել է ճիշտ, բայց ստեղծվել է իրավիճակ, երբ իր բժիշկն անհասանելի է։ Սա առաջին հերթին մեծ սթրես է կնոջ համար։ Նրա մոտ կարող է խուճապ առաջանալ իր հղիության հետագա ընթացքի, անհրաժեշտ հետազոտությունները բաց թողնելու հետ կապված։ Մեր խնդիրն է հանգստացնել այս կնոջն ու տալ տեղեկատվություն իրավիճակի ու դրանում անհրաժեշտ քայլերի մասին։

 

Նման փորձ ունեցել ենք կորոնավիրուսի համավարակի ժամանակ, երբ հղիները ստիպված էին բաց թողնել իրենց հերթական այցերը։ Այն ժամանակ առաջին հերթին տեղայնացրեցինք միջազգային ուղեցույց՝ բացատրելով կանանց, որ նախատեսված այս կամ այն հետազոտությունը կարելի է բաց թողնել կամ հետաձգել եւ դրանից որեւէ իրական վտանգ չի առաջանա: Նույնն այս գրքույկի դեպքում է։ Մենք ցանկանում ենք, որ կինն իրեն պաշտպանված զգա՝ հասկանալով, որ կարող է կառավարել սեփական առողջության հետ կապված հարցերը»։

 

Գրքույկի համահեղինակ, Հանրապետական ծննդատան մանկաբարձ-գինեկոլոգ Անժելա Մկրտչյանն ասում է՝ տագնապների ու սթրեսների նկատմամբ հղիները հատկապես զգայուն են.

Անժելա Մկրտչյանը Անժելա Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հաճախ մասնագիտական խորհուրդներից բացի, փորձում ենք նաեւ հոգեբան լինել։ Բացատրել՝ երբ է պետք անհանգստանալ, երբ՝ ոչ։ Այս գրքույկը գրված է հնարավորինս պարզ լեզվով եւ անդրադառնում է թե՛ հղիության պլանավորմանը, թե՛ դրա ընթացքին, թե՛ ծննդաբերությանը։ Կնոջը խորհուրդ ենք տալիս նախապես պատրաստել պայուսակ, որում կլինեն իր եւ երեխայի համար անհրաժեշտ բոլոր պարագաները։

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

Մայրը պետք է պատրաստ լինի արտակարգ իրավիճակում պաշտպանել իր երեխային, մինչեւ կհասնի օգնությունը։ Կարծում եմ՝ տեղեկատվությունն օգտակար է ոչ միայն հղիների, այլեւ՝ բոլորի համար։ Քանի որ, իմանալով անհրաժեշտ քայլերի մասին, միգուցե, ձեր կողքին գտնվող մայրիկի ու երեխայի կյանք փրկեք»։

 

Միջավայր, որտեղ ամեն հղիություն ցանկալի է, ամեն ծննդաբերություն՝ անվտանգ

 

«ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը վերարտադրողական առողջության ոլորտում աշխատում է 1999թ.-ից։ Այս ընթացքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, մշակվել են տեղեկատվական նյութեր ինչպես բնակչության, այնպես էլ՝ բուժաշխատողների համար», - ասում է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի (ՄԱԲՀ) Վերարտադրողական առողջության ծրագրերի ղեկավար Նարինե Բեգլարյանը։

 

ՄԱԲՀ-ն սերտ համագործակցում է պետական կառույցների հետ՝ աջակցելով ոլորտի ռազմավարությունների, օրենքների մշակմանը։

Նարինե Բեգլարյանը Նարինե Բեգլարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նարինե Բեգլարյանի խոսքով՝ արտակարգ իրավիճակներում կնոջ առողջության պահպանմանն ուղղված աշխատանքներին զուգահեռ, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կարեւորում է նաեւ բուժաշխատողների կարողությունների զարգացումը.

 

«2023թ.-ին վերապատրաստել ենք ավելի քան 200 բուժաշխատողի՝ վերարտադրողական առողջության բնագավառում նվազագույն նախնական ծառայությունների փաթեթի շրջանակում: Սա միջազգային ընդունված ստանդարտ է, միջոցառումների համալիր,  որը պետք է իրականացնել արտակարգ իրավիճակների սկզբում, որպեսզի կանխարգելվի մայրական մահացությունը, հիվանդացությունն ու հաշմանդամությունը։ 2023 թ.-ին նաև ձեռք ենք բերել վերարտադրողական առողջության հավաքածուներ, որոնք տրամադրվել են  մարզային բուժհաստատություններին»:

 

Հաշվի առնելով, որ ըստ ՄԱԲՀ կողմից իրականացված հետազոտության  արդյունքների ՝ Հայաստանում բավականին բարձր է կեսարյան հատումների թիվը (շուրջ 38%), հիմնադրամի աջակցությամբ Առողջապահության նախարարությունում մշակվել է ազգային ծրագիր եւ գործողությունների պլան՝ ուղղված այս ցուցանիշի նվազեցմանը։

Լուսանկարը` ՄԱԲՀ հայաստանյան գրասենյակ

«Շատ կարեւոր է աշխատել հղիների հետ։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանայք հաճախ դիմում են կեսարյան հատման` վախերի պատճառով։ 2023թ.-ին մշակել ենք պրենատալ հոգեբանների կողմից իրականացվող դասընթացի մոդուլ հղիների համար: Կազմակերպել ենք վեբինար մանկաբարձ-գինեկոլոգների համար, որովհետեւ հենց այս մասնագետների հետ է կինը շփվում ամեն հերթական այցի ժամանակ, նրանց հետ է զրուցում եւ ամեն ասված բառը կարող է հոգեբանորեն ազդել հղիի վրա», - ասում է Նարինե Բեգլարյանը.

 

«Առհասարակ մեր բոլոր ծրագրերն ու նպատակներն ուղղված են այնպիսի երկիր եւ միջավայր ունենալուն, որտեղ ամեն հղիություն ցանկալի է, ամեն ծննդաբերություն՝ անվտանգ։ Յուրաքանչյուր երիտասարդ, տարեց, կին կամ երեխա պետք է կարողանա իրացնել իր ներուժը։ Սա կնպաստի ինչպես անհատի, այնպես էլ՝ պետության զարգացմանը»։

 

Յանա Շախրամանյան

 

Լուսանկարները՝ Ագապե Գրիգորյանի եւ Էմին Արիստակեսյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին