Մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն իրար հյուսող «Թելիկ»-ը - Mediamax.am

exclusive
2804 դիտում

Մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն իրար հյուսող «Թելիկ»-ը


Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Հասմիկ Մարգարյանը
Հասմիկ Մարգարյանը

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Հասմիկ Մարգարյանը
Հասմիկ Մարգարյանը

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն


Տավուշյան ձեռագործության ավանդույթները վերականգնող եւ տարածող «Թելիկ» կենտրոնում արգելված է ասել «չեմ կարողանում» կամ «չի ստացվում»: Կենտրոնի տնօրեն Հասմիկը, ով չնայելով Իջեւան-Շամշադին «հակամարտությանը»՝ Չինչին գյուղից հարս է գնացել Իջեւան, կատակով ասում է՝ «Չ»-ով միայն մի բառ կա՝ Չինչին: Նա այսպես ոգեւորում է կենտրոն եկող մյուս կանանց՝ չվախենալ փորձել, ստեղծագործել եւ գումար վաստակել:

 

«Թելիկ»-ը Իջեւան քաղաքում գործող սոցիալական ձեռնարկություն է, որը Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է նախաձեռնել: Հասմիկ Մարգարյանը Մեդիամաքսին պատմել է կենտրոնի ձեւավորման, մշակութային եւ սոցիալական բաղադրիչների, ավանդական ձեռագործի պահպանման եւ շուլալ կարպետի առանձնահատուկ տեխնիկայի մասին:

 

Ավանդույթը վերականգնելու համար

 

Ձեռագործն ինձ միշտ է հոգեհարազատ է եղել։ Գորգագործություն ու շյուղագործություն տատիցս ու մորիցս եմ սովորել, իսկ հետագայում հանգամանքներն այնպես են դասավորվել, որ թելերն ու շյուղերն ինձ հասցրել են մինչեւ «Թելիկ»։

 

90-ականների սկզբին, երբ պետք է մասնագիտություն ընտրեի, որոշել էի ընդունվել համալսարանի «Մատենագիտություն եւ գրադարանավարություն» բաժինը, բայց բալերս չբավարարեցին, դուրս մնացի եւ հենց այդ տարին Իջեւանում բացվեց «Իջեւանի ռեգիոնալ քոլեջ-համալսարանը», որն իմ ուսանողության տարիներին դարձավ ԵՊՀ-ի մասնաճյուղը Իջեւանում։ Միանգամից գրավեց կիրառական արվեստի բաժինը, որն էլ ավարտեցի 1995 թվականին եւ Իջեւանից վերադարձա հարազատ գյուղ՝ Չինչին։ Գյուղի դպրոցում սկսեցի աշխատել։ Այն ժամանակ դպրոցներին ազատ ժամեր էին տալիս, որոնց ընթացքում տնօրենի որոշմամբ շախմատի կամ դիզայնի դասեր էին անցկացվում: Ես ավարտական դասարանի աշակերտներին ձեռագործություն է սովորեցնում: Հետո հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ էլի տեղափոխվեցի Իջեւան, այս անգամ ընդմիշտ (ծիծաղում է, խմբ.). հարս գնացի:

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

2004 թվականին Իջեւանում թելերի խանութ բացեցի, մի քանի տարի անց էլ՝ կարի արհեստանոց։ Դրանից շուրջ 3 տարի անց՝ 2016 թվականին, Բագրատ Սրբազանը նշանակվեց Տավուշի թեմի առաջնորդ եւ նախաձեռնեց Տավուշում գորգագործական ավանդույթները վերականգնելու ծրագիրը։ Նման նախաձեռնությունը Տավուշում պատահական չէր, քանի որ Իջեւանը գորգագործական պատմություն ունեցող քաղաք է եղել, այստեղ ժամանակին գորգագործական երկու ֆաբրիկա եղել, որոնցում 2 հազարից ավելի մարդ է աշխատել։ Մեր գյուղերում էլ գորգագործությունը բավականին զարգացած է եղել, ինչն էլ հաշվի առնելով՝  Սրբազանը որոշել էր առաջնորդարանում նախաձեռնել նման ծրագիր, որին մասնակցում էին Իջեւանի եւ հարակից գյուղերի կանայք:

Հասմիկ Մարգարյանը Հասմիկ Մարգարյանը

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Ծրագրին միացա որպես գորգագործության ուսուցիչ, բայց դասավանդումից զատ՝ ինքս էլ սկսեցի ուսումնասիրել եւ նոր հմտություններ ձեռք բերել, ավելի վարպետացա ձեռագործության մեջ, հատկապես՝ կարպետագործության:

 

Ինչպես է հյուսվել եւ ինչ է հյուսում «Թելիկ»-ը

 

Ծրագիրն ավարտվեց, բայց գորգագործության դազգահները մի կողմ չդրեցինք: Խոսեցի նախաձեռնության շնորհիվ ձեռագործության մեջ հմտացած աղջիկների հետ, ասացի, որ այդ պահին նրանց որեւէ վճար կամ վաճառք խոստանալ չեմ կարող, բայց եթե կցանկանան, հավաքվենք, փորձենք մեր ուժերով շարունակել նախաձեռնությունը: Ավանդույթները պահպանելուց բացի՝ փորձենք նաեւ մեր արտադրանքը ներկայացնել: Համաձայնվեցին եւ այդպես ձեւավորվեց մեր հիմնական կազմը: Եկավ արդեն մեր սոցիալական ձեռնարկության անուն ստանալու ժամանակը: Աղջիկներից մեկի առաջարկով ընտրվեց «Թելիկ»-ը, որն ամենալավ տարբերակն էր մեզ համար:

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

«Թելիկ»-ն այսօր մշակութային եւ սոցիալական բաղադրիչներն է հյուսում իրար. վերականգնում եւ տարածում է տավուշյան ձեռագործության ավանդույթները, զբաղվածություն է ստեղծում տեղի հիմնականում մանկահասակ երեխաներ ունեցող կանանց համար՝ հնարավորություն տալով ե՛ւ աշխատելու, ե՛ւ երեխաների խնամքով զբաղվելու:

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Մեր կազմը 10 հոգուց է բաղկացած, բայց ունենք նաեւ ազատ գրաֆիկով աշխատողներ: Մեզ մոտ աշխատող մայրիկներին հնարավորություն ենք տալիս «Թելիկ» գալ իրենց դպրոցահասակ կամ մանկապարտեզի երեխաներին հետ: Նաեւ հինգ հոգուց բաղկացած լրացուցիչ խումբ ունենք, որոնք հարակից համայնքներից են եւ հիմնականում տնից են աշխատում, այնուհետեւ ավարտած աշխատանքը բերում մեզ մոտ:

 

«Թելիկ»-ը կարող է ավելի մեծանալ

 

«Թելիկ»-ն ինքնաֆինանսավորվող ձեռնարկություն է, որի արտադրանքի վաճառքից եղած գումարով վարձատրում ենք կանանց եւ նյութեր ձեռք բերում: Հիմնականում արտադրում ենք խոհանոցի ասեղնագործած պարագաներ՝ բաժակի տակդիրրներ, սփռոցներ, սեղանի ռաներներ, բարձեր, պայուսակներ, հատակի մեծ եւ փոքր կարպետներ:

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Այս պահին խնդիր ունենք վաճառքների կազմակերպման հետ կապված: Քանի որ հիմնականում առցանց հարթակներում է այն կազմակերպվում, մեզ անհրաժեշտ է մասնագետ, որը կկարողանա պրոցեսը ճիշտ կազմակերպել: Եթե կարողանանք այդ խնդիրը լուծել, շատ ավելի լավ կլինի, քանի որ «Թելիկ»-ը կարող է ավելի մեծանալ, հետաքրքրություն կա:

 

«Թելիկ»-ը նաեւ դասավանդման գործառույթ ունի: Սկզբում դասընթացներն անվճար էինք անցկացնում, hիմա դարձրել ենք վճարովի: Դասընթացները ոչ թե ամսավճարով են, այլ մասնակիցը վճարում է կոնկրետ մեկ գործ կամ տեխնիկա սովորելու համար: Սովորելու ընթացքում նյութերն ամբողջությամբ մենք ենք տրամադրում: Այս պահին կարպետագործության դասընթաց ունենք, որն անցկացնում ենք Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան հետ համագործակցությամբ:

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Վարպետաց դասերի փաթեթ եւս ունենք, որը եւս բավական լավ ազդեցություն է ունենում մեր եկամտաբերության վրա:

 

Այցեքարտային շուլալ կարպետը

 

«Թելիկ»-ի այցեքարտը շուլալ կարպետն է: Կարպետագործություն ուսումնասիրելու ընթացքում հասկացա, որ շուկայում գրեթե չկա այս տեսակը, եղածներն էլ պստիկ բաներ են, մեծ գործեր, ծավալուն աշխատանքներ չկան:

 

Կարպետի այս տեսակի տեխնիկան ուսումնասիրելիս հասկացա, որ մեր տան նկուղում գտած տատիս խուրջինը շուլալով էր արված: Երեւի, գենետիկ ինչ-որ բան է եղել, որ ինձ այդքան գրավել էր շուլալ կարպետի տեխնիկան:

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Շուլալ կարպետը յուրահատուկ է Տավուշի տարածաշրջանին, որոշ չափով նաեւ Սյունիքին եւ Արցախին: Կարպետին նայելիս՝ շատերին թվում է, թե դրա վրա նախշեր են ասեղնագործված, սակայն սա յուրահատուկ տեխնիկա է, երբ կարպետը ռելիեֆային պատկեր է ունենում։ Այն շատ ամուր գործվածք է, որը ստանում են բամբակյա և բրդյա, էկոլոգիապես մաքուր թելերի համադրությունից:

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

2021 թվականին մեր նախաձեռնությամբ շուլալ կարպետը գրանցվեց ՀՀ ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում: Հիմա մեր նպատակն է զարգացնել շուլալ կարպետի ուղղությունը, որ ավելի հայտնի դառնա: Հայաստանից դուրս էլ ներկայանանք կարպետի այս տեսակով՝ որպես մեր մշակույթի մասնիկ:

 

Ոգեւորելը շատ կարեւոր է

 

Ես այն երջանիկ վարպետներից եմ, որ կարողանում եմ ոգեւորել իմ աշակերտներին: Երբ  գալիս ասում են՝ «վայ չեմ կարող անել, չի ստացվի», ասում եմ մի հատ փորձեք, նոր ասեք: Առանց փորձելու «չեմ կարող» չկա, կա ուղղակի «չեմ ուզում»: Փորձում եմ տեխնիկայի հետ փոխանցել նաեւ մարդուն ոգեւորելը, ինչը գործում շատ կարեւոր է:

Հասմիկ Մարգարյանը Հասմիկ Մարգարյանը

Լուսանկարը` «Թելիկ» կենտրոն

Ընդհանրապես ձեռագործությունը հեշտ գործ չէ, շատ ժամանակատար է, բայց նաեւ այն հոգեբանական թերապիա է, հանգստացնող բաղադրիչ ունի:

 

Արփի Ջիլավյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին