Մայիսի 25-ին, 26-ին եւ 27-ին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կայանալու է տարվա ամենասպասված եւ սիրված միջոցառումներից մեկը՝ Գրքի երեւանյան փառատոնը: Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է:
Մեդիամաքսը ներկայացնում է Գրքի երեւանյան փառատոնի մանրամասն ուղեցույցը:
ՄԱՅԻՍԻ 25
12:00 Յոկո Տավադայի «Պատվիրակը» գրքի շնորհանդես
Ճապոնացի ժամանակակից արձակագիր Յոկո Տավադայի «Պատվիրակը» վեպը լույս է ընծայել «Գրանիշ» հրատարակչությունը, թարգմանիչը Աստղիկ Հովհաննիսյանն է:
1960 թվականին ծնված Յոկո Տավադան 1982 թվականից ապրում է Գերմանիայում, ստեղծագործում ճապոներեն ու գերմաներեն։

Վեպից մի հատված կարող եք կարդալ այս հղումով.
https://granish.org/yoko-tawada-patviraky/
2022-ին «Անտարես»-ը Աստղիկ Հովհաննիսյանի թարգմանությամբ հրատարակել էր ճապոնացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեի «Ինձ պաշարեցին ջրերը մինչեւ հոգիս» վեպը:
13:00 «Թումանյանը ժամանակակիցների հուշերում» երկհատորյակի շնորհանդես
Երկհատոր ժողովածուն կներկայացնեն Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանը եւ թանգարանի ցուցադրությունների կազմակերպման եւ հանրահռչակման բաժնի ղեկավար Սուսաննա Ադամյանը:
«Հուշագիրները մասնագիտությամբ, անհատական խառնվածքով, բանաստեղծի հետ ունեցած հարաբերությունների բնույթով խիստ բազմազան են: Բայց բոլորի նպատակը մեկն է` սերունդներին ավանդել Թումանյանի իրական կերպարը, ինչպիսին տեսել ու ճանաչել են իրենք», - ասված է գրքի առաջաբանում:
14:00 «Իմ» մատենաշարի շնորհանդես
««Իմ» մատենաշարը մտերմիկ զրույց է ընթերցողի եւ գրողի միջեւ՝ պոետական խոսքի նուրբ ելեւէջներով. համարձակ մի քայլ, երբ ոչ թե մտապատկերում, այլ ձեռքին ընթերցողը կարող է ունենալ իր սիրելի գրողի ստեղծագործությունների՝ բացարձակ նոր շերտեր բացահայտող ժողովածու»։
15:00 Վաչե Սարգսյանի «Ակեղդամա» եռահատոր վեպի առաջին երկու մասերի շնորհանդես
Գիրքը հրատարակվել է Հովհաննիսյան ինստիտուտի կողմից:
Ինստիտուտի կայքում ասվում է.
««Ակեղդամա» վեպը խորհրդահայ սիբիրյան աքսորի գրականության յուրօրինակ նմուշ է: Հեղինակը սկսել է գրել վեպը 1960-ական թթ.` ՊԱԿ-ի բանտերում եւ գուլագյան ճամբարներում 16-ամյա ազատազրկումից վերադառնալուց հետո: Ակեղդամա ընդհանուր խորագրի տակ հավաքված են երեք գիրք` Անկրկնելի պատմություն, Հավերժական սառածություն եւ Արյան ագարակ: Վեպի գլխավոր հերոսի, որ մեծ մասամբ ինքը` հեղինակն է, աչքերով բացահայտվում է գուլագյան դաժան իրականությունը:

Սարգսյանը, խրախուսված Վասիլի Գրոսմանի հետ հանդիպումից` գրել եւ բացահայտել Խորհրդային Գուլագի մասին ճշմարտությունը, վեպի առաջին տարբերակն ավարտում է 1964-ին, որը հաստատվում է հրատարակության խրուշչովյան ձնհալի այս վերջին տարում: Վերջին պահին, սակայն, վեպը դուրս է հանվում հրատարակությունից, բայց Սարգսյանը շարունակում է աշխատել մինչեւ իր ինքնասպանությունը` 1987 թ.»:
Կարդացեք նաեւ Վահրամ Մարտիրոսյանի «Անկրկնելի պատմություն», որ վերջապես «շրջանցեց լեռները» հոդվածը:
16:00 Իեն Մըքյուենի «Քավություն» գրքի շնորհանդես
Իեն Մըքյուենը, որը անգլիական գրականության կենդանի դասական է համարվում, առաջին անգամ է թարգմանվում հայերեն:
The Observer «Քավությունը» համարել է երբեւէ գրված 100 մեծագույն վեպերից մեկը, իսկ The Telegraph-ը ներառել է «բոլոր ժամանակների 100 լավագույն վեպերի» ցանկում։
Վեպի հիման վրա նկարահանված ֆիլմը նկարահանվել է 2007 թվականին եւ արժանացել «Օսկարի»։
«Քավությունը» թարգմանել է Մարիա Սադոյանը, ում ջանքերով վերջին տարիներին մի շարք կարեւոր գրքեր հասանելի են դարձել հայերեն:

Մասնավորապես, Մարիան թարգմանել է Խալեդ Հոսեյնիի «Օդապարուկ թռցնողը» եւ «Հազար չքնաղ արեւները» գրքերը, « Ջեք Քերուեքի «Ճանապարհին» վեպը, Լոիս Լոուրիի «Պարգեւողը» վեպը:
17:00 Ռոբին Շարմայի «Հրովարտակ ուղղված ամենօրյա հերոսին» գրքի շնորհանդես
Գիրքը հրատարակած «Բուկինիստի» հաղորդագրության մեջ ասված է, որ «Հրովարտակ՝ ուղղված ամենօրյա հերոսին» բեսթսելերը «բեկումնային ազդեցություն է ունեցել բազմաթիվ հաջողված բիզնեսմենների, սպորտային աստղերի եւ այլ պրոֆեսիոնալների կյանքում»:
18:00 Հանդիպում Տատյանա Տոլստայայի հետ
Ռուսաստանցի գրողի հետ հանդիպում-քննարկումը վարելու է գրականագետ Լիլիթ Մելիքսեթյանը:

Լուսանկարը` Տատյանա Տոլստայայի արխիվից
Մի քանի տարի առաջ Տատյանա Տոլստայան պատմել էր հեռավոր 1986 թվականին Լիսաբոնում կայացած Հրանտ Մաթեւոսյանի եւ Իոսիֆ Բրոդսկու հանդիպման մասին:
19:00 «Լավ Էլի» խմբի համերգ
Մայիսի ընթացքում «Լավ Էլի»-ն երկրորդ անգամ կուրախացնի իր երկրպագուներին՝ առաջին համերգը կայացել էր մայիսի 6-ին «Platform»-ում։
***
ՄԱՅԻՍԻ 26
12:00 «Երազ» մանկական մատենաշարի առաջին երեք գրքերի շնորհանդես
Մատենաշարը Newmag-ը նախաձեռնել է «Երազ Փրոջեքթս»-ի հետ։
Առաջին գիրքն ամերիկացի մանկագիր, մուլտիպլիկատոր, դիզայներ եւ The New York Times-ի բեսթսելեր գրող Ջեֆ Քիննի «Վտվտիկի օրագիրն» է: «Վտվտիկի օրագիրը» վաճառվել է ավելի քան 280 միլիոն օրինակով։
Երկրորդ գիրքը Սոնա Բաբաջանյանի հեքիաթն է՝ «Մուշի տարօրինակ ճամփորդությունը»: Սարսափելի վթարից հետո փոքրիկ Մուշի սիրտը ահ է ընկնում. նա վախենում է մթությունից, այլեւս քնել չկարողանալուց, հայրիկին կորցնելուց եւ նախկին կյանքին չվերադառնալուց։ Բայց մի օր, երբ նա, վերմակի տակ ծածկված, փորձում է թաքնվել վախերից, զարմանալի հյուր է այցելում նրան։ Տղայի երազի միջից պատահաբար Արտաշխարհվայր ընկած փոքրիկ տարօրինակ արարածը՝ Փսփսիկը, աղերսում է փրկել իրեն եւ վերադարձնել հայրենի Ներաշխարհ։
Երրորդ գրքի հեղինակներն են ամերիկացի մանկական հոգեթերապեւտներ Սիգելը եւ Բրայսոնը: «Կարգապահություն առանց դրամայի» ձեռնարկը ճանապարհային քարտեզ է ծնողների համար՝ ինչպես մեղմել զայրույթը, լարումն ու առանց տեսարան ստեղծելու լուծել հուզական հարցերը: Գիրքը համալրված է ծնողների անկեղծ պատմություններով եւ նկարազարդումներով:
13:00 Պոլսահայ նորագույն գրականությունը․ Սուրեն Դանիելյանի դասախոսությունը
Դասախոսությունը վերաբերում է 1970-ական թվականներից հետո ծավալված գրական զարգացումներին, դեմքերին՝ Զահրատ, Զարեհ Խրախունի, Զաւէն Պիպէռեան, Ռոպէր Հատտէճեան, Մկրտիչ Մարկոսեան, Իգնա Սարըասլան եւ ուրիշներ:
14:00 Բանաստեղծությունը՝ բացված
Գերմանացի եւ հույն պոետներ Շենոն Սալիվանն ու Յորղոս Կուտուվելասը հրավիրում են ձեզ միասին մասնակցել պոետիկ արտահայտման հետմիջօրեին:
15։00 Դոն Միգել Ռուիսի «Չորս համաձայնությունները» գրքի շնորհանդես
«Զանգակ» հրատարակչությունը գիրքն այսպես է ներկայացնում.
««Չորս համաձայնությունները» գիրքը տոլտեկների՝ Մեքսիկայի բնիկ հնագույն ժողովրդի երկարամյա ուսմունքի հիման վրա գրված ուղեցույց է, որը պարզ, հասանելի եւ հեշտ շարադրանքով մեր առջեւ բացում է մեր ներքին կապանքները, որոնք գալիս են մանկությունից: Հեղինակը որպես լուծում առաջարկում է չորս համաձայնություն, որոնք կնքելու դեպքում կկոտրենք մեզ ներարկված սահմանափակող համոզմունքները եւ կհասնենք ազատության, երջանկության եւ սիրո»:
16:00 Վահրամ Ալազանի «Տառապանքի ուղիներում» հուշագրության շնորհանդես
Հուշագրությունը լույս է տեսել «Անտարեսի» գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանի աշխատասիրությամբ:

«1930-1950-ական թվականների բանտերի ու աքսորների սարսափը վկայագրած կարեւորագույն այս գիրքը ժամանակին մնացել է անտիպ, եւ հրատարակվել միայն 1990 թվականին: Բայց չափազանց շատ կրճատումներով, մկրատումներով, խմբագրումներով: Ներկա հրատարակությունը պատրաստված է հեղինակային մեքենագիր օրինակի հենքով, եւ, ըստ էության, ամբողջությամբ ու անխաթար հրատարակվում է առաջին անգամ», - ասել է Արքմենիկ Նիկողոսյանը:
17:00 Շառլ Ազնավուրի պոեզիայի երրորդ հատորի շնորհանդես
Newmag-ը ներկայացնում է Ազնավուրի գրական ժառանգությունը:
18:00 Կլաուդիո Պոցցանի եւ Լիլիթ Օսիպյան. գրական-երաժշտական բաթլ
«Զանգակը» դեռ 2013 թվականին հրատարակել էր Կլաուդիո Պոցցանիի բանաստեղծությունների «Ստվերի քայլերթը» գիրքը (հայերեն թարգմանությունը՝ Դավիթ Մաթեւոսյանի, ռուսերեն թարգմանությունը՝ Վիկա Չեմբարցեւայի)՝ կից հեղինակի ընթերցանությամբ ձայնասկավառակով:
19:30 Հանդիպում Արմեն Զախարյանի հետ
Շատերի համար սա, թերեւս, փառատոնի ամենասպասված միջոցառումն է:
Արմեն Զախարյանը վարում է «Армен и Фёдор» յութուբյան ալիքը (https://www.youtube.com/@armenifedor), որտեղ անսովոր եւ չափազանց հետաքրքիր կերպով պատմում է տարբեր գրական ստեղծագործությունների մասին:
Արմենի աշխատանքի որակի եւ խորության մասին պատկերացում կազմելու համար կարող եք դիտել թեկուզ այս հաղորդումը.
Փառատոնում Արմեն Զախարյանը խոսելու է հայ գրականության մասին, իսկ երկրորդ մասում Լիլիթ Մելիքսեթյանը կվարի հարց ու պատասխանի հատվածը:
ԿԱՐԵՎՈՐ. Արմեն Զախարյանի հետ հանդիպմանը պետք է ներկայանալ վերջին 10 տարվա ընթացքում հրատարակված որեւէ գրքով:
***
ՄԱՅԻՍԻ 27
12:00 «Միսս Փերեգրինի յուրահատուկ երեխաների տունը» գրքի շնորհանդես
Այս գիրքը եւս թարգմանել է Մարիա Սադոյանը:
«Միսս Փերեգրինի յուրահատուկ երեխաների տունը»՝ գիրք մեծանալու մասին հրապարակման մեջ զրուցել ենք Մարիայի եւ «Արեւիկ» հրատարակչության տնօրեն
Սաբեթ Հովհաննիսյանի հետ:
13:00 Ոչ կենցաղային շփում։ Ի՞նչն է օգնում կենդանի զգալուն. Դմիտրի Գարիչեւ, Ալեքսանդրա Շալաշովա, Տատյանա Սոլովյովա
Այս միջոցառման մասին, ցավոք, տեղեկություն չգտանք:
14:00 Շուշանիկ Ասատրյանի «Ափից ներս» գրքի շնորհանդես
«Գրանիշ»-ը գիրքն այսպես է ներկայացնում.
«Շուշանիկ Ասատրյանը, պատմվածքների «Ափից ներս» ժողովածուում լուսանկարչական օբյեկտիվը ձեռքին, տարեգրում է աշխարհի՝ իր առջեւ բացվող պատուհանն ու շերտ առ շերտ հայտնվող իրականության մեջ բացահայտում մարդկային ճակատագրերն ու բնավորությունները: Զում կարգավորման միջոցով գծերը երբեմն հեռանում են՝ ուրվապատկերելով լեռներ, հորիզոններ եւ գերհզոր ստվերներ, որոնց խորխորատներում փոքրանում ու անհետանում է մարդը իր անցողիկ կեցությամբ, երբեմն էլ գծերը կտրուկ մոտենում են՝ ափից ներս ցուցադրելով մարդկային եզակի ճակատագրերը՝ առօրյա բարդություններով, կենցաղով ու հանապազօրյա հացի համար մղվող պայքարով»:
14։00 Գրողներն ու ընթերցողները խաղում են «Այլկերպ» (Ձմեռային այգում)
Պետք է որ շատ յուրահատուկ միջոցառում լինի:
15:00 Մոգականություն եւ ռեալիզմ
Գրականագետ եւ բանաստեղծ Դենիս Բեզնոսովը կախարդանքի գաղտնիքների մասին կխոսի երիտասարդ գրող, «Հրավառություն այն կողմում» կախարդող առակի հեղինակ Ալեքսանդրա Շալաշովայի եւ Մարիամ Պետրոսյանի հետ։
16:00 Ժամանակակիցը, ժամանակավորը եւ անժամանակը պոեզիայում
Ինչպե՞ս է ժամանակը հաշվեհարդար տեսնում նոր տեքստի հետ, ինչպե՞ս է մտապահում կամ մոռանում այն, եւ հատկապես՝ ինչպե՞ս է այն վերհիշում անցյալի տեքստը եւ ինքնաճշգրտվում ըստ նրա։ Այս եւ այլ հարցերին փորձելու են պատասխանել բանաստեղծներ Կարեն Անտաշյանը, Հասմիկ Սիմոնյանը եւ Մարինե Պետրոսյանը:
17:00 Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը եւ վարդագույն տիկինը» գրքի շնորհանդես
«Վերնատուն» հրատարակչությունը Թերեզա Ստեփանյանի թարգմանությամբ ներկայացնում է Էրիկ Էմանուել Շմիտի «Օսկարը եւ վարդագույն տիկինը» ժողովածուն։ Շմիտը ֆրանս-բելգիական արմատներով նշանավոր արձակագիր է, սցենարիստ եւ դրամատուրգ։ Նրա ստեղծագործությունները հրատարակվել են երեսունհինգից ավելի լեզուներով։
«Օսկարը եւ վարդագույն տիկինը» հիվանդ երեխայի մասին է, որը կյանքի վերջին օրերն է անցկացնում հիվանդանոցում։ Այս պատմությունը կյանքը գնահատելու, ամեն ակնթարթը որպես հավերժություն ապրելու եւ դրա համար Աստծուն շնորհակալ լինելու փորձ է։
18:00 Արամ Պաչյանի «Եթե սա գրող է» գրքի շնորհանդես
Արամ Պաչյանը իր նոր գրքր մասին պատմել է այս զրույցի ընթացքում.
19:00 Գրքի երեւանյան փառատոնի փակման արարողություն եւ մրցանակաբաշխություն
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: