«Միսս Փերեգրինի յուրահատուկ երեխաների տունը»՝ գիրք մեծանալու մասին - Mediamax.am

exclusive
1902 դիտում

«Միսս Փերեգրինի յուրահատուկ երեխաների տունը»՝ գիրք մեծանալու մասին


Լուսանկարը` «Արեւիկ» հրատարակչություն

Մարիա Սադոյանը
Մարիա Սադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` «Արեւիկ» հրատարակչություն

Սաբեթ Հովհաննիսյանը
Սաբեթ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Yerevan Book Fest


Ռենսոմ Ռիգսի «Միսս Փերեգրինի յուրահատուկ երեխաների տունը» վեպի հերոսը՝ տասնվեցամյա Ջեյքոբը, մանկուց լսել է իր պապի պատմությունները Ուելսի կղզու մասին, որտեղ ապրում են յուրահատուկ երեխաները։ Առեղծվածային այս պատմությունը լրացնում է գրքում տեղ գտած լուսանկարների անսովոր հավաքածուն։ Ամերիկացի գրողի ֆենթզի ժանրի հանրահայտ այս վեպը հայ ընթերցողին է ներկայացնում «Արեւիկ» հրատարակչությունը։ Թարգմանությունը Մարիա Սադոյանինն է։

Լուսանկարը` «Արեւիկ» հրատարակչություն

«Արեւիկ» հրատարակչության տնօրեն Սաբեթ Հովհաննիսյանը Մեդիամաքսի  հետ զրույցում ասաց, որ բավական երկար են տեւել տպագրական աշխատանքները, քանի որ գրքում առկա լուսանկարները պարզ թղթի վրա չի հաջողվել ստանալ։ Ի վերջո, որոշել են գիրքն ամբողջությամբ տպագրել կավճապատ թղթով, արդյունքում ունենալով որակյալ ու շքեղ հրատարակություն։

 

- Ինչո՞ւ որոշեցիք հենց այս վեպին անդրադառնալ։

 

- Սովորաբար հրատարակչությունն է նախատեսում գիրքն ու փնտրում համապատասխան թարգմանչի։ Այս դեպքում նախաձեռնությունը Մարիա Սադոյանինն էր։ Թարգմանությունն արդեն առկա էր։ Ես վստահեցի Մարիային, ինքս էլ ծանոթացա եւ՛ գրքին, եւ՛ ֆիլմին՝ փորձելով հասկանալ տարիքային որ խմբին է հասցեագրված Փերեգրինի երեխաների տան պատմությունը։ Մեր հրատարակչությունը փորձում է մանկական գրականությունից զատ ակտիվացնել նաեւ պատանեկան թարգմանական գրականությունը։

 

- Ռենսոմ Ռիգսի այս վեպը շուրջ տասը տարի առաջ է հրատարակվել՝ դառնալով «Նյու Յորք Թայմս»-ի թիվ մեկ բեսթսելեր։ Մինչ օրս պահպանո՞ւմ է հետաքրքրությունը գրաշուկայում։

 

- Կան գրքեր, որ բեսթսելեր են դառնում, բայց ժամանակի ընթացքում մաղվում, դուրս են գալիս գրաշուկայից։ Սա այն գրքերից է, որ ֆենթզի ժանրում գրավել է իր հաստատուն տեղը. այսքան տարի անց էլ ունի իր ընթերցողը։ Երբ հայերեն տարբերակը հրատարակման փուլում էր, արդեն իսկ արձագանք կար ընթերցասերներից։ Շատերը օտար լեզվով էին կարդացել կամ ֆիլմն էին դիտել ու հետաքրքրվում էին գրքի նաեւ հայերեն տարբերակով։

 

- Լուսանկարներն ու գրքի բովանդակությունը միահյուսված են, գրքի հաջողության գաղտնիքը նաեւ դրանո՞ւմ է։

 

- Դեր են խաղում բոլոր բաղադրիչները՝ պատմությունը, լուսանկարների յուրահատուկ հավաքածուն, ձեւավորումը, գունային գամման... գիրքը չես կարող կոչել սեւ-սպիտակ, բայց եւ գունավոր չէ։

 

- Այնպես ինչպես բնօրինակո՞ւմ։

 

- Այո, գրքի տպագրության իրավունքը գնելիս՝ մենք պայման ունենք՝ չխախտել ձեւավորումը։ Երբեմն մեզ կազմի մեկ-երկու տարբերակ են առաջարկում, այս պարագայում կազմի մեկ տարբերակ էր։

 

- Ռիգսի այս վեպը շարունակություն ունի։ Միտք ունե՞ք դրանք եւս ընթերցողին հասցնելու։

 

- Կախված է գրքի հաջողությունից։ Որքան էլ որ հրատարակչական գործը նվիրում է պահանջում, եթե պահանջարկ չլինի, շարունակությունն արդեն պետք է մտածենք՝ տպագրե՞լ, թե՞ ոչ։ Ամեն գիրք տարբեր հասարակություններում տարբեր արձագանք է գտնում։

Սաբեթ Հովհաննիսյանը Սաբեթ Հովհաննիսյանը

Լուսանկարը` Yerevan Book Fest

Պատահում է՝ միջազգային ցուցահանդեսներում օտարերկրյա հրատարակիչներն առաջարկում են գրքեր, որ երկար տարիներ մեծ սպառում ունեն։ Դրանից ելնելով՝ հանձն ենք առնում տպագրությունը, մեծ գումարներ ծախսում, սակայն առանձնապես պահանջարկ չի լինում։ Ցանկացած թանկարժեք գրքի հրատարակում մեծ ռիսկեր է ենթադրում։

 

- Սա գիրք-ալբոմ կարելի՞ է կոչել։

 

- Ավելի շուտ՝ հուշանվերային գիրք է, բացի այն, որ կլանող բովանդակություն ունի, հաճելի է նվիրել, գրադարակում ունենալ, կարդալ, թերթել։

 

Պատմության էջերը երբեմն նման են մղձավանջի, իսկ փրկությունը գալիս է հրաշալի ձեւով

 

Գրքի թարգմանիչ Մարիա Սադոյանից հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է «հայտնաբերել» գիրքը, ինչո՞վ է այն գրավել։

 

- Արտասահմանում ես սիրում եմ մտնել գրախանութներ. սիրում եմ ծանոթանալ նորույթներին, մանկուց սիրել եմ գրքերի հոտը: Այնտեղ աչքս անընդհատ ընկնում էր «Միսս Փերեգրինի» գրքի կազմի վրա: Տարօրինակ աղջնակի լուսանկարը եւ՛ գրավիչ էր, եւ՛ անորոշ երկյուղ էր առաջացնում:

Մարիա Սադոյանը Մարիա Սադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Հաշվի առնելով իմ սերը լուսանկարչության հանդեպ (եւ հին լուսանկարների իմ անձնական փոքրիկ հավաքածուն)՝ մի օր ձեռքս առա գիրքն ու թերթեցի: Երբեւէ երեխա ժամանակ թերթել ե՞ք գրքերը, որ գտնեք նկարները եւ առանց կարդալու վերծանեք պատմությունը: Ես այդպես էլ արեցի, եւ, ինչպես պարզվեց հետագայում, հենց այդպես է վարվել նաեւ գրքի հեղինակը. նրա հոբբին հին լուսանկարներ հավաքելն էր, երբ մտքով անցավ դրանցից մի քանիսը փոխկապակցել պատմության մեջ: Երբ կարդացի (կարելի է ասել՝ կուլ տվեցի) գիրքը, հասկացա, որ անպայման ուզում եմ այն թարգմանել: Ուրախ եմ, որ «Արեւիկ» հրատարակչությունը կիսեց իմ ոգեւորությունն այս գրքի նկատմամբ եւ հրատարակեց մի գիրք, որը հաճելի է նույնիսկ պարզապես թերթել՝ լուսանկարների եւ տպագրության որակի շնորհիվ:

 

- Որտեղի՞ց են հին- անսովոր նկարները։ Դրանք նաեւ վավերագրական շղարշ են հաղորդում վեպին, թվում է՝ «փաստում են» պատերազմի մանկատան պատմությունը։

 

- Ռիգսը տարիներ շարունակ այցելում էր հնոտիաշուկաներ եւ հին լուսանկարներ գնում: Նրան հետաքրքրում էին հատկապես տարօրինակ նկարները. դրանք խթանում էին նրա երեւակայությունը: Չեմ կարծում, թե նա հատուկ ընտրում էր պատերազմական ժամանակաշրջանին առնչվող լուսանկարներ, բայց անշուշտ դրանք նույնպես կային: Հետզհետե Ռիգսի գլխում ձեւավորվեց վեպի գաղափարը: Նա ասես նոր կյանք պարգեւեց վաղուց մահացած մարդկանց՝ նրանց իր պատումի մեջ ներառելով: Ի դեպ, Ռիգսը նաեւ «Խոսող նկարներ» գրքի հեղինակն է, որն իրականում հին լուսանկարների հավաքածու է:

 

- «Ես մտածում էի, թե ինչպես պապիկիցս խլեցին նրա ընտանիքը, եւ այդ պատճառով հայրս մեծացավ այնպես, ասես հայր չուներ, իսկ ես հիմա սթրես ու մղձավանջներ ունեմ...»։ Արդյոք պատերազմի մասին չէ՞ ֆենթզի ժանրի այս գիրքը։

 

- Գրքի սկզբում, անշուշտ, հնչում է Երկրորդ համաշխարհայինի թեման. հրեշների եւ նացիստների զուգահեռը, այլաբանությունը ակնորոշ է: Կա նաեւ կորստի եւ ծնողական սիրո թեման: Ինձ համար, սակայն, առավել ակնհայտ է վեպում հակասեմիտիզմի, ռասիզմի առարկան, իսկ ավելի լայն՝ հանդուրժողականության, հասարակությունում ուրիշ, տարբերվող, «յուրահատուկ» լինելու անհնարինությունը: Ի վերջո երեխաները հայտնվում են միսս Փերեգրինի տանը, քանի որ հասարակությունը նրանց չի ընդունում: Կարեւոր է նաեւ սեփական անձը ընդունելու եւ սիրելու ունակությունը՝ որքան էլ այն «յուրահատուկ» լինի:

 

- Մանկատան երեխաները կարող էին թռնել, անտեսանելի դառնալ, հսկա քարեր բարձրացնել... Բայց նաեւ կարդում ենք՝ «Նրանք զարմանալի էին ոչ այն պատճառով, որ հրաշագործ ունակություններ ունեին. գետտոներից ու գազախցիկներից փրկվելն արդեն իսկ հրաշք էր», «Ինչպես հրեշները, այնպես էլ կախարդված կղզու պատմությունը քողարկված ճշմարտություն է»։

 

- Վեպում միահյուսվում են պատմությունն ու երեւակայականը: Որոշ ժամանակ ո՛չ մենք, ոչ՛ էլ հերոսը վստահ չենք, թե ինչն է իրական: Գիրքը հետզհետե բացում է մեկ այլ աշխարհի դռները, որտեղ անհնարինը ցնորք չէ, այլ սովորական առօրյա: Բայց իրականությունն էլ է լի տարօրինակ շրջադարձերով. երբեմն պատմության էջերը նման են մղձավանջի, իսկ փրկությունը գալիս է հրաշալի ձեւով:

 

Գիրքը նրանց մասին է, ով պատրաստ է անկանխատեսելի արկածների, պատրաստ է գաղտնի դռնով ներս մտնել եւ, չնայած վտանգին, ցանկանում է ճանաչել այլ իրողություն՝ սպասվածի հանդեպ մեծ հետաքրքրությամբ ու ոգեւորությամբ:

 

- Շքեղության մեջ մեծացող տղան՝ Ջեյքոբը, միայնակ էր, չհասկացված թե՛ ընկերական շրջապատում, թե՛ ընտանիքում։ Գուցե նաեւ դա՞ էր պատճառը, որ նրան գրավում էին այլ աշխարհներն ու պապիկի պատմած հեքիաթները։

 

- Անկասկած: Ջեյքոբը դեռահաս է՝ դրանից հետեւող բոլոր հոգեկան տվայտանքներով, եւ փորձում է ելք գտնել: Հոգեբանությանը հայտնի է այդ ֆենոմենը, որը կոչվում է էսկապիզմ. խուսափել տհաճ կամ ձանձրալի իրողությունից՝ այլ, ավելի հետաքրքիր, անիրական բաներ երեւակայելու կամ դրանց մասին կարդալու միջոցով, փախուստ առօրյա իրականությունից դեպի այլ գոյություն, այլ աշխարհ: Ինձ թվում է, որ ժամանակակից հասարակությունը հատուկ սեր է տածում ֆենթեզի ժանրի գրականության հանդեպ հենց էսկապիզմի պատճառով:

 

- Ջեյքոբը գնաց այլ աշխարհ՝ վերադառնալու պայմանով։ Փորտման պապիկը նույնպես նախընտրել է իրական աշխարհը։ Ի վերջո, յուրահատուկ երեխաները ապրում էին մի վայրում /ժամանակի հանգույցներում, որտեղ չկար վաղը, նրանք չէին մեռնում կամ գուցե ճիշտ կլինի ասել՝ չէին էլ ապրո՞ւմ։

 

- Հարցին պատասխանելու համար վերադառնանք լուսանկարչության թեմային: Ի՞նչ է լուսանկարչությունը, եթե ոչ ժամանակը կանգնեցնելու գեղարվեստական միջոց: Միսս Փերեգրինի երեխաներն ասես թակարդված են լուսանկարչական աշխարհում: Բայց նրանք լքում են այն: Որոշ առումով գրքի իմաստն այն է, որ գալիս է սեփական կեղեւից դուրս գալու ժամանակը, իսկ սեփական հրեշներից ընդմիշտ փախչել, խուսափել անհնար է: Նրանց պետք է առերեսվել եւ հաղթահարել:

 

- Գուցե շատ հարցերի պատասխան ստանալու ենք վիպաշարի հաջո՞րդ գլուխներում։

 

- Գիրքը իրականում կարելի է համարել ինքնաբավ: Ավելին՝ վեպի ավարտը թույլ է տալիս ընթերցողին շարունակել արկածը՝ սեփական երեւակայությանը հետեւելով: Վեպի շարունակությունը Ռիգսը գրել է թերեւս առաջին գրքի գլխապտույտ հաջողությունից հետո:

 

- Գիրքը թերեւս հասցեագրված է պատանի ընթերցողին։ Բացի հետաքրքրաշարժ լինելուց՝ ի՞նչ բացահայտումներ, եզրահանգումներ կարող է անել ընթերցողը։ Ի՞նչ կտա այն պատանի ընթերցողին։

 

- Գիրքը հաճույքով կկարդան ցանկացած տարիքի մարդիկ: Բայց այն հատկապես լավ արձագանք կգտնի դեռահասների՝ 13-18 տարեկանների շրջանում, քանի որ այստեղ կա այն ամենը, ինչին նրանք բախվում են՝ կոնֆլիկտ ծնողների հետ, առաջին սեր, կյանքում սեփական տեղի փնտրտուք: Կա եւ այն ամենն ինչ նրանք սիրում են՝ արկածներ, ճամփորդություն ժամանակի մեջ, թրիլեր, արագ զարգացող սյուժե, հրեշներ եւ հերոսներ:

Լուսանկարը` «Արեւիկ» հրատարակչություն

Սա «coming of age»` մեծանալու մասին գիրք է՝ այն նուրբ ժամանակաշրջանի, երբ զգում ես, որ տարօրինակ ես, չհասկացված, ինչպես բոլոր դեռահասները, երբ զգում ես, որ ուզում ես առանձնանալ, գտնել «քո մարդկանց»: Եվ դա Ջեյքոբին հաջողվում է, քանի որ նա ռիսկի է դիմում: Ինչպես դասական վեպերում եւ լեգենդներում է՝ նա գտնում է իրեն տնից հեռու, ճամփորդելիս, մահացու վտանգների առնչվելուց հետո:

 

Ինչպես ասում է վեպում հիշատակվող (եւ համացանցում շրջանառվող անհամար մեջբերումների հեղինակ) Էմերսոնը՝ «Մի՛ գնա այնտեղ, որտեղ քեզ տանում է ճանապարհը, գնա՛ այնտեղ, որտեղ ճանապարհ չկա եւ թող քո հետքը»:

 

- Ի՞նչ կասեք թարգմանության ընթացքի մասին։

 

- Վեպի լեզուն շատ պատկերավոր է: Որպես կինոդպրոցի շրջանավարտ՝ Ռիգսը շատ վառ վիզուալ երեւակայություն ունի եւ վեպում օգտագործում է ոչ միայն լուսանկարները, այլեւ կիրառում է վիզուալիզացիայի իր ձիրքը՝ տեքստն արտահայտիչ դարձնելու համար: Այս ամենը փորձել եմ փոխանցել թարգմանության մեջ: Արժե հիշել, որ գրքի հիման վրա անվանի ռեժիսոր Թիմ Բարթոնը ստեղծել է հրաշալի ֆիլմ՝ անկրկնելի կերպարներով:

 

Ուզում եմ նշել նաեւ անգլո-ամերիկյան ժողովրդական բանահյուսությանը եւ գրականությանը հատուկ հրեշների, կենդանի մեռածների եւ նման կերպարների առկայությունը վեպում. վեպի շունչը պահպանելու համար անփոփոխ եմ թողել այդ անունները (օրինակ՝ իմբրիններ, բանշիներ), իսկ որոշ դեպքերում նոր բառեր հորինել (օրինակ՝ սնահոգի):

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին