«Համաշխարհային ջրհեղեղի» ահազանգն ու դեռահասների պայքարը` Օեի վեպում - Mediamax.am

exclusive
2748 դիտում

«Համաշխարհային ջրհեղեղի» ահազանգն ու դեռահասների պայքարը` Օեի վեպում


Կենձաբուրո Օեն
Կենձաբուրո Օեն

Լուսանկարը` Ko Sasaki

Աստղիկ Հովհաննիսյանը
Աստղիկ Հովհաննիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվ


«Անտարես» հրատարակչությունը հրատարակել է ճապոնացի հանրահայտ գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Կենձաբուրո Օեի «Ինձ պաշարեցին ջրերը մինչեւ հոգիս» վեպը՝ Աստղիկ Հովհաննիսյանի թարգմանությամբ:

 

Մեդիամաքսը զրուցել է Աստղիկ Հովհաննիսյանի հետ։

 

- «Ինձ պաշարեցին ջրերը մինչեւ հոգիս» վեպը Կենձաբուրո Օեի ամենահայտնի գործն է։ Ինչո՞վ է առանձնանում այս գիրքը նրա այլ ստեղծագործություններից։ Ինչո՞ւմ է գրքի հաջողության գաղտնիքը։

 

- Նախ նշեմ, որ սա Օեի ամենահայտնի գործը չէ։ Ճապոնիայում այն մտնում է ամենակարդացված տասնյակի մեջ, բայց հայտնիությամբ զիջում է «Անձնական փորձին» (1964) եւ «1860 թվականի ֆուտբոլին» (1967)։ Ի դեպ, հենց այս երկու գործերն են էական դեր խաղացել Նոբելյան մրցանակ ստանալու գործում։

 

Բայց հետաքրքիրն այն է, որ «Ինձ պաշարեցին ջրերը մինչեւ հոգիս» վեպը ամենահայտնին եւ ընթերցվածն է նախկին ԽՍՀՄ երկրներում։ Վեպը Ճապոնիայում լույս է տեսել 1973-ին, իսկ ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է 1978-ին։ Այն ավելի շուտ է թարգմանվել, քան Օեի մյուս՝ ավելի հայտնի գործերը եւ թերեւս դա էլ իր դերն է ունեցել այս վեպի հանրաճանաչության հարցում։ Ռուսերեն թարգմանությունը շատ է հեռացել բնագրից։ Տեքստի մեծ հատվածներ կրճատված են, առկա են ոճական, բովանդակային կամայական փոփոխություններ։

 

Այս վեպը, ունենալով սյուժետային եւ ոճային առանձնահատկություններ, այնուամենայնիվ շատ բաներով «տեղավորվում է» Օեի արվեստի մեջ՝ քննարկելով որդու հաշմանդամության, մարգինալության եւ այլ հարցեր։

 

- Օեի որդին մտավոր հետամնաց է, մանուկ ժամանակ արձագանքել է միայն վայրի թռչունների ճռվողյունին։ Գրքի հերոսի որդին՝ Ջինը, միեւնույն խնդիրն ունի։ Հայրը՝ Իսանան, մեկուսանում է, հաղորդակցվում կետերի ու ծառերի հետ, նա կարծում է, որ երեխայի բոլոր հիվանդություններն իր ներքին անկման արդյունք են։ Կարո՞ղ ենք ասել, որ մի կողմից՝ անձնական դրաման, մյուս կողմից՝ հատուցման խնդիրն է ներկայացնում։

 

- Օեի որդու մտավոր հաշմանդամության թեման առկա է նրա ստեղծագործությունների մեծ մասում։ Դրանց միջոցով մենք կարող ենք տեսնել, թե ինչպես է նա, որպես արձակագիր, ժամանակի ընթացքում պատկերում տղայի հիվանդությունն իր վեպերում։

 

Իսկ կոնկրետ այս վեպի դեպքում կարող ենք ասել, որ եւ՛ անձնական դրամա է ներկայացնում, եւ՛ հատուցման խնդիր։ Ըստ իս՝ հատկապես ուժեղ է արտահայտված հատուցման խնդիրը, որն, ի դեպ, գուցե կապ ունի ճապոնական մշակույթում հաշմանդամության ընկալման հետ։ Միջին դարերում երեխաների հաշմանդամությունը հաճախ են կապել «կարմայի» կամ ծնողների վատ արարքների հետ։

 

- Իսանայի մեկուսացումը փախուստ է մարդկությունի՞ց, թե՞դեպի «մարդկայինը»։ Ծառերի ու կետերի հոգիների ներկայացուցիչը դառնալով` Իսանան փորձում է վերականգնել բնություն-մարդ կա՞պը։

 

- Երեւի երկուսը։ Բայց, ըստ իս, Իսանան ոչինչ էլ չի փորձում անել։ Ընդունելով պասիվ դիրք՝ նա պարզապես սպասում է ապոկալիպտիկ իրադարձությունների։ Ընդհանրապես, կասեի, որ Իսանան չափազանց պասիվ կերպար է, որը որեւէ ակտիվ գործողություն չի կատարում թե՛ Կեի պես մարդկանց դեմ պայքարելու, թե՛ դեռահասների գործողությունները կանխելու, թե՛ առավել եւս բնություն-մարդ կապը վերականգնելու համար։ Նա պարզապես սպասում է։

 

- Ազատ ծովագնացների միության ստեղծումը բողո՞ք է պետական կարգերի դեմ, երիտասարդներին հատուկ ըմբոստությո՞ւն, թե՞ջրերի վրա նոր կյանք սկսելու երազանք։

 

- Իմ կարծիքով, ազատ ծովագնացների միությունը պարզապես մարգինալացված դեռահասների՝ համայնք ստեղծելու փորձ է։ Ինչպես վեպի հերոսներն էլ են նշում, միությունը ոչ մի գաղափարական հիմք չունի։ Նրանք ո՛չ ձախական են, ո՛չ աջական, ո՛չ էլ կոնկրետ պահանջներ ունեն կառավարությունից։ Նրանց միացնում է միայն հասարակությունից մերժված, մեկուսացած լինելը եւ վախը այդ նույն հասարակության նկատմամբ։

Աստղիկ Հովհաննիսյանը Աստղիկ Հովհաննիսյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Շատ լավ իմանալով, որ իրենց պես մարգինալացված մարդիկ, ինչպես, օրինակ, կորեացիները 1923 թ. Կանտոյի մեծ երկրաշարժի ժամանակ (երկրաշարժից հետո սուտ լուրեր են տարածվում, իբր կորեացիները թունավորում են ջրհորները, եւ ճապոնացի ոստիկանները եւ քաղաքացիները սկսում են նրանց լինչի ենթարկել՝ սպանելով հարյուրավոր կորեացիների ), կարող են հալածանքների ենթարկվել, նրանք ստեղծել են իրենց համայնքը, իրենց «կոմֆորտի գոտին», որտեղ իրենց անվտանգ են զգում։ Եթե չլինեին որոշ իրադարձություններ, երիտասարդները, թերեւս, մի քանի տարի անց «սովորական» աշխատանք կգտնեին եւ կվերադառնային հասարակություն։

 

- Իսանայի աներոջ (Կեի) ու նախկին կնոջ (Նաոբիի) կերպարները նախապիպեր ունե՞ն։ Ի դեպ, ակնհայտ է, որ հեղինակի համակրանքն ավելի շատ ըմբոստացողների կողմն է, քան պետական գործիչների։

 

- Բավական լավ ծանոթ լինելով հետպատերազմական Ճապոնիայի (ի դեպ, Ճապոնիայում «հետպատերազմական» ասելով հասկանում են 1945-ից հետո՝ Երկրորդ աշխարհամարտից հետո Ճապոնիան որեւէ պատերազմի չի մասնակցել) քաղաքական պատմությանը, ենթադրում եմ, որ Կեն որեւէ իրական կերպարի վրա հիմնված չէ։ Թեեւ նրա նման՝ կոռուպցիոն գործարքներում, «փողերի լվացման» մեջ մասնակցություն ունեցած գործիչները եւ՛ նախկինում եւ՛ հիմա բավական շատ են, ես չեմ ճանաչում որեւէ քաղաքական գործչի, որը մանկապղծության մեջ մեղադրված լինի։ Ինչ վերաբերում է նրա դստերը՝ Նաոբիին, կարելի է ասել, որ նա ճապոնացի պահպանողական կին քաղաքական գործչի հավաքական կերպար է։ Ճապոնիայում մինչ այժմ «ապակե առաստաղը» շատ ամուր եւ ցածր է, եւ հայրիշխանական նորմերի գերիշխանության պայմաններում կանանց համար չափազանց դժվար է քաղաքական ասպարեզում հաջողության հասնել։ Նրանք, ովքեր կարողանում են վեր բարձրանալ, Նաոբիի նման «տղամարդ» դարձած (այսինք, հայրիշխանական կարգերը ներծծած, «կոշտ» պահվածք ընդունած) կանայք են։ Նույնիսկ վեպի լույս տեսնելուց հիսուն տարի անց կան այդպիսի գործիչներ։ Օրինակ, ծայրահեղ աջական գործիչ Սանաե Տակաիչին, Տոկիոյի ներկայիս նահանգապետ Յուիկո Կոիկեն այդպիսին են, եւ ես կասեի, որ Նաոբին չափազանց հաջողված կերպար է։

 

Ինչ վերաբերում է հեղինակի համակրանքին, ճիշտ եք նկատել, այն բացահայտորեն ընդդիմացողների կողմն է։ Սա խոսում է նաեւ Կենձաբուրո Օե անձի եւ նրա քաղաքական հայացքների մասին։ Օեն գրեթե ողջ գիտակից կյանքում քաղաքական ակտիվիստ է եղել՝ մասնակցելով ձախական շարժումների, կառավարության դեմ ուղղված ցույցերի եւ այլն։ Նա մարգինալացված մարդկանց, ճնշված մարդկանց կողմնակիցն է, ով միշտ ընդդիմացել է իշխանությանը։ Սա ոչ միայն կառավարություն-իշխանության մասին եմ ասում, այլ ընդհանրապես, ուժ եւ իշխանություն ունեցող ցանկացած բանի։Այդ պատճառով էլ զարմանալի կլիներ, եթե արձակագիր Օեն չհամակրեր Ազատ ծովագնացներին։

 

- Քաղաքական իրավիճակը, աշխարհի «հավանական» կործանումը, միջուկային հարձակումը, երիտասարդների «արդարության» պահանջը, ամեն բան կարծես առեղծվածային շերտով է պատված։

 

- Գրքում շոշափված թեմաներն արտացոլում են հետպատերազմական Ճապոնիայի իրավիճակը։ Ատոմային ռմբակոծություն եւ դրա հետ կապված վախեր, բնապահպանական, արդյունաբերական աղետներ եւ էկոլոգիական վախեր, բազմաթիվ եւ բազմաբնույթ քաղաքական եւ սոցիալական շարժումներ։ 1970-ականները, երբ գրվել է այս վեպը, ինչպես նաեւ դրան նախորդող տասնամյակը, Ճապոնիայի նորագույն պատմության մեջ հատկապես բուռն շրջաններ են եղել, երբ բազմաթիվ գոյաբանական վախերին գումարվել են քաղաքական, սոցիալական, էկոլոգիական անարդարությունները, եւ մարդկանց մի հոծ զանգված դուրս է եկել փողոց՝ բողոքի իր ձայնը հայտնելու։ Կարծում եմ՝ այս ֆոնի վրա վեպի իրադարձություններն ավելի հասկանալի են դառնում։

 

- Կա կարծիք, որ ծովահենների միության անդամներն ունեն շատ անխոհեմ, չարդարացված դաժանություն։ Ինձ անբնական թվաց այն, որ դրական լույսի ներքո է ներկայացվում Իսանան, ով կյանքի ինչ-որ փուլում սատարել է աներոջ մանկապիծղ գործողություններին։

 

- Ես ենթադրում եմ, որ ծովագնացների միության անխոհեմ դաժանությունը, հատկապես իրենց անդամակցի հանդեպ իրականացվող լինչի դատաստանի նկարագրությունն ազդեցություն է կրել իրական իրադարձություններից։ Ինչպես արդեն նշեցի, 1960-70-ականների Ճապոնիայում բազմաթիվ էին քաղաքական եւ սոցիալական շարժումները։ Ամենամեծը, թերեւս, Ճապոնա-ամերիկյան անվտանգության պայմանագրի դեմ ծավալված ցույցերն էին («Անպո տոսո», 1959-60թթ.) եւ դրանց հաջորդած ձախական ուսանողական շարժումները («Ձենկյոտո», 1968-69թթ.), բայց այս թվականների շարժումներն իսկապես բազմազան էին եւ բազմաշերտ։ Բազմաթիվ միություններից բացասական իմաստով ամենանշանավորը մաոիստական հայացքներ ունեցող «Միացյալ կարմիր բանակն» էր, որի անդամները 1971-72 թթ. կատարում են մի շարք հանցավոր գործողություններ, որոնցից էր 1972 թ. Նագանո պրեֆեկտուրայում տեղի ունեցած «Ասամա սանսո պատահարը», երբ խմբի անդամները լինչի դատաստանի են ենթարկում իրենց անդամներից մի քանիսին, այդ թվում հղի կնոջ։ Թվացյալ սովորական մարդկանց այս անբացատրելի ռադիկալացումն ու անասելի դաժանությունը գուցե իր ազդեցությունն է ունեցել վեպի գործողությունները նկարագրելու գործում։

 

Ինչ վերաբերում է Իսանային, կարծում եմ, հեղինակը նրան, համենայն դեպս, միտումնավոր, դրական լույսի տակ ներկայացնելու միտում չունի։ Ինձ անձամբ ավելի շատ հուզում է այն, թե ինչու է հեղինակն Իսանային այդպիսի պասիվ կարգավիճակում պահում։ Ինչու՞ Իսանան, լինելով չափահաս տղամարդ, որեւէ կերպ չի միջամտում դեռահասների գործողություններին, չի փորձում կանխել աղետը, թույլ է տալիս, որ մարդիկ, ինչու չէ՝ նաեւ ծառերը կործանվեն։ Ինչու՞ է այս անկումն ու կյանքի անիմաստ կորուստն անխուսափելի։

 

- «Եվ նրա հետեւից գալիս է նա, ով գալիս է բոլոր մարդկանց հետեւից»։ Գրքի վերջին տողերն են։ Ի՞նչ է հուշում վերջաբանը։ Ահազա՞նգ է, որ ամեն բան կարող է ծածկվել ջրով։

 

- Ես դժվարանում եմ մեկնաբանել վերջաբանը, բայց, այո, կարծում եմ, որ այն ահազանգ է մերօրյա «համաշխարհային ջրհեղեղի», մարդկության կործանման մասին։

 

-Թարգմանչական ընթացքի, դժվարությունների մասին ի՞նչ կասեք։

 

- Նշեմ, որ Օեն Ճապոնացի ժամանակակից գրողների միջից ամենադժվարընթեռնելին է, իսկ այս վեպը հատկապես դժվար է։ Օեն ժամանակի ընթացքում բազմաթիվ փորձարկումներ է արել գրական ոճի հետ կապված, եւ 1970-ականների նրա տեքստները ամենաբարդն են։ Կարելի է ասել, որ միտումնավոր ստեղծած լեզվաբանական քաոս է տիրում, որտեղ խոսքի մասերն իրենց տեղում չեն, ժամանակաձեւերը անընդհատ փոփոխում են (մեկ անցյալ ժամանակով է գրված, մեկ ներկայով եւ այլն), բառապաշարը բավական յուրահատուկ է, հիերոգլիֆների փորձարարական գործածություն է նկատվում, որոշ տեղերում կետադրություն չկա։ Եվ բնականաբար, այս վեպը թարգմանելը չափազանց դժվար գործ էր։ Նույնիսկ չեմ կարող առանձնացնել, թե ինչն էր հատկապես դժվար, քանի որ սկզբից մինչեւ վերջ դժվարությունների եմ բախվել։ Թարգմանելիս խորհրդակցել եմ բազմաթիվ մարդկանց հետ, իսկ թարգմանելուց հետո տեքստի վրա մեծ աշխատանք են կատարել խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը եւ սրբագրիչ Անժելա Ավագյանը։

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին