Աֆղանական ծագմամբ ամերիկացի գրող Խալեդ Հոսեյնիին հայ ընթերցողը ծանոթացավ 2016-ին` «Եվ արձագանքեցին լեռները» (And the Mountains Echoed ) վեպով: Օրերս «Զանգակ» հրատարակչությունը` Մարիա Սադոյանի թարգմանությամբ լույս ընծայեց Հոսեյնիի առաջին եւ թերեւս ամենահայտնի վեպը`«Օդապարուկ թռցնողը» (The Kite Runner): Գիրքը լույս է տեսել 2003-ին`միջազգային ճանաչում բերելով գրողին: Համաշխարհային բեսթսելլերի հիմքում աֆղան երկու տղաների ընկերության պատմությունն է:
Մեր զրուցակիցը Մարիա Սադոյանն է:
- Ըստ Ձեզ` ի՞նչն է ավելի շատ հաջողություն ու ճանաչում բերել վեպին` տեղական կոլորի՞տը, ինքնատի՞պ սյուժեն, թե՞գեղարվեստական արժեքը:
- Իմ կարծիքով, գիրքը նախ գրավել է որպես աֆղանական իրականության մասին վեպ, բայց եթե այն չունենար գեղարվեստական արժեք, անշուշտ, չէր ունենա նաեւ համաշխարհային ճանաչում: Հոսեյնին կարողացել է միահյուսել փոքրիկ մարդու հուզիչ պատմությանը մեծ երկրի ողբերգության հետ եւ դա արել է այնպես, որ ընթերցողն իր կաշվի վրա զգում է ամեն մի դրվագ:
Լուսանկարը` Զանգակ
Իհարկե, դեր է խաղացել նաեւ այն փաստը, որ գիրքը մասամբ ինքնակենսագրական է: Հոսեյնին անկեղծ ասում է, որ պարզապես չէր կարող այդ վեպը չգրել, այն հասունանում էր իր ամբողջ կյանքի ընթացքում: Խոստովանում է նաեւ, որ սկզբում գրել է ինքն իր համար: Ինձ համար, համենայնդեպս, «Օդապարուկ թռցնողը» արժեքավոր է իր բացառիկ անկեղծությամբ ու հուզականությամբ:
- Ի՞նչ կասեք գրքի ոճական առանձնահատկության, թարգմանական ընթացքի դժվարությունների մասին:
- Սա այն վեպերից է, որ կարդում ես մեկ շնչով: Դեպքերը սրընթաց են զարգանում, գրքից դժվար է կտրվել: Հոսեյնիի լեզուն պարզ է, պատկերավոր: Գիրքն ունի որոշակի արեւելյան նրբերանգներ. վեպի զարգացումը, հերոսների ճակատագրերի փոխկապակցումը:
Հոսեյնին սիրում է կրկնել որոշակի պարբերություններ, աֆղանական տաղեր, ինչը գեղեցկացնում է վեպը, օգնում միանգամից ընկղմվել այդ երկրի իրականության մեջ: Հոսեյնին առաջին դեմքից խոսում է ընթերցողի հետ, կարծես աղերսում նրան հասկանալ իրեն ու ներել: Գրքում կան ծանր էջեր, բայց, երևի թե, ամենակարևորն ինձ համար գրողի ոգուն հավատարիմ մնալն է, ոճական առանձնահատկություններն ու կոլորիտը պահպանելը:
Լուսանկարը` անձնական արխիվից
Մենք շատ քիչ բան գիտենք Աֆղանստանի ամենօրյա կյանքի, նիստ ու կացի մասին: Աֆղանստանի մասին լուրերը միայն պատերազմական են, գրեթե բացառապես ողբերգական պատմություններ, բայց այս գիրքը մեզ համար բացահայտում է անծանոթ իրականություն, որտեղ ապրում ու գոյատեւում են մեզ շատ նման մարդիկ: Աստիճանաբար Աֆղանստանը մոտենում է մեզ, դառնում է ավելի հասկանալի, իսկ գրքի ավարտին՝ նաեւ հարազատ:
- Իսկ վեպում շոշափվող խնդիրներ որքանո՞վ են ծանոթ, գուցե նաեւ բնորոշ մեր հասարակությանը: Ընդհանրության եզրեր կա՞ն մեր եւ իրենց միջեւ:
- Վեպի խնդիրները համամարդկային են, անկախ ազգությունից՝ հերոսների ապրումները հասկանալի են բոլորիս: Բայց, իհարկե, հայ ընթերցողին ծանոթ կլինեն վեպում օգտագործվող մի շարք հասկացություններ, բառեր, օրինակ` «նամուս», «ջան», «աչքիս լույս», «աֆղանի բախտ»: Ընթերցողին շատ հարազատ կլինի նաեւ այն կարոտախտը, որը Հոսեյնին, որպես Ամերիկայում բնակվող աֆղան, զգում է ամեն վայրկյան ու փոխանցում է իր գրքում:
- Այն, որ հեղինակն ապրում է Ամերիկայում, օգնում է նրան ավելի լա՞վ տեսնել աշխարհաքաղաքական եւ տեղական խնդիրները: Սա ավելի շատ ներսի՞, թե՞ դրսի հայացք է: Այս վեպը ի՞ զորու է ինչ-որ բան փոխել հեղինակի հայրենիքում, հասե՞լ է աֆղան ընթերցողին ու ի՞նչ արձագանքի է գտել:
- Աֆղան ընթերցողը երկակի է ընդունել վեպը, մի կողմից` անհերքելի է, որ վեպի շնորհիվ շատերը առաջին անգամ տեսան մեկ այլ Աֆղանստան, բայց մյուս կողմից, քննադատողները մեղադրում են Հոսեյնիին չափից ավելի ամերիկանացված, օտար հայացքի համար: Հեղինակը, ինչպես եւ վեպի հերոսը` Ամիրը, որոշ չափով իրենց զբոսաշրջիկ են զգում սեփական երկրում: Եվ այնուամենայնիվ, Հոսեյնին շատ լավ գիտի իր երկրի ցավն ու վիշտը:
Լուսանկարը` Ak Troglodyte
Ինձ թվում է` կարոտախտով հայացքը նրան օգնում է ավելի պարզ տեսնել հայրենիքի խնդիրները: Ի դեպ, վեպի հաջողությունը առիթ դարձավ ստեղծելու «Խալեդ Հոսեյնի» հիմնադրամ, որն ապաստան է տրամադրում Աֆղանստանի գաղթական ընտանիքներին, իրականացնում է առողջապահական, կրթական, մարդասիրական ծրագրեր: Այնպես որ` վեպն ավելին է, քան զուտ գրականություն:
-Մյուս կողմից` սա մի մարդու պատմություն է, ով պիտի պատասխա՞ն տա իր արածի համար: Այս դեպքում էական էլ չէ, թե նա որ երկրի քաղաքացի է:
- Հոսեյնին այս վեպով ասում է, որ ոչ մի արարք անհետեւանք չի մնում, եւ գալիս է դրանց համար պատասխան տալու ժամանակը: Բայց այս վեպի համար հատկանշական է այն, որ հատուցումը ոչ միայն պատիժ է, այլ մեղքի զգացումից ազատվելու երջանկություն:
- Աֆղանստանի ավանդական կարգերից, պատերազմից, դաժանություններից ամենաանտանելին սեռական ստրկությունն է, որին զոհ են գնում մանկահասակ տղաները: Կարծում եք` ընդգծված խնդի՞ր է բարձրացրել գրողը:
-Դա ընթերցողի համար ամենածանր դրվագներից է: Հեղինակը բարձրաձայնել է մի խնդիր, որի մասին շատերը գիտեն, բայց կնախընտրեին չխոսել, հատկապես՝ Աֆղանստանում: Միգուցե նաեւ այդ պատճառով է Աֆղանստանում վեպը ոչ միանշանակ ընդունվել: Սեռական ստրկություն կա, եւ այն ոչ միայն տղաներին է վերաբերում, այլեւ մանկահասակ աղջիկներին: Չեմ կարծում, որ սա վեպի առանցքային խնդիրներից է, բայց լավ է, որ դրա մասին նույնպես խոսվել է:
- Գիրքը սկսվում է եւ ավարտվում է օդապարուկ թռցնելու տեսարանով: Երկու դեպքում էլ օդապարուկը առանցքային ու խորհրդանշական է: Սա զուտ գեղարվեստակա՞ն հնարք է:
- Գրքի անվանումից արդեն կարելի է կռահել, որ օդապարուկը խորհրդանշական է: Օդապարուկը խորհրդանշում է ճակատագիրը. քամին այն տանում է իր ուզած ուղղությամբ, իսկ թռցնողը փորձում է այն հնազանդեցնել, լարի օգնությամբ փոխել նրա թռիչքի ուղղությունը: Միեւնույն ժամանակ, օդապարուկը թեթեւ է, գեղեցիկ, իսկ ապակեպատ լարը, որին կապված է օդապարուկը, արյունաբեր է, եւ այդ հակադրումը՝ թեթեւության, գեղեցկության եւ կոպիտ լարի, խորհրդանշում են Ամիրի եւ Հասանի ճակատագրերը, եւ ընդհանրապես Աֆղանստանի պատմությունը: Վեպի սկզբում օդապարուկի հետեւից վազում է Հասանը, իսկ վերջում` Ամիրը, ինչն իր հերթին խորհրդանշում է դավաճանությունն ու ինքնամաքրման փորձը:
Լուսանկարը` Eric Robertson
Պատմությունը լուսավոր ավարտ ունի, այն լցված է ապագայի նկատմամբ հույսով, ինչպիսին եւ պիտի լինի կյանքը, անկախ անցյալի վշտերից ու մեղքերից:
Արմինե Սարգսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: