«Պարգեւողը». Նոր խորություն եւ նոր մեկնություն պատանիների եւ մեծերի համար - Mediamax.am

exclusive
1914 դիտում

«Պարգեւողը». Նոր խորություն եւ նոր մեկնություն պատանիների եւ մեծերի համար


Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից
Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Garvin

Մարիա Սադոյանը
Մարիա Սադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից
Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Garvin

Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից
Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Garvin

Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից
Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Garvin


«Արեւիկ» հրատարակչությունը, Մարիա Սադոյանի թարգմանությամբ, լույս է ընծայել Լոիս Լոուրիի «Պարգեւողը» վեպը (1993)։ Տասներկու տարեկան Ջոնասն ապրում է մի հասարակությունում, որտեղ չկան հուշեր, ցավ եւ տխրություն, որտեղ ամեն ինչ կանխորոշված է... Մարիա Սադոյանի հետ զրուցել ենք վեպի արդիականության, կարեւորության, մեր իրականության հետ տարվող զուգահեռների մասին։

 

- Ինչո՞ւ որոշեցիք ներկայացնել Լոիս Լոուրիին եւ հենց «Պարգեւողը» վեպը։

 

- Ամենաառաջին մղումն այն էր, որ որակյալ մանկա-պատանեկան գրականության մեծ պահանջ կա: Մանկական գրքերի եւ մեծահասակների վեպերի մեջտեղում անդունդ է, որը լրացնելը չափազանց կարեւոր է, քանի որ հենց այս տարիքում է ձեւավորվում կարդալու, հատկապես՝ ինքնուրույն կարդալու նկատմամբ սերը: Անչափ կարեւոր է նաեւ լավ գրականություն ընտրելը. հենց այս տարիքում կարդացած գրքերը կարող են օգնել մտածելակերպ եւ աշխարհայացք ձեւավորել, օգնել մտածել, առարկել, բանավիճել:

 

Լոիս Լոուրին դեռահասների համար գրված ավելի քան քսան գրքի հեղինակ է եւ անթիվ մրցանակներ է ստացել: Նա կարեւորագույն խնդիրների մասին պարզ, հասանելի լեզվով խոսելու տաղանդ ունի: «Պարգեւողը» նրա ամենահայտնի վեպերից է: Այն նախատեսված է 12 տարեկանից բարձր երեխաների համար, որոնք սիրում են իրենց նույնականացնել հերոսների հետ, ուզում են կարդալ իրենց տարեկիցների մասին:

 

Գիրքն ընտրելիս ինձ համար հետաքրքիր էր հիշողության թեման: Ինձ արդեն վաղուց տանջում է ազգային հիշողության հարցը, դրա ընտրողական լինելը, թե որքանով է մեր հիշողությունը պայմանավորում մեր ինքնագիտակցությունը, որքանով է ազգային հիշողությունը աղճատված առասպելներով կամ քարոզչությամբ եւ ինչ հեշտությամբ են որոշ կառավարություններ պարզապես ջնջում պատմության անպատվաբեր կամ անցանկալի էջերը մարդկանց հիշողությունից:

 

- Արդյո՞ք կյանքի, սիրո, հաճույքի ու տառապանքի մասին բարձրացված հարցերն ընկալելի են պատանի ընթերցողին։ Որքան գիտեմ՝ գիրքը ընդգրկվել է մի շարք դպրոցների ուսումնական ծրագրերում, սակայն հանդիպել է ծնողների դժգոհությանը։

 

- «Պարգեւողը» դասվում է դեռահասների համար գրված լավագույն գրքերի շարքին, այդ պատճառով էլ ընդգրկված է ԱՄՆ դպրոցների ուսումնական ծրագրերում: Այն հաճախ դառնում է գրքասերների ակումբներում կրքոտ քննարկումների առարկա: Սա չէ՞ արդյոք հաջողված գրքի գրավականը:

 

Վեպը հետաքրքիր, անակնկալ ձեւով խոսում է պատանիների հետ, որոնք նոր են սկսել բացահայտել, թե ինչ է սերը, տառապանքը, մահը, հիշողությունը՝ հարցեր, որոնց ողջ կյանքի ընթացքում շարունակում են (եւ այդպես էլ չեն կարողանում) պատասխանել մեծահասակները:

 

«Պարգեւողը» հարցականի տակ է դնում ծնողների, մեծահասակների հեղինակությունը: Գրքում կան նաեւ մի քանի դաժան տեսարաններ: Թերևս, հենց այս պատճառներով գիրքը միանշանակ չի ընդունվում:

Մարիա Սադոյանը Մարիա Սադոյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Վեպը բնութագրվում է որպես «ֆուտուրիստական դիստոպիա»՝ անորոշ ապագայում տեղի ունեցող հակաուտոպիա, չնայած հեղինակը բազմիցս դեմ է արտահայտվել այդ դասակարգմանը: Մեծահասակներն այս գիրքը կարդալիս անշուշտ զուգահեռներ կգտնեն Օրուելի «1984»-ի կամ Հաքսլիի «Չքնաղ նոր աշխարհ» հետ: Տարբերությունը, թերեւս, այն է, որ «Պարգեւողը» ավելի նուրբ, ավելի մեղմ գույներով է պատկերում տոտալիտար հասարակությունը: Ավելին՝ վեպի առաջին մեկ-երրորդը կարդալիս տպավորություն է ստեղծվում, որ հերոսի աշխարհն իդեալական է:

 

Լավագույն բնութագիրը, իմ կարծիքով, այսպիսին է. «Պարգեւող»-ում նկարագրված աշխարհը ուտոպիա է, մինչեւ չսկսես մտածել ու հարցեր տալ:

 

- Աշխարհը հայտնի չէ, թե ուր է գնում, եւ մարդկանց կառավարելու նմանատիպ փորձարկումները գուցե չեն էլ բացառվում։ Քիչ չեն դեպքերը, երբ գիտաֆանտաստիկ ժանրի գործերում պատկերված «կանխատեսումները» մի օր իրականություն են դառնում։

 

- Մարդկանց կառավարելու ցանկություն միշտ եղել է: Կարելի է ասել, որ պատմության մեջ դա այս կամ այն չափ հաջողվել է, իսկ այժմ՝ տեխնոլոգիաների զարգացման հետ, է՛լ ավելի հնարավոր դարձել: Նմանապես հավերժական է մարդկանց պայքարը դրա դեմ: «Պարգեւողի» երիտասարդ հերոսը այն եզակի մարդկանցից է, ով իրական քայլեր է ձեռնարկում՝ ձերբազատվելու այդ կառավարումից, բացարձակ վերահսկողությունից: Նա ուզում է ինքնուրույն որոշել իր ճակատագիրը, անել սեփական սխալները, ճանաչել իրական աշխարհն, իմանալ կյանքի գույները՝ թե՛ վառ, թե՛ մռայլ:

 

Բայց կառավարումն ու վերահսկումը պետք չէ հասկանալ միայն որպես տոտալիտար պետության պարտադրանք կամ ապագայի կանխատեսում: Կարելի է զուգահեռ անցկացնել, օրինակ, մեր ժամանակների ծնողների հետ, որոնք փորձում են իրենց զավակներին հեռու պահել կյանքի փորձություններից, սահմանափակում նրանց ընտրությունը, պարտադրում աշխարհի իրենց ընկալումը: «Պարգեւողը» նաեւ սրա մասին է:

 

- «Մեր ժողովուրդը կատարեց այդ ընտրությունը, Նույնությանն անցնելու ընտրությունը: Ինձանից առաջ` նախկինում` շատ ու շատ առաջ: Մենք հրաժարվեցինք գույնից, երբ հրաժարվեցինք արեւի լույսից եւ տարբերություններից»։ Հեղինակն ակնարկում է միահավասարեցում կոչվող երեւո՞ւյթը։

 

- Հենց այդպես էլ կա: Լոուրին հարց է տալիս. արդյո՞ք աշխարհն ավելի արդար կլինի, եթե բացառենք բոլոր բացասական երեւույթները: Գրքում աստիճանաբար բացահայտվում է այսպիսի կատարյալ հասարակության գաղտնիքը. դրան հասնում են անողոք ճանապարհով, այն է՝ արհեստականորեն վերացնելով բոլոր տարբերությունները, համահավասարեցնելով մարդկանց:

 

«Պարգեւողի» համայնքում չկա անհավասարություն, չկա խտրականություն, բոլորն աշխատում են ի բարօրություն համայնքի եւ հավասար օգտվում արգասիքից: Չկա փող եւ սեփականություն, ուրեմն չկա աղքատություն: Չկա սեռական պահանջ եւ կրքոտ սեր՝ չկան կոտրված սրտեր եւ դժբախտ սիրահարներ: Չկա ոչինչ, որ վհատի կամ ստիպի խոր մտածել՝ նույնիսկ գրքեր եւ երաժշտություն:

Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Garvin

Ամենակարեւորը՝ չկա ընտրություն, հետեւաբար չկա մտածելու, վարանելու, սխալվելու հնարավորություն: Նման համահավասարությունն, ի դեպ, հատուկ է բանակին, բանտին, որտեղ ամենապարզ ընտրությունն անգամ՝ հագուստ, ուտելիք, առօրյա՝ կատարում են ձեզ համար: Բայց արդյո՞ք սա երջանկություն է: Թե՞ բթացված, անտարբեր, մեխանիկական գոյություն: Ամենակարեւորը՝ արդյո՞ք սա է մարդու ուղին, մարդու նպատակը:

 

Ի վերջո, սա կամքի ազատության հավիտենական խնդիրն է, եւ ահա այս դժվարին հարցին է ստիպված պատասխանել վեպի հերոսը:

 

- Մայրությունն այս համայնքում անպատվաբեր զբաղմունք է համարվում։ Այսպես կոչված՝ ծննդամայրերը զրկված են իրենց երեխաներին տեսնելու հնարավորությունից։ Այդ կերպ զգուշանում են սերը զգալու ու փոխանցելու վտանգի՞ց։ Նաեւ, չգիտես ինչու, ինչ-որ առումով ինձ հիշեցրեց փոխնակ մայրերին։

 

- Մայրությունը, սեռական սերը՝ այս ամենը չափազանց բուռն զգացմունքներ են եւ այդ պատճառով արգելված վեպում նկարագրված հասարակությունում: Փոխնակ մայրերի հետ զուգահեռը թերեւս ճիշտ չէ, քանի որ նրանց դիմում են ստիպված, մինչդեռ Ջոնասի աշխարհում պարզապես չկա մայր դառնալու իրավունք. գործընթացը վերահսկելի դարձնելու համար այն հանձնված է ծննդամայրերին:

 

- «Նա ազատվեց Ջոնասի ձեռքերից: Չափազանց կոպիտ էր համարվում, երբ քաղաքացին դիպչում է մեկ այլ ընտանեկան միավորի քաղաքացուն»: Տեխնիկական առաջընթացի այս դարում հեռահաղորդակցությունը հաճախ փոխարինում է կենդանի շփմանը։ Խոսքը սրա՞ մասին է։

 

- Կարելի է ասել, որ գրքի այս հատվածը թերեւս է՛լ ավելի արդիական է դարձել համավարակի դարաշրջանում: Բայց դրդապատճառներն այլ են. դիպչելու վախը կապված է գրգռելու, անձնական կապվածություն ունենալու հետ, ինչն արգելված է:

 

Հետաքրքիր զուգահեռ կարելի է անցկացնել, թե ինչպես է Ջոնասի համայնքում ճնշվում սեռականությունը (որոշակի տարիքից հետո բոլորը հորմոններ են խմում) եւ այն փաստի հետ, որ ԱՄՆ-ում չափազանց տարածված են հակադեպրեսանտները: Երկու դեպքում էլ հուզային անկայունության դեմ քիմիական միջոցներ են կիրառվում, որոնք «բթեցնում», կանխատեսելի են դարձնում մարդու վարքը՝ միաժամանակ զրկելով նրան նաեւ դրական հույզերից:

 

- Վեպի հերոսը դժվարությունների հանդիպելիս հիշում է նախկին կյանքը, որտեղ ոչ ոք սովից մեռնել չէր կարող։ «Նա շարունակեց մտորել: Եթե մնար, այլ կերպ սովամահ կլիներ: Կյանքը կապրեր` սով զգալով զգացմունքների, գույնի, սիրո նկատմամբ»: Իսկ նրան նախորդողը որոշում էր կայացրել հեռանալու (ինքնասպան լինելու)։

 

- Ջոնասը գիտակցում է, որ ծանր գին է վճարելու լիաթոք, լիագույն կյանքով ապրելու համար, քանի որ ոչ բոլոր գույները, ոչ բոլոր զգացումներն ու հիշողություններն են դրական: Պարգեւողն, իր հերթին, հասկանում է, որ առանց հիշողությունների իր կյանքն անիմաստ է: Ինչպես շատ ծերունիներ, նա ապրում է հուշերով, այլ ոչ ներկայով:

Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Garvin

Գրքի գաղափարը ծագել է հեղինակի մոտ, երբ իր հայրը սկսել է տառապել ծերունական ամնեզիայից եւ մոռանալ իր կյանքի կարեւոր, թեեւ դառն իրադարձությունները, օրինակ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցելը եւ սիրելի առաջնեկի մահը: Լոուրին սկսեց խորհել հիշողության մասին. արդյոք մենք այն ենք, ինչ մեր հիշողությունները: Ի՞նչ կլինի, եթե մարդուն զրկեն հիշողություններից: Արդյոք մենք երջանիկ կլինենք, եթե ջնջենք ցավագին հուշերը: Եվ ինչպե՞ս կարելի է վերադարձնել դրանք:

 

Ի վերջո, մենք բոլորս՝ գրքեր ընթերցելով, ֆիլմեր դիտելով, պատմություններ պատմելով ու գրելով, ստանում ենք մեր նախնիների հիշողությունները եւ փոխանցում այն հաջորդ սերունդներին: «Պարգեւողը» հետզհետե հասկանում է, որ այս կապն ընդհատելը նշանակում է հրաժարվել մարդկային քաղաքակրթությունից:

 

- Գիրքը նաեւ անձնազոհությա՞ն մասին է, ի վերջո, Ջոնասը գուցե և չապրեր, բայց հիշողությունները «կվերադառնային» համայնքի բնակիչներին։ Նա նաեւ փրկում է Գաբրիելի կյանքը։

 

- Մանուկ Գաբրիելը սիրո հավաքական կերպար է: Այն, որ Ջոնասը պատրաստ է զոհել կյանքը հանուն նրա, սիրո բարձրագույն դրսեւորում է, որին ընդունակ չեն իր համայնքում: Անձնազոհությունը, եսակենտրոն աշխարհից հրաժարվելը նաեւ հասունության, մեծանալու խորհրդանիշ է:

 

Չմոռանանք, որ «Պարգեւողը» նաեւ հասունանալու մասին է, մանկության կաղապարից, ծնողների վերահսկողությունից դուրս գալու, կյանքի գույներն ու իմաստը սեփական ուժերով վերգտնելու ու ստեղծելու մասին, ինչն անելու համար պետք է ծանոթանալ անցյալին, անցյալի հիշողություններին: Սա այն տարիքն է, երբ դեռահասն արդեն առերեսվում է սիրո եւ մահվան առեղծվածին, մի խոսքով՝ Ադամի պես արտաքսվում մանկության «դրախտից» եւ մուտք գործում մեծ աշխարհ, որտեղ կա ինչպես իսկական տառապանք, այնպես էլ իսկական երջանկություն: Ջոնասը հասկանում է, որ կարող է տառապել, բայց գիտակցում է նաեւ, որ առանց դրա չի հասկանա սերն ու նվիրումը:

 

 - Ինչո՞ւ «Պարգեւողը», վերնագրի ընտրությունը, ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված։

 

- Պարգեւողը Ջոնասին պարգեւում է հիշողություններ, փոխանցում է դարերով կուտակված փորձը, օգնում տեսնել աշխարհն այնպես, ինչպես կա: Կարելի է ասել, որ նա Ջոնասին պարգեւում է իրական կյանքը: Նա դառնում է Ջոնասի համար թե՛ հայր, թե՛ ուսուցիչ, թե՛ հոգեւորական՝ այդ բառերի ամենալայն սահմանումով: Հետագայում, ամենայն հավանականությամբ, Ջոնասն ինքը կդառնա Պարգեւող, կստանձնի այդ ամենապտավաբեր դերը համայնքում:

 

- Որքան գիտեմ՝ «Պարգեւողը» քառագրության առաջին գիրքն է։ Մյուս երեք գրքերը ներկայացվելո՞ւ են հայ ընթերցողին։

 

- Գիրքն իրոք ունի շարունակություն: «Պարգեւողն» ավարտվում է այնպես, որ մենք սպասում ենք Ջոնասի հաջորդ քայլերին: Ուրախ կլինեմ, եթե մեր ընթերցողները հավանեն առաջին գիրքը. այդ դեպքում հնարավոր կլինի խոսել նաեւ շարունակության մասին:

Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից Դրվագ «Պարգեւողը» ներկայացումից

Լուսանկարը` Mark Garvin

Վերջում ուզում եմ շեշտել. չնայած վեպը նախատեսված է դեռահասների համար, այն հաճույքով կկարդան նաեւ մեծահասակները: Սա այն հրաշալի գրքերից է, որը, տարբեր տարիքում կարդալիս, թույլ է տալիս բացահայտել նոր մակարդակներ, նոր զուգահեռներ, նոր խորություն եւ նոր մեկնություն:

 

Գուցե աշխարհը ավելի արդա՞ր լինի, եթե վերանան մարդկանց միջեւ եղած տարբերությունները:

 

Արմինե Սարգսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին