Իմունականխարգելումը՝ հոգատար վերաբերմունք ռիսկային խմբի երեխաների հանդեպ - Mediamax.am

exclusive
3301 դիտում

Իմունականխարգելումը՝ հոգատար վերաբերմունք ռիսկային խմբի երեխաների հանդեպ


Լուսանկարը` ՄԱԿ

Լուսանկարը` ՄԱԿ

Լուսանկարը` ՄԱԿ

Լուսանկարը` ՄԱԿ

Լուսանկարը` ՄԱԿ


4-ամյա Ադամը, որն այսօր ակտիվ խաղում է իր տարեկիցների հետ, չնայած փոքր տարիքին՝ արդեն հասցրել է բազում դժվարություններ հաղթահարել: Նա դեռ 2 տարեկան էր, երբ 40 օր անդադար բարձր ջերմություն ունենալուց հետո բժիշկները նրա մոտ ՔՈՎԻԴ-19 հայտնաբերեցին: Չնայած թեստերը բացասական էին ցույց տալիս՝ հիվանդության ախտանշանների ծանրությունը չէր հուսադրում:

 

«Երեխայիս առողջական վիճակը շատ ծանր էր, նա վերակենդանացման բաժանմունքում հայտնվեց, բժիշկները հույս չէին տալիս ... Այդուհանդերձ, մենք մեծ հավատ ունենք առ Աստված, հավատում էինք, որ հրաշք կլինի ու անդադար աղոթում էինք: Մեր մեծ հավատի շնորհիվ էր, որ կարողացանք հաղթահարել թե´ կորոնավիրուսը, թե´ դրան հաջորդած մյուս ծանր շրջափուլը»,- պատմում է Ադամի մայրը՝ Մելինե Ավետիսյանը:

 

Նրա խոսքով՝ կորոնավիրուսից բուժվելուց հետո երեխայի մոտ արյան հետ կապված խնդիրներ են եղել, ուստի են Պրոֆ․ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկների խորհրդով երեխան շարունակել է մնալ նրանց հսկողության տակ: 3 ամիս անց երեխայի առողջական վիճակը կրկին վատթարացել է:

 

«Ադամի մոտ միելոբլաստային լեյկոզ` արյան եւ ոսկրածուծի չարորակ հիվանդություն ախտորոշվեց: Ի սկզբանե, մեզ ասացին, որ նրան արյան փոխպատվաստում է անհրաժեշտ»,- պատմում է Մելինեն:

 

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի դրամահավաքի շնորհիվ Ադամը հաջողությամբ վիրահատվեց Սանկտ Պետերբուրգում, որից հետո նրա առողջությունը սկսեց հետզհետե վերականգնվել:

Լուսանկարը` ՄԱԿ

«Արյան փոխպատվաստումից հետո, կարելի է ասել, որ օրգանիզմը գալիս է զրոյական վիճակի, իմունիտետը թույլ է, նախկինում արված պատվաստումներն այլեւս չեն պաշտպանում, դրա համար էլ վիրահատությանը հաջորդած փուլում պետք է երեխային հնարավորինս պաշտպանեինք վարակներից: Մոտ մեկ տարի խիստ սահմանափակել էինք շփումները, ոչ մեկի չէինք հանդիպում անգամ մենք՝ ծնողներս, որպեսզի որեւէ պարագայում երեխային վարակ չփոխանցենք: Թեկուզ ամենաչնչին վարակը նրա համար վտանգ էր ներկայացնում»,- պատմում է Մելինեն:

 

Ադամի համար եւս դժվար էր չշփվել իր տարեկիցների հետ: Մելինեի խոսքով՝ հատկապես փոքր երեխաները, որ մանկապարտեզ են հաճախում, տարբեր վարակներ են ձեռք բերում նաեւ պատվաստված չլինելու պատճառով, ուստի շփումների սահմանափակումն անխուսափելի էր: Թեեւ այսօր բաց տարածքներում Մելինեն թույլ է տալիս, որ Ադամը խաղա տարեկիցների հետ, շարունակում է զերծ մնալ մանկապարտեզ տանելուց, քանի որ այնտեղ վարակիչ հիվանդություններ ձեռք բերելու ռիսկը մեծ է:

 

«Հիմա էլ շփումներում շարունակում ենք զգուշավոր լինել, միշտ փորձում եմ ճշտել՝ արդյոք մյուս երեխան հիվանդ չէ, փակ առիթների գնալուց էլ խուսափում ենք: Մեր շրջապատը մեզ միանգամայն հասկանում է, իրենք էլ չեն մոտենում, եթե հիվանդության ախտանշաններ ունեն, մեզնից էլ չեն նեղանում, երբ ստիպված ենք լինում սահմանափակել շփումը: Նրանք գիտեն, որ եթե մի երեխայի համար հիվանդությունը կարող է մի քանի օր տեւել, Ադամի համար այն կարող է շատ ավելի լուրջ բարդություններ ստեղծել, իսկ մենք փորձում ենք հնարավորինս հրաժարվել դեղերից, եւ ոչ թե ավելացնել դրանց քանակը»,- մանրամասնում է երեխայի մայրը:

Լուսանկարը` ՄԱԿ

Փոխպատվաստումից պետք է 2 տարի անցնի, որպեսզի երեխան կարողանա նորից ստանալ անհրաժեշտ պատվաստումների դեղաչափերը, ուստի այս փուլում առավել կարեւոր է դառնում շրջապատի մյուս երեխաների պատվաստված լինելու հանգամանքը:

 

15-ամյա Գոհարի համար եւս իր բուժման այս փուլում վարակներից զերծ մնալը չափազանց կարեւոր է: Գոհարի մայրիկի՝ Հասմիկ Մկրտչյանի խոսքով՝ նա թույլ իմունային համակարգ ունի եւ շրջապատը հեշտությամբ կարող է ռիսկի գործոն հանդիսանալ Գոհարի համար:

 

«Գոհարի օրգանիզմը հիմա շատ հեշտ է վերցնում ցանկացած վարակ, դրա համար էլ կարեւորում եմ, որ շրջապատի երեխաները պատվաստված լինեն, որպեսզի վիրուսի փոխանցող չհանդիսանան: Այս փուլում շատ վտանգավոր է յուրաքանչյուր վարակ այնքան ժամանակ, քանի դեռ երեխան լիովին չի ապաքինվել: Ցանկալի է, որ երեխաները ժամանակին ստանան անհրաժեշտ պատվաստումները, որպեսզի մեկը մյուսի համար վտանգ չներկայացնեն»,- ասում է Հասմիկը:

Լուսանկարը` ՄԱԿ

Ապրիլի 23-29-ը Հայաստանում ընթանում էր «Իմունականխարգելման եվրոպական շաբաթ»-ը: Սա Միավորված ազգերի կազմակերպության կողմից իրականացվող համաշխարհային նախաձեռնություն է, որ մեկնարկել է 2004 թվականից եւ անցկացվում է յուրաքանչյուր տարի ապրիլ ամսի վերջին շաբաթվա ընթացքում:

 

«Իմունականխարգելման եվրոպական շաբաթ» նախաձեռնության նպատակն է իրազեկման արշավների միջոցով պատվաստումների դերի եւ նշանակության կարեւորումը վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում: Այս տարի նախաձեռնության հիմնական կարգախոսներն ընդգծում էին յուրաքանչյուր դեղաչափի, ժամանակին արված պատվաստումների կարեւորությունը, եւ այն, որ պատվաստումներն ամբողջ կյանքի համար են:

 

1994թ.-ից ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը ԱՀԿ-ի կողմից թիրախավորված պատվաստանյութերով կանխարգելվող վեց հիվանդությունների պատվաստանյութերի, ներարկիչների, անվտանգության տուփերի և սառցային շղթայի սարքավորումների ձեռքբերման գործում:

Լուսանկարը` ՄԱԿ

Տարիների աշխատանքի շնորհիվ՝ 2000 թվականից ի վեր Հայաստանում չեն գրանցվել դիֆտերիայի դեպքեր, պոլիոմելիտի դեպքեր՝ 1995 թվականից ի վեր, իսկ կարմրուկ եւ կարմրախտ հիվանդությունների առումով Հայաստանը համարվում է էլիմինացված:

 

Համաձայն ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի տվյալների՝ Հայաստանում պատվաստումների ընդհանուր ծածկույթը 90 տոկոսից ավելի է, ինչն ապահովում է կոլեկտիվ պաշտպանվածություն։

 

Այս աշխատանքին զուգահեռ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի թիմը` ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԱՀԿ-ի գլխավորությամբ և գործընկերների շնորհիվ, համատեղ իրականացրել են առողջապահական անձնակազմի վերապատրաստում՝ փոխանցելով թե´ գիտելիք, թե´ հաղորդակցության հմտություններ, ինչպես նաև զբաղվել ազգային վերահսկողության համակարգի արդիականացմամբ:

 

«Մեր ուղերձը պարզ է՝ պատվաստումը կյանքեր է փրկում: Միավորված ազգերի կազմակերպությունը կանգնած է Առողջապահության նախարարության կողքին՝ խթանելու պատվաստանյութերի հասանելիությունը և ապահովելու, որ բոլորին, անկախ իրենց բնակության վայրից, հասանելի լինեն կյանք փրկող պատվաստանյութերը»,- ընդգծում է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատար Նիլս Սքոթը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին