Նշվել է Օշականի ճակատամարտի 195-ամյակը - Mediamax.am

4015 դիտում

Նշվել է Օշականի ճակատամարտի 195-ամյակը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Արմավիրի մարզի «Օշականի հերոսներ» հուշարձանի մոտ տեղի է ունեցել հանդիսավոր միջոցառում՝ նվիրված Օշականի ճակատամարտի 195-ամյակին:

1827 թվականի օգոստոսի 17-ին Օշականի ճակատամարտում ռուս զինվորները եւ հայ կամավորները հաղթանակ տարան պարսկական բանակի բազմակի անգամ գերազանցող ուժերի նկատմամբ:

 

Հայաստանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Մաքսիմ Սելեզնյովը ելույթի սկզբում ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ:

 

«Այս սգո օրը Ռուսաստանի Դաշնության դեսպանատան անունից կցանկանայի ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին, տուժածներին մաղթել հնարավորինս շուտ վերականգնում: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել փրկարարներին եւ կամավորներին, ովքեր անձնվիրաբար աշխատում են ողբերգության վայրում:

 

Արդեն 195 տարի է անցել այն օրվանից, երբ այս վայրում ավարտվեց Օշականի ճակատամարտը։ Մենք հիշում ենք առաջին հերթին ռուս գեներալ Աֆանասի Կրասովսկուն, ռուս սպաների, զինվորների եւ հայ կամավորների արիությունը, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հանուն հայկական Սրբությունը փրկելու։ Ինձ թվում է, որ պատմական համատեքստից զատ, դա վկայությունն է այն բանի, թե ինչպես երկու եղբայրական ժողովուրդները կարող են պաշտպանել միասնական արժեքները», - ասել է դիվանագետը:

 

Միջոցառմանը մասնակցել են Արմավիրի փոխմարզպետ Արտակ Ավետիսյանը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը, հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը եւ Հայ Առաքելական եկեղեցու եւ Ռուս ուղղափառ եկեղեցու հոգեւոր դասի ներկայացուցիչներ։

 

Արմավիրի փոխմարզպետ Արտակ Ավետիսյանն իր ելույթում նշել է.

 

«Հայ եւ ռուս զինվորների սխրանքների շնորհիվ զորքերին հաջողվեց Էջմիածինը փրկել թշնամուց։ Օշականի ճակատամարտը շատ կարեւոր նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար, քանի որ այդ ճակատամարտի արդյունքում Արեւելյան Հայաստանը ազատագրվեց պարսկական տիրապետությունից եւ միացավ Ռուսաստանին»։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին