«Առաջ միասին»՝ հանդիպում, որից ծնվում ու զարգանում են հայրենանպաստ ծրագրեր - Mediamax.am

1842 դիտում

«Առաջ միասին»՝ հանդիպում, որից ծնվում ու զարգանում են հայրենանպաստ ծրագրեր


Լուսանկարը` Մեդիամաքս

Թամարա Բաբայանը
Թամարա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ելենա Բիշարյանը
Ելենա Բիշարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Մի շարք անհատներ եւ կազմակերպություններ հանդիպել են մեկ հարթակում՝ վեր հանելու Հայաստանի ու Արցախի խնդիրները, առաջարկելու իրենց լուծումներն ու գտնելու համագործակցությունների եզրեր: Դրական փոփոխությունների ձգտող նախաձեռնությունների համար արդյունավետ հանդիպման վայր է դարձել «Առաջ միասին» (Armenians Forward Together) համաժողովը, որն այս տարի իրականացվում է երկրորդ անգամ:

 

Օգոստոսի 4-6-ը մի շարք թիմեր հնարավորություն ստացան ներկայացնելու իրենց ծրագրերն ու փնտրելու համախոհների: Համաժողովի ընթացքի ու արդյունքների մասին Մեդիամաքսին պատմել են «Առաջ միասին»-ի հիմնադիր-կազմակերպիչներ Թամարա Բաբայանը եւ Ելենա Բիշարյանը:

 

Շոշափելի առաջընթաց մեկ տարում

 

2021 թվականին տեղի ունեցած «Առաջ միասին» առաջին համաժողովի ընթացքում ձեւավորվել են մի շարք նոր համագործակցություններ, շատ կազմակերպություններ գտել են գաղափարակիցների, իսկ որոշ թիմեր էլ մեկ տարում հասցրել են իրականություն դարձնել համաժողովի շրջանակում հնչեցված նոր գաղափարները:

«Անցյալ տարի համաժողովն անցկացնելուց հետո հասկացանք, որ այն իրոք արժեքավոր է համահայկական համագործակցությունների ձեւավորման համար, եւ շատ կարեւոր է, որ տեղի ունենա հենց Հայաստանում: Այստեղ կան բազմաթիվ կազմակերպություններ, որոնք հոյակապ աշխատանք են կատարում, սակայն մեկը մյուսի մասին չգիտեն: Դրսում եւս կան շատ մարդիկ ու կազմակերպություններ, որ ցանկանում են ներգրավվել նման աշխատանքներում: Այս առումով «Առաջ միասին»-ը Հայաստանի եւ Արցախի զարգացմանը նպաստող նախաձեռնությունների ու թիմերի համար ներկայանալու յուրատիպ հարթակ է, որտեղ մարդիկ հնարավորություն են ստանում տեղեկանալու նրանց գործունեության մասին, միանալու նախընտրելի նախաձեռնությանը, ինչպես նաեւ ձեւավորելու փոխլրացնող համագործակցություններ»,- ասում է Թամարա Բաբայանը:

Թամարա Բաբայանը Թամարա Բաբայանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նրա խոսքով՝ այս տարվա համաժողովն իր մասշտաբներով տարբերվում է նախորդից: Ավելի շատ են թե´դրսից եկած կազմակերպությունները, թե´տեղական նախաձեռնությունները: Մեծացել է նաեւ ունկնդիրների թիվը:

 

«Նախորդ տարվա մասնակիցներից շատերն այս տարի եւս եկել են, ինչը նշանակում է՝ համաժողովը նրանց համար արժեք ունի: Քանակից բացի, այս տարի նաեւ շատ ավելի լուրջ նախաձեռնությունների ու արդյունավետ քննարկումների հետ գործ ունենք: Սա փաստում է, որ համաժողովը տարեցտարի կարող է ավելի մեծ ազդեցություն ունենալ: Հատկանշական է նաեւ՝ այս կազմակերպություններից շատերը ստեղծվել են դրսում ապրողների կողմից եւ հիմնականում պատերազմից հետո»,- ասում է Թամարա Բաբայանը:

 

Այստեղ համախոհները գտնում են միմյանց

 

Նախորդ տարվա համաժողովի շրջանակում ձեւավորված հետաքրքիր համագործակցություններից մեկի մասին Թամարա Բաբայանը պատմել է «Mirror Spectator»-ում հրապարակված իր հոդվածում: Հեղինակի խոսքով՝ համաժողովի ընթացքում «EduArmenia» կրթական նախաձեռնության պրեզենտացիայից հետո նրանց որպես կամավոր է միացել մոսկվաբնակ Արաքսյա Ղուկասովան: Վերջինս 1990-ական թվականներին Բաքվի կոտորածներից փրկված փախստականներից է: 2020 թվականի պատերազմի ծանր հետեւանքներից հետո Արաքսյայի համար մեծ ուրախություն էր ծանոթանալ մի կազմակերպության, որը կիսում է իր գաղափարները: Դառնալով «EduArmenia»-ի կամավոր՝ նա այսօր էլ շարունակում է աջակցել հայրենիքի կրթական բարեփոխումներին եւ հանդիսանում է նախաձեռնության վարչության անդամ: Սա համաժողովի ազդեցության ընդամենը մեկ օրինակ է:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարիքների վերհանում

 

Համաժողովի 3 օրերից առաջինում տարբեր ընկերություններ ներկայացել են շնորհանդեսներով: Թամարա Բաբայանի խոսքով՝ դրանց նպատակը պարզապես նախաձեռնությունների ներկայացումը չէ, այլեւ կարիքների մասին խոսելը:

 

«Մենք ընկերություններին ասում ենք՝ հատուկ շեշտադրեն, թե ինչ մասնագետների կարիք ունեն եւ ինչպես կարող են ցանկացողներն իրենց միանալ: Այս կերպ փորձում ենք աջակցել՝ կարողանան համախոհներ ներգրավել, նոր համագործակցությունների հասնել: Նման պրեզենտացիաներ կարող է ունենալ ցանկացած թիմ՝ հայտ ներկայացնելով մեր կայքի միջոցով: Մեր 7 հոգանոց թիմը ծանոթանում է բոլոր հայտերին»,- մանրամասնում է նա:

 

Թամարա Բաբայանը հավելում է, որ ոլորտային ներգրավվածության տեսանկյունից այս տարի շնորհանդեսներով հանդես եկողների շարքն ընդլայնվել է: Ավելացել է ինչպես կրթական, առողջապահական, այնպես էլ բնապահպանական նախաձեռնությունների թիվը:

 

«Եթե նախորդ տարի բնապահպանական ուղղվածության միայն մեկ կազմակերպություն էր մասնակցում՝ «Էկո աղբ» ՀԿ-ն, ապա այս տարի մեզ են միացել նաեւ «Awesome Nature Armenia» եւ «Friends of Botanical garden» նախաձեռնությունները»,- նշում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համախմբվելով Արցախի շուրջ

 

Այս տարի մասնակից ընկերություններից շատերի թիրախում Արցախն ու Արցախի ժողովուրդն էր: Նման կազմակերպություններից է «Hye Hopes»-ը, որի նպատակներից մեկը Արցախից տեղահանված երեխաների համար կայուն եւ հավասար կրթական հնարավորությունների ստեղծումն է: Նրանք տեխնիկական ռեսուրսներ են տրամադրում Սյունիքի մարզի դպրոցներին եւ վերապատրաստում ուսուցիչներին, քանի որ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է:

 

Համաժողովի այս տարվա նոր մասնակիցներից էր նաեւ «Զարթոնք» ակադեմիան, որի նպատակը երաժշտության միջոցով ազգային վերելքի հասնելն է: Այն Կանադայում գործող «Atgen Armenian» հիմնադրամի ծրագրերից է։ Հիմնադրվել է Վան Արմենյանի կողմից եւ իրականացվել ծրագրի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի հետ համատեղ։

Այս տարի հուլիսի 18-31-ը ակադեմիան մեկնել էր Ստեփանակերտ՝ Հայաստանի եւ Արցախի պատանիների հետ անցկացնելու վարպետության դասեր ժողովրդական, կամերային, դասական վոկալի, ջազ երաժշտության եւ այլ ուղղություններով:

 

Ճգնաժամային իրավիճակների ոլորտի ավագ խորհրդատու Դավիթ Հակոբյանը եւ Արցախի պետական նախարարի օգնական Յակոբ Իփճեանն էլ համաժողովի շրջանակում նախաձեռնել էին Արցախի հետպատերազմյան վերականգնման ու զարգացման թեմայով աշխատաժողով, որի ընթացքում քննարկվել է վերականգնման առաջընթացը, գնահատվել կարիքներն ու ուղենշվել հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները:

Լուսանկարը` Մեդիամաքս

Քննարկման արդյունքը՝ նոր նախաձեռնություն

 

Շնորհանդեսներին հաջորդում են աշխատաժողովները, որոնց ընթացքում 4-5 կարճ ներկայացում է լինում՝ յուրաքանչյուրը հարցուպատասխանի փուլով: Վերջում իրականացվում է պանելային քննարկում, որի ժամանակ նոր գաղափարներ ու լուծումներ են առաջարկվում:

 

Ելենա Բիշարյանը պատմում է, որ այս տարվա առողջապահական աշխատաժողովներից մեկը վերաբերում էր ճգնաժամային իրավիճակներում քաղցկեղով հիվանդ պացիենտների խնամքի կազմակերպմանը:

 

«Աշխատաժողովի կազմակերպիչներն էին Քաղցկեղի եւ ճգնաժամի ինստիտուտի տնօրեն Եվա Մարգարյանն ու Հայաստանի մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը: Քննարկմանը մասնակցում էին տարբեր երկրներից հյուրեր: Մասնակիցներից մեկը, որը Սիրիայից էր ժամանել, ներկայացրեց՝ պատերազմի ժամանակ այնտեղ ինչ խնդիրներ են ունեցել: Ներկա էին նաեւ Ուկրաինայից Իտալիա հումանիտար միջանցքով անցած քաղցկեղով հիվանդ երեխաներին հյուրընկալող հիվանդանոցի ներկայացուցիչները: Նրանք ներկայացրին իրենց փորձը: Քննարկվեցին նաեւ Արցախի վերջին պատերազմի ժամանակ առաջացած խնդիրները եւ դրանց հնարավոր լուծումները: Կարեւորվեցին ճգնաժամային իրավիճակներում երկրից տաղանդավոր բժիշկների արտագաղթի կանխարգելումը, հեռավար եղանակով բուժօգնության կազմակերպումը տելեբժշկության նոր մոդելների միջոցով: Քննարկման արդյունքում մի շարք գաղափարներ առաջ քաշվեցին: Դրանցից մեկը մեծ համընկերության ստեղծումն է, որը կներառի ճգնաժամային իրավիճակներում գտնվող մի շարք երկրներ եւ կդառնա հարթակ համատեղ ջանքերով խնդիրների վերհանման, լուծումների մշակման ու նոր մոդելների կիրառման համար»,- մանրամասնում է նա:

Ելենա Բիշարյանը Ելենա Բիշարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արդեն մշակված գաղափարներ ու 0-ից ձեւավորվող թիմեր

 

Հիմնականում աշխատաժողովների ընթացքում ներկայացվում են ինչպես արդեն գործող նախաձեռնություններ, որոնք փնտրում են համագործակցության նոր եզրեր, այնպես էլ ավելի ընդհանուր թեմաներ, որոնց շուրջ քննարկումների արդյունքում ձեւավորվում են թիմեր ու անցնում վերհանված խնդիրների լուծմանը:

 

«Շատ ուրախալի է տեսնել, օրինակ, ինչպես զարգացավ «ԳիտԱլիք» նախաձեռնությունը, որի թիմն ու գաղափարը 0-ից ձեւավորվեց նախորդ տարվա համաժողովի ընթացքում: Աշխատաժողովների ընթացքում կամ դրանց շնորհիվ հաստատված շփումների արդյունքում ընկերությունից դուրս գտնվող մարդիկ կարողանում են նոր գաղափարներ հուշել նախաձեռնությունների հեղինակներին, եւ հրաշալի է, երբ թիմերը հետեւողական են լինում: Օրինակ՝ «Ուսանողի տուն» նախաձեռնությունն այս տարի իրականացրեց ամառային STEM ճամբարն՝ ավագ դպրոցի մարզաբնակ աշակերտներին տալով ինթերնշիփի հնարավորություն: Այս գաղափարը ծնվել էր նախորդ տարի նրանց ծրագրի ներկայացման արդյունքում: Փաստացի, «Առաջ միասին»-ում քննարկումները լավ գաղափարներ են ծնում, իսկ նման գերազանց թիմերի ջանքերով այդ գաղափարներն իրականություն են դառնում»,- ասում է Ելենա Բիշարյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Համաժողովին մասնակից արդեն ձեւավորված գաղափարներից է Հայ ազգային երաժշտական թվայնացված գրադարանի ստեղծման ծրագիրը: Նախագծի հեղինակները երկու երաժիշտ են Բոստոնից, որոնք սկսել են համագործակցել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտորի հետ: Գրադարանի ստեղծման թեմայով աշխատաժողովի նպատակն էր գտնել վեբ դիզայներների եւ ՏՏ մասնագետների, գրադարանավարների, հեղինակային իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբանների եւ այլ մասնագետների, որոնք կաջակցեն նախաձեռնության իրականացմանը:

 

Դեմ առ դեմ հանդիպման դերը

 

«Մասնակից կազմակերպություններն առաջին համաժողովից մինչեւ երկրորդը հզորանում են: Իհարկե, դա իրենց ջանքերի արդյունքն է, սակայն կարծում եմ՝ այդ առաջընթացում մեծ դեր ունեն նաեւ «Առաջ միասին»-ի հարթակում հանդիպումները: Այս բոլոր կազմակերպություններն ունեն իրենց կայքերն ու ֆեյսբուքյան էջերը, սակայն դա, կարծես, չի բերում նոր համագործակցությունների: Կարծում եմ՝ իսկապես կարիք կա, որ մարդիկ հանդիպեն մեկ հարթակում, դեմ առ դեմ շփում ունենան, որպեսզի այդ կապը ստեղծվի եւ համաժողովի ունկնդիրները, ճանաչելով նախաձեռնողներին, կարողանան իրենք էլ իրենց բաժին պատասխանատվությունը ստանձնել ծրագրերի իրականացման համար»,- ասում է Թամարա Բաբայանը:

 

Նրա խոսքով՝ նախքան երկրորդ համաժողովի աշխատանքների մեկնարկը փորձել են հանդիպել նախորդ տարվա մասնակիցներին՝ տեղեկանալու նրանց առաջընթացի մասին եւ դուրս բերելու այն կարիքները, որոնց կարող է աջակցել համաժողովը: Յուրաքանչյուր տարի համաժողովից հետո «Առաջ միասին»-ի թիմը ի մի է բերում գրանցված արդյունքները, հետադարձ կապ ստանում լսարանից՝ հետագայում այն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով:

 

«Համաժողովի հիմնական աշխատանքը կատարվում է դրսից, քանի որ յոթ նախաձեռնողից վեցը արտերկրում է բնակվում: Մենք բոլորս էլ լրիվ դրույքով աշխատանք ու ընտանիք ունեցող անհատներ ենք եւ այս ամբողջը կատարում ենք մեր անձնական ժամանակի հաշվին: Շատ կուզենայինք համախոհների գտնել, որոնք կմիանային ու կաջակցեին մեզ: Մարդիկ, որոնք կցանկանան միանալ մեզ, պետք է կիսեն մեր արժեքները, կարողանան կատարել որակյալ ու նվիրված աշխատանք»,- ասում է Թամարա Բաբայանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Պատասխանատուների ներգրավումը ծրագրերում

 

Համաժողովում կրթությունը ներկայացված է ինչպես Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների ու վերածննդի կրթության կերտման, այնպես էլ Սփյուռքում լեզվի եւ մշակույթի պահպանման նախաձեռնությունների տեսքով:

 

Թամարա Բաբայանի խոսքով՝ հատկապես կրթության թեմայով աշխատաժողովներում կարեւոր է ոլորտի տեղի պատասխանատուների մասնակցությունը, այլապես այդ քննարկումները պակաս արդյունավետ կլինեն:

 

«Անհրաժեշտ է, որ ոլորտի պաշտոնատար անձինք եւս ներգրավվեն կրթական նոր ռազմավարությունների մշակման գործում, որին լծվել են արտերկրից եկած հայ մասնագետները: Ցավոք, մեր փորձը ցույց է տալիս՝ պետական մարմինների ներկայացուցիչներին մեր համաժողովի միջոցառումներում ներգրավելու համար հատուկ հրավերներ է պետք ուղարկել: Ցանկալի եւ օգտակար կլիներ, եթե կառավարության ներկայացուցիչները նույնպես գրանցվեին եւ մասնակցեին դրանց՝ գիտակցելով համագործակցության կարեւորությունը: Ցանկանում ենք խրախուսել այն մարդկանց, որոնք ուզում են դրական փոփոխություններ, մասնակցություն «Առաջ միասին» համաժողովին, քանի որ այստեղ են հավաքվում ակտիվ հայերը, ստեղծում ու զարգացնում ծրագրեր, ձեւավորում նոր համագործակցություններ՝ պայծառացնելու Հայաստանն ու Արցախը»,- ամփոփում է խոսքը Թամարա Բաբայանը:

 

Գայանե Ենոքյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին