Awesome Nature Armenia. ստեղծագործ գաղափարներ՝ հանուն բնության - Mediamax.am

exclusive
2661 դիտում

Awesome Nature Armenia. ստեղծագործ գաղափարներ՝ հանուն բնության


Գայանե Ղարագյոզյանը, Արսեն Գասպարյանը եւ Տաթեւ Վարդանյանը
Գայանե Ղարագյոզյանը, Արսեն Գասպարյանը եւ Տաթեւ Վարդանյանը
Արսեն Գասպարյանը
Արսեն Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւ Վարդանյանը
Տաթեւ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Ղարագյոզյանը
Գայանե Ղարագյոզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Awesome Nature Armenia

Լուսանկարը` Awesome Nature Armenia

Լուսանկարը` Awesome Nature Armenia

Գայանե Ղարագյոզյանը, Արսեն Գասպարյանը եւ Տաթեւ Վարդանյանը
Գայանե Ղարագյոզյանը, Արսեն Գասպարյանը եւ Տաթեւ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Փոքր քայլերով հնարավոր է հասնել մեծ փոփոխությունների: Այս գաղափարն է կրում միջազգային Awesome Foundation-ը, որն աշխարհի տարբեր երկրներում ձեւավորել է բարեգործ-կամավորների ցանցեր՝ տրամադրելով առցանց հարթակ «օսմ» գաղափարներին աջակցելու համար:

 

Հայաստանում մի խումբ անհատներ բացել են այդ հիմնադրամի բնապահպանական ուղղվածությամբ մասնաճյուղը՝ Awesome Nature Armenia-ն եւ աջակցում են համայնքներում շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ծրագրերին:

 

Նախաձեռնության համակարգողների հետ Մեդիամաքսը զրուցել է դրամաշնորհների տրամադրման կարգի եւ արդեն իրականացվող ծրագրերի մասին:

 

Կամավոր-բնասերների համայնք

 

Արսեն Գասպարյան, բնապահպան. Ընկերներով քննարկում էինք, որ հիմնականում մարզերում բնապահպանական գաղափարների իրականացմանն աջակցելուն ուղղված քայլեր է պետք ձեռնարկել: Քանի որ արդեն կային Awesome Yerevan-ը եւ Awesome Foundation Artsakh-ը, եւ այս ձեւաչափն արդեն հայտնի էր, որոշեցինք ստեղծել Awesome Nature Armenia-ն՝ մարզերում բնապահպանական փոքր ծրագրերին դրամաշնորհներ տրամադրելու նպատակով:

Արսեն Գասպարյանը Արսեն Գասպարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ընդհանուր առմամբ բնապահպանական ծրագրերը մեծածավալ են, անհատի մակարդակով շատ բարդ է իրականացնել: Awesome Nature Armenia-ն առանձնանում է նրանով, որ ցանկացած անհատ շատ պարզ մեխանիզմով կարող է ներկայացնել կարճ ծրագիր՝ դրա իրականացման համար ստանալով փոքր դրամաշնորհ՝ 300-500 հազար դրամի չափով:

 

Ֆինանսական միջոցները գեներացվում են մեր նվիրատուների՝ ծրագրին միացած շուրջ 60 անհատների շնորհիվ, որոնք էլ ընտրում են հաղթող ծրագրերը: Ամբողջ աշխատանքը, որը կատարում ենք մենք, կամավորական սկզբունքով է, չենք ստանում որեւէ ֆինանսավորում, դրամաշնորհներ:

 

Հաղթող նախագծերի համար հաշվետվողականությունը եւս շատ պարզ է, բարդ թղթաբանություն չկա: Մեր հաշվետվությունն ընդամենը երեք րոպեանոց հոլովակ է, որը պետք է ներկայացնի կատարված աշխատանքը:

Տաթեւ Վարդանյանը Տաթեւ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Տաթեւ Վարդանյան, Յակոբեան բնապահպանական կենտրոնի աշխատակից. Նախաձեռնությանը միացած 60-ից ավելի բնասերները շատ տարբեր ոլորտներից են, ձեւավորել ենք միջդիսցիպլինար համայնք: Նրանք, ընդգրկվելով հոգաբարձուների կազմում, ստանձնում են պարտավորություններ՝ բացի ամսական հանգանակություններ կատարելուց, նաեւ ակտիվ մասնակցություն ունենալով հաղթող նախագծի ընտրության հարցում: Մշտապես ուրախ ենք քննարկել մեր կազմում նոր անդամների ներգրավումը:

 

Ի՞նչ է անհրաժեշտ դիմելու համար

 

Գայանե Ղարագյոզյան, բնասեր. Մեզ համար առաջնային է, որ ներկայացվող ծրագրերը լինեն նորարարական, ունենան համայնքային ազդեցություն եւ իրականացվեն մարզերում: Երբ ասում ենք նորարարություն, դա չի նշանակում, որ ծրագիրը պարտադիր պետք է գյուտ ներառի: Այն պարզապես պետք է պարունակի բնապահպանական խնդրի այնպիսի լուծում, որը նախկինում համայնքում չի կիրառվել, բայց դրանով կարելի է փոփոխության հասնել: Մասնակիցները պետք է ձգտեն ստեղծագործ լինել:

Գայանե Ղարագյոզյանը Գայանե Ղարագյոզյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արսեն. Ամեն ամիս հայտարարում ենք դրամաշնորհի մրցույթ: Հայտատուները պետք է այցելեն հարթակ, լրացնեն հայտը՝ համապատասխան առաջադրված չափորոշիչներին: Դրանից հետո մենք դիտարկում ենք հայտերը, որոնցից քվեարկության փուլ անցնում են միայն այն գաղափարները, որոնք համապատասխանում են չափորոշիչներին, այսինքն՝

 

- ունեն բնապահպանական ուղղվածություն,

- ունեն նորարարական բնույթ,

- իրականացվելու են ՀՀ մարզերից մեկում՝ բացառելով Երեւանը,

- հայտը ներկայացնում է մարզաբնակ անձ, կարող է աշխատանքներում ընդգրկել երեւանաբնակ թիմակցի,

- ծախսերը թվային ձեւաչափով եւ կոնկրետ հաշվարկներով ներկայացված են եւ իրատեսական են,

- հնարավոր է իրականացնել առավելագույնը 3 ամսվա ընթացքում,

- արդյունքը կիրարկվող է եւ ունի շարունակական բնույթ,

- հայտում բոլոր բաժինները լրացված են պատշաճ եւ պահանջներին համապատասխան,

- ծրագիրն իրականացվում է կամավորական սկզբունքով:

Լուսանկարը` Awesome Nature Armenia

Հոգաբարձուները տեսնում են քվեարկության փուլ անցած հայտերը եւ ընտրում իրենց առավել դուր եկածը: Առավելագույն ձայն հավաքած 3-4 նախագծերը անցնում են հաջորդ փուլ, որի ընթացքում օնլայն ձեւաչափով պետք է հոգաբարձուներին պրեզենտացիայով ներկայացնեն իրենց գաղափարը: Այս միջոցառման արդյունքներով էլ ընտրվում է հաղթող նախագիծն ու ստանում դրամաշնորհ:

 

Հաղթող նախագծեր

 

Գայանե. Ընթացակարգն այնպիսին է, որ ամեն ամսվա դրամաշնորհի հաղթողն ընտրվում է հաջորդ ամսվա ավարտին:

 

Մեկնարկը փետրվարին էր: Մեր առաջին դրամաշնորհը բավականին մեծ արձագանք ստացավ՝ 50-ից ավելի հայտեր: Այժմ արդեն ունենք 2 հաղթող նախագիծ, ծրագրի երրորդ դրամաշնորհն էլ ընթացքում է:

 

Առաջին ամիսներին հայտատուներն առավել ակտիվ էին, հետո պասիվություն նկատվեց՝ հավանաբար երկրում տիրող իրադարձություններով պայմանավորված: Հույս ունենք, որ հուլիսից ակտիվությունը կվերականգնվի:

 

Արսեն. Առաջինը հաղթողը Դավիթ Ամիրյանն է, որ ներկայացրել էր «Իջեւանի դենդրոպարկի թվայնացում» նախագիծը: Նպատակն է հավաքագրել բոլոր ծառաթփատեսակները եւ ստեղծել տվյալների բազա: Ամեն ծառ կունենա իր հերթական համարը եւ անձնագիրը, որտեղ կնշվեն ծառատեսակի տրամագիծը, բարձրությունը, բնի վազքը, արտադրողունակությունը եւ այլ անտառագիտական տվյալներ։ Այս նախաձեռնությունն արդեն մոտենում է ավարտին:

Լուսանկարը` Awesome Nature Armenia

Տաթեւ. Հաջորդ հաղթողը դպրոցական Իլյա Լալազարյանն է, որ սովորում է «Այբ» դպրոցում: Նա Արմավիրի մարզից է եւ որոշել է իր համայնքում իրականացնել RenéMask ծրագիրը: Այն գիտահեն նորարարական լուծում է, որն առաջարկում է վերամշակել համավարակի հետեւանքով լայնածավալ օգտագործվող եւ շրջակա միջավայր թափվող բժշկական դիմակները՝ դրանցից ստանալով կենսավառելիք:

 

Հոգաբարձուները միանշանակ ողջունեցին այս ծրագիրը, քանի որ բացի գաղափարի նորարարական լինելուց, պատանին նաեւ կարողացավ հրաշալի պրեզենտացիայով ներկայանալ:

 

Իլյան պատրաստվում է Արմավիրի մարզում հավաքել օգտագործված բժշկական դիմակները եւ ենթարկել ուլտրաձայնային ախտահանման, այնուհետեւ համապատասխան հաստոցի միջոցով մանրացնել դրանք: Մանրացված դիմակը ենթարկվելու է պիրոլիզի, հետո՝ թորման։ Գործընթացն ավարտվելու է ստացված կենսավառելիքի հավաքմամբ։

 

Արսեն. Քանի որ ապրիլ ամսին հաղթող չէինք ունեցել, որովհետեւ ներկայացված գաղափարներից եւ ոչ մեկը հավանության չէր արժանացել հոգաբարձուների կողմից,  մայիս ամսին կարողացանք միանգամից 3 ծրագիր ընտրել, որոնցից 1-ը կֆինանսավորվի ամբողջությամբ, իսկ մյուսները՝ մասնակի:

 

Հաղթող ծրագիրը կոչվում է «Բնության բալասան / Nature's balm», որի հեղինակը Հնազանդ Մանուկյանն է: Նա իր համայնքում ստեղծելու է խաղահրապարակ՝ օգտագործելով այնպիսի իրեր, որոնք այլ պարագայում պետք է աղբարկղը նետվեին. անվադողեր, պլաստիկե շշեր, հին հագուստ, սկավառակներ, արկղեր, դույլեր եւ այլն: Ծրագիրը նպատակ ունի ինչպես նվազեցնելու աղբի քանակությունը, այնպես էլ կրթելու՝ ցույց տալով իրեր վերաօգտագործման հնարավորությունները:

 

Մասնակի ֆինանսավորում է ստացել «Բույն արագիլների համար» նախագիծը, որն իրականացվելու է Արարատի մարզի Արմաշ համայնքում: Գաղափարի հեղինակ Տիգրան Մաթեւոսյանի ներկայացմամբ՝ համայնքն առանձնանում է արագիլների բազմաքանակ լինելով, սակայն մարդիկ հաճախ խոչընդոտում են արագիլներին բույներ հյուսել: Խնդրի լուծման համար նա առաջարկում է հատուկ պահպանվող տարածքում տեղադրել մետաղական կոնստրուկցիաներով սյուներ, որոնց վրա էլ արագիլները կկարողանան բույն հյուսել: Ծրագրի մասնակի ֆինանսավորման պարագայում՝ հեղինակը կկարողանա փորձնական մի քանի սյուն տեղադրել, իսկ դրա հաջող ընթացքի դեպքում՝ ֆինանսավորումը հնարավոր է ավելացնել:

Լուսանկարը` Awesome Nature Armenia

Երրորդն էլ «Տաք դպրոց» ծրագիրն է, որը Գեղարքունիքի մարզում պատրաստվում են իրականացնել երկու ուսուցչուհիներ: Նրանք հեռավար դասավանդում են Կալավան եւ Անտառամեջ գյուղերի դպրոցներում, որոնք ձմռանը տաքացվում են փայտ վառելու միջոցով: Նախագծի գաղափարն է ստեղծել այլընտրանքային վառելիքի՝ բրիկետների փոքր արտադրություն՝ միաժամանակ նպաստելով այս համայնքներում անտառահատումների նվազեցմանը։

 

Հայտերի որակը

 

Արսեն. Առաջին հայտարարությունից հետո թեեւ դիմողները շատ էին, սակայն հայտերի որակի հետ կապված խնդիրներ կային: Մարդիկ հաճախ չեն կարդում չափորոշիչները, որպեսզի կարողանան ավելի գրագետ հայտ ներկայացնել: Շատերը չեն պատկերացնում՝ ինչ է նշանակում բնապահպանություն, մտածում են, թե դա միայն աղբահավաք աշխատանքներն ու ծառատունկն է: Բնապահպանական ծրագրի հիմք կարող է դառնալ ցանկացած բան, որը կապված է մարդուն շրջապատող բնական եւ ոչ բնական միջավայրի հետ: Պետք է պարզապես մի փոքր մտածել, փնտրել հետաքրքիր գաղափարներ:

 

Տաթեւ. Ուզում ենք խնդրել բնագիտական առարկաների ուսուցիչներին, որ իրենց աշակերտների հետ որոշակի աշխատանք տանեն այս առումով, օգնեն երեխաներին գեներացնել նոր գաղափարներ, որոնք կարող են լինել նաեւ փորձարարական կամ հետազոտական:

 

Արսեն. Մենք կարեւորում ենք նաեւ հմտությունների, կարողությունների զարգացումը, որի բացերը նկատեցինք ծրագրի ընթացքում: Մարդիկ գաղափարներ գեներացնելու, դրանք մշակելու եւ ներկայացնելու խնդիր ունեն: Դրա համար ստեղծեցինք Awesome Day ձեւաչափը, որը բնապահպանական թեմաներով առցանց դասախոսությունների շարք է:

 

Շատերը դիմում են բիզնես գաղափարներով, սակայն դա ամենեւին էլ մեր հիմնադրամի առաքելությունը չէ: Գաղափարները պետք է ունենան ուղիղ բնապահպանական ազդեցություն: Իհարկե, ողջունելի է, եթե դրանք իրենց առաջնային նշանակությունից զատ, ունենան նաեւ բիզնես բաղադրիչ, որը կապահվի ծրագրերի շարունակակությունը:

Գայանե Ղարագյոզյանը, Արսեն Գասպարյանը եւ Տաթեւ Վարդանյանը Գայանե Ղարագյոզյանը, Արսեն Գասպարյանը եւ Տաթեւ Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք նաեւ մեր կապերն ենք օգտագործում աջակցելու այն ծրագրերի իրականացմանը, որոնք չեն համապատասխանում մեր առաջադրած չափորոշիչներին՝ փորձելով ուղղորդել դրանք համապատասխան ուղղվածության հիմնադրամներ:

 

Օրինակ՝ գերմանական NABU ընկերությունն ուներ մի ծրագիր, որն աջակցում էր մարզերում ջրաճահճային էկոհամակարգերի հատվածներում աղբահավաքներ իրականացնելուն: Մենք կապ հաստատեցինք նրանց հետ, որովհետեւ մեր ստացած հայտերի շարքում կային տարբեր աղբահավաք նախաձեռնություններ: Դրանցից մի քանիսն արդեն իրականացվել են NABU-ի աջակցությամբ:

 

Գայանե. Ծրագրի նպատակը միայն գումար տրամադրելն ու նախագծերի կարճաժամկետ իրականացումը չէ, այլ նաեւ հանրության շրջանում բնապահպանական մշակույթի ու վարքի ձեւավորումն է: Կարեւորում ենք այն գաղափարը, որ ամենաչնչին փոփոխությունն էլ կարող է համայնքում մեծ առաջընթացի հանգեցնել, եւ դրա համար միլիոններ ունենալ ամենեւին էլ պարտադիր չէ:

 

Բնության պահպանությունը յուրաքանչյուրիս առաքելությունն է՝ անկախ նրանից, թե որ ոլորտից ենք: Մեր մոլորակն այսօր ամեն առումով վտանգված է հենց մարդու պատճառով՝ մեր անփույթ վերաբերմունքի ու էգոյիզմի:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարներն արվել են Lumen Coffee-ում

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին