Կրթական առօրյան եւ հայրենի համայնքի հանդեպ սերն «Ուսանողի տանը» - Mediamax.am

exclusive
2862 դիտում

Կրթական առօրյան եւ հայրենի համայնքի հանդեպ սերն «Ուսանողի տանը»


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Սյուզաննա Խաչատրյանը
Սյուզաննա Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Աղունիկ Շամբարյանը
Աղունիկ Շամբարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստելլա Ավետիքյանը
Ստելլա Ավետիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Զավեն Թորոսյանը
Զավեն Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մհեր Մկրտչյանը
Մհեր Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` «Ուսանողի տան» արխիվից

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Բարձրագույն կրթություն ստանալու համար մարզերի երիտասարդները հիմնականում ստիպված են Երեւան տեղափոխվել: Մայրաքաղաքում վարձակալությամբ տրվող մատչելի բնակարան գտնելն այնքան էլ հեշտ չէ, եւ կացարանի խնդիրը հաճախ խոչընդոտ է դառնում:

 

Հարցի մյուս կողմում էլ օրեցօր դատարկվող մարզերն են, որոնք կարիք ունեն կրթված երիտասարդների՝ պատրաստ երեւանյան հարմարավետությունից վերադառնալու հայրենի գյուղեր եւ քաղաքներ:

 

Խնդիրը բազմակողմանիորեն ճանաչելուց հետո «Հզոր միտք» հասարակական կազմակերպության հիմնադիր Մհեր Մկրտչյանը գտավ անհրաժեշտ լուծումը, այն է՝ ստեղծել մարզաբնակ ուսանողների համար կացարան, որտեղ նրանք կստանան նաեւ ոչ ֆորմալ կրթություն ու կմշակեն համայնքային զարգացման ծրագրեր:  

 

«Ուսանողի տուն» անունը ստացած նախագծի առաջին քայլերի մասին պատմել էինք նախորդ տարի: Այսօր արդեն ականատես ենք ծրագրի հաջողությանը, որի շնորհիվ տարբեր մարզերի ուսանողներ բնակվում են «Ուսանողի տանը»:

 

Մեդիամաքսը այցելել է «Ուսանողի տուն», ծանոթացել երիտասարդների առօրյային ու զրուցել ծրագրի զարգացման հեռանկարի մասին:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Զգում ենք, թե ինչպես ենք փոխվում»

 

Սյուզաննա Խաչատրյան, Երեւանի պետական համալսարանի ուսանող Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից

 

«Ուսանողի տան» շինարարական աշխատանքներին հետեւում էի սոցիալական ցանցերում: Սկզբում չէի պատկերացնում, թե ինչ է սպասվում, սակայն երբ արդեն հաղթահարեցի ընդունելության երեք փուլերն ու եկա այստեղ, հենց առաջին օրից զգացի ջերմ մթնոլորտը:

 

Թեեւ Դիլիջանում երիտասարդական կյանքը համեմատաբար ակտիվ է, սակայն մյուս համայնքներից եկած ուսանողների պատմածից հասկանում եմ, թե ինչքան պասիվ վիճակ է գյուղերում:

Սյուզաննա Խաչատրյանը Սյուզաննա Խաչատրյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Կարծում եմ՝ հիմնական խոչընդոտներից մեկը մտածելակերպն է: Մարդիկ կտրված են իրարից, շփումները շատ քիչ ենք: Մենք «Ուսանողի տանը» շատ նոր կապեր ենք ձեռք բերում, տարբեր ոլորտի մասնագետների հետ յուրաքանչյուր հանդիպումից անպայման մի բան սովորում ենք, զգում ենք, թե ինչպես ենք ինքներս փոխվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նմանատիպ շփումները համայնքներում շատ են պակասում, դրա համար էլ մեր համայնքների մյուս երիտասարդներին փորձում ենք փոխանցել մեր ստացածը, սեր առաջացնել համայնքի նկատմամբ ու այն զարգացնելու ձգտում:

 

«Եթե փոքր ես, ուրեմն ոչինչ անել չես կարող»

 

Աղունիկ Շամբարյան, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Լոռու մարզի Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասից (նախկին Սանահին գյուղ)

 

Լոռին ինձ համար մահացած մարզ է: Այստեղ չկան երիտասարդական թիմեր, որ աշխատում են համայնքային զարգացման ուղղությամբ: «Ուսանողի տուն» գալուց առաջ մտածում էի, որ գամ այստեղ, զարգանամ, մյուսներին էլ բերեմ իմ հետեւից, բայց ընկեր Մհերը փոխեց իմ մեջ դա: Հասկացա, որ ես պետք է վերադառնամ ու զարգացնեմ միջավայրը, հնարավորություններ ստեղծեմ: Պետք է փորձենք այնպես անել, որ Երեւանում սովորելիս մարզաբնակները չմտածեն, որ վերջ, իրենք արդեն երեւանցի են, հետ չեն գնալու, այլ հակառակը, ցանկանան օր առաջ վերադառնալ՝ զարգացնելու հարազատ համայնքը:

Աղունիկ Շամբարյանը Աղունիկ Շամբարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեզ մոտ զբաղմունքի կենտրոններ չկան: Եթե ուզում ենք հավաքվել, հավաքվում ենք եկեղեցու բակում: Գրադարաններ էլ չկան, լինելու դեպքում էլ միայն սովետական գրականություն կարելի է գտնել:

 

Սրճարաններ ունենք, բայց մեզ մոտ ընդունված է, որ այն ինչ կա, տղայինն է, եթե աղջիկն է գնում, լավ չեն նայում: Մի այլ տարածված կարծրատիպ էլ կա, որ եթե դու փոքր ես, ուրեմն ոչինչ անել չես կարող. «Դու գնա´, դասերո´վդ եղի»:

 

Մարդկանց թվում է, որ գյուղը չի կարող զարգացած կենտրոններ ունենալ՝ պահպանելով իրեն հատուկ գյուղական մթնոլորտը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ուսանողի տունը» կարող է դառնալ հենց այն կապող օղակը, որտեղից մենք կսկսենք կոտրել կարծրատիպերն ու մյուսների հետ համագործակցելով՝ կտարածենք մեր գաղափարները:

 

Անձնային աճ եւ պատասխանատվություն

 

Ստելլա Ավետիքյան. «Ուսանողի» տան համակարգող

 

Ուսանողներն այստեղ գալու համար հայտ են լրացնում: Այդ փուլը հաջող հաղթահարելու դեպքում փոքրիկ թեստ են լրացնում, որտեղ շարադրում են համայնքի զարգացման կարեւորության, կրթության, նաեւ «Ուսանողի տանը» բնակվելու մասին իրենց մտքերը: Որպեսզի ավելի լավ հասկանանք իրենց նպատակները, երրորդ փուլում ունենում ենք հարցազրույց: Մասնակիցների ընտրության հարցում մեզ համար առաջնայինը համայնքային զարգացման պատասխանատվության գիտակցումն է:

Ստելլա Ավետիքյանը Ստելլա Ավետիքյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ուսանողի տան» բնակիչներից յուրաքանչյուրն իր հայրենի համայնքում երիտասարդական թիմ է ձեւավորել, որի հետ քննարկում է գյուղում առկա խնդիրներն ու զարգացման գաղափարներ գեներացնում: Այստեղ պարբերաբար քննարկումներ ենք ունենում՝ հասկանալու համար, թե որ գաղափարն ինչ փուլում է: Զրույցների միջոցով փորձում ենք նպաստել նրանց աճին:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մենք ունենք կրթական ծրագիր, որը կազմելիս հաշվի ենք առել մասնակիցների անձնային աճը՝ սկսած գաղափարական սեթափից մինչ բիզնեսի ու սոցիալական ձեռներեցության հմտություններ: Տարբեր խոսնակների ենք հրավիրում եւ սեմինարների միջոցով զարգացնում ուսանողների հմտությունները: Ունենք նաեւ անգլերենի դաս, առաջիկայում կսկսենք նաեւ ռուսերենի եւ մոնտաժի դասընթացները:

 

Գաղափարներ եւ իրականացում

 

Զավեն Թորոսյան, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Գեղարքունիքի մարզի Մարտունի գյուղից

 

Այս տարի մեր գյուղի հարյուրամյակն է, որի կապակցությամբ գյուղի երիտասարդներով որոշել էինք միջոցառումների շարք անել: «Ուսանողի տուն» գալու հարցազրույցի ժամանակ հենց դրանց մասին էի պատմում: Չնայած որ մինչ այս էլ փորձում էինք որոշակի ակտիվություն ունենալ, «Ուսանողի տանը» լինելը շատ բան փոխեց:

 

Գյուղում արդեն թիմ ենք ձեւավորել, նպատակ ունենք առաջիկայում բացել կրթական լսարան, որը խթան կհանդիսանա բնակիչների համար սովորելու թվային գործիքներ, մասնակցել տարբեր կրթական սեմինարների: Այնտեղ ամեն ինչ կազմակերպելու ենք ժամանցային ձեւաչափով, որպեսզի մարդիկ էլ ավելի հաճույքով գան: Արդեն իսկ ունենք այն սենյակը, որտեղ լինելու է ապագա կրթական լսարանը մնում է կահավորել:

Զավեն Թորոսյանը Զավեն Թորոսյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Սյուզաննա. Դիլիջանի մեր երիտասարդական թիմով նպատակ ունենք ստեղծելու հակասրճարան, որը կունենա նաեւ որոշակի կրթական ուղղվածություն: Այլ մտքեր եւս կան, սակայն մինչեւ դրանց իրագործմանն անցնելը դեռ պետք է հմտություններ ձեռք բերենք, ինչն էլ անում ենք «Ուսանողի տանը» կազմակերպվող սեմինարների, դասընթացների շնորհիվ:

 

Շատ եմ ցանկանում, որ կարողանամ այնքան զարգանալ, որ լիարժեք իրագործեմ մարզի հետ կապված նպատակներս՝ դառնալով մասնիկը մեծ փոփոխության:

 

Ծրագրի բարդ, բայց հաջող ընթացքը

 

Մհեր Մկրտչյան, «Հզոր միտք» ՀԿ-ի հիմնադիր նախագահ, «Ուսանողի տուն» գաղափար հեղինակ եւ համահիմնադիր

 

Ծրագրի համար ֆինանսական միջոցներ գտնելը հեշտ չէր: Ամեն ինչ ավելի բարդացավ, երբ սկսվեց համաճարակը: Մի շարք կազմակերպություններ, որ խոստացել էին օգնել, ասացին, որ այլեւս չեն կարող: Որոշ ժամանակ ամեն ինչ փակ էր, բոլորի գործերը վատ էին:

Մհեր Մկրտչյանը Մհեր Մկրտչյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի օր որոշեցի պարզապես գնալ «Ուսանողի տուն»՝ շինարարություն անելու: Հայրս եւս օգնում էր: Ընկերներիցս մարդիկ կային, որ տանն էին ու իրենք էլ միացան: Սկսեցինք միասին աշխատել՝ պատ էինք շարում, պատ էինք ներկում: Այդպես հետզհետե գործն առաջ էինք տանում:

 

Երբ համավարակի տեմպերը թուլացան ու աշխատանքները պետք է հունի մեջ մտնեին, սկսվեց պատերազմը: Պատերազմի ամբողջ ընթացքում մեր թիմով աշխատում էինք ռազմաճակատ օգնություն ուղարկելու, տեղահանվածներին կացարանով եւ սննդով ապահովելու ուղղությամբ: Այս ընթացքում ծրագրի համար կուտակածս գումարը կրկին զրոյացավ:

 

Պատերազմից հետո մի որոշ ժամանակ էլ գործ չէինք անում, թեւաթափ էինք եղել: Հետո հասկացանք, որ միեւնույն է պետք է շարունակել ու մեծ դժվարությամբ վերադարձանք շինարարական աշխատանքներին:

 

Մեր գործն ավելի էր բարդացել, քանի որ ի հայտ էին եկել սոցիալական ավելի ծանր խնդիրներ ու դրանց կողքին համայնքային զարգացման մեր տեսլականը հետին պլան էր մղվում: Այնուամենայնիվ, շարունակեցինք դիմել տարբեր կազմակերպությունների: Ի վերջո, շատերը միացան մեզ ու կարողացանք գործն ավարտին հասցնել: Պետությունից ընդհանրապես աջակցություն չենք ստացել:

 

«Ուսանողի տան» էներգիան ու առաջին ապուրը

 

Աղունիկ. Այստեղ գալու առաջին իսկ օրից ինձ շատ լավ եմ զգացել, մի ընտանիք ենք: Անգամ մաման երբեմն «խանդում էր», զանգում էր հարցնում, թե չեմ կարոտե՞լ տունը, ես էլ ասում էի՝ դե տանն եմ էլի, ինչ է եղել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Շատ եմ սիրում, որ առավոտյան բոլորս միասին նախաճաշում ենք: Դասերից գալուց հետո զրուցում ենք, մեր գյուղերի մասին պատմում, միասին խաղեր խաղում, ֆիլմեր դիտում, տարբեր հանդիպումներ ունենում եւ հետո այդ ամենից էներգիայով լցված անցնում դասերին: Տանն ասում էին, որ ես այստեղ չեմ կարողանալու դասերին պատշաճ ուշադրություն դարձնել, բայց առաջին միջանկյալներիս արդյունքները հակառակն են ապացուցում:

 

Սյուզաննա. Ես շատ դժվար եմ կապեր ստեղծում մյուսների հետ, «Ուսանողի տանը» դա ինքնըստինքյան հաղթահարվեց: Այստեղ մշտապես մեկս մյուսով ենք, միմյանց հանդեպ շատ հոգատար: Փորձում ենք ճիշտ կառավարել ժամանակն ու հասցնել զբաղվել ինչպես դասերով, այնպես էլ ինքնազարգացմամբ: Եթե ինչ-որ առարկան սովորելիս էլ դժվարություններ եմ ունենում, ես գիտեմ, որ այստեղ կան 15 հոգի, որ ամեն ինչով պատրաստ են աջակցել:

Լուսանկարը` Մեդիամաքս

Աղունիկ. Իմ ամենասիրելի վայրերից է խոհանոցը, որովհետեւ ես եւ´ համեղ սնվել եմ շատ սիրում, եւ´ զրուցել, իսկ խոհանոցում միշտ էլ զրուցակից կգտնես: Այստեղ նաեւ ինքնուրույնություն ենք սովորում, ճաշ ենք եփում, հարթուկ ու լվացք անում:

 

Առաջին ապուրը երբ պատրաստեցի ու տղաները պետք է փորձեին, մտածում էինք, թե «սաղ» չեն մնա, (ծիծաղում է՝ հեղ.), բայց ամեն ինչ բարեհաջող անցավ, տպավորությունները լավն էին, միայն աղն էր մի քիչ պակաս:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մյուս բոլոր մարզաբնակ երիտասարդները, որոնք կցանկանան գալ այստեղ ու որոշ հարցեր կունենան, կարող են գրել մեզ, սիրով կպատմենք մեր առօրյայի մասին:

 

Գաղափարակիցները դեռ կարող են օգնել

 

Մհեր. Այս պահին եւս կիսատ բաներ կան: Դեռեւս չենք ավարտել 3 սենյակի վերանորոգում, գրադարանում ցանց պետք է տեղադրենք՝ ընթերցասրահը մեծացնելու համար: Ունենք նաեւ ջեռուցման եւ տեխնիկական հագեցվածության խնդիր: Որոշակի կահույքի պակաս եւս կա: Նաեւ շարունակում ենք համալրել գրադարանը:

 

Ինքնածածկման համար գումար ենք հաշվարկել, որը վճարում են «Ուսանողի տան» բնակիչները: Այս պահին դա քիչ է օգնում, որովհետեւ դեռեւս 16 ուսանող ունենք: Կարծում եմ, որ 40 ուսանողի համալրումից հետո առաջնային ծախսերը կկարողանանք ծածկել:

 

Լրացուցիչ ծախսերը հոգալու համար առաջիկայում գուցե գրադարանի տարածքը որոշակի ժամերի տրամադրենք որպես co-working space մեր գաղափարը կիսող մարդկանց համար:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ստելլա. Առաջիկայում ուսանողներից ձեւավորելու ենք նաեւ տարբեր թիմեր, որոնք հետագայում կկարողանան ծառայություններ մատուցել հիմնականում սոցիալական մեդիա մարքեթինգի տիրույթում: Այս կերպ ուսանողները եւ´ գումար կվաստակեն, եւ´ ֆինանսապես կօգնեն համայնքային ծրագրերի իրագործմանը:

 

Դեպի համայնքներ

 

Մհեր. Ունենք երիտասարդներ, որ սովորում են տուրիզմի բաժնում: Իրենց հետ կազմակերպում ենք արշավներ, այցելում գյուղեր, ծանոթանում տեղի երիտասարդությանը, ազգային պարեր պարում: Նման արշավները օգնում են նաեւ մեր ընդհանուր նպատակին, այն է՝ երիտասարդների մեջ ձեւավորել միջհամայնքային կապեր, ստեղծել մեծ ցանց, որով նրանք կկարողանան փոխադարձ օգնությամբ զարգացնել համայնքները:

Լուսանկարը` «Ուսանողի տան» արխիվից

Զավեն. Նոյեմբերի 14-ին գյուղում ունեցանք ենք «Պարեր սարերում. արշավ դեպի Չաթինդարի ջրվեժ» միջոցառումը: Գաղափարն առաջացել էր այն ժամանակ, երբ արշավել էինք Ձորավանք գյուղ: Տեսանք, թե գյուղը ոնց է ակտիվանում, ինչ օգուտներ է ստանում, դրա համար էլ որոշեցինք մեր գյուղում եւս կազմակերպել:

 

Գյուղից գնալը չեմ ողջունում, որովհետեւ հզոր հայրենիքը սկսվում է մարզերից: Եթե մտածենք, որ Երեւանում ավելի լավն են պայմաններն ու գյուղը թողնենք, գյուղում մնացողների կյանքն էլ ավելի կբարդացնենք: Ով սիրում է իր գյուղը, պիտի մնա, Երեւանում սովորելիս էլ կապը պահի, տարբեր ծրագրեր իրականացնի, ֆինանսավորի, որ համայնքը զարգանա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Այս հարցում «Ուսանողի տունը» շատ է օգնում: Իմ օրինակով կարող եմ ասել, որ մինչ այստեղ գալը մտածում էի, որ բանակից վերադառնալուց հետո միայն կզբաղվեմ գյուղով: Հետո, երբ տեսա տարբեր համայնքներից եկած ուսանողների, որոնք պատմում էին իրենց գյուղերից, կիսվում իրենց գաղափարներով, ես էլ մոտիվացվեցի ու սկսեցի դա փոխանցել համայնքի մյուս երիտասարդներին, որ իրենք էլ տեսնեն գյուղի մեծ հնարավորությունները: Յուրաքանչյուրս մեր օրինակով պետք է ձգտենք վարակել մյուսներին:

 

«Ուսանողի տունը» շարունակում է ընդունել մարզաբնակ ուսանողների: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել համապատասխան հայտը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել +374 98 980031 հեռախոսահամարով:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ հեղինակի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին