Էկոմշակույթ կերտողները կամ թափոնների ճակատագիրը մարզերում - Mediamax.am

exclusive
3801 դիտում

Էկոմշակույթ կերտողները կամ թափոնների ճակատագիրը մարզերում


Լուսանկարը` Աննա Արշակյանի անձնական արխիվից

Աննա Արշակյանը
Աննա Արշակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Գայանե Կարապետյանը
Գայանե Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Գայանե Կարապետյանի անձնական արխիվից

Լիլիթ Օհանյանը
Լիլիթ Օհանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Լուսանկարը` Լիլիթ Օհանյանի անձնական արխիվից

Սուսաննա Գեւորգյանը
Սուսաննա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Սուսաննա Գեւորգյանի անձնական արխիվից


Տարիներ առաջ մի խումբ երիտասարդների կողմից Երեւանում մեկնարկեցին թափոնների հավաքման ակցիաներ, որ վերաճեցին պարբերական նախաձեռնությունների՝ «Թուղթը աղբ չէ, պլաստիկը եւ ապակին՝ նույնպես», կարգախոսով:

 

Ակցիաներն իրականացնող «Էկո աղբ» հասարակական կազմակերպությունը հետզհետե ընդլայնում է դրանց կազմակերպման աշխարհագրությունը, որի մարզային տարածման գործում մեծ դեր ունեն տարբեր համայնքների բնակիչներ:

 

Մեդիամաքսը զրուցել է մի քանի երիտասարդների հետ, որոնք սեփական նախաձեռնությամբ մեկնարկել են նմանատիպ ակցիաներ հայրենի համայնքներում՝ առաջարկելով նորացված մոտեցումներ: 

 

Նոր մշակույթ Տաթեւի բնակիչների համար

 

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ուսանող Աննա Արշակյանը 13 տարի է ապրում է Սյունիքի մարզի Տաթեւ գյուղում: Իտալիայում սովորելու ընթացքում նրա ուշադրությունը հատկապես գրավել է աղբի տեսակավորման մշակույթը, որը Հայաստանում եւս տեսնելը կարծես երազանք է դարձել: Ծանոթանալով Երեւանում «Էկո աղբ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող թափոնների հավաքման ակցիաներին՝ 2019 թվականից Աննան նմանատիպ նախաձեռնություն է սկսել Տաթեւում:

Աննա Արշակյանը Աննա Արշակյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ինձ միացան «Տաթեւի երիտասարդական կենտրոնի» կամավորները, միասին սկսեցինք շրջել գյուղի տներով ու պատմել մեր մտահղացման, աղբի տեսակավորման եւ թափոնների վերամշակման կարեւորության մասին:

 

Հավաքում էինք բակերում թափված պլաստիկը՝ օրինակ ծառայելով բնակիչների համար եւ հորդորելով, որ այլեւս չնետեն դրանք, լվանան, փոքրացնեն ծավալը ու հանձնեն մեզ:

 

Մարդիկ սկսեցին հավաքել պլաստիկ, պոլիէթիլենային տոպրակներ, նաեւ թուղթ, որը նրանցից վերցնելուց հետո պահում ենք համայնքապետարանի կողմից մեզ տրամադրված ժամանակավոր տարածքում՝ մի կիսակառույց շենքում:

 

Քանի որ թափոնների տեղափոխումը դեպի վերամշակման գործարաններ շատ ծախսատար է, առայժմ սպասում ենք, որ կուտակվի մոտ 300 կգ, որովհետեւ մեծ ծավալի առկայության դեպքում գործարանը կկարողանա մեքենա ուղարկել՝ թափոնների տեղափոխման համար: Կարծում եմ՝ այս տարվա ապրիլին արդեն իսկ կկարողանանք հավաքված թափոնները հանձնել վերամշակման:

 

Գյուղի բնակիչներին ոգեւորելու համար ընտանիքներին միավորներ ենք շնորհում՝ ըստ հանձնած պլաստիկի ծավալի: Ամանորին ընդառաջ, հաշվի առնելով տարվա ընթացքում նրանց հավաքած միավորները, նվիրեցինք վերամշակված պլաստիկից պատրաստված կենցաղային իրեր՝ գոգաթիակներ, կախիչներ, դույլեր: Բնակիչները հաճելիորեն զարմացած էին, չէին սպասում նման անակնկալի:

Լուսանկարը` Աննա Արշակյանի անձնական արխիվից

Մեր նպատակն է՝ գյուղի յուրաքանչյուր բնակիչ գա այն գիտակցության, որ թափոնները աղբը չնետելը ու բնության մաքրության մասին հոգ տանելը իր սեփական պատասխանատվությունն է:

 

Թափոնների հավաքներ Սեւանի դպրոցներում

 

Երեւանի պետական համալսարանի ուսանող Գայանե Կարապետյանը «Էկո աղբ»-ի նախաձեռնություններին ծանոթ էր հենց դրանց մեկնարկի օրվանից: Երեւանում լինելով ակցիայի կամավոր, որոշել է նմանատիպ նախաձեռնությամբ հանդես գալ Սեւան քաղաքում՝ 2019 թվականի սեպտեմբերից աշխատանք սկսելով դպրոցականների հետ:

Գայանե Կարապետյանը Գայանե Կարապետյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Նախաձեռնությունը մեկնարկեցինք Սեւանի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցից: Այն իրականացրինք «Էկո աղբի», Սեւանի քաղաքապետարանի եւ Armenian Open Society-ի հետ համատեղ:

 

Դպրոցի աշակերտներին պատմեցինք թափոնների ու վերամշակման մասին, այնուհետեւ օր նշանակեցինք ու հանձնարարեցինք նշված օրը դպրոց գալ թափոններով՝ թղթով եւ պլաստիկով:

 

Այդ օրը աշակերտների օգնությամբ տեսակավորեցինք նրանց բերած թափոնները, այնուհետեւ գնացինք Սեւանա լճի ափ՝ տարածքը մաքրելու:

 

Նույն օրը «Էկո աղբը» ակցիա էր իրականացնում Գավառում, թափոններ տեղափոխող մեքենան անցավ Սեւանով եւ տարավ նաեւ մեր տեսակավորած թուղթն ու պլաստիկը:

 

Մոտ երկու ամիս անց նույնատիպ ակցիա կազմակերպեցի նաեւ ավագ դպրոցի աշակերտների հետ, որոնք իրականում ավելի պասիվ էին:

Լուսանկարը` Գայանե Կարապետյանի անձնական արխիվից

Առաջիկայում կփորձեմ ավելի մեծ նախաձեռնությամբ հանդես գալ իմ հայրենի Ծաղկունք գյուղում: Ամենաբարդը թափոնների տեղափոխման կազմակերպումն է, որի համար փորձում եմ օպտիմալ լուծումներ մտածել:

 

«Մուտքը պլաստիկով» նախաձեռնությունը Դպրաբակում

 

Դպրաբակ գյուղի բնակիչ, «Բումերանգ կրեատիվ կենտրոնի» հիմնադիր Լիլիթ Օհանյանը, տեսնելով Երեւանում տեղի ունեցող ակցիաները, որոշում է միանալ շարժմանը: Քանի որ գյուղն ունի իր առանձնահատկություններն ու կարծրատիպերը, թափոնների հավաքման դասական դարձած ձեւն այստեղ հազիվ թե արդյունավետ աշխատեր, եւ նա կենտրոնի անդամների հետ համատեղ նոր ձեւաչափ է մշակում:

Լիլիթ Օհանյանը Լիլիթ Օհանյանը

Լուսանկարը` անձնական արխիվ

Մեր հասարակական կազմակերպությունը գյուղում պարբերաբար մշակութային միջոցառումներ է կազմակերպում: Մտածեցինք, որ դրանց մուտքը կարող է թափոններով լինել:

 

Այս գաղափարով դիմեցինք Awesome հիմնադրամին եւ շահեցինք $ 1000` ծրագիրն իրականացնելու համար: Արդեն մեկ տարի է, որ Դպրաբակի եւ հարակից գյուղերի երեխաների համար տարբեր միջոցառումներ ենք կազմակերպում՝ թատերական ներկայացումներ, ժամանցային ինտելեկտուալ խաղեր, նկարչության օրեր, որոնց մասնակցելու համար նրանք որպես մուտքավճար բերում են պլաստիկ, ապակյա տարաներ կամ թուղթ:

 

Հավաքված ապակյա տարաները վերաօգտագործման ենք հանձնում հենց գյուղում, իսկ թուղթը եւ պլաստիկը հավաքում ենք պահեստում՝ մեծ ծավալի հասցնելուց հետո վերամշակման հանձնելու նպատակով:

Լուսանկարը` Լիլիթ Օհանյանի անձնական արխիվից

Պարբերական ակցիաներ Եղվարդում

 

Եղվարդի բնակիչ, Երեւանի պետական համալսարանի ասպիրանտուրայի ուսանող Սուսաննա Գեւորգյան «Էկո աղբի» նախաձեռնություններին ծանոթացել է հասարակական կազմակերպության համահիմնադիր Հռիփսիմե Մկրտչյանի միջոցով: Սուսաննան Եղվարդում նախաձեռնությունը սկսել է դպրոցականների հետ դասընթացներից, այնուհետեւ կազմակերպել համընդհանուր հավաքներ:

Սուսաննա Գեւորգյանը Սուսաննա Գեւորգյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Էկո աղբի» հետ համատեղ դպրոցներում դասընթացներ սկսեցինք, ու աշակերտներն իրենք որոշեցին, որ պետք է արկղեր պատրաստեն, տեղադրեն Եղվարդի 3 դպրոցներում եւ սկսեն թղթե թափոններ հավաքել: Դրանք տեղադրեցինք նախորդ տարվա սեպտեմբերից, եւ մինչեւ այժմ էլ դպրոցներում շարունակում են հավաքել թղթե թափոններ:

 

Ընդհանուր առմամբ Եղվարդում տեսակավորում ենք նաեւ պլաստիկ եւ ապակի, պարբերաբար ակցիաներ ենք կազմակերպում:

Լուսանկարը` Սուսաննա Գեւորգյանի անձնական արխիվից

Առաջին ակցիան 2018 թվականի հոկտեմբերին իրականացրինք: Այդ ժամանակ մասնակիցներն այդքան էլ շատ չէին, բայց հետզհետե մեզ միացան նոր մարդիկ, սկսեցին ողջունել նախաձեռնությունը:

 

Եղվարդի բնակիչներից մեկը մեզ տրամադրեց մասնավոր տարածք, որտեղ այժմ հավաքում ենք թափոնները՝ հետո մեծ ծավալով վերամշակման հանձնելու համար:

 

Յուրաքանչյուր ակցիայից առաջ տեղեկացնում ենք՝ ինչ թափոններ ենք ընդունում, ինչ տեսքով է պետք հանձնել դրանք, եւ մարդիկ իրենք էլ հետզհետե ավելի ուշադիր են դառնում տեսակավորման նկատմամբ:

 

Գայանե Ենոքյան

 

Լուսանկարները՝ հեղինակի եւ հերոսների անձնական արխիվից

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին