Օգոստոսի 12-ին Երեւանում մեկնարկել է «Առաջ միասին» (Armenians Forward Together) համաժողովը։ Գործակցության այս հարթակը յուրահատուկ հնարավորություն է ներկայացնելու գաղափարներ եւ գտնելու դրանով հետաքրքրվող համախոհներ։ Միակ նախապայմանը՝ ծրագիրը պետք է ուղղված լինի Հայաստանի եւ Արցախի զարգացմանը:
Մեդիամաքսը հանդիպել է համաժողովի հիմնադիր-կազմակերպիչներից Թամարա Բաբայանի եւ Ելենա Բիշարյանի հետ՝ զրուցելու 10 ամիս առաջ ազդարարված նախաձեռնության առաջին արդյունքների մասին։
Շոշափելի արդյունքներ կան
Բոստոնում բնակվող համախոհ-ընկերուհիներ Ելենա Բիշարյանը, Թամարա Բաբայանը ու Աննա Ավետիսյանը մեկ տարվա ընթացքում հասցրել են նորաստեղծ գաղափարը ոչ միայն կյանքի կոչել, այլեւ հիմքերն էլ ավելի ամրացնել։
Ընկերուհիները պատերազմից հետո ստեղծել են Armenians Forward Together՝ «Առաջ միասին» նախաձեռնությունը, որի միջոցով ուզում են միավորել Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը նպաստել ցանկացողներին։
Այս նպատակն իրականացնելու գործիքներից մեկը եռօրյա համաժողովն է, որը այս օրերին անցկացվում է Երեւանում։
Նախաձեռնողների համար էլ անսպասելի «Առաջ միասին»-ի մեկնարկի ազդարարումից հետո սկսեցին հայտնվել առաջին համախոհները եւ գրանցվել առաջին արդյունքները։
Լուսանկարը` Մեդիամաքս
«Այս նախաձեռնության առաջին արդյունքներից մեկն այն յուրահատուկ լազերային սարքն է, որը շուտով կտեղափոխվի Զինվորի տուն։ Այդ սարքի շնորհիվ բուժվելու են զինվորների բարդ ու խորը այրվածքները, ինչի շնորհիվ փոխվելու է նրանց կյանքի որակը։ Հուշագիրն արդեն կնքված է, պատրաստվում են սենյակները, որտեղ այն կիրառվելու է։
Սարքից օգտվելու համար մենք նաեւ վերապատրաստում ենք այն մասնագետներին, որոնք կկարողանան այդ սարքով բուժում իրականացնել։ Նրանք սովորելու են Հարվարդում եւ իրենց գիտելիքն ու փորձը բերեն Զինվորի տուն»,- պատմում է Ելենա Բիշարյանը։
Սարքը բավականին թանկարժեք է եւ այն ձեռք է բերվել՝ «Հրեշտակի դեմք» կազմակերպության հետ գործակցության շնորհիվ։ Հարվարդի MGH հիվանդանոցի առաջատար պրոֆեսորներից Լիլիթ Ղարիբյանը, որը վաղուց փորձում է լազերային տեխնիկան ներմուծել հայաստանյան բժշկական ոլորտ, պատերազմից հետո է բարձրաձայնել՝ սարքը գերանհրաժեշտ է։
«Լիլիթը որոշեց դրամահավաք կազմակերպել այդ լազերը գնելու համար, որովհետեւ այն ոչ միայն շատ թանկ է, այլ եզակի եւ դժվարությամբ ձեռք բերվող սարքավորում։
Մինչ հավաքվում էր գումարը, մենք այստեղ կապ հաստատեցինք Զինվորի տան հետ»։։
Աշխատում ենք բոլորի հետ
Համաժողովի հիմնադիրներից Թամարա Բաբայանն արձանագրում է՝ իրենք աշխատում են մեծ ու փոքր, հին ու նոր կազմակերպությունների ու մարդկանց հետ։
«Մենք պատմեցինք լազերային սարքի մասին, եւ թյուր կարծիք կարող է ստեղծվել, թե այս նախաձեռնությանը կարելի է ներկայացնել միայն նման գաղափարներ եւ այնպիսի ծրագրեր, որ գործակցես, օրինակ, Հարվարդի համալսարանի հետ։ Ամենեւին։ Մենք բաց ենք բոլոր այն անհատների եւ կազմակերպությունների առջեւ, որոնք ունենք լավ գաղափարներ՝ զարգացնելու Հայաստանը, իրենց ներդրումն ունենալու Հայաստանի՝ մարզային կյանքի, կրթության, մշակույթի, առողջապահական ու շրջակա միջավայրի զարգացման գործում։
Լուսանկարը` Մեդիամաքս
Մենք համոզված ենք, որ սովորական մարդիկ շատ բան կարող են անել եւ փոխել Հայաստանի կյանքում, մեզանից յուրաքանչյուրը կարող է օգտակար լինել, կարող է անել ավելին եւ փոփոխություններ բերել, իր ներդրումն ունենալ երկրի զարգացման գործում»,- ասում է Թամարան ու արձագանքում՝ իրենց դերն այդ մարդկանց եւ Սփյուռքում եղած ռեսուրսների կամրջումն է։
Համաժողովի ձեւաչափը նորություն է
Համաժողովն անցկացվում է աշխատարանների ձեւաչափով՝ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Գերմանիայից ներկա մասնակիցներով։ 250 մասնակիցները 8 երկրից են, նրանց շարքում եւ հայտնի կազմակերպությունների ներկայացուցիչներ են, եւ պատերազմի ժամանակ ձեւավորված նոր նախաձեռնությունների անդամներ։
Համաժողովի առաջին օրը 16 կազմակերպություններ են ներկայացրել իրենց ծրագրերը եւ գործակցության հնարավորությունները: Հաջորդող երկու օրերին շուրջ 12 անհատներ եւ կազմակերպություններ կքննարկեն եւ կմշակեն նոր նախագծեր:
«Մեր նախաձեռնությունը պետք է դիտարկել ոչ թե որպես Հայաստան-Սփյուռք կամուրջ, այլ ցանց։ Կարեւոր չէ՝ որտեղ ենք մենք ապրում, կարեւոր է, որ մեր երկիրն ապրի եւ բարգավաճի։ Հայաստանից ներկայացվող ծրագրերն իրականացնելու ռեսուրսները մենք գտել եւ գտնում ենք մեր անձնական ազդեցությամբ եւ կապերով։
Ողջունում ենք ցանկացած կազմակերպության եւ անհատի մասնակցությունը մեր հարթակին։ Մեր երկու սկզբունքներն են՝ բաց եւ անկաշկանդ համագործակցություն, համահայկական գործակցություն։ Մենք կաշկանդված չենք քաղաքական, խմբային, անձնական շահերով եւ լիովին բաց ենք ցանկացած գործակցության համար, ցանկացած բնագավառում»,- մեկնաբանում է Ելենա Բիշարյանը։
Մասնակցության փուլերը
Նախ պետք է ծրագրին հայտ ներկայացնել՝ ի՞նչ ես ուզում անել, ինչո՞ւ եւ ի՞նչ առաքելությամբ։ Հայտը ստանալուն պես «Առաջ միասին»-ի հիմնադիրները սկսում են այն ուսումնասիրել եւ, եթե այն վերամշակման կարիք ունի, մշակել, եթե փոփոխելու՝ առաջարկում են փոփոխությունները։
«Ծրագիրը ուսումնասիրում ենք եւ փորձում գտնել գործակցության անհրաժեշտ մասը։ Եթե ինչ-որ հայտ ենք ստանում, որն առհասարակ չի համապատասխանում մեր ձեւաչափին, ապա պատասխանում ենք, որ նախաձեռնությունը հետաքրքիր է, բայց մենք չենք տեսնում, թե դա ինչպես է ուղղվելու կարիքների բավարարմանը, երկրի զարգացմանը եւ խնդրում ենք մանրամասնել։
Լուսանկարը` Մեդիամաքս
Երբ հասկանում ենք, որ գաղափարը լավն է, փորձում ենք գտնել այն միջոցը, որի շնորհիվ կկարողանանք օգնել կյանքի կոչելու այն։ Կարող եք հարցնել, ինչո՞ւ մենք միանգամից չենք մտահղանում տարբեր գաղափարներ եւ կյանքի կոչում։ Որովհետեւ կարծում ենք, որ Հայաստանի ներսում բնակվողն ավելի լավ գիտի խորքային խնդիրները, ավելի լավ է հասկանում հասարակության կարիքները։
Մենք շատ կազմակերպություններ ենք ճանաչում Հայաստանում, որոնք ռեսուրսների կարիք ունեն, եւ ճանաչում ենք շատ կազմակերպություններ Հայաստանից դուրս, ովքեր փորձում են օգնել Հայաստանին։ Մեր աշխատանքի շնորհիվ կարողանում ենք կապել կարիքը միջոցի հետ, եւ արդյունքում ստացվում են այնպիսի գործակցություններ, որոնք կարող են պտղաբեր լինել հետագայի համար»,- մեկնաբանում է Ելենան։
Լուսին Մկրտչյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: