Creative Armenia մշակութային հիմնադրամի Artbox ստեղծարար ինկուբատորը սկսել է աշխատանքը:
Artbox-ի նպատակն է աջակցել արվեստի ոլորտի՝ պոտենցիալ շահութաբերություն ունեցող նախագծերին, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին: Այլ կերպ ասած՝ արվեստագետներին սովորեցնել ոչ միայն ստեղծել, այլեւ ճիշտ փաթեթավորել ու վաճառել իրենց արվեստը:
Ստեղծարար ինկուբատորը մշակվել է ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD ) ծրագրի աջակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության ու Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության կողմից, իրականացվում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից:
«Artbox-ը մեկնարկում ենք մեծ սպասումով եւ շնորհակալ ենք ինչպես դրա իրականացմանն աջակցողներին, այնպես էլ մեր արվեստագետներին, առանց որոնց ոչինչ չէր լինի», - մեկնարկն ազդարարող առցանց միջոցառմանն ասել է Creative Armenia մշակութային հիմնադրամի ծրագրերի տնօրեն Անուշ Տեր-Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ առաջին Artbox-ի համար ընտրվել են 29 արվեստագետներ՝ երաժշտության, նորաձեւության, զբոսաշրջության ու այլ ոլորտների նախագծերով:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Սա մասնակիցների համար իրենց գաղափարներն առաջ մղելու լավ հնարավորություն է ու շատ ուրախ ենք աջակցել այդ հնարավորությանը», - ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործության բաժնի պետ Ֆրանկ Հեսսը:
«Հայաստանը կրեատիվ արդյունաբերության ոլորտում մեծ ներուժ ունի: Հայերի հնարամտությունն ու ստեղծարարությունն անսպառ է, բայց միաժամանակ սա շատ մրցակցային ոլորտ է աշխարհում: Այնպես որ ներկայացվող գաղափարներն ու բիզնեսները պետք է մրցունակ լինեն: Արվեստագետի համար այդ մրցունակությունն ինքնուրույն ապահովելը, երբեմն, բավական դժվար է: Այս ծրագրի նպատակն է նշված հարցում աջակցել արվեստագետին եւ նպաստել ֆինանսապես կայուն արվեստի բնագավառի զարգացմանը Հայաստանում», - ասել է Ֆրանկ Հեսսը:
Նա կարեւորել է այն փաստը, որ ընտրված 29 արվեստագետների թվում շատ են կանայք. «Կանանց տնտեսական հզորացումն այն առաջնահերթություններից է, որոնց ուզում ենք աջակցել»:
«Creative Armenia հիմնադրամի մեր գործընկերների հետ այսօր սկսում ենք մեծ ճամփորդություն, որի հիմնական նպատակը կենսունակ արվեստի բնագավառի զարգացումն է Հայաստանում: Համոզված ենք՝ այս ծրագիրը կնպաստի նաեւ զբոսաշրջության կայուն զարգացմանը», - ասել է EU4Bussines «Նորարարական տուրիզմի եւ տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» (ITTD) ծրագրի ղեկավար Վիլհելմ Հուգոն:
Լուսանկարը` Creative Armenia
Նա նշել է՝ կրեատիվ գաղափարներից բացի, շատ կարեւոր է զարգացնել նաեւ բիզնես հմտությունները.
«Հաջողության գրավականը հենց դա է: Այս ընթացքում ձեզ կուղեկցեն, իրենց փորձով կկիսվեն համաշխարհային մասշտաբի մասնագետներ: Հուսով եմ՝ հմտությունները, որ ձեռք կբերեք, կնպաստեն ձեր նախագծերի առաջխաղացմանը»:
Լուսանկարը` Creative Armenia
Creative Armenia հիմնադրամի հիմնադիր տնօրեն Կարին Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին համապարփակ աջակցության համար:
«Artbox-ը ծրագիր է, որը մեկնարկել է արվեստագետների ջանքերով՝ ձեր պես արվեստագետների, որոնք փորձում են մշակութային ենթակառուցվածք ստեղծել: Բոլորս հասկանում ենք արվեստի, մուսայի կարեւորությունը, դրա հետ ստեղծվող կապը, որը շատ անձնական է, բայց, ցավոք, այսօր գաղափարի նորարար ու կրեատիվ լինելը բավարար չէ: Պետք է կարողանալ ճիշտ փաթեթավորել այն, մրցունակ դարձնել ու վաճառել: Մեր այս ինկուբատորը, արվեստի տուփիկը՝ Artbox-ը, հենց այդ նպատակն ունի», - ասել է Կարին Հովհաննիսյանը:
Լուսանկարը` Creative Armenia
Նա նշել է՝ Artbox-ը պարզապես ծրագիր չէ, մշակութային ենթակառուցվածք է.
«Սա մշակութային շարժիչ է: Հուսով ենք՝ այն կծառայի ոչ միայն Հայաստանին, այլեւ կստեղծի պարադիգմա այս տարածաշրջանում ու, ինչո՞ւ ոչ՝ աշխարհում»:
Artbox ստեղծարար ինկուբատորի աշխատանքները մեկնարկել են մշակութային բիզնեսի ու կրեատիվ արդյունաբերության ոլորտում 30 տարվա աշխատանքային փորձ ունեցող մենտոր Դեյվիդ Փերիշի աշխատաժողովով.
Լուսանկարը` Creative Armenia
«Անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքին: Միասին պետք է հասկանանք՝ ինչպես համատեղել բիզնեսն արվեստի հետ՝ ձեւավորելով բիզնեսի արվեստ ու արվեստի բիզնես», - ասել է Դեյվիդ Փերիշը:
Artbox ստեղծարար ինկուբատորի աշխատանքներն ընտրված նախագծերի վրա տեւելու են 12 շաբաթ, որից հետո դրանք ներկայացվելու են ներդրողներին:
Յանա Շախրամանյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: