Մոսկվայում նոր հայկական եկեղեցու շինարարությունը մոտենում է ավարտին - Mediamax.am

3998 դիտում

Մոսկվայում նոր հայկական եկեղեցու շինարարությունը մոտենում է ավարտին


Լուսանկարը`


Երեւան, Մեդիամաքս: Ռուս ուղղափառ եկեղեցու ղեկավարությունն ուրախ է, որ Մոսկվայում նոր հայկական եկեղեցու շինարարությունը մոտենում է ավարտին:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, վկայակոչելով ՌԴ Ազգային նորությունների գործակալությունը, այդ մասին ասել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի արքեպիսկոպոս Իլարիոնը Մոսկվայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում:

 

Նա հատուկ ընդգծել է, որ Հայաստանը առաջին երկիրն է, որն ընդունել է քրիստոնեությունը: 

 

«Դա տեղի է ունեցել 301 թվականին, եւ այդ պահից Սուրբ Գրիգոր Լուսավորչի քարոզչության շնորհիվ, ում փառաբանում է ամբողջ քրիստոնեական աշխարհը, սկսվել է Հայաստանի քրիստոնեական պատմությունը, որը շարունակվում է մինչ օրս, չնայած բազմաթիվ փորձություններին, որոնք բաժին են ընկել հայ ժողովրդին»,- ասել է միտրոպոլիտ Իլարիոնը:

 

“Հայ ազգը մարտիրոս է, քանի որ հայերը տանջվել են, նախեւառաջ, իրենց քրիստոնեական հավատքի համար”,- ասել է արքեպիսկոպոս Իլարիոնը: “Եվ, չնայած բազմաթիվ փորձություններին, որոնք դարերի ընթացքում խլել են միլիոնավոր կյանքեր, հայ ժողովուրդը ամուր է պահել եւ շարունակում է պահպանել իր հավատքը”:

 

«Այսօր շատ հայեր ապրում են Ամերիկայում, Արեւմտյան Եվրոպայի երկրներում, սակայն հայտնի է, որ հայկական սփյուռքի ամենամեծ մասն ապրում է Ռուսաստանում, եւ հենց Ռուսաստանն է ապաստան տվել ամենամեծ թվով հայերի, ովքեր տարբեր տարիներին ստիպված են եղել տեղափոխվել իրենց հարազատ հողից»,- նշել է Մոսկվայի Պատրիարքարանի արտաքին եկեղեցական կապերի բաժնի նախագահը:

 

«Շատ բնական է, որ հայ ճարտարապետների ձեռքերով այստեղ կառուցվում է Հայ առաքելական եկեղեցու տաճարը: Մենք հետեւում ենք այդ շինարարությանը, ուրախանում, որ այն մոտենում է ավարտին, եւ շուտով հայ համայնքն այստեղ կունենա իր հոգեւոր տունը, որը ձգողության կենտրոն կդառնա Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ հետեւորդների եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչների համար»,- ասել է արքեպիսկոպոս Իլարիոնը:

Մեր ընտրանին