«Դեպի վեր»՝ մրցույթ ապագան տեսնող գրողների համար - Mediamax.am

exclusive
1329 դիտում

«Դեպի վեր»՝ մրցույթ ապագան տեսնող գրողների համար


Վան Խաչատուրի աշխատանքների ցուցահանդեսում
Վան Խաչատուրի աշխատանքների ցուցահանդեսում

Լուսանկարը` Մեդիամաքս


Ֆենտեզի եւ գիտաֆանտաստիկա ժանրերում #Armcon2021 համահայկական 3-րդ գրական մրցույթն այս տարի անցկացվում է «Դեպի վեր» խորագրով։ Մրցույթը հայտարարվել է մայիսի 1-ին, աշխատանքներն ընդունվելու են մինչեւ օգոստոսի 1-ը։ Լավագույն 15 աշխատանքը, «Բուկինիստ» գրախանութի աջակցությամբ, կտպագրվի ժողովածուի տեսքով:

 

Երազելու մասին

 

Առաջին մրցույթը տեղի է ունեցել 2008թ.-ին: Այն նախաձեռնել էին ժանրի սիրահարներ Ֆրունզ Հարությունյանը եւ Ստեփան Սմբատյանը:  2013թ.-ին տեղի է ունեցել երկրորդ մրցույթը: Այն ժամանակ ամբողջ աշխարհը քննարկում էր մայաների օրացույցով «նախատեսված» աշխարհի վերջը, եւ մրցույթի խորագիրն էր, համապատասխանաբար, «Ինչու՞ աշխարհի վերջ չեղավ»:

 

Պատերազմից հետո մրցույթի նախկին տարիների մասնակից Արսեն Թավադյանը Ֆրունզ Հարությունյանին առաջարկել է վերսկսել մրցույթը: Որպես խորագիր ընտրել են «Դեպի վեր»-ը` որպես առաջընթացի լոզունգ:

 

«Վերջին տարվա ամբողջ նեգատիվի մեջ լուսավոր կետի պահանջ կար: «Դեպի վեր» խորագիրը նշանակում է, որ զարգացումը չի կանգնել, հաղթանակները եւ ձեռքբերումները դեռ առջեւում են: Ֆենթեզի եւ գիտաֆանտաստիկա ժանրերը միշտ երազելու մասին են եղել: Որեւէ առաջընթաց, առանց երազանքի, հնարավոր չէ»,- ասում է Արսեն Թավադյանը:

 

Հասարակության զարգացման կարեւոր ցուցիչ

 

Armcon-ի կազմակերպիչները վստահ են, որ նման մրցույթները միտված են ոչ միայն գրականության որոշակի ժանրի զարգացմանը, այլեւ ավելի լայն հասարակական նշանակություն ունեն։

 

Ըստ նրանց՝ ֆենթեզին եւ գիտաֆանտաստիկան պարզապես արկածային գրականություն չեն, այլ հասարակության զարգացման կարեւոր ցուցիչ, քանի որ անդրադառնում են թեմաների, որոնք ապագային, պրոգրեսին են միտված, հարցադրումներ են անում, որոնք օրեցօր ավելի արդիական են դառնում եւ, ի վերջո, զարգացնում են մարդկային երեւակայությունը։

 

Հենց այդ մտայնությամբ՝ այս տարվա մրցույթի լոգոյի եւ պաստառի հիմք է դարձել խորհրդահայ ճարտարապետ եւ քանդակագործ Վան Խաչատուրի «Ապագայի քաղաք» կոնցեպտուալ էսքիզների շարքը։

 

Մասնակցության պայմանները

 

#Armcon2021-ին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր բոլոր սկսնակ ու հմուտ ֆանտաստ ստեղծագործողները:

Մեկ մասնակիցը կարող է անսահմանափակ թվով աշխատանքներ ներկայացնել։ Աշխատանքը պետք է համապատասխանի մրցույթի կարգախոսին։  Այլ մրցույթներին ներկայացվող, ներկայացված կամ նախկինում հրապարակված աշխատանքները (ներառյալ սոցիալական ցանցերում) չեն կարող ներկայացվել մրցույթին:

 

Աշխատանքի ծավալը պետք է լինի նվազագույնը 15 հազար նիշ, առավելագույնը` 30 հազար նիշ, ներառյալ բացատները: Պայմանների մանրամասները հասանելի են մրցույթի կայքում։

 

Ընտրող թիմը

 

Աշխատանքները գնահատելու են այս ժանրերի գրողներ եւ «մասնագիտացած» ֆաներ:

 

«Ցավոք, վերջին տարիներին Հայաստանում այս ժանրերի պոպուլյարությունը նվազել է, բարդ է գտնել համապատասխան հետաքրքրություններ ունեցող անձանց: Բայց կարողացել ենք հավաքել շատ հետաքրքիր թիմ, որը պատվով կգնահատի ներկայացված աշխատանքները»,- ասում է Արսեն Թավադյանը:

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին