2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի համար «որոշիչ կլինի» - Mediamax.am

2023 դիտում

2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի համար «որոշիչ կլինի»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր այցելել են Հայկական ատոմակայան կատարած այցի ընթացքում:

ՀԱԷԿ-ի արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն է «Ռուսատոմ սերվիս» ընկերությունը, որը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի խմբի մաս է կազմում:

 

«Ռոսատոմ»-ի հաղորդագրության մեջ ասված է, որ «2021 թվականը Հայկական ԱԷԿ-ի  եւ ընդհանրապես Հայաստանի ատոմային էներգետիկայի զարգացման համար որոշիչ է լինելու»։

 

«Անցած տարին հեշտ չէր համաճարակի պատճառով, բայց մենք շատ բան արեցինք հայ մասնագետների հետ համատեղ ջանքերով: Իրականացվել է մեծ ծավալի աշխատանք. ավարտվել է տուրբագեներատորի հիմնանորոգումը, ռեակտորի կառավարման եւ պաշտպանության համակարգերի կրիչների գործիքային փորձաքննություն, ստուգվել են մետաղի ոչ քայքայիչ վերահսկողության գործիքները: Կայանը նախապատրաստվել է ռեակտորի ակտիվ գոտու վթարային հովացման համակարգի արդիականացմանն ու իրանի վերականգնողական թրծաթողմանը», - ասել է «Ռուսատոմ սերվիս»-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

 

Այս տարի կայանի պլանային կանխարգելիչ նորոգումը (ՊԿՆ-2021) կտեւի սովորականից ավելի երկար: Հայկական ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 141 օրով: Նման երկարատեւ անջատումը պայմանավորված է կայանի արդիականացմանն ուղղությամբ մնացած աշխատանքներն ավարտելու անհրաժեշտությամբ, որոնց թվում կարեւոր տեղ է զբաղեցնում ռեակտորի իրանի թրծաթողումը:

 

«Կայանի անջատումից առաջ անհրաժեշտ է արդիականացնել ռեակտորային դահլիճի 250 տոննանոց կռունկները, որոնք անհրաժեշտ են թրծաթողման կայանքի տեղադրման համար: Անհրաժեշտ կլինի նաեւ ռեակտորից բեռնաթափել վառելիքը եւ ծանրակշիռ սարքավորումը», - ասել է կայանի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը:

 

«Այս տարի ծրագրված բոլոր գործողությունները հաջողությամբ իրականացնելուց հետո Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն երկարաձգելու է կայանի շահագործման լիցենզիան մինչեւ 2026 թվականը: Բացի այդ, թրծաթողման գործընթացն իրականացնելու արդյունքում կվերականգնվեն ռեակտորի իրանի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները, եւ կայանը հնարավոր կլինի շահագործել նաեւ 2026 թվականից հետո», - ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին