1943 թվականին Փարաքարի բնակիչները որոշում են գյուղի կենտրոնական հրապարակում աղբյուր տեղադրել եւ խնդրում են Ռաֆայել Իսրայելյանին ձեւավորել այն: Ճարտարապետը որոշում է աղբյուրը նվիրել «Հայրենական պատերազմի փարաքարցի քաջարի մարտիկներին»: Այս տուֆակերտ աղբյուր-հուշարձանով Ռաֆո Իսրայելյանը նոր՝ հուշաղբյուր-հուշակոթողների ժանրն է ստեղծում:
Իսրայելյանի նախագծած հուշաղբյուրները բազմաթիվ են ամբողջ Հայաստանում: Դրանց էսքիզների մի մասը դեկտեմբերի 16-ից ցուցադրվում է Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում: «Քարն ու ջուրը» խորագրով ցուցահանդեսը նվիրված է Իսրայելյանի ստեղծագործության կարեւոր ու յուրահատուկ մի հատվածին:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Քարն ու ջուրը բնության մասնիկներն են, բայց իրար հակասող, հակադրված: Քարը մշակվում, դառնում է ճարտարապետություն: Ճարտարապետությունն է դառնում բնության մաս: Քարը տղամարդկային էությունն է, ջուրը՝ կանացի, քարն ապագան է, ջուրը՝ ներկան կամ անցյալը: Բնության մեջ միանալով՝ այս երկուսը կազմում են մի ընդհանրություն, որը շատ լավ երեւում է Ռաֆայել Իսրայելյանի ամբողջ ստեղծագործության մեջ ու մասնավորապես՝ այս հուշաղբյուրներում: Ցուցադրությունը սկսեցինք պարզ հուշաղբյուներից, բարդացրինք ու հասանք, շատ պայմանականորեն ասած, Մուսա լեռան հուշարձան-թանգարանին:
Լուսանկարը` Մեդիամաքս
Վերջին 4 էսքիզների վրա տեսնում ենք գաղափարների «խոհանոցը», թե ինչպես էինք այդ գաղափարները ծնվում, բարդանում»,-ասում է թանգարանի տնօրեն Մարկ Գրիգորյանը:
Ռաֆայել Իսրայելյանին զուգահեռ այլ ճարտարապետներ եւս սկսում են կառուցել հուշաղբյուրներ: Դրանք արագ ու սահուն մտան հայ ճարտարապետություն:
Լուսանկարը` Մեդիամաքս
Ռաֆո Իսրայելյանի ընտանիքը նրա հսկայական արխիվն 2020թ. սեպտեմբերին փոխանցել էր Ճարտարապետության թանգարան: Արխիվի ուսումնասիրությունը, մշակումն ու թվայնացումը երկար աշխատանք է: Թանգարանը որոշել է հանրության հետ կիսվել մի փոքրիկ հատվածի ուսումնասիրությամբ:
Ճարտարապետի թոռը՝ Արամ Ղանալանյանը, ում նախաձեռնությամբ արխիվը հանձնվել է թանգարան, ասում է, որ այն երբեք ամբողջական չի ուսումնասիրվել: Հուսով է, որ այսուհետ պետությանը կզբաղվի Իսրայելյանի ժառանգության ուսումնասիրության ու հանրահռչակման կարեւոր գործով:
Լուսանկարը` Մեդիամաքս
«Շատերը փոքր թվով շինություններ են ասոցացնում Իսրայելյանի հետ, բայց նրա արխիվն ահռելի է: Անգամ ինձ համար պատկերացնելի չէր ամբողջ ծավալը: Շատ մեծ քանակ են կազմում չիրականացած կառույցները, որոնք կարող են այսօր էլ ոգեշնչման աղբյուր դառնալ: Դրանք իրագործելի կառույցներ են, որոնք կպահպանեն ե՛ւ հայեցիությունը, ե՛ւ Իսրայելյանի ոճը, որը շատ փոքր մասով է իրացվել ոչ ազգային խորհրդային իշխանությունների պատճառով:
Լուսանկարը` Մեդիամաքս
Նրանք գերադասում էին ավելի չեզոք կառույցներ, իսկ Իսրայելյանի ամբողջ ճարտարապետական ուղղին, դպրոցը, աշխարհայացքը, մոտեցումներն ազգային, հայկական միջնադարյան ճարտարապետության վրա էին հիմնված»,-ասում է Արամ Ղանալանյանը:
Ռաֆայել Իսրայալյանի ընտանիքն առաջիկայում Ճարտարապետության թանգարանին կհանձնի նաեւ արխիվի մնացած մասը՝ գրավոր նյութերը:
Լուսինե Ղարիբյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: