Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան բիզնեսին համաձուլվածքների արտադրման բացառիկ տեխնոլոգիա է առաջարկում - Mediamax.am

exclusive
5289 դիտում

Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի լաբորատորիան բիզնեսին համաձուլվածքների արտադրման բացառիկ տեխնոլոգիա է առաջարկում


Սեդա Դոլուխանյան
Սեդա Դոլուխանյան

Լուսանկարը` Անձնական արխիվից


«ՀՀ ղեկավարությունը ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ գիտությունը եւ գիտության վրա հիմնված տնտեսությունն առաջնային ոլորտներ են համարվում, սակայն դա միայն բառեր են` խնդիրները չլուծված են մնում»: Այս կարծիքն արտահայտել է Մեդիամաքսի թղթակցի հետ զրույցում Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի (ՔԵՖԻ) բարձր ջերմաստիճանի սինթեզի եւ անօրգանական միացությունների տեխնոլոգիաների լաբորատորիայի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սեդա Դոլուխանյանը:

Պրոֆեսոր Սեդա Դոլուխանյանը հանդիսանում է Միջազգային գիտական-տեխնիկական կենտրոնի (ՄԳՏԿ) կողմից ֆինանսավորված և  բարեհաջող իրականացված երկու  նախագծերի (1999-2001, 2006-2008) հեղինակ եւ ղեկավար. ՄԳՏԿ ներկայացված( 2009թ)  հաջորդ նախագիծը արժանացել է հավանության  ՄԳՏԿ-Ի անդամ Կանադական կողմին, որը ցանկություն է հայտնել ֆինանսավորել այդ նախագիծը:  Ավելի վաղ Հայաստանը ՄԳՏԿ շրջանակներում գիտական նախագծերի համաֆինանսավորման իրականացման մասին հուշագիր էր ստորագրել: Սեդա Դոլուխանյանի «Անցումային մետաղական համաձուլվածքների ձեւավորման համար ջրածնային արդյունավետ պահուստ ստեղծելու նպատակով բարձր ադսորբցիոն հատկություններով ինքնատարածվող բարձր ջերմաստիճանային սինթեզի տեխնիկայի եւ «հիդրիդային ցիկլի» կիրառում - hydrogen storage» նախագիծն անցել է անհրաժեշտ բոլոր փորձագիտական էտապները ` Հայաստանում, Ռուսաստանում եւ Կանադայում:

 

«Նախագծի իրականցման համար նախատեսված  էր  $ 280 հազար դոլար: Կանադան պատրաստ էր 252 հազար հատկացնել, ստորագրված հուշագրի համաձայն, Հայաստանը պետք է ապահովեր գումարի 10%-ը»,- Մեդիամաքս-ին պատմել է Սեդա Դոլուխանյանը: 

 

«Նախագծի ուսումնասիրությունից հետո կանադական կողմը դիմել է Հայաստանի գիտության պետական կոմիտե, ԳԱԱ-ի նախագահություն եւ Հայաստանում ՄԳՏԿ ներկայացուցչություն` համաֆինանսավորման հարցը քննարկելու առաջարկով: Սակայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեն հանձինս նախագահ Սամվել Հարությունյանի չարձագանքեց տվյալ առաջարկին: Այդպիսով նախագիծն առանց ֆինանսավորման մնաց: Ինձ հետ առանձին հանդիպման ժամանակ Սամվել Հարությունյանը բացատրում էր դա նրանով, որ ներկայումս անհրաժեշտ գումար չկա: Սակայն, արդյո՞ք 28 հազար դոլարն այդքան մեծ գումար է պետության համար կանադացիների տրամադրվելիք 252 հազարի դիմաց: Չէ՞ որ այդ գումարը կարելի էր երեք տարիների ընթացքում վճարել: Այսօր որոշ շրջանակներում մոդայիկ է դարձել ասել, որ գիտության տեսանկյունից մենք ոչ մրցունակ երկիր ենք: Այո, ինստիտուտի գիտական սարքավորումներն հետխորհրդային շրջանում չեն թարմացվել, մենք չունենք նոր սարքավորումներ, երիտասարդներն են քիչ: Աշխատակիցների միջին աշխատավարձը 40-60 հազար դրամ է: Այո, գումարը քիչ է, սակայն մենք դեռեւս ունենք լավ եւ մրցունակ գիտություն, ինչն էլ ապացուցում են այդ նախագծերը», - կարծում է նա: 

 

Անգամ նման պայմաններում աշխատանքը շարունակելու խթան է հանդիսանում գիտության հանդեպ հետաքրքրությունը եւ սերը: «Հետ ես նայում եւ տեսնում ես, թե որքան հետաքրքիր եւ կարևոր հետազոտություններ են կատարվել: Դա մեր կյանքն է, մենք չենք ցանկանում ուրիշ բանով զբաղվել»,- ասել է գիտնականը: 

 

Ինչպես ՀՀ ԳԱԱ այլ ինստիտուտներում, այնպես էլ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում հիմնական խնդիրներից մեկը ֆինանսավորման հարցն է: Սեդա Դոլուխանյանի խոսքերով, պետությունը ոչ միայն պետք է աջակցի գիտությանը, ավելացնի գիտության ֆինանսավորումը, այլեւ աջակցի միջազգային նախագծերի իրականացմանը, որին մասնակցում են հայ գիտնականները:

 

Հարկ է նշել, որ վերը նշված Ա-1794 նախագիծը մինչ այժմ էլ չի կորցրել իր արդիականությունը: Դրա հետ կարելի է ծանոթանալ ՄԳՏԿ կայքում`

 

http://www.istc.ru/istc/db/projects.nsf/All/77267C371E1D36AEC3257658002C485B?OpenDocument&search=1.

 

Նախագծի նկարագրությունը
դոսյե
Նախագծի նկարագրությունը

2011 թվականի հոկտեմբերին Նորարարական համագործակցության ռուս-հայկական կենտրոնում կայացավ  «Դժվարահալ մետաղների հիման վրա համաձուլվածքների փորձնական  արտադրության կազմակերպում» նախագծի  շնորհանդեսը:

 

«Արդի գիտության և տեխնիկայի բնագավառներում բազմաբնույթ  համաձուլվածքների պահանջարկը  բարձր է, սակայն շատ ընկերություններ զգուշորեն են վերաբերվում նորարարություններին, նոր մոտեցումներին և չեն ցանկանում փոխել արդեն կայացած հին տեխնոլոգիաները», - ասում է Սեդա Դոլուխանյանը:

 

«Կարելի է Հայաստանում մեր ինստիտուտին կից ցուցադրական արտադրություն կազմակերպել, եթե կարողանանք միջոցներ ներգրավել»,- նշում է նա: Գիտնականի հաշվարկներով, արտադրամասի  կազմակերպման համար անհրաժեշտ է $ 1 մլն: «Դժվարահալ մետաղների համաձուլվածքների սինթեզի նոր մշակված տեխնոլոգիան կարող է հետաքրքրել ձեռնարկատերերին, որոնց հետ մենք պատրաստ ենք համագործակցել»,-  եզրափակել է Սեդա Դոլուխանյանը:

 

Էլեոնորա Արարատյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին