Ռաֆայել Իսրայելյանի արխիվը թույլ կտա տեսնել ապագան - Mediamax.am

exclusive
3478 դիտում

Ռաֆայել Իսրայելյանի արխիվը թույլ կտա տեսնել ապագան


Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Մարկ Գրիգորյանը
Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հայ ականավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի թողած ժառանգությունն ամբողջությամբ փոխանցվել է Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտին: Առաջիկայում թանգարանին սպասվում են ուսումնասիրության եւ մշակման լայնածավալ աշխատանքներ ու նոր բացահայտումներ:

 

Այս թեմայի շուրջ Մեդիամաքսը զրուցել է թանգարան-ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանի հետ:

 

Ռաֆայել Իսրայելյանն «ամենուր» է

 

Մարկ Գրիգորյանի աշխատասենյակի տարածքն ամբողջությամբ «զավթել» են ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի աշխատանքները: Ամենուր նկարներ են, էսքիզներ, թղթապանակներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մի քանի օր է, ինչ թանգարանում սկսել են աշխատել ճարտարապետի արխիվի ուսումնասիրության ուղղությամբ: Մարկ Գրիգորյանի խոսքով՝ դրան անգամ ամենամակերեսային ծանոթությունը ցույց է տալիս, որ կան բավականին շատ նյութեր, որ անհայտ են:

 

«Այստեղ 1 000-ից ավելի գործեր կան՝ սկսած մեծ մոնումենտալ նախագծերից, վերջացրած փոքրիկ նկարներով, որ Ռաֆայել Իսրայելյանը նկարում էր, ինչպես ասում ենք, «ձեռքի հետ»: Արխիվի ուսումնասիրությունն ու մշակումը դեռեւս երկար կշարունակվի: Թվայնացնելու ենք ամեն մի թուղթ, իսկ դա նշանակում է, որ ինչ-որ պահից Իսրայելյանի ստեղծագործական կյանքով հետաքրքրված հետազոտողները կկարողանան տեսնել նրա ամբողջ ժառանգությունը եւ աշխատել այդ գործերի հետ»,- մանրամասնում է թանգարանի տնօրենը:

Մարկ Գրիգորյանը Մարկ Գրիգորյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցադրությունների բազմազանություն

 

Արխիվին մակերեսային ծանոթությունն արդեն իսկ հուշում է, որ ճարտարապետի աշխատանքների ցուցադրությունները կարող են բազմապիսի թեմաներ ունենալ: Գուցե հնարավոր դառնան Հայաստանի պատմական հուշարձանների գրաֆիկական պատկերների, գրքային գրաֆիկայի, հուշարձան-աղբյուրների եւ այլ թեմաներով առանձին ցուցահանդեսներ:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ռաֆայել Իսրայելյանն ու քանդակագործ Արա Հարությունյանը մտերիմ ընկերներ էին, - ասում է Մարկ Գրիգորյանն ու ցույց տալով սեղանին դրված թղթերից մեկը՝ շարունակում,- այս թղթի վրա պատկերված է Արա Հարությունյանի շարժը: Կարո՞ղ ենք անել ցուցահանդես եւ ցույց տալ՝ ինչպես էր աշխատում ճարտարապետի եւ քանդակագործի միտքը, օրինակ, երբ նրանք համատեղ աշխատում էին Սարդարապատի հուշահամալիրի վրա: Այս բոլոր հարցերը հիմա մեր առջեւ են, ու դրանց պատասխանները թեեւ ինչ-որ չափով ունենք, սակայն արխիվը ցանկացած պահին կարող է փոխել ամեն բան»:

 

Ռաֆոյի ձեռագրի «հուշումները»

 

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաեւ էսքիզների վրա մատիտով գրված տողերը: Չնայած դժվարընթեռնելի ձեռագրին՝ դրանք կարող են հետազոտողների համար հուշում դառնալ ճարտարապետի գործերն ավելի լավ ընկալելու հարցում, իսկ որոշ դեպքերում նաեւ օգնել նորովի բացահայտել Ռաֆայել Իսրայելյան գրողին:

 

Խոնարհվելով սուրբ լեռան առաջ, կանգնած մայր հողի վրա, հագեցրու ծարավդ կարոտի արցունք ջրով, որ հոսում է Հայոց լեռներից, ու այս հանդիսավոր պահին հիշիր ստեղծարար տիրոջը՝ Հայոց աշխարհի Քարակերտ մշակին:

 

Այս տողերը գրված են ճարտարապետի թղթերից մեկի վրա: Մարկ Գրիգորյանի խոսքով՝ դրանք նման են աղոթքի:

 

«Այս տողերը հայտնի չեն, ոչ մի տեղ չեն տպագրվել: Այս արխիվից հենց նման ու շատ ավելի հետաքրքիր բացահայտումներ եմ սպասում»,- հավելում է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս

Նույն թղթի վրա կամարաձեւ կառույց է պատկերված, նշված են նաեւ դրա չափերը, իսկ կառույցի բաց հատվածից երեւում է Արարատը: Պատկերն իր ոճով հիշեցնում է 1957 թվականին կառուցված «Չարենցի կամարը», որի հնարամիտ ճարտարապետական լուծման շնորհիվ դրա բացվածքում ամբողջությամբ «տեղավորվում» է սուրբ լեռը:

 

«Արխիվի շատ մակերեսային ծանոթությունից պարզվեց, որ «Չարենցի կամարն» ինքը՝ Ռաֆայել Իսրայելյանը տեսնում էր որպես «Մասիսի տաճար»: Խորհրդային տարիներին տաճար կանգնեցնել հնարավոր չէր՝ լիներ այն Քրիստոսի, թե Մասիսի, բայց կամարը կառուցվել է»,- նշում է Մարկ Գրիգորյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Նա հասկանում էր քարը»

 

Ռաֆայել Իսրայելյանն իր «Երբ ասում են «Հայաստան»՝ ակամա ոտքի եմ կանգնում» արձակ ստեղծագործությունում գրում է, որ իրենք՝ ճարտարապետները, լծվել են հայկական լեռնաշխարհը կառուցելու գործին, որ այն ավելի գեղեցկանա ու շենանա, եւ որ «երիտասարդ սերունդն ավելի լավ ճանաչի ու սիրի իր հայրենիքը»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ճարտարապետի բոլոր կառույցներում հայրենիքի հանդեպ սերը հստակ ընդգծված է, եւ հուշարձանները, կարծես, հենց իրենք են կրթում երիտասարդ սերնդին հայրենասիրական արժեքներով: Ի պատասխան այն հարցին, թե ինչպես էր Ռաֆայել Իսրայելյանին հաջողվում այդ ոգին ներդնել քարի մեջ, Մարկ Գրիգորյանն ասում է.

 

«Ասել է եւ արել, իսկ թե ինչպես ... Ճարտարապետների մեջ կան վարպետներ, որ զգացել են քարը, հասկացել են քարը ու իմացել՝ ինչպես կարելի է քարին տալ ծանրություն կամ թեթեւություն, ինչպես կարելի է քարին տալ ձեւ, եւ ձեւը սառեցնել քարի մեջ»:

Լուսանկարը` Մեդիամաքս

Վերադառնալով իր սեղանին շարված բազմաթիվ էսքիզներից մեկին, Մարկ Գրիգորյանը հավելում է. «Այս նկարը ներկամատիտով (ֆլոմաստերով) է արված, բայց կարծես թե արդեն տեսնում ենք տուֆը: Նկարելու ձեւի, մոտեցման շնորհիվ նկարն արդեն հասկանալի է որպես տուֆե կառույց: Հենց սա է ճարտարապետի՝ քարը հասկանալն ու սիրելը»:

 

Ժողովրդի ժառանգությունը

 

Ռաֆայել Իսրայելյանի կառուցված եւ չկառուցված նախագծերը, էսքիզները կարող են ներշնչանքի աղբյուր դառնալ ժամանակակից ճարտարապետների համար: Մարկ Գրիգորյանի կարծիքով՝ արխիվի հասանելիությունը թույլ կտա տեսնել ոչ միայն հայ ճարտարապետության անցյալը, այլեւ ներկան ու ապագան:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Հենց նման արխիվների ուսումնասիրության շնորհիվ ենք կարողանում պատկերացնում ստանալ այն մասին, թե ուր ենք գնում, որտեղից է սկսվում այդ ճանապարհն ու դեպի ուր է տանում»,- նշում է նա:

 

Թանգարանի տնօրենը հավելում է, որ կան նաեւ ռեստավրացիայի կարիք ունեցող գործեր, եւ իրենց ահռելի աշխատանք է սպասվում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեծ ոգեւորությամբ եւ խանդավառությամբ ենք կատարում այս աշխատանքը, որովհետեւ տեսնում ենք, որ ի վերջո, այս արխիվը կդառնա ժողովրդին պատկանող նյութ: Ուզում եմ հատուկ նշել Ռաֆայել Իսրայելյանի թոռ Արամ Ղանալանյանին՝ հենց իր համառության շնորհիվ է, որ մենք այժմ ունենք այս արխիվը»,- ամփոփում է թանգարանի տնօրենը:

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին