15 րոպե եւ 15 000 դրամ՝ COVID-19-ի ինքնուրույն թեստ անելու համար - Mediamax.am

exclusive
14438 դիտում

15 րոպե եւ 15 000 դրամ՝ COVID-19-ի ինքնուրույն թեստ անելու համար


Լուսանկարը`


«CoronaTest.am» նախաձեռնությունն առաջարկում է առանց հիվանդանոց այցելելու պարզել, կորոնավիրուսով վարակված ե՞ք, թե ոչ։ Մեդիամաքսը նախաձեռնության հիմնադիր Արթուր Ասլանյանից պարզել է մանրամասները։

 

«CoronaTest» նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ. ապրիլին։ Նախաձեռնության հիմնադիր Արթուր Ասլանյանը պատմում է.

 

«Առաջին պատճառն այն էր, որ ապրիլին մասնավոր թեստավորում չկար, բայց բազմաթիվ մարդիկ ցանկանում էին թեստավորվել։ Երկրորդն ու առավել կարեւորը՝ ուզում էինք դժվար իրավիճակում ինչ-որ կերպ թեթեւացնել պետության բեռը։ Համավարակի արդյունքում ամբողջ աշխարհում առաջացել էին խնդիրներ մատակարարման շղթաների, բեռնափոխադրումների եւ բժշկական ապրանքների պաշարների հասանելիության հետ»:

 

Նախաձեռնության առաջնային խնդիրներից էր պահանջվող թեստերը գնորդին հասցնելը։ Երկար քննարկվել է թեստերի առաքման ամենահարմարվետ ու անվտանգ եղանակը. արդյունքում ընտրվել է առաքումը Յանդեքս.Տաքսիի միջոցով իրականացնելու տարբերակը։

 

Շուկայում առկա մյուս թեստերից CoronaTest-ինը տարբերվում են։ Դրանք հակամարմին թեստեր են՝ առանձին ստուգում են երկու հակամարմնի՝ իմունոգլոբուլին M-ի ու իմունոգլոբուլին G-ի առկայությունը:

 

Մեկն օգնում է հասկանալ՝ վարակն այդ պահին օրգանիզմում կա՞, թե ոչ: Մյուսը թույլ է տալիս պարզել՝ իմունիտետն արդեն ձեւավորե՞լ է հակամարմին ընդդեմ այս հիվանդության, այսինքն, մարդը նախկինում վարակվե՞լ է, թե՞ ոչ։

 

«Թեստերի որակը վերահսկվում է մի քանի փուլով: Նախ ստուգվում են արտադրողների լիցենզիան եւ բուն թեստերի հավաստագրերը: Այնուհետեւ հատուկ բեռնափոխադրումների միջոցով թեստերը տեղափոխվում են Երեւան եւ մինչ վաճառքի հանվելը ենթարկվում են ստուգման։ Վերջին երեք ամիսներին պահանջարկն ամենաշատն է եղել, գնում են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ», - նշում է Արթուր Ասլանյանը։

 

Թեստը հնարավոր է պատվիրել առցանց կամ հեռախոսազանգով, առաքումն  իրականացվում է նույն օրը, արժեքը 15 000 դրամ է։ Նախաձեռնությունն առաջարկում է թեստերի 3 փաթեթ՝ «Անհատական», «Ընտանիք», «Թիմ»։

 

Բոլոր փաթեթներն էլ հավասարապես պահանջված են, ասում է Արթուր Ասլանյանը:

 

Ինքնուրույն թեստավորվելը տեւում է 1-2 րոպե, արդյունքները պատրաստ են լինում 15 րոպեից։ Եթե կատարվում է «CoronaTest»-ի աշխատակցի կանչ, ապա նաեւ տրամադրվում է էլեկտրոնային հավաստագիր թեստի արդյունքի վերաբերյալ, որը միշտ հասանելի է առցանց։

 

Եթե օրգանիզմում բացակայում են որեւէ հակամարմիններ, ապա տրամադրված հավաստագիրը վավեր է 10 օր։ Եթե թեստով հաստատվում են միայն իմունային հակամարմինների առկայությունը, այսինքն, եթե մարդը վարակվել եւ առողջացել է, ապա տրամադրվող հավաստագիրը վավեր է 60 օր։

 

Այս հավաստագիրը ընդունելի է թե կազմակերպություններում աշխատանքի վերադառնալիս/ընդունվելիս եւ թե սահմանը հատելիս, օրինակ, օդանավակայանում։

 

Նախաձեռնության ղեկավարը պնդում է, որ «CoronaTest»-ը ոչ թե մրցում է հիվանդանոցների կամ մասնավոր լաբորատորիաների հետ, այլ դրանց հետ համատեղ փորձում է ճնշել համաճարակը։

 

Լուսին Մկրտչյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին