Համավարակն ու աշխարհը ցնցող եռակի ճգնաժամը - Mediamax.am

exclusive
2239 դիտում

Համավարակն ու աշխարհը ցնցող եռակի ճգնաժամը


Իրական երկրպագուներին փոխարինող կարտոնե արձանիկները գերմանական Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ
Իրական երկրպագուներին փոխարինող կարտոնե արձանիկները գերմանական Բունդեսլիգայի խաղերից մեկի ժամանակ

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` REUTERS


Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գերմանիայի ԱԳ նախկին նախարար եւ փոխկանցլեր Յոշկա Ֆիշերի հոդվածը, որը գրվել է Project Syndicate-ի համար: 

 

Սկսվում է COVID-19-ի համավարակը երկրորդ փուլը, քանի որ երկրներն աստիճանաբար վերաբացում են իրենց տնտեսությունները եւ թուլացնում կամ նույնիսկ կասեցնում են սոցիալական հեռավորության խիստ միջոցառումները:

 

Այնուամենայնիվ, մինչ արդյունավետ, համընդհանուր մատչելի թերապիայի կամ պատվաստանյութերի ստեղծումը, վերադարձը դեպի «նորմալ» կյանք ավելի շատ ցանկալի, քան իրական կլինի: Ամենավատն այն է, որ սա կարող է տեղական եւ տարածաշրջանային մակարդակում շատ ավելի մեծ ծավալների վարակման երկրորդ ալիք հարուցել:

 

Քաղաքական որոշումներ կայացնող պաշտոնյաները, բուժաշխատողները, գիտնականները եւ լայն հասարակությունը շատ բան են սովորել վարակի առաջին ալիքից: Թեեւ վարակի երկրորդ ալիքը շատ հավանական է թվում, այն այլ կերպ կընթանա: Լիարժեք, տնտեսական եւ սոցիալական կյանքը դադարեցնող լոքդաունի փոխարեն կանխարգելիչ միջոցառումները հիմնված կլինեն սոցիալական հեռավորության, դիմակներ կրելու, հեռահաղորդակցության, տեսակապի եւ այլնի խիստ, բայց նպատակային կաննոների վրա: Բայց, կախված հաջորդ ալիքի ուժգնությունից, տեղական կամ տարածաշրջանային լոքդաունը հնարավոր տարբերակ է մնում առավել ծայրահեղ դեպքերում:

 

Համավարակի առաջին ալիքի նման, հաջորդ փուլը կներառի երեք համաժամանակյա ճգնաժամ: Վերստին վերահսկողությունից դուրս գալու եւ գլոբալ տարածում գտնելու ռիսկերին պետք է ավելացնել շարունակական տնտեսական եւ սոցիալական անկումը ու աշխուժացող աշխարհաքաղաքական պառակտումը:

 

Համաշխարհային տնտեսությունն արդեն գտնվում է խորը անկման մեջ, որն արագ կամ հեշտությամբ չի հաղթահարվի: Եվ դա, համավարակի հետ մեկտեղ, կդառնա չինա-ամերիկյան ահագնացող մրցակցության գործոն, մասնավորապես, նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին նախորդող ամիսներին:

Լուսանկարը` REUTERS

Առողջապահական, սոցիալ-տնտեսական եւ աշխարհաքաղաքական տեղաշարժերի այդ համադրությունը բավականաչափ ապակայունացնող է: Սրա հետ մեկտեղ չի կարելի անտեսել Թրամփի գործոնը: Եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընտրվի երկրորդ քառամյա ժամկետով, ներկայիս գլոբալ քաոսը կսկսի կտրուկ սրվել, մինչդեռ նրա դեմոկրատ հակառակորդի ՝ Ջո Բայդենի հաղթանակն առնվազն ավելի մեծ կայունություն կբերի:

 

ԱՄՆ նախագահական ընտրություններում խաղադրույքները առավել քան բարձր են: Հաշվի առնելով համաշխարհային աճող ճգնաժամերը, չափազանցություն չի լինի ասել, որ մարդկությունը մոտենում է պատմական ճամփաբաժանին: 

 

Արդյո՞ք Արեւմուտքի եւ Ասիայի հարուստ երկրները կկարողանան հաղթահարել խորը, համատարած, երկարատեւ անկումը կամ դեպրեսիան: Նույնիսկ եթե խթանող ծախսերի տրիլիոնավոր դոլարները լիարժեք փլուզումը զսպելու համար արդյունավետ լինեն, հարցն այն է, թե ինչ կլինի հետո:

 

Վատագույն սցենարում (որն անհնար չէ), Թրամփը վերընտրվում է, համավարակի երկրորդ ալիքը դառնում է գլոբալ, տնտեսությունները շարունակում են քանդվել, եւ Արեւելյան Ասիայում նոր սառը պատերազմը թեժանում է: Բայց նույնիսկ եթե չակնկալենք վատագույնը, եռակի ճգնաժամը կխթանի նոր շրջանի մեկնարկը, որը կպանանջի ազգային քաղաքական եւ տնտեսական համակարգերի եւ բազմակողմ ինստիտուտների վերակառուցում: Նույնիսկ լավագույն սցենարով վերադարձ status quo ante-ի (վերջին դեպքերին նախորդած ստատուս քվոյի-խմբ.) չի լինելու: Անցյալն արդեն անցել է. միայն ապագան իմաստ ունի:

Լուսանկարը` REUTERS

Մենք չպետք է վաղվա օրվա հետ կապված պատրանքներ ունենանք: Համավարակի հետեւանքով առաջացած ճգնաժամերն այնքան խորն են, որ անխուսափելիորեն կհանգեցնեն գլոբալ մակարդակում իշխանության եւ հարստության արմատական ​​վերաբաշխմանը: Հասարակությունները, որոնք պատրաստվել են այս զարգացումներին`հավաքելով անհրաժեշտ էներգիան, գիտելիքները եւ ներդրումները, կլինեն հաղթողների թվում. նրանք, ովքեր չեն տեսնում մոտալուտ ճգնաժամերը, պարտվելու են:

 

Ի վերջո, համավարակից առաջ աշխարհն արդեն իսկ անցում էր կատարում դեպի թվային դարաշրջան, որը հեռուն գնացող հետեւանքներ կունենա ավանդական տեխնոլոգիաների, դարերից եկած եւ մեզ ժառանգություն հասած ոլորտների, ինչպես նաեւ համաշխարհային հզորության եւ հարստության բաշխման վրա: Ավելին, հորիզոնում արդեն իսկ ավելի մեծ գլոբալ ճգնաժամ է երեւում: Կլիմայի փոփոխությունների հետեւանքները շատ ավելի ծանր կլինեն, քան մեր երբեւէ տեսած ճգնաժամերը, եւ այդ խնդիրը լուծելու համար պատվաստանյութ չի լինի:

 

Այսպիսով, COVID-19-ի համավարակն իսկական շրջադարձային կետ է: Դարեր շարունակ մենք ապավինում էինք քաղաքական տնտեսության այնպիսի համակարգին, որը բաղկացած էր ինքնիշխան, եսակենտրոն ազգային պետություններից, հանածոներից սնվող արդյունաբերություններից (ինչպես կապիտալիզմի, այնպես էլ սոցիալիզմի ներքո) եւ սահմանափակ բնական ռեսուրսների սպառումից: Այս համակարգը արագորեն սպառում է ինքն իրեն ՝ անխուսափելի դարձնելով հիմնարար փոփոխությունները:

Լուսանկարը` REUTERS

Այժմ խնդիրը հետեւյալն է. հնարավորինս շատ դասեր քաղել եռակի ճգնաժամի առաջին ալիքից: Եվրոպայի համար, որը տնտեսապես եւ աշխարհաքաղաքական առումով մեծ անկում է ապրել, այս պահը անսպասելի հնարավորություն է` իր ակնհայտ թերությունները վերանայելու համար: Եվրոպան ունի քաղաքական արժեքներ (ժողովրդավարություն, օրենքի գերակայություն եւ սոցիալական հավասարություն), տեխնիկական «նոու-հաու» եւ ներդրումային ուժ ՝ ի նպաստ սեփական սկզբունքների եւ նպատակների, ինչպես նաեւ ընդհանրապես մարդկության արժեքների շահերից ելնելով վճռական քայլեր ձեռնարկելու համար: Միակ հարցն այն է, թե ինչի՞ն են սպասում եվրոպացիները:

 

Copyright: Project Syndicate, 2020.

www.project-syndicate.org

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին