Հայտնի են Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի հաղթողները - Mediamax.am

3930 դիտում

Հայտնի են Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի հաղթողները


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակն այս տարի հանձնվել է Ասյա Դարբինյանին՝ «Համաշխարհային պատերազմի եւ Ցեղասպանության հետեւանքով փախստական դարձած հայերը եւ ռուս կայսերական մարդասիրությունը» գիտահետազոտական նախագծի եւ Քնար Խաչատրյանի ղեկավարած երիտասարդ գիտնականների թիմին՝ «Ուրբանացումը եւ սոցիալ-տնտեսական զարգացումը Հայաստանում՝ ետ գնալով ավելի քան մեկ դար» նախագծի համար:

«Սա կրթաթոշակային ծրագրի երկրորդ շրջափուլն է, եւ կցանկանայի նշել, որ գիտահետազոտական շատ հետաքրքիր նախագծեր են ներկայացվել։ Գիտական հետազոտություններում կարեւորը որակն է, ոչ թե քանակը. լավագույն երկու առաջարկներն ընտրելիս ահա այդ սկզբունքով ենք առաջնորդվել: Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակ ստացողների թվի տարեցտարի ավելացումն օգնելու է հայագիտությամբ զբաղվող գիտնականների նոր համայնքի ստեղծմանը, եւ դա լավ նորություն է բոլորիս համար»,- ասել է Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի ընտրող խորհրդի անդամ Հայկ Դեմոյանը:

 

Կրթաթոշակի արժանացած Ասյա Դարբինյանն այժմ Ստոքթոնի համալսարանում հետդոկտորական հետազոտություն է իրականացնում Հոլոքոստի ու ցեղասպանագիտության թեմայով:

 

«Այս կրթաթոշակն ինձ առանձնահատուկ հնարավորություն կընձեռի՝ բարեհաջող ավարտին հասցնելու հայոց պատմության և մարդասիրական օգնության պատմության մեծածավալ, սակայն դեռեւս լավ չուսումնասիրված աղբյուրների հետազոտությունն ու վերլուծությունը։ Հաշվի առնելով ֆինանսական այն բարդությունները, որոնց բախվում են գիտաշխատողները՝ այն մեծագույն աջակցություն կլինի ինչպես իմ ծրագրի, այնպես էլ հայագիտության եւ հայոց պատմության ոլորտի շարունակական ուսումնասիրության համար»,- ասել է Ասյա Դարբինյանը:

 

Երկրորդ կրթաթոշակը ստացած Հայաստանի ամերիկյան համալսարանի դոցենտ Քնար Խաչատրյանի ղեկավարությամբ գործող երիտասարդ գիտնականների խմբի սոցիալ-տնտեսական մոտեցումը հնարավորություն կտա հանգելու Հայաստանի ուրբանացման եւ տնտեսական պատմության բացառիկ համակարգված ուսումնասիրության։

 

«Մեր հետազոտությունը կենտրոնանալու է 1900-2015 թվականների ընթացքում Հայաստանի տնտեսության տարածքային անհամաչափ զարգացման փաստերի մատուցման վրա։ Այս դրամաշնորհը մեզ հնարավորություն կտա գիտական որակյալ հետազոտություն իրականացնելու Հայաստանի տնտեսական եւ սոցիալական զարգացման գերակա ուղղության վերաբերյալ»,- նշել է Քնար Խաչատրյանը:

 

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի անվան կրթաթոշակի (գիտահետազոտական դրամաշնորհներ) մասին ազդարարել է 2018թ. աշնանը: Այն օժանդակում է երիտասարդ գիտնականներին եւ հետազոտողներին՝ ուսումնասիրելու Հայաստանի XX դարի պատմության չուսումնասիրված դրվագները։

 

Այս ծրագրով ամեն տարի տրամադրվում է երկու դրամաշնորհ մինչև 30.000 ԱՄՆ դոլարի չափով: Դրամաշնորհը նախատեսված է Հայաստանում եւ արտասահմանում գործող մինչեւ 40 տարեկան հայ գիտնականների համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին