Փաշինյանը կորոնավիրուսի մասին. ամենակարեւորը - Mediamax.am

1565 դիտում

Փաշինյանը կորոնավիրուսի մասին. ամենակարեւորը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ:

Ներկայացնում ենք հատվածներ վարչապետի ելույթից:

 

«Սա հաղթահարելի հիվանդություն է» 

 

«Նախ արձանագրենք, որ երեկվանից, բարեբախտաբար, իրադրության նեգատիվ որեւէ փոփոխություն չունենք, այսինքն՝ կորոնավիրուսով հիվանդացության նոր դեպք չունենք: Այս ընթացքում մի քանի կասկածելի դեպքեր ախտորոշվել են, եւ պատասխանը բացասական է: Այս պահի դրությամբ մենք սպասում ենք 9 թեստերի պատասխաններին, եւ պատասխանները լինելուն պես հանրությանը կտեղեկացնենք: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Հույս ունենք, որ չեն հաստատվի, բայց եթե, Աստված մի արասցե, հաստատվեն, մենք դրա մասին կտեղեկացնենք: Բայց եթե հաստատվեն, դա որեւէ խուճապի առիթ պետք է չլինի, որովհետեւ էլի արձանագրենք, որ սա հաղթահարելի հիվանդություն է, եւ առայժմ մեր միակ ախտորոշված դեպքի համար նույնիսկ այնպիսի ընթացք ունի, որ փաստորեն նա չի բուժվում հիմա, որովհետեւ ոչ մի բողոք, ախտանշան, ընդհուպ ջերմություն չունի՝ կարճ ջերմություն է ունեցել, հետո այդ ջերմությունն ինքն իրեն իջել է»: 

 

«Կաջակցենք Իրանի ժողովրդին եւ կառավարությանը»

 

«Հաշվի առնելով համաճարակային վիճակը մեր տարածաշրջանում՝ մենք որոշում կայացրեցինք երկարացնել եւ խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդակցության ուղղությամբ, մենք կսկսենք Իրանի հետ ժամանակավորապես վիզային ռեժիմը վերականգնելու գործընթացը, եւ 5 օրվա մեջ վիզային ռեժիմը կվերականգնվի: Իհարկե, մենք Իրանի մեր գործընկերների հետ մշտական հաղորդակցության մեջ ենք, մեր զորակցությունն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը՝ այս դժվար իրավիճակը հաղթահարելու գործում եւ մեր հնարավորությունների սահմանում կաջակցենք Իրանի հարեւան եւ բարեկամ ժողովրդին եւ կառավարությանը»:

 

«Հնարավորինս սահմանափակել ուղեւորությունները Իտալիա եւ Թուրքիա»

 

«Աշխատանքային խմբի կոչն է, խնդրանքն է մեր հայրենակիցներին՝ հնարավորինս սահմանափակել ուղեւորությունները Իտալիայի ուղղությամբ եւ նաեւ հնարավորինս սահմանափակել ուղեւորությունները Թուրքիայի ուղղությամբ»: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

«Ինքնաբուժմամբ չզբաղվել» 

 

«Կրկին կոչ եմ անում խստիվ հետեւել Առողջապահության  նախարարության արդեն հայտնի պաստառների վրա առաջարկվող միջոցներին, պահպանել կրկնակի եւ եռակի զգոնությամբ անձնական հիգիենայի կանոնները, իսկ նրանց, ում մոտ որոշակի ախտանշաններ կան, կոչ ենք անում ինքնաբուժմամբ չզբաղվել, դիմել առողջապահական հիմնարկների եւ սպասել պատասխաններին»: 

 

«Կխստացվեն միջոցառումները բեռնափոխադրումների մասով»  

 

«Այսօր Պետական եկամուտների կոմիտեն եւ Էկոնոմիկայի նախարարությունը կաշխատեն միասին, ըստ ամենայնի՝ որոշ բեռների համար կրկին կարվեն բացառություններ՝ ըստ անհրաժեշտության: Մենք պետք է խնդրենք նաեւ, որ մեր քաղաքացիները խուսափեն բեռնափոխադրումների համար Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխվելուց եւ այնտեղ բեռներ ներկրելուց: Հիմա մենք կարգավորումը կառավարության որոշման մեջ կանենք այնպես, որ դա տեղի ունենա»:

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

«Կառավարությունը պիտի դառնա նման խուճապի բացակայության երաշխավորը» 

 

«Կորոնավիրուսի ամենամեծ վտանգը խուճապն է: Այսինքն՝ ոչ թե կորոնավիրուսն է պրոբլեմը, այլ այն խուճապը, որ դրա անունը լսելիս մարդկանց շրջանում առաջացնում է: Հիմա դպրոցներն արձակուրդում են, եկեք արձանագրենք՝ մի շաբաթ առաջ, մի շաբաթ հետո մեծ բան չի փոխվում: Եվ եթե մեզնից յուրաքանչյուրը այս իրավիճակի արձանագրմամբ պատասխանատվությամբ է վերաբերվում իր վարքին, նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է շարունակի ապրել բնականոն կյանքով՝ ուղղակի անձնական կարգապահության նկատմամբ ավելի մեծ ուշադրությունով: 

 

Ուրախալի է, որ մեր սոցիալական ցանցերում սկսել են ավելի ու ավելի շատ հումորով վերաբերվել կորոնավիրուսին: Իհարկե, հումորը՝ հումոր, բայց, մյուս կողմից, անլուրջ վերաբերվել նույնպես չի կարելի: Այո, դա հիվանդություն է, դա վտանգավոր հիվանդություն է, ինչպես բազմաթիվ վտանգավոր այլ հիվանդություններ, որոնցով մենք ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր, ամեն շաբաթ տառապում ենք եւ արձանագրենք, որ չենք բարձրաձայնում դրա մասին, որովհետեւ սովորական բան է դարձել՝ սովորական գրիպից ամեն տարի մենք մոտավորապես 10 մահացության դեպք ենք ունենում, դա միջին վիճակագրական ցուցանիշ է: 

Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն

Մեր հիմնական խնդիրը հետեւյալն է՝ Հայաստանում որեւէ պարագայում խուճապ, խուճապային գնում, խուճապային տեղաշարժ, խուճապային հայտարարություններ, խուճապային կոչեր պետք է չլինեն: Սրա համար կառավարությունը պիտի դառնա նման խուճապի բացակայության երաշխավորը, եւ դրա երաշխիքն այն է, որ բացառվում է, որ մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից թաքցնենք որեւէ տեղեկատվություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին