Հայտնի են «Երիտասարդական Ավրորա»-ին հավակնող երեք թիմերը - Mediamax.am

2421 դիտում

Հայտնի են «Երիտասարդական Ավրորա»-ին հավակնող երեք թիմերը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Երիտասարդական Ավրորա» նախագծին մասնակցող «Միացյալ աշխարհի քոլեջների» (UWC) եւ Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայի ուսանողների տասնյակ հայտերից եզրափակիչ փուլ է անցել երեք նախագիծ:

IDeA հիմնադրամում նշել են, որ այդ նախագծերն են՝ «Անծուխ խոհանոցներ»՝ UWC Արեւելյան Աֆրիկայից, «Թանկարժեք պլաստիկ»՝ UWC Փիրսոն քոլեջից, եւ «Երիտասարդ ձայներ»՝ UWC Ատլանտիկ քոլեջից:

 

Երեք թիմերն իրենց նախագծերը հոկտեմբերի 18-ին կներկայացնեն Հայաստանում կայանալիք «Ավրորա» ֆորումի ընթացքում:

 

«Երիտասարդական Ավրորան» խրախուսում է ուսանողական նախագծերը, որոնք նորարարական ու կայուն լուծումներ են առաջարկում մարդասիրական որոշակի խնդիրներին: Անցած տարի հաղթող էր ճանաչվել UWC Չանգշու Չինաստան քոլեջի նախագիծը՝ HOPE:

 

Այս տարի ուսանողական թիմերը «Երիտասարդական Ավրորա» մրցանակին տասնչորս նախագիծ են ներկայացրել տասներկու UWC դպրոցներից եւ քոլեջներից ու Աֆրիկյան առաջնորդության ակադեմիայից: Նրանք հարցերի լայն շրջանակ են բարձրացնում՝ միգրացիայից մինչեւ մենստրուալ առողջություն, երիտասարդների շրջանում քաղաքացիական ներգրավվածությունից մինչեւ համայնքային աջակցություն տարեցներին:

 

«Անծուխ խոհանոցներ» (Smokeless Kitchens) նախագիծ

 

Առաջադրվել է՝ նպատակ ունենալով կրճատել եւ վերացնել խոհանոցում առաջացած ծխի վնասակար հետեւանքները Կիլիմանջարոյի վարչական կենտրոն Մոշիում ապրող Չագա եւ Մաասայ ցեղախմբերի մոտ: «Անծուխ խոհանոցների» թիմն էժան, էկովառելիքով աշխատող բարձր որակի գազօջախների կայուն օգտագործման ծրագիր է մշակել:

 

Փորձագետների խումբը բարձր է գնահատել նախագծի պոտենցիալ ազդեցությունը մարդասիրական ճգնաժամի հիմնապատճառները վերացնելու տեսանկյունից:

 

«Արժեքավոր պլաստիկ» (Precious Plastic) նախագիծ

 

Ոգեշնչված ծովագիտություն առարկայով, որի շրջանակում թիմը մասնակցել էր ծովափի մաքրությանը, «Արժեքավոր պլաստիկ» թիմը բախվել էր վերամշակման ծայրահեղ անհրաժեշտության խնդրին՝ միաժամանակ զգալով այդ խնդիրը լուծելու նկատմամբ համայնքի անտարբերությունը: Արդյունքում մշակվեց ծրագիր՝ ստեղծելու պլաստիկի վերամշակման փոքրիկ գործարան հենց ուսումնական ավանում:

 

Երկարաժամկետ հեռանկարում աշխատանքը կապահովեն Precious Plastic CAS-ի ուսանողները, իսկ արտադրված նյութերը կվաճառվեն եւ ստացված շահույթը կուղղվի նախագծի հետագա ֆինանսավորմանը:

 

«Երիտասարդ ձայներ» (Young Voices) նախագիծ

 

«Երիտասարդ ձայներ» թիմը կարծում է, որ երիտասարդների ներգրավվածության ցածր մակարդակը քաղաքացիական գործընթացներին առաջ է բերում հասարակական մի շարք խնդիրներ՝ ներառյալ խորացող անհավասարությունը, սոցիալական բացառումը եւ մեղքի մշակույթը:

 

Նպատակն է, որպեսզի հասակակիցները քաղաքացիական կրթական ծրագիր մշակեն 13-ից 18 տարեկանների համար՝ նրանց փոխանցելով UWC-ում սովորածը, օգնելով մյուս երիտասարդներին դառնալ վաղվա ավելի սրտացավ եւ ակտիվ քաղաքացի, այդպիսով, վերացնելով գոյություն ունեցող քաղաքացիական իրազեկվածության բացը սոցիալ-տնտեսական տարբեր խմբերի պատկանող դեռահասների շրջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին