MaxMonitor Ratings. Հայաստանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի խաչմերուկում - Mediamax.am

exclusive
7541 դիտում

MaxMonitor Ratings. Հայաստանը ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի խաչմերուկում


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է, թե ինչպես է 2018թ. հուլիսին հայկական օնլայն մեդիադաշտը լուսաբանել ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն:

 

2018թ. հուլիս ամսվա ընթացքում 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ԵՄ-ն մոտ երկու անգամ ավելի շատ է հիշատակվել, քան ԵԱՏՄ-ն:

 

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

 

Հուլիս ամսվա ընթացքում վերլուծության են ենթարկվել ընդհանուր առմամբ 1512 հոդվածներ, որոնք պարունակել են ԵՄ կամ ԵԱՏՄ բանալի բառերը: Վերլուծության համար ընտրվել են միայն այն հրապարակումները, որոնք կապակցված են Հայաստանի հետ:

 

Հիմնական տեղեկատվական առիթները

 

ԵՄ

 

•    Հուլիսի սկզբին Եվրոպական խորհրդարանը կողմ է քվեարկել ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված համագործակցության համաձայնագրին:

 

•    ՀՀ փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը աշխատանքային հանդիպումներ են ունեցել Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու հետ:

 

•    Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունեցել եւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի եւ Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ: 

 

•    Նիկոլ Փաշինյանը Բրյուսելի օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ հեղափոխությունից հետո ԵՄ–ից Հայաստանը լսել է բազմաթիվ ողջունող հայտարարություններ, բայց նրանց քաղաքականության մեջ շոշափելի փոփոխություն չկա։

 

•    Գնահատելով Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կայացած այցը՝ Պյոտր Սվիտալսկին նշել է, որ ԵՄ նպատակն է օգնել ՀՀ քաղաքացիներին, եւ, որ նրանք սպասում են հայկական կողմից կոնկրետ գաղափարներ:

 

•    Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում զարմանալի է անվանել այն, որ «Եվրամիության որոշ պաշտոնյաներ չեն նկատում Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունները»: Նա նշել է, որ նոր կառավարությունն առանց որեւէ լումա ծախսելու կոռուպցիայի դեմ պայքարում արել է ավելին, քան ԵՄ-ի եւ Հայաստանի նախկին կառավարությունների համագործակցության ժամանակ տեղի է ունեցել տասնյակ միլիոնավոր եվրոներ ծախսելով:

 

•    ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը նշել է, որ Հայաստանը հայտնել է եվրոպական կողմին, որ շահագրգռված է ամբողջովին օգտվել «ավելին ավելիի դիմաց» սկզբունքից:

 

ԵԱՏՄ

 

•    Հուլիսին Նիկոլ Փաշինյանը այցելել է Մեղրի ազատ տնտեսական գոտի, որը կարող է «կամուրջ» դառնալ Իրանի, ԵԱՏՄ եւ ԵՄ երկրների միջեւ:

 

•    ԱԳ Նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել «Հեռանկար» ծրագրին՝ նշելով, որ ցանկացած համագործակցության հիմնական նպատակն է նպաստել Հայաստանի ներքին օրակարգը, Հայաստանի զարգացման օրակարգն առաջ տանելուն։ Դա, ըստ նրա, վերաբերում է եւ՛ Եվրասիական միությանը, եւ՛ Եվրոպական միությանը, եւ՛ համագործակցությանը բոլոր մյուս ուղղություններին:

 

•    Վարչապետ Նիկոլ Փաշինյան Բրյուսելում «Կարնեգի Եվրոպա» կենտրոնի իր ելույթում ասել է, որ Հայաստանը պատրաստ է կամրջել ԵԱՏՄ եւ ԵՄ շահերն ու դիրքորոշումները, որքանով դա ընդունելի է երկու կողմերի համար։ Նա նաեւ ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է, ինչը Հայաստանի տնտեսական զարգացման համար հսկայական հնարավորություններ է բացել:

 

•    ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ՌԻԱ Նովոստի եւ Սպուտնիկ-Արմենիա լրատվական գործակալություններին, որտեղ նշել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, ունի մեծ առավելություն։

 

•    Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսով քննարկել է Եվրասիական տնտեսական միությանը եւ երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։

 

•    Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին:

 

MaxMonitor համակարգը Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին