Շաբաթօրյակներ անցկացնելու ավանդույթը մեզ ծանոթ է դեռ խորհրդային տարիներից: Մասնակցությունը «կամավոր-պարտադիր» էր, ինչը, իհարկե մասնակիցների մոտ մեծ ոգեւորություն չէր առաջացնում: Խորհրդային շրջանը վաղուց ավարտվել է, շաբաթօրյակներն այժմ անցկացնում է Երեւանի քաղաքապետարանը, սակայն բնակիչների վերաբերմունքը երեւույթի նկատմամբ շատ չի փոխվել:
Մի խումբ երիտասարդներ՝ ճարտարապետ Հայկ Զալիբեկյանի գլխավորությամբ, փորձում են կոտրել կարծրատիպերը եւ մարդկանց ոգեշնչել մասնակից դառնալ հարազատ քաղաքի մաքրմանը:
Շաբաթօրյակի անցկացման գաղափարը ծագել է անցած տարի, երբ Ֆեյսբուքի օգտատեր Վլադիմիր Ղուլյանը պլակատ էր պատրաստել՝ կոչ անելով ապրիլի 30-ին դուրս գալ փողոց եւ անկախ բնակության վայրից՝ «համահայկական շաբաթօրյակ» անցկացնել:
Այդ պլակատը ոգեշնչել էր Հայկին եւ նա մի կոչ-գրառում էր կատարել.
«Ես չգիտեմ, թե որ պահին տարեց եւ տեսքից ինտելիգենտ մարդու մոտ շեղում տեղի ունեցավ, որի հետեւանքով նա այսօր բացում է ծխախոտի տուփը եւ այն հանգիստ նետում Երեւանի կենտրոնական պողոտայի ասֆալտին:
Չգիտեմ, թե որ պահին «խախտում» առաջացավ իմ ուսուցչուհու մոտ, որն իր թոռնիկի տակդիրը, կներեք, պարունակության հետ միասին դուրս է նետում 8-րդ հարկի պատուհանից:
Չգիտեմ, թե որ պահին շեղում տեղի ունեցավ ջիպի վարորդի մոտ, որը բարձր արագությամբ երթեւեկելիս բացում է պատուհանը եւ աղբի տոպրակը դուրս նետում:
Չգիտեմ, թե որ պահին ինչ-որ բան սխալ գնաց, եւ պայմանական Վազգենը պիկնիկից հետո ամբողջ աղբը նետում է գետի մեջ:
Ես չգիտեմ, թե ինչ է մտածում իմ վերեւի հարեւանն այն պահին, երբ վառվող ծխախոտը գցում է պատշգամբից ցած:
Բայց ինձ անչափ հետաքրքիր է. արդյոք մեզ դո՞ւր է գալիս ապրել նման երկրում»:
Անցած տարվա փորձը Հայկ Զալիբեկյանն ու նրա համախոհները մտադիր են կրկնել այս ամսվա վերջին շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին:
«Ինչպես եւ անցյալ տարի, շաբաթօրյակը կոչվում է «համահայկական»: Մեր գլխավոր նպատակն է, որ մարդիկ դուրս գան բակ, իրենց փողոց, իրենց մուտք: Մենք շատ ենք ցանկանում, որպեսզի մարդիկ իրենց լավ օրինակով վարակեն մյուսներին»,- պատմում է Հայկը:
Այս տարի երիտասարդներին հաջողվեց հովանավորների ներգրավել, որոնց թվում են Անելիք Բանկը, EY-ն (Ernst and Young), Koor Wines-ը: Միջոցառման նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաեւ «Կոկա-Կոլա Բոթլերս Արմենիա»-ն, «Ռոստելեկոմ Արմենիա»-ն, «Այբ» դպրոցը, «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը: Teach for Armenia ծրագրի ուսուցիչները, որոնք դասավանդում են Հայաստանի 40 համայնքներում, հատուկ դասեր կանցկացնեն դպրոցներում եւ մինի շաբաթօրյակներ՝ տեղում:
«Այս տարի մենք պատրաստվում ենք Երեւանում կազմակերպել աղբի կենտրոնացված կուտակման 10 կետ: Դրանց ցուցակը կհայտարարվի ապրիլի 20-ից հետո: Շաբաթօրյակի բոլոր մասնակիցներին տրամադրելու ենք պարկեր, ձեռնոցներ, գործիքներ: Միջոցառման վերջում մասնակիցներին կտորից տոպրակներ կնվիրենք, որպեսզի ընդգծենք պլաստիկից աստիճանաբար հրաժարվելու կարեւորությունը», - ասել է Հայկ Զալիբեկյանը:
Համահայկական շաբաթօրյակին մասնակցել ցանկացողները կարող են գրել Make Armenia Clean Again ֆեյսբուքյան էջին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: