Երեւան: Մեդիամաքս: ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ ցանկանում է 2017 թվականը դարձնել կոռուպցիայի դեմ պայքարի տարի։
«Մենք հավատում ենք, որ այս տարին հնարավորություն կընձեռի վճռական քայլ կատարել կոռուպցիայի դեմ պայքարում»,- ասել է դիվանագետը՝ հանդես գալով «Կանգնեցնենք կոռուպցիան» տեղեկատվական արշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսում։
Նա ողջունել է Հայաստանի նոր կառավարության եւ քաղաքացիական հասարակության կողմից արված քայլերը, որոնք արտահայտվել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններով։
«Արշավի նպատակն է հայ հասարակության լայն շրջանակներին քարոզել կոռուպցիայի դեմ պայքարը։ Այս նախաձեռնության հաջողությունը մեծամասամբ կախված է հասարակ մարդկանց արձագանքներից»,- ասել է Պյոտր Սվիտալսկին։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն էլ ասել է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության համար կարեւոր է «օգտագործել մարդկային ներուժը եւ մի շարք նորարարական գործիքներ»։
«Էլեկտրոնային գործքիքները հնարավորություն են տալիս թափանցիկություն, արդյունավետություն եւ մասնակցային կառավարման համակարգ ձեւավորել։ Մենք ցանկանում ենք հասնել դրան», - նշել է նա։
Իր հերթին, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նկատել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը վերջին վեց ամիսներին բավական լուրջ արդյունքներ է տվել, ինչը մեծամասամբ պայմանավորված է ապրիլյան պատերազմի ազդեցությամբ։
Կարեն Զադոյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ստեղծվելու է էլեկտրոնային հարթակ, որտեղ քաղաքացիները անանուն կերպով կարող են կոռուպցիոն հանցագործությունների մասին հաղորդագրություններ տեղադրել։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: