«Կոռուպցիայի ընկալման ցուցանիշները ՀՀ-ում մտահոգիչ են» - Mediamax.am

5406 դիտում

«Կոռուպցիայի ընկալման ցուցանիշները ՀՀ-ում մտահոգիչ են»


Վարուժան Հոկտանյանը
Վարուժան Հոկտանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Transparency International-ն այսօր հրապարակել է 2016թ. կոռուպցիայի ընկալման 22-րդ վարկանիշը, որտեղ Հայաստանը 33 միավորով 176 երկրների ցանկում զբաղեցրել է 113-րդ հորիզոնականը:

 

Համեմատության համար նշենք, որ անցած տարի Հայաստանը 35 միավորով 168 երկրների շարքում զբաղեցրել էր 95-րդ հորիզոնականը: 2014թ. այն ստացել էր 37, իսկ 2013թ.՝ 36 միավոր:

 

«Նկատի ունենալով Հայաստանի՝ կոռուպցիայի ընկալման համաթվի համար հաշվարկված վիճակագրական սխալի չափը (4.01), կարելի է պնդել, որ 2015թ. համեմատ՝ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2016թ. մնացել է մոտավորապես նույնը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը:

 

Մյուս կողմից, նա ընդգծել է, որ վերջին երեք տարիներին կոռուպցիայի ընկալման ցուցանիշները Հայաստանում մտահոգիչ են, քանի որ միավորների բարելավման միտումներ չեն նկատվել:

 

Transparency International-ի հրապարակած վարկանիշում երկրները դասակարգվում են 0-ից 100 միավորային համակարգում, որտեղ 0-ն արտահայտում է կոռուպցիայի ընկալման ամենաբարձր, իսկ 100-ը՝ ամենացածր մակարդակը:

 

Վարկանիշում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրել են Դանիան (90 միավոր), Ներ Զելանդիան (90) եւ Ֆինլանդիան (89): Կոռուպցիայի ընկալման համաթիվն ամենաբարձրը Սոմալիում է (10 միավոր), Հարավային Սուդանում (11) եւ Հյուսիսային Կորեայում (12):

 

Տարածաշրջանի երկրներից ամենաբարենպաստ դիրքում Վրաստանն է, որը 57 միավորով հայտնվել է 44-րդ հորիզոնականում:

 

Թուրքիան 41 միավորով 75-րդն է, Ադրբեջանը՝ 123-րդը (30 միավոր), Իրանը՝ 131-րդը (29 միավոր):

 

Բելառուսն այս տարի ստացել է 40 միավոր՝ նախորդ տարվա 32-ի փոխարեն: Ռուսաստանը եւ Ղազախստանը ստացել են 29 միավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին