Financial Times-ը հոդված է հրապարակել դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի մասին՝ վերնագրելով այն «Իտալացի դիրիժորը, որը Հայաստան տեղափոխվեց սիրահարվելուց հետո»:
Մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր 40-ամյա Ջանլուկա Մարչիանոն իր մասնագիտական կյանքի մեծ մասն անց է կացրել հայրենիքից հեռու՝ աշխատելով Մերձավոր Արեւելքում եւ Կովկասում:
2015 թվականին բնակություն հաստատեց Երեւանում՝ հանդես գալով որպես Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի հրավիրված գլխավոր դիրիժոր: 2015թ. նոյեմբերի Օպերայի եւ բալետի թատրոնում ներկայացվեց Վերդիի ‹‹Տրավիատա›› օպերան: Ներկայացումից հետո Մարչիանոն ասաց, որ շատ է սիրում Հայաստանը եւ հիացած է հայ երաժիշտներով:
Մարչիանոն բնակություն հաստատեց Երեւանում, որովհետեւ ‹‹մի հրաշալի աղջկա սիրահարվեց››՝ նա Պետական երիտասարդական նվագախմբի ջութակահարուհին է:
Նրանք հանդիպել են Բեյրութում տեղի ունեցող Ալ Բուստան փառատոնի շրջանակներում՝ Ջանլուկա Մարչիանոն փառատոնի գեղարվեստական ղեկավարն էր:
Անցյալ ամառ երաժիշտներն ամուսնացան: Դիրիժորի խոսքերով, ինքը հարմարվել է Երեւանի հանգիստ ռիթմին ու սիրում է հայերի հյուրընկալությունը:
«Եվրոպայում մի փոքր կորցրել ենք այս արժեքները՝ անդադար շտապում ենք, աշխատանքը հանձնելու ժամկետներ ունենք: Եթե ուզում ես ընկերոջդ հանդիպել, պիտի նախապես գրանցես ամսաթիվը››, - նշում է դիրիժորն ու հավելում, որ նախատեսում է հայերեն սովորել, չնայած, որ այն շատ դժվար լեզու է:
Լուսանկարը` Jodi Hilton/Financial Times
Դիրիժորի խոսքերով, Երեւանում սիրում են դրամատիկ ավարտ ունեցող Պուչինիի ու Վերդիի օպերաները, որովհետեւ հայերը շատ կրքոտ են››:
Ջանլուկա Մարչիանոն ասում է, որ ի տարբերություն Իտալիայի, Հայաստանում օպերա են հաճախում նաեւ երիտասարդները, իսկ հանդիսատեսը երբեւէ չի զսպում զգացմունքները:
Պատրաստեց Լենա Գեւորգյանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: