#RepatArmenia` հաջողության պատմություններ - Mediamax.am

2103 դիտում

#RepatArmenia` հաջողության պատմություններ


Լուսանկարը` Alan Grigorian


Վերադարձ Հայաստան (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանն այսօր ասել է, որ աշխարհի տարբեր երկրներից ամեն տարի 1000 հայ, կամավոր եւ գիտակցաբար, Հայաստան մշտական բնակության է տեղափոխվում:

 

Նա նշել է, որ հայրենադարձվում են Կանադայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից եւ այլ երկրներից:

 

«Մեզ տարեկան 500 մարդ է դիմում` 80%-ը աշխատանք գտնելու, 10-15%-ը սեփական գործը սկսելու, մյուսները տարբեր հարցերում խորհրդատվություն ստանալու համար: Հայրենադարձների ցանց կա, 4 000 հոգանոց ֆեյսբուքյան փակ խումբ է, որտեղ մարդիկ փորձում են աջակցել հայրենադարձվել ցանկացողներին, նաեւ տեղափոխվելուց հետո ծագած խնդիրների լուծման հարցերում: Անհատապես աշխատում ենք աշխատանք գտնելու, մասնագիտություն փոխելու եւ նոր բիզնես հիմնելու հարցերում: Այսօր Հայաստանում չկա հայրենադարձի իրավական կարգավիճակ, ինչի պատճառով դժվար է հստակ վիճակագրություն վարել»,- ասել է նա: 

 

Շանթ Չակմակ, Հայրենիքի Զարգացման Նախաձեռնություն հիմնադրամ

 

Կանադայից Հայաստան բնակության տեղափոխված Շանթն իր հիմնադրամով փորձում է աշխատատեղեր ստեղծել կանանց համար:

 

8 տարի բացակայությունից հետո Շանթը Հայաստան եկել է «Դեպի Հայք» ծրագրով` մի քանի ամսով կամավորական աշխատանք կատարելու համար:

 

«Թեեւ Կանադայում հայ գաղութի շատ ակտիվ անդամ էի, սակայն իմ պատկերացումները Հայաստանի մասին եւ իրականությունը շատ տարբեր էին: Իրականությանը ծանոթանալուց հետո Հայաստան տեղափոխվելու որոշում կայացրեցի»,- ասել է Շանթը:

 

Հիմնադրամն աշխատանք է ստեղծել Հայաստանի 16 տարբեր շրջաններից 200 կանանց համար: Նրանց ձեռագործ արտադրանքն արտահանվում է աշխարհի տարբեր երկրներ:

 

«Արդեն բավական հայտնի են մեր արջուկները, որ արտադրվում են Բերդ քաղաքում: Գյումրեցի կանայք կավե ամաններ են պատրաստում, Կապանում խաղալիքների արտադրություն ունենք, Գոգահովիտ գյուղում`գլխարկների: Մեր ապրանքը վաճառում ենք հիմնականում սփյուռքահայերի շրջանում: Անշուշտ, խնդիրներ ունենում ենք արտահանման հետ կապված, բայց ակտիվ քարոզարշավի շնորհիվ կարողանում ենք իրացնել ապրանքը: Ներքին շուկայում իրացնելու միտքը եւս չենք բացառում եւ շատ կցանկանայինք սեփական փոքրիկ խանութն ունենալ: Մինչ այդ մասնակցում ենք տարբեր ցուցահանդես-վաճառքների, նաեւ գրասենյակն է որպես խանութ աշխատում», - ասել է նա:

 

Շանթը որպես խնդիր նաեւ առանձնացրել է օնլայն վաճառքի զարգացած եւ ապահով հարթակի բացակայությունը, ինչը, ըստ նրա, մեծ անհրաժեշտություն է:

 

Արմինե Փանոսեան-Ղազարեան, A+ Limbibe Skills

 

Արմինե Փանոսեան-Ղազարեանն ընտանիքի հետ մեկ ու կես տարի առաջ Հայաստան է տեղափոխվել Լիբանանից: Անգլերեն լեզվի մասնագետն անմիջապես աշխատանքն է գտել` զուգահեռ սեփական գործը հիմնելու գաղափարը կյանքի կոչելով:

 

«Հեռանկարում ունեի անձնական ուսումնական կենտրոն ստեղծելու միտքը: Երկու ամիս առաջ հիմնեցի A+ Limbibe Skills ուսումնական կենտրոնը, որտեղ միայն անգլերեն չէ, որ դասավանդում ենք: Ուսուցիչներ ենք որակավորում, մենեջմենթի դասընթացներ ունենք եւ այլն: Այս պահին 20-25 ուսանող ունենք: Մեր առավելությունն այն է, որ միջազգային վկայականներ ենք տրամադրում, որոնք Հայաստան ենք բերել ֆրանչայզինգային տարբերակով»:

 

Արմինեի խոսքով` ճանապարհն այնքան էլ սահուն չէ, բայց դժվարություններից հուսահատվելուց հենց սկզբից հրաժարվել է:

 

Արտյոմ Թադեւոսյան, Չրանոցի արտադրամասի հիմնադիր

 

20 տարի Մոսկվայում բնակված Արտյոմ Թադեւոսյանը Հայաստանում է հաստատվել 2012թ.-ից: Բամբակաշատ գյուղում նրա հիմնած Sun Fruit ընկերությունը որակյալ չրեր է արտադրում, որոնք արտահանում է Ռուսաստանի Դաշնություն:

 

«Նախորդ տարի $ 120 հազարի արտահանում ենք արել: Ամեն տարի արտահանման 20-30% աճ է լինում: Այս պահին հիմնական կապերն ու գործընկերները Մոսկվայում են, բայց այլ երկրներից եւս հետաքրքրություններ կան: Եթե արտադրանքը որակով է եւ օբյեկտիվ արժեք ունի, կարելի է մեծ քանակով վաճառել»,- ասել է նա:

 

Արտյոմ Թադեւոսյանը միֆ է անվանել այն, որ Հայաստանում օրենսդրական դաշտը վատն է:

 

«Հարկային եւ մաքսային մարմինների հետ որեւէ խնդիր չենք ունեցել, քանի որ լավ մասնագետներ ենք ներգրավել եւ գործել ենք օրենքի սահմաններում: Մեր դեպքում խնդիր է եղել արտադրություն կազմակերպելու համար մասնագետների պակասը եւ ստիպված տեխնոլոգիաներն ինքներս ենք մշակել»,- պատմել է Հայաստան տեղափոխված երիտասարդ գործարարը: 

 

Մարի Թարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին