Մեկնարկում է «Դիլիջանի արվեստների աստղադիտարան» նախագիծը - Mediamax.am

9086 դիտում

Մեկնարկում է «Դիլիջանի արվեստների աստղադիտարան» նախագիծը


Լուսանկարը` IDeA


Երեւան: Մեդիամաքս: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) եւ Դիլիջանի զարգացման (Dilijan Development Foundation) հիմնադրամներն ազդարարում են «Դիլիջանի արվեստների աստղադիտարան» (Dilijan Arts Observatory) նախագծի մեկնարկը:

Փորձարարական միջդիսցիպլինար հետազոտական այս նախագծի խնդիրը մշակույթի եւ բարձրագույն կրթության հանդեպ նոր մոտեցումների մշակումն է Դիլիջանում: Լինելով Հայաստանում Dilijan Art Initiative-ի շրջանակում կազմակերպված միջազգային առաջին նշանակալի մշակութային միջոցառումը՝ «Դիլիջանի արվեստների աստղադիտարան» նախագիծն օգոստոսի 22-ից սեպտեմբերի 11-ը քաղաքում կհամախմբի նկարիչների, մշակութաբանների ու էկոլոգների՝ տարբեր երկրներից:

 

Dilijan Art Initiative-ը համալիր նախագիծ է՝ միտված աջակցելու Դիլիջանի եւ Հայաստանի մշակույթը երկրի սահմաններից դուրս ներկայացնելուն: Ի թիվս այլ աշխատանքների՝ նախատեսվում է ցուցահանդեսների կազմակերպում եւ հայկական սփյուռքի նկարիչների աշխատանքների ներկայացում համաշխարհային առաջատար մշակութային հարթակներում ու կարեւորագույն միջոցառումներում:   

 

Dilijan Art Initiative-ի աջակցությամբ՝ Վենետիկի 56-րդ բիենալեին ստեղծվել է «Հայություն» խորագրով հայկական տաղավարը, որն արժանացել էր միջազգային հեղինակավոր այս ցուցահանդեսի գլխավոր՝ «Ոսկե առյուծ» մրցանակին, ինչպես նաեւ ներկայացվել էր Հայկական ծրագիր Ստամբուլի 15-րդ բիենալեին՝ նվիրված հայ ժողովրդի պատմության ուսումնասիրությանը ժամանակակից Թուրքիայում եւ Ցեղասպանության ողբերգությանը:

 

Dilijan Art Initiative-ում ներառված «Դիլիջանի արվեստների աստղադիտարան» նախագիծը կյանքի է կոչվել UWC Dilijan քոլեջի, RVVZ եւ IDeA բարեգործական հիմնադրամների հիմնադիրներ, DDF հիմնադրամի համահիմնադիրներ, բարեգործներ Ռուբեն Վարդանյանի եւ Վերոնիկա Զոնեբենդի, ինչպես նաեւ DDF հիմնադրամի համահիմնադիր եւ Adibekian Family Foundation for Advancement (AFFA) հիմնադրամի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանի աջակցությամբ:

 

«Դիլիջանի արվեստների աստղադիտարան» նախագիծը մշակել է թանգարանային համակարգող եւ անթրոպոլոգ Կլեմենտին Դելիսը: Արվեստի տեսաբաններն ու արվեստը գործնականում կիրառողները կմիավորեն իրենց ջանքերը Դիլիջան քաղաքում եւ նրա շրջակայքում անցկացվելիք դաշտային գիտական հետազոտությունների ընթացքում:

 

Այդ աշխատանքներին ակտիվորեն կներգրավվեն նաեւ տեղի բնակիչները: Հետազոտության նպատակն է նկարագրել տեղի ժողովրդական սովորություններն ու բացահայտել աշխարհընկալման առանձնահատկությունները:

 

Դաշտային աշխատանքի առանցքային թեմաներն են՝ ոճ, արհեստներ, գրաֆիկա, երաժշտություն (այդ թվում՝ երգահանություն) եւ աստղագիտություն, խորհրդային շրջանի ճարտարապետություն եւ դիզայն, ուտեստների պատրաստում, վայրի բնություն, բուսաբանություն եւ տարածքին բնորոշ եզակի մթերքներ:

 

Աստղադիտարանը կկազմակեպվի Դիլիջանում եւ շրջակա գյուղերում, իսկ որպես նախագծի գրասենյակ կծառայի ճարտարապետական տեսանկյունից ակնառու, խորհրդային շրջանում հայտնի «Իմպուլս» գործարանի մասնաշենքը: Ժամանակին, քանի դեռ գործարանը չէր մասնավորեցվել, այստեղ էլեկտրոնային արտադրանքի ստեղծման վրա աշխատում էին 4000 աշխատակիցներ:

 

Սեպտեմբրի 10-11-ի հանգստյան օրերին Դիլիջանում կանցկացվի բաց միջոցառում, որի ընթացքում կներկայացվեն ուսումնասիրությունների արդյունքները՝ մատուցման տարբեր ձեւերով, այդ թվում` սիմֆոնիկ համերգի, ուտեստների տոնակատարության, ելույթների ու ցուցահանդեսների միջոցով: Տեղի կունենա միջազգային կլոր սեղան, որտեղ կքննարկվի արվեստի եւ կենցաղային հմտությունների դպրոցի ձեւավորման խնդիրն ապագայում:

 

Դիլիջանի արվեստների աստղադիտարանի արդյունքները կներկայացվեն նաեւ Եվրոպայի առաջատար գեղարվեստական թանգարաններում՝ Բեռլինի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում 2017թ. նոյեմբերին եւ Փարիզի Ժորժ Պոմպիդուի  արվեստի ու մշակույթի ազգային կենտրոնում՝ 2018թ. ամռանը:

 

«Դիլիջանի արվեստների աստղադիտարանը IDeA եւ Դիլիջանի զարգացման հիմնադրամների հերթական նածագիծն է՝ միտված քաղաքի զարգացմանն ու մշակութային նորացմանը՝ կրթության միջոցով: Observatory-ի միջոցով Դիլիջանում կկազմակերպվեն ստեղծագործական արհեստանոցներ, դասախոսություններ եւ միջդիսցիպլինար հետազոտական նախագծեր: Դիլիջանի արվեստների աստղադիտարանին մասնակցելու նպատակով կհավաքվեն տարբեր ոլորտներում ճանաչված պրոֆեսիոնալներ՝ շատ երկրներից, որպեսզի Հայաստանը  նրանց առջեւ բացի դեպի իր բազմադարյա մշակույթ տանող դռները: Ինքս անհամբերությամբ կսպասեմ, թե երբ հասարակության դատին կհանձնվեն միջդիսցիպլինար այս կարեւոր հետազոտությունների արդյունքները»,- ասել է IDeA հիմնադրամի հիմնադիր Վերոնիկա Զոնեբենդը:

 

«Ես ուրախ եմ, որ մասնակցում եմ այս նախագծին: 2009 թվականին, երբ առաջին անգամ եկա Հայաստան, որպեսզի հանդիպեմ նկարիչներին ու հասարակական ակտիվիստներին, ինձ հիացրեց նրանց անբեկանելի դիրքորոշումը: Դա չափազանց կարեւոր է  Dilijan Arts Observatory-ի, ինչպես նաեւ ողջ Հայաստանի՝ որպես միջազգային մշակութային հարթակի համար: Եվ հիմա նշանավոր այդ նկարիչներից ու գիտնականներից շատերը կժամանեն Հայաստան՝ մասնակցելու մեր այս նախագծին: Հուսով եմ, որ մեր քննարկումների արդյունքում կծնվեն ոչ մեկ մոդել ու հեռանկարային գաղափարներ, որոնք հնարավոր կլինի կիրառել հետագա զարգացման համար»,- նշել է Դիլիջանի արվեստների աստղադիտարանի համակարգող Կլիմենտին Դելիսը:

 

Adibekian Family Foundation for Advancement հիմնադրամի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանն էլ նկատել է, որ երկու տարի առաջ Դիլիջանը դարձել է Հայաստանի նոր կրթական կենտրոն, որի նշանակությունը գնահատվում է միջազգային մակարդակում:

 

«Այսօր այս գեղատեսիլ քաղաքը արվեստի եւ մշակույթի կենտրոն դառնալու նոր դերակատարում է ստանձնում, եւ դրան ուղղված առաջին նախագիծը նկարիչների, պատմաբանների ու հետազոտողների է համախմբում աշխարհի 14 երկրից: Ուրախ ենք, որ Դիլիջանի զարգացման գործընթացում մեր յուրաքանչյուր քայլը կապվում է բացառիկ, սոցիալական նշանակություն ունեցող նախագծերի ստեղծման ու ամբողջ աշխարհից տաղանդավոր անձանց ներգրավման հետ, իսկ դա նշանակում է, որ այս քաղաքը հրաշալի ապագա ունի»,- ասել է Գագիկ Ադիբեկյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին