Սկաուտ Թուֆանկջյանը լուսանկարչության դասընթաց է վարում Արցախում - Mediamax.am

5225 դիտում

Սկաուտ Թուֆանկջյանը լուսանկարչության դասընթաց է վարում Արցախում


Սկաուտ Թուֆանկջյանը
Սկաուտ Թուֆանկջյանը

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո

Լուսանկարը` Թումո


Երեւան: Մեդիամաքս: Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը եւ HALO TRUST-ը Ստեփանակերտում անցկացնում են երկշաբաթյա լուսանկարչության դասընթաց:

Դասընթացի նպատակն է զարգացնել երիտասարդ լուսանկարիչների հմտությունները եւ բարձրացնել HALO TRUST-ի մարդասիրական աշխատանքի իրազեկման մակարդակը: HALO TRUST ընկերությունը ականազերծման եւ կասետային զինամթերքի մաքրման աշխատանքներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղում:

 

Դասընթացի մասնակից ուսանողները կծանոթանան փաստագրական լուսանկարչության հիմունքներին՝ հայտնի ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանի ղեկավարությամբ, ով առաջին անգամ ուսուցանել է Թումո Երեւանում  2013-ին:

 

Ուսանողները կստեղծեն Ղարաբաղի բնության, կյանքի եւ մարդկանց մասին պատմող ֆոտոպատմություններ: Դրանք կկենտրոնանան HALO TRUST-ի կողմից ականազերծված տարածքների, դրանց բնակիչների եւ Ղարաբաղի կյանքի ապահովության համար պայքարող նվիրյալ անձնակազմի շուրջ: 

 

«Ոգեւորված եմ Արցախ եւ Թումո վերադարձիս կապակցությամբ: Հակամարտության վերջին շրջանի սրացումը կրկին ընդգծեց HALO TRUST-ի աշխատանքի կարեւորությունը Ղարաբաղի համայնքների ապահովության երաշխավորման գործում, ինչպես նաեւ այս հիանալի վայրը աշխարհին ներկայացնելու անհրաժեշտությունը: Ուրախ եմ այս երկու թեմաների լուսաբանման շուրջ նման հրաշալի ուսանողների հետ աշխատելու համար: Անհամբեր սպասում եմ նրանց արդյունքներին», - ասել է Սկաուտ Թուֆանկջյանը:

 

Դասընթացը մեկնարկել է մայիսի 12-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 21-ը:

 

Մայիսի 19-ին, ժ. 20:00-ին Սկաուտ Թուֆանկջյանը կպատմի իր «Գոյություն ունի միայն Երկիրը. լուսանկարներ «Հայկական սփյուռք» նախագծից» գրքի եւ իր լուսանկարչական փորձառության մասին:

 

Դասախոսությունը տեղի կունենա Ստեփանակերտի Թումո կենտրոնում (Կնունյանցների 2): Մուտքն ազատ է:

 

2012 թվականի նոյեմբերին Մեդիամաքսը պատմել էր այն մասին, թե ինչպես է Սկաուտ Թուֆանկջյանը լուսանկարել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական արշավը՝ հեղինակելով մի լուսանկար, որը դարձավ Օբամայի հաղթանակի խորհրդանիշը եւ re-tweet արվեց ավելի քան 800 հազար անգամ, իսկ Facebook-ում հավաքեց ավելի քան 4.4 մլն «like» ու 582 հազար «share»` սահմանելով ինտերնետի նոր ռեկորդ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին