Գեոթիմը շարունակում է զարգացնել Ամուլսարի ազդակիր համայնքները - Mediamax.am

1766 դիտում

Գեոթիմը շարունակում է զարգացնել Ամուլսարի ազդակիր համայնքները


Լուսանկարը` wikimedia.org/


Վայոց Ձորի մարզի Գնդեվազ համայնքում պաշտոնական գրանցված 1017 բնակչի փոխարեն այսօր ապրում է մոտ 800 մարդ. մյուսները ստիպված բռնել են արտագաղթի ճանապարհը:

 

Հիմնականում Ռուսաստանից արտագնա աշխատանքից բացի, գյուղի բնակիչներն աշխատում են Ջերմուկում կամ Երևանում: Համայնքում հիմնական աշխատատեղերը գյուղապետարանում ու դպրոցում են:

 

Գնդեվազն Ամուլսարի ոսկու հանքի ազդակիր համայնքներից մեկն է: Թեեւ հանքը դեռեւս չի շահագործվում, Գեոթիմ  ընկերությունը այս եւ այլ ազդակիր համայնքներում շարունակում է իրականացնել սոցիալական զարգացման տարբեր ծրագրեր՝ հիմնվելով բնակչության շրջանում կատարված հետազոտությունների վրա: 

 

Նման ծրագրերից մեկն այս տարի Գնդեվազում կառուցված մրգերի չրանոցն է, որի ստեղծման համար Գեոթիմը ներդրել է մոտ $ 70 հազար՝ տրամադրելով չիր արտադրող երկու ժամանակակից սարք, փաթեթավորման սարքավորում, ինչպես նաեւ աշխատողների վերապատրաստման դասընթացներ:

 

«Գործարկման հենց առաջին տարում չրանոցը մթերել է 4 տոննա թարմ միրգ՝ ոչ միայն Գնդեվազի, այլեւ Արարատյան դաշտավայրի այգիներից՝ ապահովելով մոտ  2 միլիոն դրամի եկամուտ:  Դեռ նոր ենք փորձում մտնել շուկա, ծանոթանում ենք տեխնոլոգիային ու աշխատանքի կազմակերպմանը: Մյուս  տարի, հիմնվելով մեր սխալների վրա, ավելի հեշտ ու սահուն առաջ կգնանք», - ասում է չրի կոոպերատիվի անդամներից  Արտակ Համբարձումյանն: Նա ուրախությամբ նկատում է, որ այս տարվա արտադրանքի 90 տոկոսն արդեն իրացվել է:

 

«Որպես այգեգործական համայնք՝ Գեոթիմի եւ բնակիչների հետ ունեցած քննարկումների արդյունքում նպատակահարմար համարեցինք գյուղում չրի չորանոց հիմնելու գաղափարը: Գնորդի ուշացման հետեւանքով շատ գյուղացիներից ցանկություն հայտնեցին, որ իրենց ծիրանը չիր դարձնեն՝ այդ տարբերակով եւս այն շուկա հանելու համար: Ստացվում է, որ չորանոցը նաեւ լրացուցիչ՝ այլընտրանքային օգնություն է համայնքի բնակիչներին», - հավելում է կոոպերատիվի անդամ Մեսրոպ Հարությունյանը:

 

Գնդեվազի չրանոցի սպառման հիմնական շուկան դեռեւս Երեւանն է: Կոոպերատիվի անդամները վստահ են՝ եկող տարի մթերման ու արտադրման ծավալն ավելի կմեծանա, ինչը կնպաստի նաեւ շուկայի ընդլայնմանը:

 

«Ամուլսարի հանքավայրը դեռեւս չի շահագործվում, բայց կայուն զարգացում ապահովելու համար համայնքային սոցիալական ներդրումները Գեոթիմ ընկերությունը սկսել է դեռեւս 2007 թվականից: Այս ընթացքում Գորայք, Սարավան եւ Գնդեվազ համայնքներում, Ջերմուկ քաղաքում, ինչպես նաև զարգացման այլ ծրագրերում Գեոթիմը ներդրել է ավելի քան $ 2 միլիոն»,- ասում է Գեոթիմի սոցիալական զարգացման ծրագրերի մենեջեր Նառա Ղազարյանն ու հավելում, որ «ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղությամբ՝ գյուղական ենթակառույցներ, առաջնային առողջություն եւ իրազեկություն, կրթություն, տնտեսական զարգացման հնարավորություններ` ապահովելով բոլոր ոլորտների կայուն զարգացումը»:

 

Համայնքների անվտանգության հարցը

 

Գեոթիմի կորպորատիվ պատասխանատվության շրջանակներում կարեւոր դերակատարում ունեն անվտանգության հետ կապված ծրագրերը:

 

Այս համատեքստում՝ 2015-ին ընկերությունը Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի (RECC) հետ համատեղ նախաձեռնել եւ իրականացրել է Ջերմուկի հրշեջ կայանի ջրատարի վերանորոգման եւ ավտոկայանատեղի ջերմամեկուսացման ծրագիրը:

 

«Մինչ այս ծրագրի իրականացումը՝ ջերմամեկուսացման եւ ջրատար համակարգի անսարքության հետեւանքով ձմռանը խնդիրներ էինք ունենում, ինչը, հնարավոր հրդեհի դեպքում, կարող էր լուրջ հետեւանքներ ունենալ: Հրշեջ կայանի վերանորոգման ծրագրի իրականացումը կնպաստի նաեւ Ջերմուկի անտառային ծածկույթի անվտանգության ավելի հուսալի ապահովմանը»,-ասում է Ջերմուկի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար Ռոման Դանիելյանը եւ նշում, որ կայանը սպասարկում է Ջերմուկ քաղաքն իր հարակից համայնքներով՝ ընդգրկելով մոտ 10 հազար բնակչություն:

 

Այս ծրագրի համար Գեոթիմը տրամադրել է ավելի քան $ 10 հազար:

 

 «Թափոնից հուշանվեր». բնապահպանությունն ու արվեստ՝ մեկ գաղափարում

 

Ընթացիկ տարում Գեոթրիմի աջակցությամբ Ջերմուկում իրականացվել է նաեւ   բնապահպանական եւ աշխատանքային հմտությունների՝ «Թափոնից հուշանվեր»

ծրագիրը: «Զանգակատուն» տեղական ՀԿ-ի հետ համատեղ իրականացված  ծրագիրը սովորեցնում է պոլիէթիլենային թափոններից պատրաստել տարբեր առարկաներ, որոնք օգտագործվում են կենցաղում:

 

«Ծրագրի հատուկ դասընթացներին մասնակցել են համայնքի 35-40 դպրոցականներ, ուսուցիչներ, ծնողներ: 9-ամսյա ծրագրի արդյունքում ստեղծված գործերը վաճառվել են տարբեր ցուցահանդեսներում: Սա հմտություն է, որով կանայք, աղջիկները կարող են եկամուտ ստեղծել՝ միաժամանակ պահպանելով ու տարածելով շրջակա միջավայրը մաքուր պահելու հարցը: Ծրագրի ավարտին կազմակերպվել է նաեւ բնապահպանական ակցիա՝ ծառատունկ Ջերմուկի եկեղեցու տարածքում»,-նշում է «Զանգակատուն» տեղական ՀԿ տնօրեն Կարինե Գրիգորյանը:

 

Այս նախաձեռնության իրականացման համար եւ Գեոթիմը $ 10 հազար ներդրում է իրականացրել:

 

Կրթության ոլորտի զարգացումը եւս առաջնահերթություն է Գեոթիմի համար: Ջերմուկում ընկերության կողմից այս ուղղությամբ իրականացված ծրագրերից է նաեւ արվեստի դպրոցի եւ Զատիկ մանկապարտեզի վերանորոգումը: Միայն այս երկու հաստատությունների հիմնովին վերանորոգման համար ընկերությունը հատկացրել է ավելի քան $ 228 հազար: Այսօր Ջերմուկի Արվեստի դպրոց հաճախում է շուրջ  200 երեխա: Դպրոցի տնօրենի փոխանցմամբ՝ երեխանները մեծ հաջողություններ են ունենում մարզային ու հանրապետական մրցույթներում:

 

Ամուլսարի հանքի շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2016-ին: Մինչ այն, վերջին մի քանի տարում, ընկերությունը $ 260 հազար է ներդրել տարբեր գյուղատնտեսական, $ 45 հազար՝ տուրիզմի, $ 730 հազար ՝ ենթակառույցներում (ոռոգման կամ բնական գազի համակարգ, դպրոց, մանկապարտեզ, գրադարան) եւ $ 120 հազար՝ առաջնային առողջապահությանն ուղղված ծրագրերում:

 

Սիրանուշ Եղիազարյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին