Ժամանակակից գրադարանի մոդելը Հայաստանում. մաս 1-ին - Mediamax.am

exclusive
6040 դիտում

Ժամանակակից գրադարանի մոդելը Հայաստանում. մաս 1-ին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը
Հայաստանի Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը
Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ժամանակակից գրադարաններն էականորեն տարբերվում են շատերիս պատկերացրած գրադարաններից: 21-րդ դարի մարդու համար գրադարան գնալ, հայտաթերթիկ լրացնել, սպասել մի քանի ժամ կամ օր մինչեւ գիրքը կհասնի իրեն, այդքան էլ սովորական չի դիտվում: Սրանով է պայմանավորված, որ գրադարաններն ընթերցողներին գրավելու նորանոր ուղիներ են որոնում:

 

Մեդիամաքսը «Ժամանակակից գրադարանի մոդելը Հայաստանում» շարքի 1-ին մասում ներկայացնում է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի եւ Հայաստանի Ազգային գրադարանի պատմությունը:

Ավ. Իսահակյանի անվան գրադարան

 

Հայաստանում ժամանակակից գրադարանի օրինակներից է Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանը:

 

«Գրադարանում գործում են տարբեր կենտրոններ՝ Ամերիկյան, Ֆրանկոֆոնիայի, Բրիտանական, իսկ Ասիական կենտրոնը վերջերս տեղափոխվեց վերանորոգված՝ Կասյանի մասնաճյուղ: Այստեղ դասընթացներ են կազմակերպվում բոլոր տարիքների ընթերցողների համար: Ամեն շաբաթ օր մեր գրադարանում կինոդիտում է տեղի ունենում, որին հաջորդում են քննարկումներ: Մանկական գրականության շատ մեծ բաժին ունենք, յուրաքանչյուր ուրբաթ «Հեքիաթին հյուր» միջոցառումն է անցկացվում, որին անվանի մարդիկ են մասնակցում ու երեխաների համար հեքիաթ կարդում»,- պատմում է գրադարանի փոխտնօրեն Կարինե Մեհրաբյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Երեխաներին գրադարանին մոտ պահելու եւ գիրքն ավելի հեշտ ձեւով մատուցելու նպատակով գրադարանը սերտորեն համագործակցում է մանկապարտեզների ու դպրոցների հետ: Ամեն տարի ընտրում են «տարվա լավագույն ընթերցող»-ին եւ «ամենաակտիվ դպրոց»-ը:

 

Գրադարանի մյուս փոխտնօրենը՝ Ռուզաննա Բարսեղյանը, պատմում է, որ գրադարանն արդեն մեկ տարի է՝ անցել է էլեկտրոնային սպասարկման, ինչն ավելի դյուրին է դարձնում աշխատողների ու ընթերցողների գործը:

 

Գրանցված ընթերցողները կարող են էլեկտրոնային եղանակով գտնել իրենց ցանկացած գիրքը, պատվիրել ու հետո միայն գնալ գրադարան: Իսկ եթե տվյալ գիրքը գրադարանում չկա, ապա էլեկտրոնային համակարգով նշված է, թե ընթերցողը որտեղից կարող է այն ձեռք բերել:

 

Ֆինանսական խնդիրների պատճառով էլեկտրոնային գրքեր գրադարանը դեռ չի պատրաստում, սակայն ունի թվայնացված որոշ գրականություն (ծրագրային, դպրոցական պարտադիր գրականություն):

 

«Մեր ֆոնդը շատ հարուստ է, օրական 700-1000 ընթերցող է գրադարանը սպասարկում, իսկ տարեկան՝ 36-37 հազ.: Մենք քաղաքային գրադարան ենք, սակայն տնօրենի նախաձեռնությամբ սպասարկում ենք նաեւ մարզերից եկած ուսանողներին: Նրանք պարզապես տեղեկանք են ներկայացնում բուհից, իսկ մարզային գրանցում ունեցող աշխատողներն էլ ներկայացնում են աշխատանքային գրքույկն ու պայմանագրի պատճենը»,- հավելում է Կարինե Մեհրաբյանը:

 

Գրադարանը ֆինանսավորվում է Երեւանի քաղաքապետարանի կողմից: Կան նաեւ անհատներ, որոնք գրքեր են նվիրում եւ հարստացում գրադարանի արխիվը:

 

Հայաստանի Ազգային գրադարան

 

2014թ. տվյալներով՝ Ազգային գրադարանի ընթերցողների թիվը 27 734 է, այցելուները 17 տարեկանից բարձր անձինք են: Գրադարանը ֆինանսավորվում է ՀՀ մշակույթի նախարարության միջոցներով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանը պատմում է, որ իրենց գրադարանի համար վաղուց արդեն անցած փուլ է գիրք տալու եւ վերցնելու ֆունկցիան:

 

Թվայնացման գործընթացը գրադարանում մեկնարկել է 2011-ից, երբ նշվում էր հայ տպագրության 500-ամյակը, իսկ Երեւանը հռչակվել էր գրքի համաշխարհային մայրաքաղաք:

 

«Էլեկտրոնային գրադարանը միշտ ձեռքի տակ է, գիրքը, գրապահոցը մոտեցվել է աշխատասեղանին, ու ամեն ինչ արվում է, որ տեղեկացվածության հասանելիության, մատչելիության ապահովում լինի: Կարեւոր չէ ընթերցողը գրանցված է, թե ոչ: Ցանկացած մարդ ցանկացած երկրից կարող է մուտք գործել մեր կայք եւ կարդալ այնտեղ: Այսօր արդեն ունենք շուրջ 40 հազ. էլեկտրոնային ընթերցող: Մարդիկ կարող են նաեւ անհրաժեշտ նյութը ներբեռնել անհատական համակարգիչ ու ունենալ սեփական գրադարանը»,- պատմում է Հայկանուշ Ղազարյանը:

 

Գրադարանն ունի սքաներներ, որոնց օգնությամբ էլ թվայնացնում է գրականությունը: 2012թ. սփյուռքահայ բարերար Հովսեփ Թահթայը սքաներ է նվիրել, ինչպես նաեւ կահավորել ինտերնետային ընթերցասրահը:

 

Հսկայական արխիվ ունեցող ու «երկարակյաց» Ազգային գրադարանը շարունակում է պահպանել նաեւ ավանդական մեթոդը. այստեղ օրական գիրք է կարդում մի քանի հարյուր ընթերցող: Միաժամանակ՝ հսկայական աշխատանք է տարվում հայկական գիրն ու գրականությունը աշխարհին ներկայացնելու հարցում:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեր առաջնային խնդիրը՝ որպես մշակութային հիշողության պահպանման գրավական, հայ հնատիպ գրքի թվայնացումն է: Մեր կայքի Շտեմարաններ բաժնում կարող եք ուսումնասիրել հին հայկական գրքերն ու պարբերական մամուլը, որը քայլ առ քայլ շարունակում է հարստացվել»,- ասում է Հայկանուշ Ղազարյանը:

 

Գրադարան՝ բոլորի համար

 

2008-ից Ազգային գրադարանում գործում է կույր եւ թույլ տեսողություն ունեցող մարդկանց համար նախատեսված ընթերցասրահ: Այստեղ ընթերցողների թիվը ավելի քան 20 է, կա 200-ից ավելի գիրք ու աուդիոգիրք:

 

«Գրադարանի մասնաշենքերը կառուցվել են շատ վաղուց: Այժմ գրադարանի թանգարանի մուտքը հարմարեցվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար: Կարծում եմ, որ մոտ ապագայում նաեւ մյուս մասնաշենքերը կհարմարեցվեն»,- հույս է հայտնում Հայկանուշ Ղազարյանը:

 

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին