Ալիեւի կինը եւս քննադատել է «զրպարտանքն» ու «շանտաժը» - Mediamax.am

3578 դիտում

Ալիեւի կինը եւս քննադատել է «զրպարտանքն» ու «շանտաժը»


Լուսանկարը` https://azertag.az/


Երեւան: Մեդիամաքս: Ադրբեջանի նախագահի կինը եւ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիեւան քննադատել է արեւմտյան լրատվամիջոցներին։

Ելույթ ունենալով COP29-ի շրջանակներում կազմակերպված «Երիտասարդությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի առաջնագծում» համաժողովում, Մեհրիբան Ալիեւան, մասնավորապես, ասել է.

 

«Ադրբեջանը ձգտում է կամուրջներ կառուցել Գլոբալ Հարավի եւ Գլոբալ Հյուսիսի միջեւ, զարգացած եւ զարգացող երկրների միջեւ: Սակայն աջակցության եւ կառուցողական երկխոսության փոխարեն մենք որոշ դեպքերում դարձել ենք արեւմտյան բազմաթիվ լրատվամիջոցներում զրպարտության եւ շանտաժի արշավների թիրախ։ Ակնհայտ է, որ այս լրատվամիջոցները դարձել են այն երկրներին վարկաբեկելու գործիքներ, որոնք չեն հետեւում պարտադրված սցենարներին կամ հրաժարվում են խաղալ պարտադրված կանոններով, այլ անկախ քաղաքականություն են վարում եւ պաշտպանում իրենց ազգային շահերը։ Որոշ խոշոր մեդիա հարթակներ՝ գտնվելով որոշակի պետությունների ազդեցության տակ, հրամանով սկսում են բացասական պատմություններ տարածել Ադրբեջանի մասին»։

 

«Մեր ձեռքբերումները արժանի են հարգանքի, այլ ոչ թե խեղաթյուրման՝ հանուն որոշ պետությունների աշխարհաքաղաքական նպատակների։ Երեսպաշտությունը երեւում է նաեւ տարբեր երկրների կողմից իրենց կլիմայական պարտավորությունների ձեւավորվան հարցում: Զարգացած երկրները, որոնք դարեր շարունակ հանդիսացել են աղտոտման եւ ռեսուրսների անպատասխանատու սպառման հիմնական աղբյուրներ, այժմ ստանձնում են խիստ դատավորների դերը։ Նրանք կոչ են անում կոշտ սահմանափակումներ կիրառել բոլորի համար՝ միաժամանակ հետապնդելով հավակնոտ քաղաքական նպատակներ եւ շարունակելով գործել՝ սեփական շահերից ելնելով։

 

Ադրբեջանը երկիր է, որը ցանկանում է տեսնել արդյունավետ գործողություններ, իրական լուծումներ եւ արդար փոխազդեցություն, ոչ թե մանիպուլյացիա եւ ճնշում: Լրատվամիջոցների օգտագործումը տեղեկատվություն տարածելու եւ խեղաթյուրելու, երկրներին վարկաբեկելու արշավներ իրականացման մեջ ոչ այնքան վնասում է այդ երկրներին, որքան արժեզրկում է բարոյական արժեքների էությունը, քայքայում վստահությունը եւ պառակտում ստեղծում»,- ասել է Մեհրիբան Ալիեւան։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին