Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները, որոնք ավելի քան 800 տարվա պատմություն ունեն, ոչնչացման վտանգի տակ են: Միջնադարում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով վանքի քանդված գմբեթից թափվող անձրեւաջրերը անդառնալի վնաս են հասցնում հայկական քաղկեդոնական որմնանկարչության բացառիկ նմուշներին:
Ամեն անգամ, հորդառատ անձրեւից հետո մտնելով վանք՝ Ախթալայի հոգեւոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանը հայտնաբերում եւ գետնից բարձրացնում է մարդու ձեռքի ափի հատվածով որմնանկարներից թափված մի հատված:
«Ժամանակն աշխատում է որմնանկարների դեմ»,- ահազանգում է քահանան:


Ախթալայի պատմաճարտարապետական հուշարձանախումբը ներառում է միջնադարյան ամրոցը եւ Սուրբ Աստվածածին վանքը: Տարածված կարծիքի համաձայն, ամրոցի հիմնադրումը կապվում է Բագրատունի իշխանատոհմի կողմից Հայաստանի անկախության վերականգնման հետ: Այս շրջանում կառուցվում եւ վերակառուցվում են մի շարք ամրոցներ, բերդեր, վանքեր ու եկեղեցիներ: Ենթադրվում է, որ Ախթալայի ամրոցը X դարում հիմնել են Բագրատունի-Կյուրիկյանները, իսկ Սուրբ Աստվածածնի վանքի կառուցումը վերագրվում է Կյուրիկյանների ճյուղի վերջին ծոռնուհի Մարիամ իշխանուհուն:
Դրա վկայությունը կարելի է համարել ամրոցից ոչ հեռու գտնվող տեղանքում հայտնաբերված Մարիամ իշխանուհու թողած արձանագրությունը, որտեղ վանքի կառուցման տարեթիվ է նշվում 1188 թ.-ը:
Ախթալայի վանքում որոշ ժամանակ պահպանվել է Աստվածընկալ Սուրբ Խաչը, որով, ըստ ավանդության, Հովհաննես Մկրտիչը մկրտել է Հիսուս Քրիստոսին:
Թեեւ Ախթալայի վանական համալիրը գտնվում է Սանահինի եւ Հաղպատի վանքերից ոչ հեռու, այնուամենայնիվ, այն պատշաճ ուշադրության եւ խնամքի չի արժանացել:
Խորհրդային շրջանում, ինչպես մյուս եկեղեցական համալիրները, Ախթալայի վանքն ունեցել է հուշարձանի կարգավիճակ, բայց դա չի խանգարել վանքն օգտագործել որպես պահեստ: Ներկայումս վանքը գտնվում է Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի տարածքում: Հինգ տարի առաջ առաջին անգամ վանքի հոգեւոր հովիվ կարգվեց Տեր Վիգեն քահանա Ղազարյանը, ով բացի եկեղեցական արարողություններ անցկացնելը, յուրաքանչյուր այցելուին պատմում է վանքին սպառնացող վտանգի մասին:

«Սուրբ Աստվածածին վանքը հայկական եւ համաշխարհային ճարտարապետության, մշակույթի անգին գոհարներից է: Այն միակն է իր տեսակով: Այստեղ պահպանվել են շուրջ 960 քառակուսի մետր տարածությամբ 800-ամյա որմնանկարներ: Աշխարհում այլեւս ոչ մի տեղ չեք հանդիպի այսպիսի մեծ ծավալով եւ այսքան հին որմնանկարների համադրության»,- պատմում է Տեր Վիգենը:
Եվրոպական մշակութային հանրագիտարաններում եւս Ախթալայի վանքը հիշատակվում է որպես որմնանկարչության բյուզանդական դպրոցի ամենահին եւ արժեքավոր օջախներից մեկը: Հետազոտողների կարծիքով, որմնանկարները հիմնականում արվել են 1205-1216 թվականների ընթացքում: Թեեւ որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է:

Լուսանկարը` Տեր Վիգեն քահանա Ղազարյանի ՖԲ էջից
Վանքի պատերին պատկերված է Հաղորդության, Խորհրդավոր ընթրիքի տեսարանները, Երկնային թագավորության թեման: Վանքի Արեւմտյան պատի որմնանկարի կենտրոնում Աստվածածինն է՝ հրեշտակներով շրջապատված:
Տիրամոր դեմքը վնասվել է դեռեւս Լենկ Թեմուրի արշավանքների ժամանակ:

Լուսանկարը` Տեր Վիգեն քահանա Ղազարյանի ՖԲ էջից
Ախթալայի վանքի որմնանկարների գլխավոր առանձնահատկություններից մեկը գունային պայծառ երանգների ընտրությունն է: Մի ավանդազրույցի համաձայն, եկեղացական արարողությունների ժամանակ հավատացյալները, վանահորը լսելու փոխարեն, այնքան են հմայված նայել որմնանկարներին, որը վանահայրը զայրացած հրամայել է կրով պատել դրանք:
Երկու տարի առաջ մի քանի անհատների հովանավորությամբ եւ ՀՀ մշակույթի նախարարության պատվերով իրականացվել է վանքի քանդված գմբեթի վերականգման եւ որմնանկարների ամրակայման նախագիծը եւ կազմվել է նախահաշիվը: Այս նախագիծը կազմելու համար անհրաժեշտ 7 միլիոն դրամը հավաքվել էր բարեպաշտ հավատացյալների կողմից:

Լուսանկարը` Տեր Վիգեն քահանա Ղազարյանի ՖԲ էջից
Տեր Վիգեն քահանա Ղազարյանի խոսքերով, ըստ արված նախահաշվի՝ Սուրբ Աստվածածին վանքի գմբեթի վերականգման եւ որմնանկարների ամրակայման համար անհրաժեշտ է շուրջ 300 միլիոն դրամ:
«Մեզ հարկավոր է բավարար հավատք ունենալ եւ հավաքել գումարը՝ վանքը վերականգնելու համար: Ես՝ որպես Ախթալայի վանքի հոգեւոր հովիվ, կոչ եմ անում բարի կամքի տեր բոլոր մարդկանց, հատկապես գործարար մարդկանց, միավորվել Աստծո տներից մեկի վերականգման գաղափարի շուրջ եւ փրկել այդ անգին որմնանկարները: Սա մեր ամբողջ ազգի պարտքն է հայրենիքի եւ մեր հավատքի առջեւ», - ասում է նա:
P. S. Վանքի վերականգմանը մասնակցել ցանկացող անձինք կարող են դիմել Գուգարաց թեմի առաջնորդարան կամ Ախթալայի հոգեւոր հովիվ Տեր Վիգեն քահանա Ղազարյանին:
Եկատերինա Պողոսյան
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: