Համահայկական հիմնադրամի եվրոպական հեռախոսամարաթոնում հաջողվել է հավաքել 1,37 մլն եվրո - Mediamax.am

exclusive
1153 դիտում

Համահայկական հիմնադրամի եվրոպական հեռախոսամարաթոնում հաջողվել է հավաքել 1,37 մլն եվրո


Լուսանկարը` Hovig Hagopian - Alexis Pazoumian

Լուսանկարը` Hovig Hagopian - Alexis Pazoumian

Լուսանկարը` Hovig Hagopian - Alexis Pazoumian


Համահայկական հիմնադրամի հեռախոսամարաթոնյան 4 օրերին նվիրաբերվել է 1,37 միլիոն եվրո, որից 1,24 միլիոնը` Ֆրանսիայից։

Փարիզ, Լիոն, Մարսել եւ Թուլուզ քաղաքներից մոտ 750 կամավորներ կարողացել են կապ հաստատել ընդհանուր թվով 60 000 ընտանիքի եւ կազմակերպության հետ։ Այս տարի Ֆրանսիայի կողմից կազմակերպվող մարդասիրական այս ակցիան Եվրոպայում անցկացվում էր նոյեմբերի 19-ից 23-ը, միջոցառման կնքահայրն էր ֆրանսահայ անվանի երգիչ Պատրիկ Ֆիորին, իսկ կնքամոր դերը ստանձնել էր հանրահայտ մոդել Ադրիանա Կարեմբոն։

 

Ֆրանսիայի համահայկական հիմնադրամի նախագահ Պետրոս Թերզյանի խոսքով, նվիրատուներն իրենց նվիրվածությամբ եւ առատաձեռնությամբ հույսի հզոր ուղերձ են հղում դեպի ապագան` լինի դա Ֆրանսիայում, Գերմանիայում, Հունաստանում, Շվեյցարիայում, Բելգիայում եւ ամենուր, որտեղ Համահայկական հիմնադրամը գործում է։

 

“Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ ոչ տնտեսական ճգնաժամը, ոչ էլ ամենատարբեր անորոշությունները չեն կարող սասանել մեր նվիրատուների եւ կամավորների համերաշխությունն ու կապվածությունը Հայաստանի, Արցախի եւ Սիրիայում կարիքի մեջ հայտնված մարդկանց հետ”,- ասաց նա։

 

Ֆոնետոնի այս տարվա դեմքերը եւս լիահույս են Հայաստանը բարգավաճ տեսնելու հարցում, նրանք հավատում են, որ Համահայկական հիմնադրամի ծրագրերը հենց այդ զարգացման հիմքում են ընկած։ Պատրիկ Ֆիորին Մեդիամաքս-ի հետ զրույցում նշեց, որ որպես կնքահայր հանդես է գալիս միայն այս տարի, բայց շարունակելու է հիմնադրամի կողքին մնալ։

 

“Նրանց ծրագրերը տեսանելի են եւ վերահսկելի, ինքս էլ եմ համոզվել դրանում Հայաստանում եղածս ժամանակ։ Այս ամենի շնորհիվ մարդիկ վերակառուցում են իրենց կյանքը։ Երեխաների համար ջուր ունենալը նորմալ երեւույթ է, սակայն հաճախ մարդիկ չունեն այդ հնարավորությունը։ Բնականաբար, այս հարցերն ինձ անհանգստացնում են ցանկացած երկրի դեպքում։ Բայց երբ հարցը վերաբերում է Հայաստանին, իհարկե արածս ավելի տեղին է. հայկական արմատներ ունեմ, որոնք երբեք չեմ թաքցնում”,- ասաց երգիչը։

 

Նշենք, որ հեռախոսամարաթոնից հետո եւս մարդիկ հնարավրություն ունեն նվիրատվություններ կատարելու մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը։ Հիմնադրամն այս շրջանում նման միջոցառումներ կկազմակերպի նաեւ ԱՄՆ-ում, Կանադայում եւ մի շարք այլ երկրներում։

 

Էլլադա Բարսեղյան-Ղուկասյան /Մեդիամաքս-ի սեփական թղթակիցը Ֆրանսիայում/

Լուսանկարները` Hovig Hagopian - Alexis Pazoumian

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին