Կառավարությունն ուզում է չաշխատող մայրերին նպաստ վճարել… աշխատողների հաշվին - Mediamax.am

exclusive
6866 դիտում

Կառավարությունն ուզում է չաշխատող մայրերին նպաստ վճարել… աշխատողների հաշվին


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս


2014թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» եւ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է փոփոխել մայրության նպաստի տրամադրման կարգը՝ տարածելով այն նաեւ չաշխատող մայրերի վրա: Չնայած դրան՝ օրինագիծը, որը դեռ չի ներկայացվել Ազգային ժողով, առաջացրել է հասարակության տարբեր խավերի դժգոհությունը:

 

Մեդիամաքս-ը փորձել է պարզել, թե որն է այդ դժգոհության պատճառը:

 

Օրենսդրական փաթեթով նախատեսվում է 2016թ. հունվարի 1-ից հղիության ու ծննդաբերության նպաստ տրամադրել նաեւ չաշխատող մայրերին: Փոխարենը, 2015-ի հունվարի 1-ից կրճատվելու է աշխատող մայրերի նպաստի չափը: Ըստ գործող օրենքի, նախածննդյան եւ հետծննդյան 140 օր արձակուրդի համար հղի կանանց պետական նպաստ տրվում է միջին աշխատավարձի շափով:

 

Ըստ օրինագծի, մինչեւ մեկ տարի վերջին գործատուի մոտ աշխատած կինը ստանալու է աշխատավարձի 40%-ի, 1-3 տարի ՝ 60%-ի, իսկ 3-ից ավելի՝ 80%-ի չափով ծննդաբերության նպաստ:

 

Մեզ հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպանի սոցիալ-տնտեսական հարցերով տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանն ասաց, որ իրենք լրջորեն մտահոգված են առաջարկվող փոփոխությունների բովանդակությամբ: Օմբուդսմենը մտավախություն ունի, որ արդյունքում ծնելիության թիվը կնվազի, քանի որ աշխատող կանայք դժվար կկայացնեն երեխա ունենալու որոշումը:

 

«Հասարակություն առանց բռնության» ՀԿ տնօրեն Աննա Նիկողոսյանը եւս կարծում է, որ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացվող օրինագիծը պարունակում է բազմաթիվ բացթողումներ ու խախտումներ:

 

«Ըստ Սահմանադրության, քաղաքացիներին աշխատանքի ազատ ընտրության իրավունք է տրվում: Սակայն այս օրինագիծը խախտում է այն: Այստեղ նշված է, որ մայրության նպաստը հաշվարկվելու է վերջին գործատուի մոտ ունեցած աշխատանքային ստաժի հիման վրա: Այսինքն, եթե կինը 10 տարի այլ ընկերությունում է աշխատել, սակայն վերջին մեկ տարվա ընթացքում տեղափոխվել է այլ գործատուի մոտ, ապա ինքը ստանալու է ավելի քիչ գումար»,- շեշտեց Նիկողոսյանը:

 

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի առաջին տեղական Սմբատ Սաիյանը բացատրում է, որ վերջին տարիներին սուբյեկտիվ գործոններով պայմանավորված մի քանի անգամ աճել է հղիության եւ ծննդաբերության նպաստից օգտվողների թիվը: Նրա խոսքերով, 2020-2021թթ. պետությունն այս հոդվածով ունենալու է 25 մլրդ դրամի ծախս:

 

Օրինագծում ամենամեծ դժգոհությունն առաջացրել է այն կետը, ըստ որի չաշխատող հղի կանանց նպաստ տրվելու է աշխատողների նպաստի կրճատման հաշվին: Այս խնդրով մտահոգ մարդկանց պահանջն այն է, որ երկու խմբի կանայք էլ ստանան նպաստ, սակայն ոչ մեկը մյուսի հաշվին:

 

Ըստ Սաիյանի, օրինագիծը փորձում է լուծել հետեւյալ հարցը. 30 հազար չաշխատող կանանց տալ նպաստ ու, հաշվի առնելով ոլորտում առկա խնդիրները, որոշակի սահմանափակումներ ու կրճատումներ իրականացնել աշխատող կանանց նկատմամբ:

 

«2016 թ-ից չաշխատող կինը կստանա շուրջ 270 հազար դրամ մաքուր նպաստ,  իսկ աշխատող կնոջը տրվող նպաստում տեղի կուենա նվազում՝ 20-50%՝ կախված նրա աշխատանքային ստաժից»,- ընդգծեց նա:

 

Սաիյանի խոսքով, սա առայժմ միայն օրինագիծ է, որը, հնարավոր է, փոփոխությունների ենթարկվի, դրա համար էլ իրենք արդեն սկսել են հանրային քննարկումներ իրականացնել: Առաջին քննարկումը լրագրողների հետ էր, կլինեն հանդիպումներ նաեւ հանրային սեկտորի, գործարարների, ԱԺ խմբակցությունների հետ:

 

Հատկանշական է, որ չաշխատող կանանց՝ մայրության նպաստ ստանալու իրավունքի մասին դրույթները ուժի մեջ կմտնեն 2016 թ-ից, մինչդեռ աշխատող կանանց հղիության նպաստի կրճատումը կյանքի կկոչվի արդեն 2015-ի հունվարի 1-ից: Սոցապնախարարությունը դա բացատրում է նրանով, որ տարում խնայողություն անելով՝ արդեն հաջորդ տարի կկարողանա այդ 30 հազար կնոջը եւս ապահովել նպաստով: Սաիյանի խոսքով, իրենք 3 մլրդ դրամի խնայողություն են կատարելու, սակայն հետագայում ծախսելու են 13 մլրդ:

 

Ըստ Կանանց ռեսուրսային կենտրոնի, եթե այսօր 100 000 դրամ աշխատավարձ ստացող կինը 140 օր արձակուրդի համար ստանում է մոտ 470 000 դրամ, ապա նախագծի ընդունման դեպքում կստանա առավելագույնը 373 000 դրամ, եթե աշխատում է նույն գործատուի մոտ 3 տարուց ավելի, 282 000 դրամ՝ 1-3 տարվա դեպքում, եւ 188 000 դրամ՝ մինչեւ 1 տարիի դեպքում: Մինչդեռ չաշխատող կնոջ համար այն կկազմի 230 000 դրամ:

 

Արժե նշել նաեւ, որ տվյալ գումարը ենթակա է հարկման եկամտային հարկով, իսկ աշխատողների համար մայր գումարից վճարվելու են նաեւ պարտադիր սոցիալական վճարներ, ինչը էլ ավելի է նվազեցնում ստացվող գումարը:

 

Տաթեւիկ Խաչատրյանը կարծում է, որ դրական քայլ է չաշխատող մայրերին եւս 140 օրվա նպաստ հատկացնելը, սակայն նման սոցիալական արտոնությունները չպետք է լինեն մյուս խմբերի հաշվին. «Չէ՞ որ աշխատող մայրը վաստակել է այդ նպաստի իրավունքը: Նա աշխատում է, հարկեր է վճարում, ու սահմանափակել այդ գումարը ճիշտ չէ: Հայաստանում միջինը 2-3 երեխան են ունենում, ու պետությունը այդ երեխաների հաշվին ցանկանում է տնտեսել ու չաշխատող մայրերին գումար տալ, ինչն արդարացի չէ»:

 

Աննա Նիկողոսյանն էլ է շեշտում, որ չաշխատող կանայք պետք է նպաստ ստանան բետբյուջեի հաշվին, որը գոյանում է ՀՀ քաղաքացիների մուծած հարկերից. «Իսկ օրինագիծն ամրագրում է, որ մեկի գրպանից գումարը վերցնում են ու մյուսի գրպանը դնում: Պետք է օրենք մշակելիս այնպես անել, որ հասարակության որեւէ շերտ չտուժի»:

 

Ըստ Նիկողոսյանի ու Խաչատրյանի, այս օրինագծով խախտվում է նաեւ կանանց լեգիտիմ ակնկալիքը: Կինը, որը հղիացել է 2014-ին ու երեխա է ունենալու 2015-ին, գործող օրենքում նշված չափով նպաստ ստանալու ակնկալիք ունի, մինչդեռ  դա տեղի չի ունենա, քանի որ հունվարի 1-ից նախատեսվում է շրջանառության մեջ դնել արդեն նոր օրենքը:

 

Օմբուդսմենի գրասենյակը համագործակցում է կանանց իրավունքների  պաշտպանությամբ զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների հետ ու առաջիկայում համատեղ փաստաթղթով դիմելու է ԱԺ, քանի որ օրինագիծն ընդունվել է ընթացակարգային լուրջ խախտումներով: Այն է՝ կառավարությունը չի ապահովել պատշաճ հանրային լսումներ, շահագրգիռ կազմակերպությունները քննարկմանը չեն մասնակցել ու չեն կարողացել իրենց կարծիքն արտահայտել:

 

«Կա ՀՀ նախագահի հրամանագիր, որի համաձայն ՄԻՊ-ին պետք է ներկայացվեն այն օրինագծերը, որտեղ մարդու իրավունքների վերաբերյալ դրույթներ կան: Սակայն այս դեպքում չի ներկայացվել, ինչը կարեւոր խախտում է համարվում»,- ընդգծեց նա:

 

Իր հերթին Սմբատ Սաիյանն առարկում է, որ ոչ մի փաստաթուղթ էլ առանց թերության չի լինում, բացառություն չէ նաեւ այս մեկը, սակայն եթե այս օրինագծի հետ կապված իրենք ոչ մի առաջարկություն չստանան, ու հանրությունն էլ դեմ չլինի, ապա հենց այս տեսքով էլ կընդունվի:

 

Մինչդեռ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փորձելու է կանխել օրինագծի ընդունումը այս տեսքով: «Օրենքի ընդունման կանխումն ավելի արդյունավետ է, քան հետագայում գործող օրենքում փոփոխություններ մտցնելը»,- նշում է ՄԻՊ-ի տեղակալը:

 

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին