Գիտական հետազոտությունների գումարը կավելանա 2,5 անգամ - Mediamax.am

789 դիտում

Գիտական հետազոտությունների գումարը կավելանա 2,5 անգամ


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ 2022 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021թ․ համեմատ կաճի շուրջ 85 տոկոսով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2,5 անգամ՝ կազմելով 6,7 մլրդ դրամ:

Այս մասին նա ասել է կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ՝ նվիրված 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված գիտական ոլորտի ֆինանսավորման ուղղություններին:

 

«2017-2018թթ․ նկատմամբ գիտության համախառն ֆինանսավորումը կրկնապատկվում է, եւ սա շատ կարեւոր արձանագրում է: Մենք արդեն ընդունել ենք մինչեւ 2026թ․ գիտության ոլորտի աշխատողների բազային աշխատավարձի աճի վերաբերյալ ծրագիր: Ըստ էության, գիտաշխատողների աշխատավարձը, որ այսօր կազմում է շուրջ 90 հազար դրամ, մեր ընդունած որոշմամբ 2026 թվականի դրությամբ կլինի 276 հազար դրամ, որն աճ է 206 տոկոսով: Իսկ գիտական ստորաբաժանումների ղեկավարների աշխատավարձը, որն այսօր կազմում է 141 հազար դրամ, 2025-2026 թվականներին կդառնա 477 հազար դրամ, աճը կազմում է շուրջ 238 տոկոս: Սա մեր քաղաքական վերաբերմունքն է գիտության ոլորտի նկատմամբ եւ այս քաղաքականությունն, իհարկե, շարունակվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Վարչապետը կարեւորել է ոլորտին հատկացվող ֆինանսավորման ճիշտ տեղաբաշխումը, որը կնպաստի ոչ միայն աշխատավարձերի բարձրացմանը, այլեւ  միջնաժամկետ հատվածում կոնկրետ արդյունքներ արձանագրելուն, ինչը հետագայում կարտահայտվի նաեւ տնտեսության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին