Սասունը կա, քանի դեռ մենք այնտեղ ենք - Mediamax.am

exclusive
7023 դիտում

Սասունը կա, քանի դեռ մենք այնտեղ ենք



Ներկայացնում ենք Սոֆիա Հակոբյանի հեղինակած «Թաքնված Սասուն» հատուկ նախագծի եզրափակիչ հոդվածը։

 

Սասունը շատերիս մոտ ուղիղ հոմանիշ է հերոսական, վեհ անցյալի. համառ ինքնապաշտպանությունների, ինչու ոչ՝ դրանից դարեր առաջ մեր լեռներում ձեւավորված ազգային էպոսի ու պատմության մի շարք այլ կարեւոր դրվագների, բայց ոչ երբեք՝ 1915-ից հետո ապրած մեր կյանքի։ Մենք հասցրինք ունենալ մոտ 3-4 սերունդ, որոնք մեծացան՝ հավատալով, որ իրենց երազանքների, խառնվածքի, ամենօրյա կենցաղի մասը կազմել շարունակող «Էրգիրը» արտացոլանք է այլեւս գոյություն չունեցող, անցյալում մնացած ինչ-որ բանի։

 

Պարզվեց՝ մեզ սխալ են պատմել։ Պարզվեց՝ Սասունը կա։ Իր նույն գեղեցկագույն լեռներով ու ձորերով, սառնորակ աղբյուրներով, անշուք հողե տնակներով ու... մեզանով։

 

Ժամանակակից Սասունն ուսումնասիրելիս տեղի՝ ցեղասպանությունը վերապրած ու ոչ միայն 1894, 1904  ու 1915 թթ․-ին, այլեւ առնվազն մեկ դար ու տեղ-տեղ մինչ օրս դիմադրող հայերը անխուսափելիորեն այս գաղափարի կորիզը դարձան։ Որովհետեւ նրանք հենց ներկայի Սասունի կորիզն են, որ կան։ 

 

1930-ականներին նոր ապստամբություն ու աքսոր, 1940-ականներին սաստկացած զինված բախումներ, Երկրորդ համաշխարհայինի տարիներին փոքրամասնությունների նոր ռազմական մոբիլիզացիա, 1950-ականներից հետո իսլամացման ու հայաթափման նոր ու անդառնալի շրջան, 1990-ականներին գյուղերից դուրս եկած վերջին քրիստոնյաներ, գաղթի նոր, բազմաթիվ ուղղություններ... Այսօր Ստամբուլի քրիստոնյա հայության զգալի մասը կազմող, Մուշի, Բաթմանի, Դիարբեքիրի ու Բիթլիսի իսլամացված հայության մեծամասնությունը ձեւավորած սասունցի հայերը պատմելու շատ բան ունեն։

 

Մեր բոլոր հրապարակումներում անվտանգության նկատառումներից ելնելով հերոսների անունները փոխվել են, սակայն նրանց խոսքը նախընտրել ենք չխմբագրել՝ թողնելով այն «կենդանի», քանի որ նրանց պատմություններում Սասունն ու ցեղասպանությունն այնպիսին են, ինչպիսին կան։ Գուցե՝ մեր ավանդական պատկերացումներից մի քիչ տարբերվող, գուցե եւ հասարակության ոչ բոլոր շերտերի ականջին հաճելի, բայց այնպես, ինչպես կա։ Նրանք խոսել են իրենց կյանքի առանցքային դրվագների, պայքարողների ու նահանջողների, բարեկամության ու թշնամության, անպատմելի գեղեցիկ ու ամայացած Սասունի մասին։

 

Այս նախաձեռնությունը կարեւոր է մեզ համար նաեւ հենց այն պատճառով, որ ցեղասպանության հետեւանքով իրարից բաժանված երկու կողմերի միջեւ փոխադարձ հոգատարության, վստահության ու կապվածության յուրահատուկ փորձ ու օրինակ էր։ Շարքի հերոսները վստահեցին մեզ ամենաթանկն ու փխրունը՝ ընտանեկան պատմությունները, խոսեցին բաներից, որոնք հաճախ մեկ դարից ավելի իրենց տան պատերից դուրս չէին եկել։

 

Բնավ տարօրինակ չէր, որ առաջին իսկ հոդվածի հրապարակումից հետո նամակների ու խնդրանքների տարափ սկսվեց Հայաստանից ու Սփյուռքից՝ հնարավոր ողջ մնացած ազգականների հետ կապ հաստատելու համար։ Առհասարակ, ֆանտաստիկ պատմությունների մի ամբողջ շարք կա, թե ինչպես են իսկապես «ծուռ» սասունցիները նույնիսկ խորհրդային տարիներին հաջողացրել նամակագրական կապ հաստատել Արեւմտյան Հայաստանում մնացած ազգականների հետ, ինչպես են համառորեն ու առանց երկմտելու մեկ դար փնտրել գաղթի ճանապարհին կորած որբերին, ինչպես են լուրեր ուղարկել ու ստացել տարբեր ճանապարհորդների, քահանաների ու լրատվամիջոցների միջոցով, եւ վերջապես՝ ինչպես են մեկ դար անց հաճախ հանդիպում «ահմեդներն» ու «արմենները», արդեն գրեթե իրար լեզու չհասկանալով ուղղակի ողջագուրվում կամ վեբ-տեսախցիկի այս կողմից լուռ ձեռքով ողջունում իրար։

 

Սակայն գրանցված հարյուրավոր պատմությունների մեջ կար մի ընտանիք, որը երբեւէ նամակ չէր ստացել «գետի այն ափից» ու չեն էլ երազել նման հանդիպման մասին։

 

Բայց նրանց «նամակը» եկավ ուղիղ 105 տարի անց։

 

Մեդիամաքսի նախագծի մեկնարկից հետո ստացված բազմաթիվ հաղորդագրություններից մեկը կապված էր Տալվորիկի Հոսնուտ գյուղի հետ։ Գուցե ինչ-որ բան կա՞, գուցե մնացողներ եղե՞լ են։

 

Խոստովանում են. «Երբեք մտքներովս չի անցել, բայց ձեզ որ կարդացինք․․․ Ասում եք՝ էդքան հայ կա, հա՞»։

 

Արի ու տես, որ մինչեւ նախագծի հետ ծանոթանալը մեկ դար շարունակ Տալվորիկի մասին միակ հիշողությունը տատի թողած կճուճով ոսկին էր ու ավերակ թողնված գյուղը։ Կարճ ասած՝ Տալվորիկը դա, ոչ ավել ոչ պակաս, իրենց «մեռելներն էին»։ 

 

Առաջին անգամ Տալվորիկն ինձ վրա էլ էր «մեռյալ» տպավորություն թողել։ 1990-ականներին ռազմական գոտի հայտարարվելու պատճառով դատարկված գյուղերը, կիսաքանդ Սատանի կամուրջը, հեռվում երեւացող տանկերը, անծանոթ մեքենա տեսնելուն պես երկար ու ապշահար նայող հովիվների հայացքները։ 

 

Տալվորիկ ասելիս նաեւ անկախ ինձանից միշտ հիշում եմ Ստամբուլից Նիդեռլանդներ տեղափոխված տիկին Աստղիկին, որը միշտ հպարտությամբ պատմում էր տալվորիկցի հոր, «Սասունցի Դավթի տոհմից» մոր եւ ցեղասպանությունից հետո Արեւմտյան Հայաստանում իրենց շարունակած դիմադրության պատմությունը։ Նաեւ հիշում եմ Աստղիկի՝ Սասունում մնացած ավագ քրոջն եմ հիշում, որն իմ կյանքում լսած ամենամաքուր Սասունի բարբառն էր խոսում, բայց ամռանը գյուղում մնալու ընթացքում ձեւանում էր մուսուլման, իսկ ձմեռը Ստամբուլ գնալիս եկեղեցի գնում։ Եվ, իհարկե, անընդհատ մտքիս է գալիս տիկին Աստղիկի՝ Ապրիլյան պատերազմի առաջին իսկ ժամերին. «Կամավորների կարիք կա՞։ Գուցե գա՞նք» հաղորդագրությունը։ 

 

Այս անգամ էլ պիտի հիշեի հենց տիկին Աստղիկին, քանի որ նշված անունների, դեպքերի ու վայրերի նույնությունները չափից շատ էին պատահականություն լինելու համար։

 

Տիկին Աստղիկի հետ վերջին անգամ հանդիպել էինք 2017-ի հունիսին՝ Ստամբուլի հայաշատ Բաքըրքյոյ թաղամասում։ Հենց այդ ժամանակ առիթ ունեցա ձայնագրելու նրա պատմությունը, որն այսպես էր ավարտել. «Հայրս շատ է ցանկացել ընտանիքը տեղափոխել Հայաստան, բայց եղբայրները լաց են եղել, թե՝ «Այնտեղ ախր ոչ ոք չունենք, մեզ էլ այստեղ անտեր մի թող»։ 

 

Այստեղ էլ հոսնուտցի տալվորիկցիների պատմությունը ընդհատվում է։ Իսկապես ոչ թե ավարտվում, այլ ընդհատվում։ Չէ՞ որ այլեւս սահմանի երկու կողմերում իրարից անտեղյակ ապրած տալորիկցիներն այլեւս այդքան պատմելիք ունեն, այս անգամ ոչ միայն մեզ, այլեւ իրար։

 

«Հայաստանը հորս չիրականացած երազանքն էր»...

 

Աստղիկ, 49 տարեկան, Ստամբուլ

 

«Մեր ընտանիքի պատմությունն անընդհատ գաղթի հետ է կապված։ Հայրս ու մայրս ծնված օրվանից անընդհատ տեղից տեղ են գաղթել։ Սկզբում Սասունում են եղել, հետո անցել են Մուշ, հետո՝ Դիարբեքիր, հետո՝ Ստամբուլ, հիմա մի մասս Հոլանդիա ենք տեղափոխվել, մի մասն էլ դեռ Ստամբուլում է: Մեծ քույրս մինչեւ վերջերս Սասունում էր իր երեխաների հետ։ Վ․ գյուղ է հարս գնացել, 15 երեխա է ունեցել:

 

Մայրս 13 տարեկանում է ամուսնացել, հայրս էլ 14 է եղել: Վաղ տարիքում ամուսնացնում էին, որ աղջիկներին մուսուլմանները չառեւանգեն հետո: Մորական պապս իսլամացել է ժամանակին, բայց միեւնույնն է՝ այլազգիներին աղջիկ չէր տալիս, միայն՝ հայերին:

 

Մորական կողմս Քաղքիկ գյուղից է, բայց հետո տեղափոխվել են Հասոփիկ: Քեռիս ասում է՝ Սասունցի Դավթի տոհմակիցներն են, էպոսը շատ լավ գիտի, Ստամբուլում են ապրում հիմա: Մորս մեկ հորեղբայրն իր կնոջ ու 10 երեխաների հետ սպանվել է 1937-38-ի աքսորի ժամանակ։ Աքսորավայրում հարյուրավոր մարդիկ սոված-ծարավ հավաքում էին մեկ վայրում: Մերոնք փախչում, էլի գալիս էին իրենց գյուղ, քուրդ հարեւանները մատնում էին, նորից զինվորները գալիս, բռնի ուժով տանում էին: Հայերին, երբ  տանում էին, նրանց հողն ու անասունները հարեւաններին էր մնում:

 

Հորական պապիկիս ընտանիքին ցեղասպանության ժամանակ խնայել ու չեն կոտորել, որովհետեւ արհեստավոր էին, տարածքի միակ երկաթագործները: Եթե մերոնք հեռանային կամ մահանային, ուրիշ ոչ ոք չկար Տալվորիկում, որ այդ գործն աներ տեղացիների համար: Մի քուրդ աղա կար, որ տեր է կանգնել, բայց մի պայման է դրել, որ մերոնք չեն փորձի փախչել: Մերոնք խոստանում են, բայց հետո պապիկիս հայրը, ամեն դեպքում, հենց հարմար առիթ է լինում, փորձում է փախչել: Ճանապարհին որդին, այսինքն՝ պապիկս հիվանդանում է, հայրը թողնում է ծանոթներից մեկի մոտ, սակայն մեկ օր անգամ չի դիմանում, հետ է դառնում, որ երեխային տանի, բայց այդպես էլ չի հասնում, ճանապարհին փորձանքի մեջ է ընկնում ու մահանում է՝ այդպես էլ որդուն չտեսած: Պապիկիս դրանից հետո հորեղբայրներն են պահում, մեծացնում: Հետո ընտանիքը բռնի իսլամացման է ենթարկվում, տարիներ անց տեղափոխվում են Մուշ: Բայց Դիարբեքիր տեղափոխվելուց հետո մկրտվել, նորից դարձել են քրիստոնեության: Մինչ այդ էլ միայն արտաքուստ էին մուսուլման․ դրսում մուսուլման՝ տանը հայ քրիստոնյա էին: Միշտ տանը հայերեն աղոթում էին: Տատս շատ կոշտ կին էր, հայերենից բացի ուրիշ լեզու չի խոսել մինչեւ կյանքի վերջ՝ Սասունի բարբառով։ Ես էլ գիտեմ, լավ չեմ կարող խոսել, բայց հասկանում եմ ամեն բան: Ավելի շատ դասական արեւմտահայերենին եմ լավ տիրապետում, Ստամբուլում Սահակյան-Նունյան վարժարանում ուսանելու տարիներին սովերեցինք: 

 

Մուշում Հավատորիկ գյուղում են տեղավորվել մերոնք, բայց այնտեղ էլ հարեւան քուրդ մի ընտանիքի հետ վեճ է ծագում։ Մի օր էլ, երբ հայրս հարեւան գյուղ է գնացած լինում աշխատելու, շատ անսպասելի հարյուրից ավելի մարդ հանկարծակի հարձակվում են մեր տան վրա: Ամենամեծ քույրս այդ ժամանակ 2 ամսական էր՝ բարուրի երեխա։ Շպռտել են դաշտի մեջ: Երկու օր անց կողքի գյուղի հայերը օգնության են գալիս, դաշտի մեջ գտնում են երեխային, տեսնում են՝ չի մահացել, հրաշքով ողջ է մնացել: 1946 թվականին է դա եղել։ Քրոջս ծննդյան տարին է, դրա համար լավ եմ հիշում թվականը:

 

Հետո 27 տարի Դիարբեքիրում անցկացրին: Ի վերջո, գաղթեցին Ստամբուլ:Ես էլ այնտեղ եմ ծնվել: Այդ ժամանակ արտասահմանից մի ընտանիք է գալիս ու ցանկանում երեխա որդեգրել։ Եկեղեցու ղեկավարությունն էլ շատ էր ցանկանում այդ գործարքը բարեհաջող կազմակերպել։ Մորս ասում են․ «Դու շատ երեխա ունես, փոքրին տո՛ւր սրանց»: Մայրս էլ եկեղեցու սպասավորին ասում է․ «Ես չեմ տա, շատ ես ուզում՝ քո՛ երեխային տուր»: Էդպես մերոնք մերժում են, եկեղեցու ղեկավարությունն էլ բարկանում է ու մերոնց դուրս են հանում։ Ասում են. «Դե՛ գնացեք, ձեզ համար վարձով տո՛ւն գտեք»: Այսինքն՝ իմ պատճառով դուրս են մնում եկեղեցուց: Դե՛, երեւի մտածել են անգրագետ գյուղացիներ են՝ կտան: Հայրս պաշտում էր իր երեխաներին, երբեք չէր տա ուրիշին:

 

Մեր ընտանիքից առաջին անգամ ավագ քույրերիցս մեկն է Հայաստան գնացել։ Հիմա Բելգիայում են ապրում։ Մանավանդ տղան անընդհատ գնում, գալիս է հիմա: 

 

Մենք էլ ամուսնուս ու երեխաներիս հետ 2014-ին եկանք, շատ սիրեցինք, երազանք ունեմ Հայաստանում տուն գնելու: Բոլոր լուրերին սրտատրոփ հետեւում եմ՝ ամեն մանրուքին: Ապրիլյան պատերազմի ժամանակ այնքան լարված վիճակում էինք, անգամ ամուսինս ասաց. «Գուցե գնա՞նք, կամավո՞ր գրվենք»: 

 

Հորս երազանքն էր Հայաստանը, միշտ ուզում էր տեսնել։ Այդպես էլ երազանքը չիրականացավ: Շատ է ցանկացել ընտանիքը տեղափոխել Հայաստան, բայց եղբայրները լաց են եղել, թե՝ «Այնտեղ ախր ոչ ոք չունենք, մեզ էլ այստեղ անտեր մի թող»։ 

 

Կարդացեք նաեւ Հայաստանում «պատճենահանած» ազգական գտած սասունցու «վեպը»

 

Կարդացեք նաեւ Սուրբ Սարգսի տոնը Սասնա լեռներում ապրեցնողները

 

Կարդացեք նաեւ Սասունցի քահանայի կրոնափոխ թոռնուհու պատմությունը

 

Կարդացեք նաեւ Սասունցի Նուրի. «Այդ տունը մերն է, ձեզ օրհնություն չի բերի»

 

Կարդացեք նաեւ Սասունցի «արաբ» Սինեմի ու «Շեկո տան քրդերի» պատմությունները

 

Կարդացեք նաեւ Մուշում ծնված Տիգրանն եւ քրդերի ասած «Սասոն բե կանոն»-ը 

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին