Հայաստանում «պատճենահանած» ազգական գտած սասունցու «վեպը» - Mediamax.am

exclusive
11440 դիտում

Հայաստանում «պատճենահանած» ազգական գտած սասունցու «վեպը»


Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան


Սոֆիա Հակոբյանի հեղինակած «Թաքնված Սասուն» հատուկ նախագիծը ներկայացնում է պատմական Սասունի լեռներում Ցեղասպանությունից հետո ապրել շարունակած արաբախոս հայերին՝ քննելով նրանց անցած ճանապարհն ու շատերի աչքից հեռու կազմակերպած յուրահատուկ դիմադրությունը 1915-ից մինչ այսօր։

 

Այն, ինչը փորձեցին ջնջել ոչ միայն արխիվներից, այլեւ հիշողությունից

 

Շահին,  37 տարեկան, Ստամբուլ

 

Ծնվել եմ 1982 թվականին Սասունի Գ. գյուղում: Ժամանակին մեր գյուղում մի 3-4 տուն մուսուլման են եղել, մնացածը մենք էինք՝ հայերով: Հիմա 2-3 տուն հայ է մնացել։ Առաջ մենք էինք՝ Սահակ հորեղբայրը, Մուրադենց տունը. բոլորիս տները՝ կողք կողքի։ Մեր գյուղը տեսել ես, գիտես՝ երեք թաղից է բաղկացած: Եվ գրեթե ամբողջ գյուղով իրար ազգական էինք:

 

Որքան գիտեմ՝ կամ Սերոբյան, կամ Մանուկյան է եղել մեր հին ազգանունը, բայց 1934 թվականին, երբ ազգանվան մասին օրենք է դուրս գալիս Թուրքիայում, բոլոր հայերին ուրիշ ազգանուններ տվեցին՝ թուրքական ազգանուններ: Արխիվներից վերացել են հին տվյալները, դրա համար ոչ ոք վստահ չէ մեր իսկական ազգանվան հարցում: Չնայած արխիվները մի կո՛ղմ թող՝ մարդկանց հիշողությունից են հաջողացրել ջնջել:

 

Մեր սերունդը գաղտնի, փակ, կիսատ-պռատ խոսակցություններից ինչ լսել ենք՝ այդ է։ Այդքանը գիտենք, երեւի եղածի մի տոկոսն է։ Ինչեր-ինչեր են եղել՝ մեծերն ավելի լավ գիտեն: Վերջերս Նիդեռլանդներ գնացի, զարմիկիս աները ասում է՝ մենք էլ ենք ազգական, նոր եմ լսում: 

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Օրինակ՝ մեր մեծ պապիկին չենք տեսել, չենք ճանաչել, ջարդի ժամանակ կորել է։ Ո՞ւր է գնացել, ո՞նց է գնացել, որտե՞ղ է մահացել՝ չգիտենք: Շատ լավ չեմ հիշում պատմությունը, բայց մերոնք այդպես էին ասում:

 

Իմ տատիկին ամուսնացած ժամանակ մուսուլմանները առեւանգում են Սասունում։ Մի քանի տարի մնում է օտար գյուղում, հետո կարողանում է վերադառնալ: Մեր Մուրադի ավագ քրոջն էլ են առեւանգել։ Ամենամեծ քույրը մինչեւ այսօր հարկադրված մուսուլմանի կյանքով է ապրում գյուղում, մնացած ամբողջ ընտանիքը Ստամբուլում է եւ մեր պես քրիստոնյա: 

 

Անգամ վերջին տարիներին էլ մի պատմություն եղավ մեր գյուղում, մի 5 տարի առաջ հայերից մեկի աղջկան փախցնում են։ Դու էլ լսած կլինես այդ պատմությունը հաստատ։ Ժանդարմերիան միջամտում է, փորձում են կոծկել գործը, ասում են․«Դե, բան չի լինի, մի՛ վախեցեք, այսպես-այնպես»: Մերոնք աղջկան ապահովության համար Ստամբուլ են ուղարկում, բայց դրանք այստեղ էլ հանգիստ չեն տալիս: Մինչեւ վերջերս սպառնալիքներ, եսիմ ինչեր, զանգում, գրում են աղջկան, «Կառեւանգենք էլի», ինչեր-ինչեր… Այս դարում: Դրանք իրենք իրենց ինչպե՞ս են նման իրավունք վերապահում՝ չեմ հասկանում: Աղջիկը վերջը Կիլիկիայից հայի հետ ամուսնացավ, գնաց: Մենք ընտանիքներով շատ մոտ ենք, գյուղի յայլայում մեր տները համարյա մեկ էր:

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Հայաստանի ազգականս ճիշտ ավագ եղբորս դեմքն ուներ

 

Մեր հայաստանցի ազգականներին առաջին անգամ երբ տեսա, շոկ ապրեցի: Մեկը ճիշտ ավագ եղբորս դեմքն ուներ, ոնց որ պատճենահանած: Թալինում ունենք ազգականներ, Գյումրիում էլ կան: Երկար տարիներ է, որ գտել ենք իրար՝ մի 20 տարի կլինի: Նրանցից մեկն այստեղ էր եկել։ Նախ գնացել էր Սասուն, գյուղում մեր ազգականներին էր գտել, խոսել էին։ Հետո եկավ Ստամբուլ հասավ, մեզ գտավ: Սկզբում մերոնք չհավատացին, վախեցան, չվստահեցին: Բայց էս մարդը համառորեն գնում, գալիս էր: Հետո մի անգամ էլ եկավ մի ցուցակ ձեռքին՝ ընտանիքի անդամների անունները՝ բոլորի… Տեսանք իսկապես համընկնում է: Մի երկու անգամ էլ գնաց-եկավ, տեսանք՝ չէ, իսկապես ճիշտ է ասում մարդը: 

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Միանգամից չվստահելն էլ գուցե նորմալ է, ավելին ասեմ՝ երեւի հակառակը որ լիներ, այ դա նորմալ չէր լինի: Մարդիկ ինչե՛ր են վերապրել… Էդպես սկսեցինք գնալ-գալ մեր ազգականների հետ։ Իրենք էլ շատ են եկել մեր տանը մնացել, այդ զգացումը, այդ կարոտը շատ հզոր բան է։ Պատկերացրու՝ Հայաստանի մեր ազգականների տանը մահացած հորս նկարն է կախված…

 

Մտածում եմ՝ մի հատ տե՛ս՝ ինչից ենք խոսում, ինչերի ենք կարոտ մնացել, ինչերից ենք ոգեւորվում… Ուրիշի համար ինչքան անիմաստ կթվա, չէ՞: Ինձ թվում է՝ այս ամենը վերապրածների անգամ մեկ կաթիլ արցունքից մի ամբողջ վեպ կարելի է գրել: Հիմա ես ի՞նչ ասեմ մեզ այս ամենը վերապրել ստիպածներին…

 

«Բոլոր այդ ծառերը հիմա չկան»․․․

 

Լուսին, 38 տարեկան, Ստամբուլ

 

1981-ին Սասունի Փշուտ գյուղում եմ ծնվել, մենք 11 քույր ու եղբայր ենք։ Որքան գիտեմ՝ պապիկս 1915-ին իր զարմիկի հետ է փրկվել, զարմիկը Հալեպ էր հասել, հետո լուր է առնում, որ Խաչոն, այսինքն՝ պապս ողջ է ու վերադառնում է Սասուն։

 

Երբ գյուղից Կ․Պոլիս եկանք՝ 4-5 տարեկան էի, գյուղն ու մեր մանկությունը շատ լավ եմ հիշում։ Մեր տունն եմ հիշում, տան դիմացի թթի ծառը, ինչպես էինք հավաքում ընկույզներն ու կոտրում, խաղողը... Հավաքում ոտքերով ճզմում էինք, օշարակից քաղցր սուջուխ էինք պատրաստում, մենք «շարան» էինք ասում դրան։ Տան ձախ կողմում պատրաստում ու կախում էին, մենք երեխա էինք, գնում նայում էինք։

 

Տատիկս պատմում էր, որ մեր գյուղում մենք ամեն ինչ կարողանում էինք ցանել ու ամեն տեսակի բերք ստանալ։ Երբ մենք քաղաք տեղափոխվեցինք՝ գիտեմ, որ մեր տանն ուրիշ մարդիկ են սկսել ապրել ու հողը մշակել։ Բայց նույն բաները չկարողացան հողից առնել... Բոլոր այդ ծառերը հիմա չկան, ամենը չորացավ, հողերը չորացան։ Մայրիկս ու հայրիկս մի քանի տարի առաջ Սասուն գնացին, մայրիկս վերադարձին շատ վատ եղավ, շատ-շատ վատ եղավ... Բա իհարկե, իր տունը տեսավ, փակ էր, ոչ ոք չկար, հողը...

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Երբ նոր էինք եկել Սասունից՝ թուրքերեն ու հայերեն չգիտեինք, գյուղում արաբերեն ենք խոսել։ 5 տարեկանից հետո մեզ Ստամբուլում ուղարկեցին Քընալը կղզի, այնտեղ բոլոր քույրերով սկսեցինք եւ՛ հայերենը, ՛եւ՛ թուրքերենը միասին սովորել։

 

Մինչեւ անցյալ տարի մեծ քույրս դեռ բնակվում էր Սասունում, նա ամուսնացած էր Խարվեռ գյուղում, անցյալ տարի ամռան վերջին նրանք էլ եկան Ստամբուլ, բայց տները դեռ կան, ամռանը գնում են հողերը մշակելու, արտերը վարելու։ Առայժմ այդպես կշարունակվի... Ստեփան պապիկիս գերեզմանն այնտեղ է, գոնե մեր գերեզմաններն այցելում են։ 

 

Դու իմ զարմիկն ես, չճանաչե՞մ քեզ

 

Կրոնափոխ հայերն էլ մեր չափ խնդիրներ են ունենում, այսպես ասեմ... Տատիկս նման ազգականներ ուներ, նույնիսկ Ստամբուլում իրար կողք էինք ապրում։ Նրանց թոռները չգիտեին, որ հայ էին։ Այսինքն՝ գիտեին, որ մեզ հետ ազգական են, բայց չգիտեինք, որ իրենց մեծերը հայերեն են խոսում։ Հանդիպելիս նրանց պապիկն ու իմ տատիկը իրար մեջ Սասունի բարբառով հայերեն էին խոսում։ Բոլորը զարմանում էին. «Այդ ի՞նչ լեզվով եք խոսում»։

 

Ասում էին. «Մենք հին հայերեն ենք խոսում»...

 

Մեր ներքեւի հարեւանն էլ կրոնափոխ հայ էր, արդեն երկար ժամանակ մահմեդականության անցած, նամազ անող մարդիկ էին։ Սակայն նրանց տղան մի աղջկա սիրեց, որն իսկական մահմեդական էր։ Աղջկա ընտանիքը չտվեց նրան, միայն նրա համար, որ տղան կրոնափոխ հայ էր։

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Իմ կարծիքով շատ անմիտ բան է, իմ պապիկը, քո պապիկը... Ժամանակին մեկը կրոնափոխ եղավ, մյուսը՝ մնաց, բայց դու իմ զարմիկն ես, չճանաչե՞մ քեզ...

 

Գրի առավ Սոֆիա Հակոբյանը

 

***

 

Դեպի Պոլիս

 

Կ․Պոլիս սասունցիների ներգաղթը էական փոփոխությունների սկիզբ էր ոչ միայն հենց սասունցի հայերի, այլեւ հենց պոլսահայ համայնքի համար։ Բավական է միայն նշել, որ այսօր Ստամբուլի հայ համայնքի մոտ մեկ երրորդը կազմում են հենց քրիստոնյա սասունցիները։ Վերջիններս Պոլսում բավականին ակտիվ ու բազմամարդ ներքին համայնք են՝ շուրջ 15 000 թվով։ 

 

Հետագայում Ստամբուլ են արտագաղթել նաեւ իսլամացված շատ հայեր՝ սոցիալական խնդիրներից ելնելով։ 

 

Քաղաքային կյանքին գավառահայերը հեշտ չադապտացվեցին, սակայն այսօր արդեն ավելի քան ամուր դիրքեր ունեն համայնքի ներսում։ Հիմնականում պոլսահայ վարպետներից ոսկերչություն ու արծաթագործություն ուսանած սասունցիները մեծամասամբ բնակվում են Ստամբուլի Բաքըրքյոյ, Սամաթիա եւ Յեշիլքյոյ թաղամասերում։ Քիչ չեն նաեւ տեքստիլի արտադրությամբ, առեւտրով եւ այլ բիզնեսներով զբաղվող սասունցի հայերը։ Սովորաբար վերջիններս նախընտրում են աշխատել հայերի շրջանում ու հենց ընտանիքով։ Բավականին կազմակերպված ու ավանդապաշտ ներքին համայնք մնալով՝ սասունցի հայերը մեծ քաղաքում շարունակում են աջակցել միմյանց բոլոր հարցերում ու հնարավորինս չխառնվել «օտարների» հետ ո՛չ գործնական, ո՛չ անձնական առումներով։ 

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Իհարկե, ուրբանիզացիան անխուսափելիորեն բերել է բարբառի ու մի շարք յուրահատուկ ավանդույթների կորուստ, ինչպես նաեւ խառն ամուսնությունների վտանգ։

 

Ստամբուլ արտագաղթած սասունցիների ավագ ու միջահասակ սերունդը շարունակում են միմյանց հետ շփվել արաբերեն, ծերերը՝ Սասունի բարբառով հայերեն  ու արաբերեն։ 30-ից փոքր երիտասարդները հիմնականում օգտագործում են թուրքերենը, տիրապետում են նաեւ տանը խոսվող արաբերենին ու հայկական վարժարաններում սովորած դասական արեւմտահայերենին։ Ցավոք, Սասունի հայերեն բարբառն այս սերնդին այլեւս անծանոթ է։ 

 

Սասունում իրենց հողատարածքները պահպանել հաջողած սասունցիներից ոմանք ամռան մի քանի ամիսը անցկացնում են գյուղում՝ վարելով հողերն ու ձմռանը վերադառնալով Ստամբուլ։ Մի մասի մոտ, սակայն, գյուղի հետ կապն ավելի թույլ է, թեեւ շատերը ետեւում թողել են Սասունում մնացած առնվազն մեկական ազգական։ 

 

Հետեւում մնացածները

 

Այժմ Սասունում մշտապես բնակվող քրիստոնյա արաբախոս սասունցիների թիվը չի գերազանցում 3 ընտանիքը։ Սրանք այն ընտանիքներն են, որոնց անձնագրում հստակ նշված է «քրիստոնյա» բառը։ Ամռան ամիսներին եկող քրիստոնյաների թիվն ավելի շատ է, իսկ իսլամացված արաբախոս հայերի քանակի մասին հստակ եզրահանգումներ անելը շատ ավելի բարդ է. ի տարբերություն քրիստոնյաների՝ նրանց անձնագրում փոքրամասնություն լինելու մասին նշումներ չկան։ Ինչպես արդեն նշեցինք՝ իսլամացված հայերից շատերը նույնպես գաղթել են Ստամբուլ՝ աշխատանքի ու կրթության նպատակով։ 

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Վստահ կարող ենք նշել միայն, որ արաբախոս իսլամացված հայեր շարունակում են ապրել պատմական Սասունի ավելի քան 30 գյուղում (որից մոտ 10-ը Բիթլիսի նահանգին կցված պատմական Խութում ու Մոտկանում, մնացյալը՝ Բաթմանի նահանգի Սասոն ու Հազզո/Քոզլուք շրջաններում), իսկ առնվազն 10-12 գյուղում նրանք բացարձակ մեծամասնություն են։ 

Լուսանկարը` Սոֆիա Հակոբյան

Գյուղերում մնացածների շրջանում, ցավոք, հայերենին տիրապետում են միայն մեծերը, երիտասարդները խոսում են տանն արաբերեն, դպրոցում՝ թուրքերեն։ Հայկական եկեղեցիների ու դպրոցի բացակայությունը իրապես ծանր կացության մեջ է դնում Սասունում մնացած մի քանի քրիստոնյա ընտանիքների երիտասարդներին, որոնք ոչ միայն մկրտված չեն, այլեւ ստիպված են գնալ պետական թուրքական դպրոց՝ հաճախ լինելով դասարանի միակ «այն հայը»։ Թեեւ պետք է նշել, որ սակավաթիվ մնացած քրիստոնյա ընտանիքները հաճախ ունեն նաեւ իսլամացված հայերի լիիրավ աջակցությունը տարբեր հարցերում, սակայն միանշանակ ձգտում են օր առաջ միանա Ստամբուլ հասած իրենց ազգականներին ու մաս կազմել համայնքային կյանքի։

 

***

 

Կարդացեք նաեւ Սուրբ Սարգսի տոնը Սասնա լեռներում ապրեցնողները

 

Կարդացեք նաեւ Սասունցի քահանայի կրոնափոխ թոռնուհու պատմությունը

 

Կարդացեք նաեւ Սասունցի Նուրի. «Այդ տունը մերն է, ձեզ օրհնություն չի բերի»

 

Կարդացեք նաեւ Սասունցի «արաբ» Սինեմի ու «Շեկո տան քրդերի» պատմությունները

 

Կարդացեք նաեւ Մուշում ծնված Տիգրանն եւ քրդերի ասած «Սասոն բե կանոն»-ը 

 

Սոֆիա Հակոբյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին