Երեւան։ Մեդիամաքս։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը:
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի եւ սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը եւ վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին:
Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում:
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին եւ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
«Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ տպավորություններ է կիսել Բրյուսելյան վերջին հանդիպումից եւ մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով»
ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան զրուցակիցները քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: